Ստորև բերվող հոդվածը գրել եմ մոտ երեք տարի առաջ, երբ Հունանյանների հայրը ապաստանել էր անօթևանների կացարանում.Այսօր նա գտնվում է թիվ 1 տուն ինտերնատում, որտեղ մեր երկիրը մի կտոր հաց ու տանիք է տվել ոճրագործի հորը.
ԱՊՐՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ |
Հոկտեմբերի 27-ի հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հայրը գտնվում է թիվ 1 տուն-ինտերնատի մասնաշենքերից մեկում տեղակայված անօթեւանների կացարանում: Իր կյանքի վերջում 72-ամյա մարդը հայտնվել է այս կացարանում: Երեք զավակ ունեցող հայրը, իր ասելով, անհաջող կին ընտրելով, երբեք էլ ընտանեկան ջերմություն չի վայելել:
Անխնամ, հնամաշ հագուստով, պետության հոգածությանը հանձնված տարեց մարդը պատմում էր իր կյանքի պատմությունը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը: Հրաչ Հունանյանը ծնունդով Նոր Բայազետից է, ամուսնացել է 26 տարեկանում. “Ի՞նչ սեր, Մարտունիի ամենագեշ գյուղից էր, 8-ամյա կրթություն ուներ, քույրս կանչեց, ասաց՝ պիտի ամուսնանաս, ես էլ մերոնց խաթրը չկոտրեցի”: Ի սկզբանե իր ընտրությանը լուրջ չվերաբերված ինտելիգենտ ու թուլակամ բանասեր Հրաչի ընտանիքում ջերմություն չի եղել: Սկզբում ընտանիքն ապրել է Նոր-Արեշ թաղամասում, հետո բարելավում են ստացել ու 2 սենյականոց բնակարանը փոխել “Բանգլադեշի” 4 սենյականոցի հետ:
Որդիների հանցագործությունից հետո ծնողների բարդ հարաբերություններն ավելի են բարդացել: Ի վերջո կինը Հրաչին տնից դուրս է վռնդել. “Էդ բացիլին ես չեմ ընդունի, նա տեղով վիրուս է”: Վերջերս Հայաստան է վերադարձել երկար տարիներ Ռուսաստանում ապրող երրորդ որդին՝ Արմենը, որը հավանաբար կապրի հոր բնակարանում, քանի որ մորը՝ 66-ամյա Նաթելային օրերս տեղափոխել են Ավանի հոգեբուժարան: Հրաչ Հունանյանը տնից վռնդվելուց հետո դիմել է դատարան՝ բնակարանից իր բաժինը ստանալու հույսով, սակայն դատարանը մերժել է՝ պահանջելով բնակարանի համասեփականատերեր Նաիրի եւ Կարեն Հունանյանների համաձայնությունը՝ բնակարանը երեքի միջեւ բաժանելու համար, որը չի ներկայացվել, իսկ կնոջը դատարանը բնակմակերես հատկացրել է, քանի որ տունը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում:
“Սկզբում Հրաչը մեզ մոտ ժամանակավոր էր եկել, մինչեւ կլուծեր իր տան հարցը, հիմա չի ուզում գնալ կացարանից: 2 ամսից ավելի է՝ այստեղ է: Փաստաթղթային հարցերն ենք լուծում, հնարավոր է, որ տեղափոխենք տուն-ինտերնատ՝ բնակության”,- ասում է անօթեւանների կենտրոնի տնօրեն Սամվել Թադեւոսյանը:
