Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ լսվեց ամբաստանյալ Մելինե Մարգարյանի գործը, որ մեղադրվում է Տաշիր առևտրի կենտրոնի մի խումբ ոսկեվաճառների «քցելու» մեջ: Նրանցից միայն 11 –ն է բողոքել իրավապահներին:
Այս գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում, և 2012 թվականի մարտի 24-ին և վճռվել. ամբաստանյալ Մելինե Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրօրի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան քսանհինգ միլիոն ՀՀ դրամ գումար:
Այս պատմության հետ կապված զրուցեցինք տուժողներից մեկի հետ, որը չցանկացավ նշել իր անունը, սակայն հանգամանալից պատմեց, թե ինչպես է իրեն խաբել Մելինե Մարգարյանը, և ոչ միայն իրեն: Նա նշեց, որ Տաշիր առևտրի կենտրոնի աշխատակիցների զգալի մասը նրա խարդարությունների զոհն է դարձել, չնայած ոստիկանություն են դիմել 11-ը: «Ալրաղացից եկավ ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել այնպիսի վարպետությամբ, որ չէիր կասկածի: Կողքիս նստողն էր, վստահեցի, վերցրեց ամբողջ ոսկեղենը` վերավաճառելու նպատակով, նույնիսկ պարտավորագիր գրեց: Հետո էլ ընկերուհուն` Նունե Ղազարյանին (մականունը`Կայծ) ուղարկեց ինձ մոտ: Սա էլ եկավ, թե իբր իրեն նարկոմանները բռնել են և 14000$ գումար է պետք: Ես էլ խղճացի, տվեցի ինձ մոտ մնացած ոսկեղենը, գնաց: «Լեզվի բաքսյորը», հարուստ ձևանալով, այնպես ճարպկորեն էր խոսում, որ հավատացել են բոլորը, նույնիսկ հագուստներ է վերցրել ու էլի առանց գումարի: Իսկ ինչ վերաբերում էր Իրինա Բաբաջանյանին, նա բյուրեղանման անձնավորություն էր, որը ցանկանում էր մտերմանալ Մելինեի հետ իր գումարները հետ ստանալու համար: Նրան Մելինեն էր ստիպում գնալ այս կամ այն աշխատողի մոտ և համոզել, որ վստահի Մելինեին և գումար տա»:
Զրույցից պարզեցինք, որ Մելինեն մի շարք նպատակներ ուներ, այդ թվում` առանձնատներ գնել որդիների համար, մեքենա ` ամուսնու համար և այլն:
Մեկ ուրիշ տուժող պատմեց, որ ինքը նույնպես ծանոթացել է Մելինեի հետ առևտրի կենտրոնում. «Ինձանից 8500$ համարժեք ոսկեղեն է վերցրել վերավաճառելու նպատակով և իրեն շահույթ մնացած գումարով պետք է ամուսնուն մեքենա գներ: Հետո հասկացա, որ ես էլ մնացածի պես խաբվել եմ: Համոզում էր ինձ` նենց չանես կողքինդ իմանա, մտածված էր անում և թաքուն, որ հետո գնա կողքինիս էլ խաբի»:
Իսկ նախաքննությամբ ու դատաքննությամբ պարզվել է, որ իրեն վերագրվող ինը դրվագներից հինգով միանձնյա, իսկ չորս դրվագներով` հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ, 2009թ. հունիսից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Մ. Խորենացի թիվ 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, շարունակաբար, վերավաճառելու և նույն ժամանակահատվածում գումարները վերադարձնելու, ինչպես նաև կարճ ժամանակով գրավադնելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն վերավաճառելու պատրվակով վերցրած ոսկեղենը, ինչպես նաև գրավատներում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարները չեն վերադարձրել, որպես վստահության երաշխիք` 100-ական ԱՄՆ դոլար գումարներ են վերադարձրել և բերելով տարբեր պատճառաբանություններ` հուսադրել են, իբրև թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը, սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք։
