Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը արդեն ընդունվում է շատերի կողմից, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերն ակնհայտորեն բավարար չեն: Պատճառները շատ են: Մի կողմից գիտության մեջ ներդրում անելը դեռես անհեռանկարային եւ ռիսկային է համարվում ոմանց կողմից, ոմանց համար ներդրում անելու «նախապայման» է հանդիսանում շուտափույթ կերպով արդյունքների ստացումը: Մինչդեռ, ուրիշ երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտությունը երկարաժամկետ ներդրումներ պահանջող եւ, վաղ թե ուշ, բազմակի անգամ ավել արդյունք տվող բնագավառ է: Իսկ պատճառներից հիմնականը միջոցների սակավությունն է:
Այս տեսանկյունից շատ ողջունելի քայլ է նախագահ Սարգսյանի կողմից տարեկան լրացուցիչ 100 մլն դրամի հատկացումը երիտասարդ գիտնականներին աջակցության համար: Ընդ որում, այդ 100 մլն-ի տնօրինման գործը վստահվել է հենց երիտասարդ գիտնականներին եւ ենթադրվում է, որ հետագա տարիներին ֆինանսավորման հատկացումը շատ բանով պայմանավորված կլինի առաջին տարվա արդյունքներից:
Ծրագրի մասին հայտարարելուց անմիջապես հետո սկսեցին հնչել բազմաթիվ տարաբնույթ կարծիքներ եւ մեկնաբանություններ.
— որ 100 մլն դրամը չնչին գումար է որեւէ նկատելի փոփոխություն ակնկալելու համար,
— որ երկրի նախագահը բացառիկ քայլ է արել,
— որ դա պարզապես PR ակցիա է,
— որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվելու եւ ծրագրի «տապալման» մեղքը ընկնելու է հենց «ապաշնորհ» գիտնականների վրա,
— որ այս գումարի հատկացումը նախաձեռնությանը հիմնական խնդրից՝ գիտության ֆինանսավորման մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոս ավելացում պահանջից, շեղելուն, գիտության հիմնախնդիրները բարձրաձայնողների «լեզուները կարճացնելուն», «բերանները փակելուն» ուղղված, նպատակադրված ապակողմնորոշիչ քայլ է:
Երիտասարդ գիտնականների աջակցության այս ծրագիրն իրականացնելու համար ձեւավորված խորհրդի առաջին նիստերին բավականին բուռն քննարկումներ էին տեղի ունենում: Կային տարաձայնություններ մի քանի սկզբունքային հարցերի շուրջ՝ աշխատակարգային խնդիրներ, խորհրդի անդամների ընտրության ռոտացիոն սկզբունք, թափանցիկության չափ, լրացուցիչ ծախսերը բացառելու նպատակով որեւէ գործող հիմնադրամի միջոցով գումարների տնօրինման նպատակահարմարություն, եւ այլն: Պետք է նշել, որ այդ քննարկումները տեւեցին բավական երկար ժամանակ, որի արդյունքում մամուլում սկսեցին մեկը մյուսի հետեւից հայտնվել 100 մլն-ի ծրագրի ձախողումը «գուժող» հրապարակումներ: Սակայն ի պատիվ խորհրդի անդամների, սկզբունքային տարաձայնությունները հարթվեցին, տղաները լծվեցին գործի եւ, որպես արդյունք, որոշ դադարից հետո նույն այդ լրատվամիջոցները «ավետեցին», որ ծրագիրը գործում է:
Ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մանրակրկիտ կերպով մշակվել են ծրագրի բոլոր կետերը, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրման բոլոր չափորոշիչները, մրցույթների անցկացման և ֆինանսավորման գործընթացը, և հուլիսի 1-ին տրվել է ծրագրի մեկնարկը:
Արդեն հայտարարվել են Երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման եւ Երիտասարդ գիտնականների գիտաժողովի (դպրոցի) կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթների մեկնարկների մասին:
Նախատեսվում է նաեւ երիտասարդ գիտնականներին հետազոտական դրամաշնորհների տրամադրում, ինչպես նաեւ, գիտական տարբեր անվանակարգերում մրցանակաբաշխությունների կազմակերպում:
Ծրագրի ղեկավար մարմնի անդամ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ «Ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար եւ որպեսզի գումարներն ավելի նպատակային ծառայեն, որոշում է կայացվել շեշտադրում կատարել համաֆինանսավորման վրա: Արդեն կա պայմանավորվածություն տարբեր կազմակերպությունների հետ, եւ դրանով իսկ կմեծանա երիտասարդ գիտնականներին հասանելիք գումարի չափը, մեր առջեւ խնդիր ենք դրել գոնե եռապատկել այն, բացի այդ՝ կընդլայնվի դրանից օգտվող երիտասարդ գիտնականների շրջանակը»:
Եզրակացությունը միանշանակ է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհուրդը աշխատում է եւ լա՛վ է աշխատում:
Այն փաստը, որ պետությունը, թեկուզ եւ փոքր ծավալով, լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում գիտությանը եւ, ըստ գործերի ընթացքի, զգացվում է, որ դրական արդյունք է լինելու, հատկացվող գումարները չեն փոշիացվելու, լավատեսություն է պարգեւում: Այդ լավատեսությունն ավելացնում են մասնավորի կողմից գիտության ֆինանսավորման ավելացման խնդիրներին մասնակցության դրսեորումները: Օրինակ, Տաշիր հիմնադրամի արդեն իրականացրած ու նոր հայտարարած մրցանակաբաշխությունները, որոնց առիթով Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշում է.
