Սիրելի ընթերցող այսօրվանից հատվածաբար Ձեզ կներկայացնենք Սոմերսեթ Մոեմի հրաշալի գործերից մեկը՝ «Ամենագետը» պատմվածքը:
Ես հակակրեցի Մաքս Քելադային, թեև նրան չէի ճանաչում :
Պատերազմը նոր էր վերջացել, և ճանապարհորդական նավերը խիստ ծանրաբեռնված էին ուղևորներով: Չափազանց դժվար էր նավի վրա տեղ գտնել: Շռայլություն էր առանձին խցիկ ակնկալելը, իսկ երկտեղանոց խցիկի համար պետք էր անչափ շնորհակալ լինել: Բայց տրամադրությունս ընկավ, երբ իմացա ուղեկցիս անունը (Քելադա անունը հուշում էր հարևանիս արևելյան ծագումը): Ուրիշի հետ նույն խցիկում տասնչորս օր ապրելը (մանավանդ` արևելցու հետ) ենթադրում էր միշտ փակ պատուհան, և բացառված էր նույնիսկ գիշերային մաքուր օդը: Թերևս տրամադրությունս ավելի բարձրանար, եթե ուղեկցիս անունը Սմիթ կամ Բրաուն լիներ:
Երբ նավ բարձրացա, պարոն Քելադայի իրերն արդեն խցիկում էին: Դրանց տեսքն ինձ դուր չեկավ: Բազմաթիվ պիտակներով ճամպրուկները բավականին մեծ էին: Ուղեկիցս արդեն հանել էր հարդարանքի առարկաները, որոնց վրա նկատեցի «Կոտի» մակնիշը: Լողասենյակում դրված էին նրա օծանելիքները, մազի յուղն ու օճառը: Պարոն Քելադայի հակինթե կոթով խոզանակներն իրենց ոսկյա մակագրություններով, իմ կարծիքով, ավելի հարմար էին հատակը քերելու և փայլեցնելու համար: Ինչևէ, այդ մարդուն նախապես չհամակրեցի:
Խցիկից դուրս գալով ուղղվեցի խաղասենյակ, պահանջեցի խաղաթղթեր և սկսեցի «պասիանս» բացել: Հազիվ էի սկսել խաղը, երբ մեկը մոտեցավ ինձ, և, անունս տալով, ներկայացավ:
-Ես պարոն Քելադան եմ,- ասաց նա լայն ժպտալով, ցուցադրելով փայլուն ատամնաշարը և նստեց:
…………….
-Կարծեմ երկուսս էլ նույն խցիկն ենք զբաղեցնում:
-Ինչպիսի զուգադիպություն:Երբեք չես կարող կռահել, թե ում հետ բախտ կվիճակվի ճանապարհորդել: Չափազանց ուրախացա երբ լսեցի, որ անգլիացի եք: Ես միշտ կողմանկից եմ, որ մենք` անգլիացիներս, արտասահմանում համախմբված լինենք: Անշուշտ, դուք հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել:
Ես աչքերով հավանության նշան արեցի:
-Դուք անգլիացի՞ եք,- հարցրեցի:
-Հապա ինչպես: Հո չե՞ք կարծում, որ ամերիկացու տեսք ունեմ: Ոտից գլուխ անգլիացի եմ:
Իր ասածն ապացուցելու համար պարոն Քելադան ծոցագրպանից հանեց անձնագիրն ու մեծամտորեն ճոճեց քթիս առաջ:
Այդ րոպեին մտածեցի, որ Անգլիացի Ջորջ թագավորը շատ տարօրինակ հպատակներ ունի: Պարոն Քելադան կարճահասակ էր ու հաստլիկ, թխամորթ, մաքուր սափրած այտերով մսոտ ու կեռ քթով, մեծ ու փայլուն, ջարակալած աչքերով: Նրա երկար ու սև մազերը գանգուր էին, յուղված և այդ պատճառով ` լպրծուն: Նա խոսում էր արագ, սակայն ոչ սահուն անգլերենով ,և առհասարակ , աչքի էր ընկնում հարուստ շաժուձևով: Ես համոզված էի, որ եթե մանրակրկիտ զննվեր նրա անգլիական անձնագիրը , ապա կպարզվեր պարոն Քելադայի` ավելի կապույտ երկնքի տակ ծնված լինելու փաստը:
-Ի՞նչ կցանկանայիր խմել,- հարցրեց նա:
Ես տարակուսանքով նայեցի նրան: Որքան ինձ հայտնի էր, ոգելից խմիչքների վաճառքն արգելված էր, և նավի վրա, ըստ երևույթին ոչ մի ըմպելիք չպետք է լիներ:Բացի այդ, երբ ծարավ չեմ լինում, դժվարանում եմ ասել, որ խմիչքն է ինձ դուր գալիս: Սակայն պարոն Քելադան ինձ ուղղեց իր արևելյան քաղցրալիր ժպիտը.