Հրաչ Հունանյանը պատմում է, որ երկար տարիներ աշխատել է մշակույթի նախարարությունում՝ սկզբում որպես տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ, ապա զբաղեցրել է այլ պաշտոններ, կազմել մի շարք ժողովածուներ: Փորձում էի արտաքուստ կիրթ, հանդարտ, ինքնամփոփ մարդուց կորզել, թե ինչ է մտածում ոճրագործ զավակների մասին: “Նաիրին խելոք էր, ինչ ասեմ, սովորում էր, ընդունակ էր, ես գրադարան էի ստեղծել, որ նստեր-սովորեր, ստեղծագործեր, ինձանից լավ ապրեր: Նա գրքերի մեջ մեծացավ, ինչը ես չեմ ունեցել: Պատանեկան տարիքում էլ մեջը չարություն կար. խարդախ, խաբեբա, չարագործ, անկարգապահ, վատ մարդկանց հանդեպ չարանում էր: Բայց նրա արարքը աներեւակայելի էր ինձ համար: Տղաները բոլորն էլ կիսատ են թողել ուսումը: Դրանց մայրն անընդհատ ճչում-գոռում էր, չէր թողնում, որ սովորեն: Նա հոգեկան հիվանդ չի եղել, բայց միշտ էլ տարօրինակություն ունեցել է”,-ասում էր հայրը: Տղաների մոտ հայրը շեղումներ չի նկատել: Տղաները նրա հետ մտերիմ չեն էլ եղել:
Ոճրագործի հայրը պատմում էր, որ Նաիրին լսող չէր, չար էր, եւ նրա ազդեցությունը տարածվում էր եղբայրների վրա: “Մոր հետ էլ առանձնապես մոտ չէին: Այդ կնոջ հետ հնարավոր չէր մոտ լինել, բայց դե, մայր էր”,- ասում էր Հրաչը: Նաիրին ավագն էր՝ 1965 թվին ծնված, Արմենը՝ 1969-ին, Կարենը՝ 1974-ին: Նաիրին ամուսնանալու մտադրություն չի ունեցել, թեեւ 1999-ին արդեն 34 տարեկան էր: Հայրը պատճառը չգիտեր. “Ի՞նչ իմանամ, գուցե հանձնարարություն էր ստացել, բայց ասում էր, որ չի ամուսնանալու: Կարենն էլ չհասցրեց, նա այդ ժամանակ 25 տարեկան էր: Նաիրին ընկերուհիներ ունեցել է, բայց սիրած աղջիկ` չեմ հիշում, ես էլ եմ ուզում իմանալ՝ նա սիրե՞լ է որեւէ մեկին: Որ Նաիրիին տեսնեք՝ հարցրեք…: Մեր տանը սեր չկար, հարգանք չկար, իրար լսել չկար: Նա այնպիսի մայր ուներ, որ… գիշատիչ կին, որ ասում են՝ նրա մասին է: Բայց դե, որ կին է, արդեն գիշատիչ է”:
Նա հիշում է, որ Նաիրին մտերիմ ընկեր չի ունեցել, այժմ էլ նրանց տուն ոչ ոք չի գալիս: Հունանյանների ընտանիքին ոչ ոք օգնություն չի առաջարկել. “Դե որ անեին, իրենց դեմքը ցույց կտային. չարագործի ընտանիքի հարազատ, էդպես չի՞”: Նրա երազանքի մասին հայրը չգիտեր, բայց ձգտում տղայի մեջ նկատել է, ասում է, թե Նաիրին անհանգիստ չէր, բայց արագաշարժ էր, ուզում էր ղեկավար դառնալ, ու եթե աշխատանք տային, պաշտոն տային, նա չէր գնա այդ քայլին: “Ինչ որ արեցին, նրանց խելքի բանը չէր, հանձնարարություն էր, պատվեր էր: Եթե ես իմանայի, կարգելեի, կխանգարեի, չէի թողնի: Վերջում Նաիրին չէր խոսում, բայց զգացվում էր, որ տարերքի մեջ է, նյարդային էր դարձել: Դե, ստեղծագործող էր: Չարիքն էլ է ստեղծագործություն պահանջում”: Հրաչն ասում է, թե Նաիրին դեպքից հետո էլ չէր խոսում իր արածի մասին: Կարող է մտքում ափսոսում էր, բայց բարձրաձայն չէր ասում: Հասկանում էր՝ բաներ կան, որ չեն ասվում, չի ասել՝ ինձ պադստավկա արեցին: Նրան արդարացնելու որեւէ բան չուներ հայրը. “Նաիրիին բարձր պաշտոն էին խոստացել, կարծեմ՝ վարչապետի, դա էլ կողքից եմ լսել, ինքը ոչինչ ինձ չի ասել”: Հրաչ Հունանյանը համաձայն չէ որդու հետ, թե նա ազգի փրկության ծրագիր էր իրագործում. “Ամեն ինչից զրկեց, ի՞նչը փրկեց, ինչ լավագույնն էր մեզ համար՝ զրկեց: Մարդկանց կյանքը խլեց: Երբ իմացա, վատ զգացի, բայց հանգիստ տարա, ի՞նչ անեի, ի՞նչը կփոխվեր”: Հրաչը չի ընդունում, որ տղաներն իր գենն են կրում, ու ինքը ինչ-որ չափով պատասխանատու է նրանց համար: “Նա ուրիշ միջավայրում է մեծացել, ես՝ ուրիշ: Ես ուրիշ մորից եմ ծնվել, նա՝ ուրիշ: Իմ մի կաթիլը տեսնում եք, նրա օվկիանոսը չե՞ք տեսնում”:
Ավելին՝ Հրաչը Կարեն Դեմիրճյանի երկրպագուներից է եղել, որդու ծնվելու տարին Կարեն Սերոբիչը նշանակվել է կենտկոմի առաջին քարտուղար, ինքն էլ տղային, ի պատիվ նրա, անվանել է Կարեն: Նա ասում էր, որ ինքը դժբախտ է, բայց տղաներին սիրում է հավասարաչափ ու ցույց տալիս մատները՝ “ո՞րը կտրեմ”: Արմենը Հայաստան գալիս-գնում է, նա շատ վաղուց է դրսերում, հիմա էլ ընտանիքով (մեկ տղա ու մեկ աղջիկ ունի) է եկել, կարծես արդեն մշտական:
Նաիրիին հայրը մոտ մեկ տարի է՝ չի տեսել. “Գնում ենք՝ չի գալիս, գուցե էլ չկա՞: Վերջին անգամ, երբ տեսա, ասում էր. “Էս շորերի մեջ էս մարմինը լավ չի զգում”: Դե, ստեղծագործող էր, վերջերս մի բանաստեղծություն տպագրեցի. շատ ունի, բայց վերցրել են՝ չեն տալիս: 3-4 ամիսը մեկ է տեսակցությունը, արդեն 4-րդ անգամն է՝ գնում եմ, չի գալիս: Կարենը գալիս է, բայց ինքը՝ չէ: Նրանց առանձին են պահում: Կարենն էլ ոչինչ չգիտի կամ չի ասում: Արմենն էլ, որ եկել է, գնացել է՝ Կարենին տեսել: Ասում էր՝ Նաիրին չի եկել տեսակցության”: Զգացմունքներ վաղուց չկան: Տղաները կարծես չեն էլ կարոտում հորը, նա էլ ծնող է, իր պարտքն է՝ գնում է տեսնելու, թե տղաները կան, չկան, ի՞նչ է պետք նրանց: “Դանդաղ մահ է: Նա էլ չէր ուզենա այդ վիճակում հայտնվել: Վերջին անգամ տեսա՝ սափրված չէր, ահագին աճել էին մազերը”: Ավագ որդու մասին հայրը դժվարությամբ էր խոսում, բայց խոսելիս հիմնականում նրան էր անդրադառնում. “Մայրը ավագ որդուն անընդհատ լարում էր իմ դեմ: Նաիրին ինքը ոգեւորվող էր, շատ էր կարդում”: Իսկ տղայի նախասիրությունները հայրը չի հիշում, նույնիսկ չմտաբերեց, թե նա ինչ ճաշատեսակ է սիրել: “Ճաշ եղե՞լ է, որ սիրեր, մայրը կռվով է կերակրել մեզ”:
Կնոջ աչքը դուրսն է եղել: Հրաչն ասում է, որ կոնկրետ չի բռնացրել, բայց իմացել է: Իսկ որ նա տան կին չի եղել, բոլորին է հայտնի: “Նրա վրա ո՞վ կարող էր. տղաներն էլ իրավունք չունեին բան ասելու՝ մայրն է նրանց պահել, թե ոնց՝ կարեւոր չէ: Մորից են ծնվում, մոր կաթն են ուտում”,- իր մեղքը ոչ մի կերպ չէր ընդունում հանցագործի հայրը, իսկ զրույցի վերջում նույնիսկ իր հայրությունը չէր ընդունում. “Հայրն ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմանաս ով է իրականում հայրը”:
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 14:12Ճանաչիր ինքդ քեզ ու արա քո գործը
- 14:31Եկեղեցին այժմ հույս դնելու չէ
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 13:58Կոռուպցիայի դեմ «պայքարի» նոր ձևեր ՊՆ-ում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.