— Սրանով մենք աջակցում ենք ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլև պետությանը` այն թիրախային խմբերի առումով, որոնց աջակցելու պետության հնարավորություններն այս պահին դեռևս բավարար չեն:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի գործունեության այս փորձը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ընդհանուր նպատակին հասնելու համար հետին պլան են մղվում տարաձայնություններն ու ամբիցիաները՝ ձեռքբերումները երկար սպասեցնել չեն տալիս: Դա ապացուցում է նաեւ համարյա 5000 անդամ ունեցող ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության օրինակը: «Ներսում» տարբեր հայացքներ, տեսակետներ ունեցող մարդկանց միավորում է նպատակը: «Դրսի» հետ շփումների ժամանակ էլ ՊԳՖԱ-ն հանդես է գալիս որպես բացարձակ ապաքաղաքական նախաձեռնություն՝ դիմումներ, հանդիպումներ, քննարկումներ բոլոր քաղաքական ուժերի հետ միեւնույն՝ գիտության տագնապային վիճակն ահազանգելու նպատակով: Կարող է եւ բարձրագոչ հնչել, բայց իրականում ՊԳՖԱ-ն հանդես է գալիս որպես շատ հակամարտող կողմերի՝ մի նպատակի շուրջ համախմբող, միավորող ուժ:
Հիմա կասեք՝ էդ ինչի՞ է հասել ՊԳՖԱ-ն, որ որպես «վառ օրինակ» ես ներկայացնում:
Ասեմ: Մի տարվա համար շատ բանի է հասել:
Խնդրեմ՝ 2011թ օգոստոսին հենց ՊԳՖԱ-ի անդամների հետ ծաղկաձորյան հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին՝ «Մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար, դուք կփորձեք այդ ֆոնդը կառավարել, դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ որ լավ կկառավարեք, այն ժամանակ ֆոնդն էլ կավելացնենք, Ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»:
Հայաստանում տարեկան հազար ու մի ծրագրերի ու նախաձեռնությունների գումարներ են հատկացվում եւ, ցավոք, դրանց ահագին մասը առանց արդյունք տալու փոշիանում, կորչում է: Եթե այդ գումարների տնօրինումն էլ հանձնվեր գիտակից, նվիրված, նպատակասլաց մարդկանց՝ լավ կլիներ, չէ՞…
Արդեն տարին «կես է եղել», եւ 100 մլն-ի հատկացումը «ապակողմնորոշիչ» որակող սկեպտիկները «հիասթափվելու» բավականին առիթներ ունեն:
Նախ, որ ՊԳՖԱ-ի հիմնական պահանջը՝ գիտության ֆինանսավորման ավելացումը մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոս, չի փոխվել: Դեռ ավելին՝ նախաձեռնության անդամների թիվը շարունակաբար ավելանում է, արդեն ավելի մեծ թվով քաղաքական, հասարակական կազմակերպություններ, պաշտոնատար անձինք ու անհատներ են քննարկում ՊԳՖԱ էջի առաջարկները:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն էլ «հաջողացրեց» չկերպարանափոխվել արդեն սովորական դարձած «փողեր խժռող ֆոնդի»: Եթե չլինեին գործունեության սկզբունքների նոր մոտեցումներ, չլիներ բարձր գիտակցություն եւ նպատակասլացություն, ինչի շնորհիվ գուցե եւ նոր մշակույթի ձեւավորման ականատեսներն ենք դառնում, հնարավոր է, որ այս ամենն ապարդյուն անցներ ու ծրագիրն իսկապես «տապալված» ու «ապակողմնորոշիչ» բախտին արժանանար: Բայց, ի ուրախություն գիտության վիճակով մտահոգ մարդկանց, ծրագրի իրականացումն ընթանում է նախատեսված ուղով: Դեռ մի բան էլ ավելին՝ արդեն խոսվում է նախագահի կողմից հատկացված գումարը համաֆինանսավորման միջոցով ռեալ կրկնապատկելու ու եռապատկելու մասին:
Չէ, արդեն էլ ի՞նչ խոսենք: Իրոք որ երիտասարդ գիտնականների աջակցության 100 մլն դրամի ծրագիրը լավ բան է:
Ստեփան Գյոզալյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.