-Վիսկի` սոդայո՞վ, թե՞ մարտինի: Ասացեք, որն է ձեզ դուր գալիս:
………………
Նա գրպաններից երկու շիշ հանեց և դրեց իմ առաջ, սեղանի վրա: Ես գերադասեցի մարտինին, իսկ նա կանչեց մատուցողին և սառույց ու երկու բաժակ պահանջեց:
-Հիանալի կոկտեյլ, — ասացի:
-Օ, դեռ այնքան կա:Եթե նավի վրա ընկերներ ունեք, կարող եք չկասկածել.բոլորին էլ կհյուրասիրենք ամեն տեսակի խմիչքով:
Պարոն Քելադան ասող-խոսող մարդ էր: Նա պատմեց Նյու Յորքից և Սան Ֆրանցիսկոյից, քննարկեց պիեսներ ու կինոնկարներ, անցավ քաղաքականության: Հայրենասեր էր ու մարդամոտ,բայց միևնույն է, ինձ դուր չէր գալիս: Սկզբում ես մի կողմ էի դրել խաղաթղթերը, բայց, երբ զրույցը շատ երկարեց, նորից սկսեցի խաղալ:
-Երեքը չորսի վրա,-ասաց պարոն Քելադան:
-«Պասիանս » խաղալիս ավելի զայրացնող բան չկա, քան այն, երբ հուշում են:
-Ստացվում է, ստացվում է,-բացականչեց նա,-տասնոցը վալետի վրա:
Ես բարկացած վերջացրի խաղը և սրտումս ատելություն զգացի նրա նկատմամբ:
-Խաղաթղթի ձեռնաճարպկություն սիրում ե՞ք,-ասաց նա` վերցնելով խաղաթղթերը:
-Ոչ, չափազանց ատում եմ,-պատասխանեցի:
-Դե լավ, միայն մեկը ցույց կտամ:
Ցույց տվեց երեքը: Ասացիոր ուզում եմ ճաշարան գնալ` տեղ զբաղեցնելու:
-Հիանալի է,-պատասխանեց նա:-Ես արդեն զբաղեցրել եմ ձեր տեղը: Մտածեցի, քանի որ միասին ենք ապրում,կարելի է նաև միևնույն սեղանի շուրջը նստել:
Չսիրեցի այդ պարոն Քելադային:
Մենք ոչ միայն նույն խցիկում էինք միասին և օրը երեք անգամ ուտում էինք միևնույն սեղանից, այլև անհնար էր զբոսնել տախտակամածի վրա` առանց նրա ընկերության: Տարօրինակն այն էր, որ չէր էլ կասկածում, թե իր ներկայությունը կարող է ինձ տհաճ լինել: Ավելի քան վստահ էր,որ ինքը հաճելի ընկերակից է: Եթե տանդ լինեիր, կարող էիր աքացի տալ և աստիճաններով վար գլորեր կամ երեսին փակել: Բայց այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէր:
