Հոկտեմբերի 28-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն և ամենահեղինակավոր՝ «Ազատության» մրցանակով:
Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել`բացի մի քանի կողոսկրերի վնասվածքներից:
Հանդիսության ժամանակ իմ ներածական խոսքում նշեցի, որ Հայ Դատի հանձնախումբը մեծարում է Ամերիկայի ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկին` ազգին մատուցած նրա բացառիկ ծառայությունների և հայ ժողովրդի ձգտումներին նրա երկարամյա աջակցության համար:
Ես շեշտեցի, թե «մեծամասնության ղեկավարը ջանասիրաբար աշխատել է Միացյալ Նահանգների կառավարության ամենաբարձր օղակներում, հաճախ լուռ ու մունջ` ամերիկահայերի հարցերն ու արժեքները պաշտպանելու համար: Նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սենատի կողմից ներկայացված բոլոր բանաձևերը»:
Հանդիսությանը սենատոր Ռիդի հարգելի բացակայության պատճառով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ընթերցեց սենատորի պատրաստած ելույթը և նրա անունից ընդունեց «Ազատության» մրցանակը: Ստորև ներկայացնում ենք սենատոր Ռիդի ելույթի կարևոր հատվածները.
«Ցավում եմ, որ ավտովթարի պատճառով չեմ կարող ձեզ հետ լինել այս երեկո: Ես բարձր եմ գնահատում Հարութ Սասունյանին` լոբինգի բնագավառում նրա երկարամյա գործունեության համար, և ի վերջո, իր բարեկամության համար:
«Անշուշտ, Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին և ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում:
«Ես վայելել եմ ամերիկահայերի ընկերությունը` սկսած մարաթոն վազքերի իմ մարզընկեր Արթ Դակեսյանից, մինչև իմ ընկեր ու նախկին փաստաբանական գրասենյակի հաճախորդ Քըրք Քըրքորյանը:
«Ծնվելով Սըրչլայթ, Նեվադայում մի տան մեջ, որը զուրկ էր ներքին զուգարանից, տաք ջրից և այլ ժամանակակից հարմարություններից, ծանր էի տանում այդ իրավիճակը: Իմ ծնողները ուսում չունեին. հայրս չէր ավարտել ութերորդ դասարանը, իսկ մայրս` միջնակարգ դպրոցը: Պատանեկությանս տարիներին ինձ շրջապատող բաները, մեծ մասամբ, օրինակելի չէին եղել:
«Երկար տարիներ անցան, մինչև որ ես իսկապես ընդունեցի իմ ով լինելը: Բայց իմ պատանեկությունը՝ իմ ծննդավայրն ու պայմաններն էին ինձ դարձրել այն, ինչ եմ ես այսօր: Երբ ինքս դա հասկացա, դարձա ավելի լավ մարդ և ավելի լավ ամերիկացի:
«Ուստի, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ինչ էլ լինեն ձեր կյանքի պայմանները` ընդունեք այն: Քանի որ Ամերիկայում դա կարևոր չէ, ես վկայում եմ այդ մասին: Կարևոր չեն ձեր տնտեսական պայմանները, կրոնը, ծնողների կրթությունը կամ ազգային ծագումը: Ամերիկայում բոլորս էլ կարող ենք հաջողության հասնել: Կարճ ասած, հպարտ եղեք նրանով, թե ով եք դուք:
«Ես ուրախ եմ, որ ընդունում եմ այս մրցանակը և վերահաստատում եմ իմ աջակցությունն ամերիկահայ համայնքին:
«Կրկնում եմ` Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին և ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում:
«Դուք հաջողության եք հասել Հայոց ցեղասպանության իսկական պատմությունը պետության ղեկավարների ուշադրությանն արժանացնելու գործում:
«Որպես մեծամասնության ղեկավար, ես հազվադեպ եմ օրենսդրական ակտերի համահովանավոր եղել: Սակայն ես եղել եմ Հայաստանում, գիտեմ Ցեղասպանության պատմությունը, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի երկարամյա համահովանավոր եմ եղել:
«Որպեսզի առաջ գնանք, կարծում եմ՝ պետք է ընդունենք անցյալը, որքան էլ այն դժվար և ցավալի լինի: Պետք է հարգենք զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցենք վերապրողներին:
«Ինձ բախտ է վիճակվել ներկայացնել Նեվադայի բարգավաճ և կենսունակ հայկական համայնքը, որը շուտով կավարտի նոր եկեղեցու շինարարությունը Լաս Վեգասում: Հայաստանում գտնվելու ընթացքում ես այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեցի Կաթողիկոսի հետ:
«Հայկական համայնքի տոկունությունը և ուժը Նեվադայում, ինչպես նաև ամբողջ Միացյալ Նահանգներում, վկայություն է և պատիվ նրանց համար, ում կորցրել եք Ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է միշտ աչալուրջ լինենք Հայոց ցեղասպանության նման դաժանությունների հանդեպ, որպեսզի դրանք երբեք տեղի չունենան աշխարհի որևէ անկյունում»:
Սենատոր Ռիդը կոչ արեց բոլորին «հարգել և հիշել այդքան բազմաթիվ զոհերի կորուստը՝ շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում»:
Սենատի մեծամասնության ղեկավարը նաև իր գոհունակությունը հայտնեց, որ «Օբամայի վարչակազմը և Կոնգրեսի մի շարք անդամներ խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ադրբեջանցի զինվորական սպային ներում շնորհելը: Սպան ազատ էր արձակվել, չնայած որ դատապարտվել էր հայ զինվորական լեյտենանտին քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայում կայացած ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը»:
Սենատոր Ռիդն իր խոսքն ավարտեց կոչ անելով ամերիկահայությանը «շատ հպարտ լինել նրանով, որտեղից, որ դուք եկել եք և ձեր հայկական ժառանգությամբ»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատոր Ռիդի հետ միասին մեծարեց նաև գործարար Վարանդ Մելքոնյանին, պատվելի Հովսեփ Մաթոսյանին, դոկտ. Ռուբինա Փիրումյանին և գրող Քրիս Բոհջալյան:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.