Այսօր` հունիսի 7-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը նրանց է ներկայացրել մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:
Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նման պատվի արժանացնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում
Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար:
Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով ծայրահեղորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն, իսկ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի համար դժվարին պահին արձագանքեց դժբախտությանը՝ մասնակցելով այդ աղետի հետևանքների վերացմանը: Անցնելով երկրաշարժից տուժած թաղամասերի վերականգնման դժվարին փուլերով՝ մենք, ավելի լավ, քան որևէ մեկը, հասկանում ենք աշխատանքի այն հսկայական ծավալը, որը պետք է իրականացնի ձեր կառավարությունը:
Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից աղետի հետևանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Կասկած չունենք, որ Ճապոնիան ոչ միայն կհաղթահարի բոլոր խնդիրները, այլև այս փորձությունից դուրս կգա ավելի կոփված:
Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն և մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչա¬կեցինք, և Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության և ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի և շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր:
Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլև ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը:
Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության և մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում:
Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ: Նաև հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական Յոկոգամա, Կոբե, Նագասակի նավահանգիստների, ինչպես նաև Սինգապուրի և Հոնգկոնգի նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:
Կարելի է երկար թվարկել հայ-ճապոնական պատմական կապերի հիշարժան իրադարձությունները, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մեր ժամանակակից համագործակցությունը դառնում է ավելի բազմակողմանի` ընդգրկելով այնպիսի ոլորտներ, որոնցից է, օրինակ, ճարտարապետությունը: Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Երևանի կենտրոնում նոր ճարտարապետական համալիրի կառուցմանը, որի հեղինակն է միջազգային մրցույթում հաղթած հայտնի ճապոնացի ճարտարապետ Արաին:
Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը և գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության և արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաև համալսարաններում ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաև հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ընդառաջ Հայաստանում և Ճապոնիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների համար միմյանց լավ ճանաչելու գերազանց հնարավորություն է: Այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, մենք տոնում ենք հայ գրատպության 500-ամյակը: Հաճույքով հրավիրում եմ ձեզ բոլորիդ այցելել Հայաստան: Համոզված եմ, որ հետաքրքիր և հիշարժան ուղևորություն կլինի:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սոկա համալսարանին՝ ցուցաբերած պատվի համար և հույս ունեմ, որ կրթության և մշակույթի ոլորտներում մեր կապերն այսուհետ ևս կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների ապագայի:
Շնորհակալություն ուշադրության համար:
Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:
Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի սոցիալիստական Հանրապետություն:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.