Ուղեկիցս չափազանց մարդամոտ էր և ընդամենը երեք օրում ծանոթացավ նավի բոլոր ուղևորների հետ: Ղեկավարում էր աճուրդները, դրամ էր հավաքում սպորտային խաղերի համար, կազմակերպում էր մրցումներ, համերգներ ու պարահանդեսներ: Իմ կարծիքով, նավի ամենաչսիրված ուղևորն էր: Անունը պարոն «Ամենագետ» էին դրել և նունիսկ երեսին էին ասում, որն ընդունվում էր իբրև հաճոյախոսություն: Ամենից անտանելին ճաշի ժամն էր, երբ մոտ մեկ ժամ իր զոհն էինք: Անընդհատ խոսում էր, ծիծաղում և վիճում: Իրեն համարում էր ամենտեղյակ մարդը, և եթե չէիր համաձայնում նրա որևէ խոսքին, վիրավորում էր: Ինչքան էլ նյութն անկարևոր լիներ, օձիքդ բաց չէր թողնում, մինչև չհանգեիր իր կարծիքին: Մտքովն իսկ չէր անցնում, որ կարող է սխալվել:
…………….
Մեր սեղանի շուրջ նստում էր նաև մի մարդ, որի անունը Ռամզեյ էր: Նա ատում էր արևելցու ինքնավստահությունը և անընդհատ վեճի էր բռնվում նրա հետ: Ռամզեյն ամերիկյան հյուպատոսարանի աշխատակից էր և բնակվում էր Կոբեյում: Նա ծնվել էր Միացյալ Նահանգների միջին արևմտյան շրջանում, հաղթանդամ էր, մարմնեղ և թվում էր, թե հագուստն ուր որ է կպատռվի: Նյու Յորք կատարած այցելությունից հետո նա վերադառնում է իր աշխատանքին: Նյու Յորք էր գնացել կնոջը բերելու, որ մեկ տարի հյուրընկալվել էր ծնողների մոտ: Տիկին Ռամզեյը փոքրակազմ, գեղեցիկ էակ էր, հաճելի շարժուձևերով և հումորի զգացումով: Հյուպատոսարանի աշխատակցի վարձատրությունը ցածր էր , և տիկին Ռամզեյը հագնվում էր հասարակ , սակայն զգացվում էր, որ հագնվելու մեծ ճաշակ ունի ու միշտ տպավորիչ էր: Նա աչքի զարնող մի հատկանիշ ուներ` չափազանց համեստ էր: Մի հատկանիշ, որ զարդարում և հրապուրիչ էր դարձնում նրան:
Մի երեկո ընթերցելիս զրույցը պատահաբար ծավալվեց մարգարիտների շուրջ: Թերթերն այդ օրերին շատ էին գրում խորամանկ ճապոնացիների պատրաստած արհեստական մարգարիտների մասին, որոնք, անկասկած, կիջեցնեին իսկական մարգարիտների արժեքը, քանի որ գնալով կատարելագործվում էին: Ինչպես միշտ, այս անգամ էլ զրույցը վարում էր պարոն Քելադան. նա մարգարիտների մասին պատմեց այն ամենը, ինչ հնարավոր էր: Ինձ թվում էր, թե Ռամզեյն այնքան էլ տեղյակ չէր այդ նյութին, բայց բռնվել էր արևելցուն հակաճառելու կրքով և շուտով մի տաք վիճաբանություն սկսվեց: Այս անգամ պարոն Քելադան չափազանց գրգռված էր, և երբ Ռամզեյն ինչ որ բան ասաց, նա ձեռքով հարվածեց սեղանին և բացականչեց.
— Ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Այժմ էլ մեկնում եմ Ճապոնիա, հենց մարգարիտների գործով: Ես այդ արհեստով եմ զբաղվում և ինչ որ ասում եմ, ճշմարտացի է, ոչ ոք չի կարող հակաճառել ինձ: Ես գիտեմ աշխարհի բոլոր լավագույն մարգարիտները և եթե կան այնպիսինները, որոնց անտեղյակ եմ, ուրեմն դրանք անարժեք են:
Նրա հայտարարությունը մեզ համար նորություն էր, քանի որ մինչ այդ անտեղյակ էինք պարոն Քելադայի զբաղմունքին: Միայն աղոտ կերպով գիտեինք, որ Ճապոնիա էր մեկնում առևտրական գործերով: Նա մի հաղթական հայացք նետեց սեղանակիցների վրա և ասաց.
— Ինձ նման մասնագետը մի հայացքով կարող է որոշել մարգարտի իսկական կամ կեղծ լինելը:
Եվ մատնացույց անելով տիկին Ռամզեյի վզի մարգարտաշարն , ասաց.
— Լավ հիշեցեք իմ խոսքերը, տիկին Ռամզեյ, մարգարիտների այն շարը, որ զարդարում է ձեր վիզը, երբեք չի կորցնի իր արժեքը, նույնիսկ մեկ ցենտով:
………….
Տիկին Ռամզեյն իրեն հատուկ համեստությամբ մի փոքր կարմրեց և մարգարտաշարն աննկատ տեղավորեց հագուստի օձիքի տակ: Պարոն Ռամզեյն առաջ թեքվեց, մի հայացք նետեց սեղանակիցների վրա: Նրա աչքերը փայլեցին:
-Գեղեցիկ չէ՞ տիկին Ռամզեյի մարգարտաշարը…
— Անշուշտ, ես անմիջապես նկատեցի, — պատասխանեց պարոն Քելադան,- և ասացի ինքս ինձ. «Ա՛յ քեզ իսկական մարգարիտներ…»:
— Ես չեմ գնել այդ շարանը, բայց ինձ շատ է հետաքրքրում նրա արժեքը:
— Այդ շարանը մարգարիտով զբաղվող արհեստավորների համար կարժենա տասնհինգ հազար դոլար, իսկ եթե դրանք գնվել են Հինգերորդ պողոտայում, չեմ զարմանա, եթե լսեմ, որ վճարված է երեսուն հազար դոլար:
Պարոն Ռամզեյն անողոք քրքջաց:
— Դուք, անշուշտ, շատ կզարմանաք, եթե լսեք, որ տիկին Ռամզեյը գնել է սա քաղաքի հանրախանութներից մեկում, Նյու Յորքից մեկնելուց մեկ օր առաջ և վճարել է ընդամենը տասնութ դոլար:
Պարոն Քելադան զայրացավ:
— Հիմարություն: Դրանք ոչ միայն իսկական են, այլև մեծությամբ լավագույններից են, որ ես երբևէ հանդիպել եմ:
— Գրազ եմ գալիս հարյուր դոլարով, որ դրանք արհեստական են:
— Համաձայն եմ:
— Օ՛, Էլմեր, չարժե գրազ գալ այն բանի վրա, որին չափազանց վստահ ես,- թեթևակի ժպտալով և մի փոքր առարկող տոնով ասաց տիկին Ռամզեյը:
— Ինչո՞ւ չարժե: Եթե կարելի է հեշտությամբ փող վաստակել, ապա դրանից միայն հիմարը կհրաժարվի:
— Բայց ինչպե՞ս ապացուցել…
— Թույլ տվեք մոտիկից ուսումնասիրել, և եթե արհեստական է, անմիջապես կասեմ: Ի վերջո, այնքան էլ մեծ բան չէ 100 դոլար կորցնելը:
— Հանիր վզիցդ շարանը, սիրելիս, թող պարոնն ուզածի չափ նայի:
Տիկին Ռամզեյը մի պահ տատանվեց և ձեռքը տարավ ամրակցիչը:
— Չի բացվում,- ասաց նա,- ըստ երևույթին, պարոն Քելադան պիտի բավարարվի իմ ասածով, ուրիշ միջոց չկա:
Հանկարծ ինձ պաշարեց տարօրինակ մի զգացում. ինձ թվաց, թե հիմա անպայման մի բան պետք է կատարվի:
Ռամզեյը տեղից վեր թռավ:
— Ես ինքս կարձակեմ:
Նա մարգարտաշարը տվեց պարոն Քելադային:
Արևելցին գրպանից հանեց խոշորացույցը:
…………..
