(Բաց նամակ քաղաքապետին, գործարար Վաչե Մանուկյանին և գործի հետ առնչություն ունեցող այլ էլիտար պաշտոնյաների)
Թե ինչ բարի գործեր է արել արտասահմանում ապրող Վաչե Մանուկյան անունով մեծահարուստ հայը իր հայրենիքի ու մայրաքաղաքի համար, կարիք չկա թվարկել, քանի որ այն մեծ վատությունը, որ նա արել ու անում է, արդեն 16 տարի պարզապես աչք է ծակում ու ստվեր գցում մնացած լավ գործերի վրա։ 1996 թվականին նա գնել է «Սևան» հյուրանոցը, ապա հիմնահատակ քանդել՝ առաջացնելով Սևանա լճի հատակը հիշեցնող խորը փոս, ցանկապատել է տարածքը ինչ–որ արծաթագույն թիթեղներով, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել ու պոկատվել են՝ նայողին ցուցադրելով ներսի՝ արդեն թավուտներ հիշեցնող աղբանոց–տարածքը ու, ամենայն հավանականությամբ, մոռացել այդ մասին։ Դեռ լավ է, որ այս տարի հանեցին ցանկապատի դիմացի «տախտակամածը», որի վրա փտելուց հսկայական ճեղքեր էին առաջացել, ու քայլողի համար կոշիկը կորցնելու կամ կրունկը ջարդելու վտանգ էին առաջացնում։
Նախկին «Սևանի» կողքով անցնելիս փորձեցի զրուցել ամենուր լինող ու ամեն ինչից տեղյակ տաքսիստի հետ. «Հիշո՞ւմ եք՝ երբ քանդեցին «Սևանը»։ –«Քանդեցի՞ն, չքանդեցին է՞. տրաքացրին, էն էլ՝ գիշերով, քանի որ էնքան պինդ էր, չէր քանդվում։ Դրին գյոզալ շենքը գիշերով տրաքացրին, որ մարդ չտեսնի։ Թուրքը չէր անի։ Քանի տարի՞ … կլնի արդեն մի 15 տարի։ Տրաքացրին, ու տեղը սարքին բոմժանոց, պարսիկների զուգարան։ Դե որ սարքելու էիք բոմժանոց, էնա թող էդ խեղճերը շենքի մեջ ապրեին էլի էս 15 տարին, ափսոս է՞ր։ Հլա ծերն էլ չի երևում, հեսա ոնց որ ցանկապատը դզմզել են, երևի մի էդքան տարի էլ մնա սենց անտեր։ Էս երկիր ա՞ որ… շունը տիրոջը չի ճանաչում»։
Ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով է պարոն Վաչե Մանուկյանը որոշել մայրաքաղաքի սրտի մեջ ցանկապատել մի հսկայական տարածք ու բարձիթողության մատնել 16 տարի։ Ու ինչո՞ւ դա ոչ մեկին չի անհանգստացնում, զարմացնում ու զայրացնում։ Գլխավորը՝ ինչո՞ւ այդ խայտառակությունը չեն «նկատում» իրար հաջորդող քաղաքապետերը, ինչո՞ւ դա ոչ մի կերպ չեն տեսնում՝ իրենց էլիտար մեքենաների շարասյուներով անցուդարձ անող նախագահ–վարչապետներն ու այլ պաշտոնական անձինք։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցինիզմը հասել է պետական մակարդակի ու որի քաղաքացին արդեն կամաց–կամաց կորցնում է զարմանալու՝ սովորոկան մարդկային հատկությունը։ Եթե մի օր մեկն առնի ու քանդի հրապարակի թամանյանական կառույցներից մեկն ու այնտեղ վեր խոյացնի անճաշակ ու երբեմնի ներդաշնակ ամբողջականությանը բոլորովին չհամապատասխանող մի երկնաքեր, կամ պարզապես տարածքը ցանկապատի ու սարքի աղբանոց, ոչ ոք արդեն չի զարմանա։ Օրինակ, երբ որևէ օլիգարխի հրապարակավ մեղադրում են որևէ հանցանք–զանցանքի մեջ, մենք միանգամից մտածում ենք՝ տեսնես ո՞ւմ «պոչն էր տրորել», որ ուզում են «արանքից հանել»։ Կամ երբ մեծահարուստը հրապարակի քթի տակ առնում է ճարտարապետական կառույց, հիմնահատակ քանդում ու տարիներով թողնում ավերակ, մենք միանգամից մտածում ենք՝ տեսնես ո՞վ է էդ հարուստն ու տեսնես ինչքա՞ն է «կերցրել» վերևներին, որ նրանք էդ տարածքով անցնելիս կորցնում են տեսողությունները, պարտքի ու աշխատանքային պատասխանատվության զգացումները։ Տեսնես կա՞ էլի մի երկիր, որտեղ հրապարակում ցանկապատվի տարածք ու թողնվի 16 տարի՝ «իմը չի՞… ինչ կուզեմ՝ կանեմ» մանկապարտեզային հիմնավորումով։
