Մուհամեդ մարգարեին ծաղրող և իսլամը վարկաբեկող ամերիկյան սիրողական ֆիլմն անցյալ շաբաթ զանգվածային և կատաղի հակաամերիկյան ցույցերի սանձազերծման պատճառ դարձավ ամբողջ աշխարհում:
Մոլեգնող ցույցերն մահացու ավարտ ունեցան, երբ անհայտ հարձակվողները գրոհեցին Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսարանը՝ սպանելով Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին և երեք աշխատակիցների: Մի շարք երկրներում անվտանգության ուժերը սպանեցին տասնյակ ցուցարարների, քանի որ նրանք այրել էին ամերիկյան դրոշները և բարձրացել ԱՄՆ դեսպանատների պատերի վրա:
Կրակի վրա յուղ լցրեց սկզբնական հաղորդման մեջ հնչած այն կեղծ պնդումը, թե ֆիլմը նկարահանել և ֆիանասավորել են իսրայելցիները: Իրականում, այն նկարահանվել էր Հարավային Կալիֆորնիայում՝ եգիպտացի քրիստոնյա դատապարտյալի կողմից, ում ֆիլմը խստորեն քննադատել էր Լոս Անջելեսի Ղպտի եկեղեցու եպիսկոպոս Սրապիոնը:
Սակայն իսկական խնդիրը՝ գարշելի ֆիլմից և դրա անխոհեմ ռեժիսորից ավելի հեռուն է գնում: Ֆիլմը ցուցարարների համար պարզապես պատրվակ ծառայեց` արտահայտելու համար տասնամյակների ընթացքում կուտակած իրենց հակաամերիկյան ցասումը Միացյալ Նահանգների արատավոր և անարդյունավետ քաղաքականության հանդեպ: Սակայն սա չի արդարացնում ամերիկյան դիվանագետների սպանությունն ու ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները:
Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի լուրջ բացթողումների բավականին երկար ցանկը կարող է բազմաթիվ հատորներ լրացնել: Անկախ նրանից, թե այն կկոչվի «արաբական գարուն» կամ «դժգոհության ձմեռ», երրորդ աշխարհի պետությունների ոտնահարված զանգվածները, ի վերջո, հակաամերիկյան զայրույթով բռնկվեցին՝ երկար ժամանակ հանդուրժելուց հետո Վաշինգտոնի կողմից հովանավորվող դաժան բռնակալներին: Հաճախ ամերիկյան քաղաքական գործիչները կարճատև և անհեռատես նպատակների հասնելու համար վնասում են Միացյալ Նահանգների հեռագնա շահերը:
Միացյալ Նահանգների մեկ այլ ցավալի սխալը՝ օտարերկրյա կոռումպացված ղեկավարների գրպանները միլիարդավոր դոլարներով լցնելն է՝ մարիոնետների վարչակարգերին նեցուկ կանգնելու և նրանց բարեկամությունը գնելու համար: Ցավոք, ամերիկյան այս շռայլության չնչին մասն է հասնում աղքատներին և կարիքավորներին: Ի վերջո, զանգվածները տապալում են բռնակալներին և իրենց զայրույթը թափում Միացյալ Նահանգների մոտակա թիրախի՝ ամերիկյան դեսպանատան և դրոշի վրա, դրանք համարելով իրենց կեղեքման և թշվառության խորհրդանիշները:
Այնուհետև Վաշինգտոնում երկարատև կոնգրեսական լսումներ են տեղի ունենում, քանի որ օրենսդիրների մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ են այսքան շատ օտարերկրյա ղեկավարներ դարձել հակաամերիկյան, և նրանց կոռումպացված նախորդներն ի՞նչ են արել Միացյալ Նահանգների արտաքին օգնության միլիարդավոր դոլարները: Փոխանակ քայլեր ձեռնարկելու՝ համոզվելու համար, որ Միացյալ Նահանգների կողմից հատկացված օգնությունը հասնում է հասարակության ամենակարիքավոր խավերին, Կոնգրեսը հաճախ սպառնում է կասեցնել ամբողջ օգնությունը՝ նոր ղեկավարներին դաս տալու համար, դրանով իսկ նրանց էլ ավելի շատ թշնամացնելով:
Առավել խնդրահարույցն այն վտանգավոր դերն է, որ Միացյալ Նահանգները խաղում է տարածաշրջանային հակամարտություններում: Շահերի թյուրըմբռնման պատճառով ամերիկյան պաշտոնատարները շատ հաճախ օգտագործում են իրենց երկրի ծանր կշիռը` ամենուրեք խրվելով անհարկի պատերազմների մեջ կամ կողմնակալ դիրք բռնելով, մինչդեռ հավասարակշռված մոտեցումը կարող էր ավելի արդյունավետ դարձնել հակամարտությունների խաղաղ կարգավորման միջնորդությունը:
Շրջահայեցությունը հատկապես անհրաժեշտ է ընտրական տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների նախագահական թեկնածուները չափազանց կողմնակալ հայտարարություններ են անում քվեարկող տարբեր շրջանակների շահերն առաջ քաշելու համար: Մի անզգույշ ելույթ կարող է հեռահար հետևանքներ ունենալ՝ գցելով Ամերիկայի վարկանիշը և վանելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:
Արաբների և մահմեդականների մեծ մասը համոզված է, որ Ամերիկան անաչառ միջնորդ չի եղել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման մեջ: Դրա հետևանքով, նրանք մեծ վրդովմունքով և խորը զայրույթով են համակված Միացյալ Նահանգների հանդեպ: Ցանկացած սադրանք, ինչպիսին Ղուրանի այրումն է կամ հակամահմեդական ֆիլմերի նկարահանումը, առաջ կբերի կատաղի հակազդեցություն: Քանի որ Միացյալ Նահանգների օրենքները պաշտպանում են անգամ ամենագարշելի խոսքերը, մարդիկ պետք է գիտակցեն, որ խոսքը հետևանք ունի և պարզապես, որովհետև ինչ-որ բան ասելն օրինական է, այդ չի նշանակում, որ խոհեմ է ամեն բան ասելը:
Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ աշխարհի ոչ բոլոր թշնամական գործողությունների համար պետք է մեղադրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը: Յուրաքանչյուր ռասա, կրոն և ժողովուրդ ունի թշնամական գաղափարախոսությամբ ոգեշնչված ծայրահեղականներ, որոնց միակ նպատակն անխնա ոչնչացնելն է: Ցավոք, արևմտյան իշխանությունները և հասարակությունները հաճախ սխալմամբ մեղադրում են բոլոր նրանց ովքեր ծայրահեղականների ռասայական և կրոնական նույն պատկանելիությունն ունեն, դրանով իսկ թշնամացնելով միլիոնավոր խաղաղ քաղաքացիների:
Բարեբախտաբար, համալսարաններում` մասնագետների և պետական կառույցներում՝ փորձագետների պակաս չի զգացվում, որոնք կարող են խորհուրդ տալ և դաստիարակել Միացյալ Նահանգների ղեկավարներին, որոնցից շատերը տարրական գիտելիքներ չունեն միջազգային հարաբերություների վերաբերյալ: Դրա վառ օրինակն է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի զրույցը իրաքցի երեք ամերիկացիների հետ: Երբ նախագահին տեղեկացրել են, որ Իրաքում առկա են տարբեր տեսակի իսլամներ, նա իր հյուրերին հայտնել է, որ չգիտեր, թե այդ երկրում սունիներ և շիաներ կային: «Ես կարծում էի, որ իրաքցիները մահմեդական են», պատասխանել է նախագահ Բուշը:
Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.