Նրա ողորկ և թուխ դեմքին հաղթական ժպիտ տարածվեց: Եւ այն րոպեին, երբ վերադարձնելով շարանը, ուզում էր հայտնել իր կարծիքը, նկատեց տիկին Ռամզեյի ուշագնացության աստիճան գունաթափ դեմքը: Տիկինը նայում էր Քելադային այնպիսի ակնապիշ և աղերսող արտահայտությամբ, որ զարմանալի էր, թե ամուսինը ինչպես չէր նկատում: Պարոն Քելադան կանգ առավ բերանը բաց և կարմրատակած:
Նա ճիգ գործադրեց տիրապետելու իրեն և ասաց.
-Սխալվեցի, շատ հաջող արհեստական մարգարիտներ են, որոշեցի միայն խոշորացույցով նայելիս: Ես էլ եմ կարծում, որ տասը դոլարից ավելի չարժե:
Այնուհետև պարոն Քելադան դրամապանակից հանեց հարյուր դոլար և անխոս հանձնեց Ռամզեյին:
-Գուցե սա քեզ համար դաս լինի, երիտասարդ բարեկամ, որ այլևս այդքան ինքնավստահ չլինես,- ասաց պարոն Ռամզեյը, վերցնելով թղթադրամը: Ես նկատեցի, որ Քելադայի ձեռքերը հուզմունքից դողում էին:
Այդ լուրն անմիջապես տարածվեց նավով մեկ: Այդ երեկո Քելադան բավական շատ հեգնանք հանդուրժեց: Մարդիկ գոհ էին, որ, վերջապես, մերկացվել էր պարոն «Ամենագետը» :
Այդ երեկո գլխացավը պատճառաբանելով, իր շքեղ համարում փակվեց տիկին Ռամզեյը:
Հաջորդ առավոտ, երբ վեր կացա և սկսեցի հագնվել, պարոն Քելադան դեռևս պառկած ծխում էր: Հանկարծ ինչ-որ մեկը քսվեց դռանը և ճեղքից մի ծրար ներս խցկեց: Դուռը բացեցի, ոչ ոք չկար: Ծրարը հասցեագրված էր Մաքս Քելադային, որի անունը գրված էր տպագիր մեծատառերով: Ծրարը հանձնեցի Քելադային:
-Ու՞մից է…- նա բացեց և միայն արտասանեց,- Օ…
Ծրարից հանեց ոչ թե նամակ, այլ` հարյուր դոլարանոց մի թղթադրամ: Նայեց ինձ և նորից կարմրեց, հետո ծրարը պատառոտեց:
-Նեղություն չե՞ք կրի պատուհանից դուրս նետել:
Կատարեցի խնդրանքը և ժպտալով նայեցի նրան:
-Անտանելի բան է, երբ մարդուն կատարյալ հիմարի տեղ են դնում:
-Մարգարիտներն իրակա՞ն էին:
-Եթե ես փոքրիկ, սիրունիկ կին ունենայի, երբեք նրան Նյու Յորքում մենակ չէի թողնի,- ասաց նա:
Այդ պահին ես այլևս չէի հակակրում պարոն Քելադային: Նա հանեց ծոցատետրը և զգուշությամբ տեղավորեց հարյուր դոլարանոց թղթադրամը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.