Այսպիսով, Մարգարյանը Բաբաջանյանին օգտագործել է, միասին հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 59.050.634 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Իրինա Բաբաջանյանի կողմից քաղաքացիական հայց է ներկայացվել ամբաստանյալի դեմ, պահանջելով Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի հատուցում։
Տուժողներից մեկ ուրիշը՝ Կարինե Զաքարյանը ևս քաղաքացիական հայց է ներկայացրել, վերջինս պահանջել է Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.800.000 ՀՀ դրամ գումար: Ամբաստանյալ Մ. Մարգարյանը քաղաքացիական հայցերի դեմ առարկել է` նշելով, որ Իրինա Բաբաջանյանից երբևէ ոսկեղեն չի վերցրել և նրա նկատմամբ խարդախության չի կատարել, իսկ Կարինե Զաքարյանին պարբերաբար գումարներ է վճարել:
Դատարանը որոշել է Բաբաջանյանի քաղաքացիական հայցը մերժել` անհիմն լինելու պատճառով, իսկ տուժող Կարինե Զաքարյանի քաղհայցը` թողնել առանց քննության։
Մելինե Մարգարյանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան. ըստ նրա` իր հանդեպ արդարացի որոշում չի կայացվել: Նրան հանրային պաշտպանի հիմունքներով հատկացված Վարդան Գրիգորյանը, անցած նիստին դեռևս հանգամանալից չէր ծանոթացել Մելինե Մարգարյանի գործին: Այդ իսկ պատճառով նիստը հետաձգվել էր:
Վերաքննիչ բողոք էր բերել նաև Իրինա Բաբաջանյանը. վերջինս պահանջում է ամբաստանյալ Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
Վերադառնանք դատական նիստին.
Նիստի ընթացքում Մելինե Մարգարյանի պաշտպան Վարդան Գրիգորյանը բացարկ հայտնեց մեղադրող Ա. Հակոբյանին և ներկայացրեց բացարկի հիմքերը:
Ըստ նրա` բացարկի հիմք կարող է լինել, այն որ տուժողներից մեկը՝ Գոհար Մկրտչյանը, դատախազ Սամվել Հարությունյանի կնոջ մայրն է, իսկ տուժող Լիլիթ Ավետիսյանը բարեկամական կապեր ունի դատախազ Խաչիկյանի հետ: Ինչն էլ գործը տարել է այնպես, որ պատիժը խիստ լինի Մարգարյանի նկատմամբ: Իսկ մեղադրող Հակոբյանը, ըստ պաշտպան Գրիգորյանի, հանդիսանում է Սամվել Հարությունյանի ընկերը, իսկ Խաչիկյանը` Հակոբյանի վերադաս դատախազը, ուստի հնարավոր է, որ Հակոբյանի նշանակումը որոշ դիտավորություն է հետապնդում:
Բացարկի առնչությամբ մեղադրող Հակոբյանն ասաց, որ ինքն ու Ս. Հարությունյանը պարզապես գործընկերներ են, իսկ ինչ վերաբերում է վերադաս դատախազին, ապա Հակոբյանը ասաց, որ իր վերադաս դատախազը ոչ թե Խաչիկյանն է, այլ Բադալյանը: Եվ պաշտպանի ներկայացրած փաստերը կապ չունեն գործի հետ:
Դատարանը մերժեց բացարկը` անհիմն համարելով այն, իսկ Վ.Գրիգորյանի բացարկի հիմքերը` զուտ ենթադրություններ, որոնք չունեն հիմնավոր փաստեր:
Այնուհետև լսվեց պաշտպանական ճառը, որը կարդաց ամբաստանյալ Մարգարյանը: Սակայն ճառն այնքան երկար ու սրտառուչ էր, որ հնարավոր չեղավ մեկ նիստում ավարտել և դատական նիստը հետաձգվեց:
- 16:15Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման
- 18:00Սեփական երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրն ազատվեց քրեական պատասխանատվությանից և պատժից
- 15:58ԱՄՆ-ում դատվող կիբեր-խաբեբա հանցագործների մեջ կա նաև հայ
- 13:08Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել իր պարտականություններն իրականացնելու համար. Լուսինե Սահակյան
- 14:37«Նոր բանդայի» գործով դատը դարձյալ հետաձգվեց
- 18:47Դատական ժանգլյորություն, թե՞…
- 15:01Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու
- 16:59Դատարանները ենթարկվում են դատախազությանը
- 15:29Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.