Հիշեցնենք, որ «Սևան» հյուրանոցը ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի գործերից էր, կառուցվել էր 1930–1939 թթ., մասնագետների կողմից համարվել հայ ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ «Հյուրանոցն իր կառուցվածքով, հարկայնությամբ ամբողջությամբ համապատասխանում էր Շահումյան հրապարակին և ներդաշնակ էր դիտվում հրապարակի այլ կառույցների հետ: Շատ եմ ցավում «Սևանի» ճակատագրի համար: Այն շատ գրագետ կառույց էր թե՛ ճարտարապետական, թե՛ ֆունկցիոնալ կառուցվածքի տեսանկյունից: Շատ ճիշտ էր իրականացված շենքի անկյունային լուծումը: Ցավում եմ, որ շենքի վաճառքից հետո սեփականատերը չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն և չպահպանեց թեկուզ միայն այդ անկյունային մասը»:
Այո, նա չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն՝ ոչ միայն պահպանելու շինությունը, կամ գոնե անկյունային հատվածը, այլև տարիներ շարունակ չի ցուցաբերում գիտակցություն այն առումով, որ ինքն իրավունք չունի Հանրապետության հրապարակին հարող մի հսկայական տարածք տարիներ շարունակ վերածել ավերակ–աղբանոցի։ Չմոռանանք հիշել, որ տարածքը, հատկապես մեր հարևան պարսիկ տուրիստների համար, որոնց ավտոբուսների հիմնական կայանատեղին է Շահումյանի հրապարակը, հաջողությամբ ծառայում է նաև՝ որպես մեծ ու բացօթյա զուգարան։ Հարցն այն է, որ Վաչե Մանուկյանը մեծացել ու ապրում է ոչ թե հայրենիքում, որտեղ, ինչպես հայտնի է՝ չեն գործում օրենքներ կամ օրենքները կոչված են՝ պաշտպանելու միայն «էլիտար» փոքր զանգվածի շահերը, այլ արտասահմանյան օրինապաշտ երկրում։ Հետևաբար, զարմանալի է, թե այդ ինչպե՞ս է, որ նա այդ հարցում «գործում է» իր հայրենակից օլիգարխների պես և ո՛չ այնպես, ինչպես «սովորեցրել են» իրեն դրսում։
Անցել են տարիներ, փոխվել ու «մեղմացել» են մեր քաղաքացիների պահանջները, այն քաղաքացիների, որոնք ժամանակին ցույցեր, մոմավառություն և բողոքի տարատեսակ ակցիաներ կազմակերպեցին՝ «Սևանը» քանդելու կապակցությամբ։ Այժմ՝ այլևս ոչ մի աբսուրդից չզարմացող քաղաքացիները պարզապես ասում են՝ սարսափելի զզվել ենք արդեն այդ տարածքը տեսնել հավերժական ցանկապատի մեջ. ի վերջո, արտասահմանցի մեծահարուստ պարո՛ն սեփականատեր, ե՞րբ պիտի որևէ լուծում գտնեք, գուցե սպասում եք, որ մարդիկ իրենց ձեռքո՞վ պոկեն ցանկապատը։ Պարո՛ն քաղաքապետ, պարոնա՛յք նախագահ ու վարչապետ, ե՞րբ պիտի հիշեցնեք պարոն Վաչե Մանուկյանին, որ այդ տարածքն ինքը լուսնի վրա չի գնել, այլ ՀՀ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ, ու դրա հետ կապված՝ ինքն ունի, մեղմ ասած՝ որոշակի պարտավորություններ։
Մանե Հակոբյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.