Յուրաքանչյուր անգամ, երբ բարձրագույն իշխնության կողմից պարգևներ են հանձնվում մեր մտավորականներին, ուրախության հետ մեկտեղ տխրություն ենք զգում: Մի տեսակ խառնվում է թացն ու չորը. Ու ակամայից ուզում ես տարանջատել իրական մտավորականի տեսակը` նրա խոսքն ու գործը այն մարդկանցից, որոնք իրենց հովեր են տալիս, թե` հասել են այդ սահմանին:
Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի` մերօրյա ճշմարիտ մտավորականի դերի ու ասելիքի շուրջ փնտրտուքը հենց այդ համատեքստում է.
Մի օր պայթելու է էդ լուսավորը, առողջ արյունը.
Ինչպե՞ս ապրել մի ժամանակի մեջ, երբ մարդու պես ապրելը գերազանց ջանք և կամքի զորություն է պահանջում, երբ ստրուկները ձիերին են, իշխանները` ոտաբոբիկ: Երբ մարդն աշխատում է բերանի համար, բայց հոգին չի կշտանում, ուր մնաց ստեղծագործել, սփռել Աստծո ներշնչած հոգին: Ինչպես չկորցնել գեղեցիկի զգացողությունը, ինչպես մնալ քո գեղարվեստի էության տերը, երբ շուրջդ դատարկաբանությամբ է լցված: Երբ միջակությունը պղնձի ձայն է հանում , իսկ թանձրամիտ քմահաճ պաշտոնյաները վերցրել են մտավորականի ձեռքից նախաձեռնությունը: Անտեսելով մտավորականին` մենք կորցնում ենք մեր դեմքը: Մարդիկ, որոնք կոչված են փոշոտ ու քարքարոտ ճանապարհ մաքրելը հանձն առնել` երիցս օրհնյալ են: Եվ, քանի որ լավ է լսել իմաստունի նախատինքը, քան հիմարի երգը. լսենք մեր մտավորականներին:
Նկարիչ-խեցեգործ Մուշեղ Ամիրխանյան:
Անկոտրում որպես արվեստագետ, անառիկ իր խղճմտանքով: Աշխարհին ոչ սովորական աչքերով նայելու ընդունակությամբ ,սեփական ներաշխարհի ինքնուրույն ու ինքնատիպ արտահայտումով. հետաքրքիր մի անհատականություն, որին անգամ 5 րոպե չես կարող չինովնիկ դարձնել:
— Ո՞ վ է Մուշեղ Ամիրխանյանը:
— 50 գարուն ապրած մարդ: Դեգերվող ու ծանր բեռ տանող, տարօրինակ սերնդից: Հասցրել եմ ինձ նայել կողքից, հաճախ իմ դատողություններով, քայլերով ու գործողություններով գտնվել դիտորդի դերում, քանզի շատ պատասխանատու եմ հայտարարություններ անելիս: Հասարակական կոնտեքստի մեջ ես որպես սուբյեկտ, ակտիվ չեմ, կամերային դաշտում շատ ակտիվ եմ եղել: Դեռ փոքրուց հատոււկ վերաբերմունք եւ խորը զգացողություն եմ ունեցել ստեղծագործական նյութի հանդեպ։
-Կարո՞ ղ ես հիշել թե նյութի հանդեպ քո վերաբերմունքը ե՞րբ առաջին անգամ նկատվեց:
-Երեւի թե առաջին անգամ տատս նկատեց իմ զննող հայացքը: Հիշում եմ տատս գյուղում ոնց էր թոնիր սարքում: Նայում էի` թե այդ տարեց կինը, ոնց էր ծեփում, ոլորում կավը: Տատս ուշադիր հայացքիս նայեց ու ասաց. « Բալես, աչքիս գործս շարունակես»: Ես էլ ասացի. « Չէ տատ ջան ես թոնիր չեմ սարքի»: Բայց կյանքում առիթ եղավ, թոնիր էլ սաքեցի: Թեեւ արվեստի ոլորտից չեն ծնողներս, բայց նկատեցին, ու ինձ տարան այն ժամանակվա Պիոներ պալատ` քանդակագործության: Սկզբում ձախով էի նկարում, հետո գիտակցաբար ինձ աջին էլ սովորեցրի: Այսօր երկու թևս էլ օգնում են ինձ: Շատ եմ սիրել թղթերը թևիս մենակ թափառել: Սիրում եմ թատրոնը: Բեմը, դերասանների խաղը իմ մեջ ձևավորել են պերսոնաժների, կոմպոզիցիայի զգացողություն: Ինձ շատ է օգնել նաև լուսանկարչությամբ զբաղվելը: Ընդհանրապես ձեռքս շատ բաներ եմ վերցրել: Ես միշտ էլ ասում եմ աշակերտներիս, միայն կավ ճմռելը չէ, կարևորը` պարզ նյութի իմացությունից մինչև լավ ինֆորմացված լինելն է: Եթե կինոյի լեզվով ասենք, ապա դա ամբողջ ֆիլմ է մի stop կադրում։ Շատ բարդ է դիտողին ստիպել կանգ առնել եւ թեկուզ մի քանի վայրկյան ներքին հաղորդակցություն ունենալ:
— Քո գործերը պատմում քո մասին. Չես կարող թաքցնել ոչ կուտակումներդ, ոչ լեցունությունդ, որն այդքան տպավորիչ է: Ե՞ րբ ու ի՞ նչպես թրծվեցիր:
— Հանկարծ — հանկարծ ապրում էի ու հանկարծ մի օր զարթնեցի` զգացի, որ խաղաղվել եմ: Զարթնեցի ու տեսա այն գույները, որ իմն էին, լրիվ արժեզրկվել են, մի շաբաթ տկարություն էի ապրում, ոչինչ չէի հասկանում: Երկու օր ծիծաղեցի ինձ վրա: Անկախ ինձանից ամեն ինչ վերարժեւորվում էր: Կամաց-կամաց եկա մի հետաքրքիր հոգեվիճակի: Կարծես հետադարձ ես ապրում` հասուն վիճակում մանկական աչքերով ես նայում ամեն ինչին: Ավելորդ հիստերիաներ չկան, բարկությունը դարձավ դիֆիցիտ, պարզապես ամեն օր զարթնում եմ եւ փորձում հասկանալ այդ օրվա խորհուրդը, արժեւորել ինձ տրված քսանչորս ժամը: Եվ գալիս է մի վիճակ, երբ ինքդ քեզ համար դառնում ես թրծված ու պարզ: Կուզեի իմ աշխատանքը, ապրելակերպը արդարացված տեսնել, որովհետև իսկապես շատ խիստ եմ եղել իմ անձի հանդեպ:
— Ո՞ ր թեմային կտրվես ամբողջությամբ:
— Որ թեման էլ լինի, տրվում եմ անմնացորդ: Չեմ կարող ասել, որն եմ գերադասում: Հիմնականում ինչպես ասում են, ստեղծագործելիս ցիկլային եմ լինում: Կա շրջան, երբ մի ոլորտի մեջ եմ, այս կամ այն հարցադրումն ունեմ, լինում են նաեւ ընդվզումներ: Չեմ կարող կշռել, որովհետև միտք ու հոգի եմ դնում գործի մեջ: Ի վերջո ասելիքդ առարկայանում է ու տեսնում ես քո կավե ֆիլմը:
— Քո բնորոշմամբ մտավորականն ո՞վ է։
— Ելնելով իմ կյանքի փորձառությունից, ասեմ` այն անձը, որի ասածն ու արածը ներդաշնակ ու համահունչ են: Այդ դեպքում է, որ առկա է խարիզմը ու մարդը դառնում է հովիվ իր հոտի համար: Այսինքն այն, ինչ որ հոտն է անում. դու պիտի անես, ավելի լավ ու ավելի որակով եւ մարդիկ կգան քո հետևից:
— Մտավորականի դերը կարեւորվում է ` ե՞րբ։
— Երբ հասարակությունը մի վտանգավոր անցումային փուլ է ապրում, դառնում է ամբոխ, արժեհամակարգը դեգրադացվում է, դառնում` անկանխատեսելի ու վտանգավոր: Հասարակությունը դառնում է սպառող, գործում են բնազդային օրենքները։ «Որտե՚ ղ հաց, այնտեղ կաց»-ը դարձել է ապրելու կերպ` հինավուրց ժողովրդին, ոչ բնորոշ, ոչ վայել արտահայտություն: Այստեղ է, որ կարևորվում է մտավորականի դերը: Երբ հասարակությունը հիվանդ է, բուժման կարիք ունի , առաջինը քարկոծվում են մտավորականները , զոհվում, տուժվում։ Ինչպես Աստվածաշնչում մարգարեներին էին քարկոծում։
— Մի՞ թե պարտադիր են այդ զոհերը:
— Պարտադիր չեն, բայց անխուսափելի են :
— Համարու՞մ ես քեզ մտավորական մարդ:
— Դա կասի ժամանակը կամ իմ թողածը, եթե գոնե մեկը կամ երկուսը շարունակի էն`նչ որ ես եմ անում: Թեև իմ դեպքը կամերային ոլորտ է կարող է չշարունակվել :
— Ո՞ րն է տարբերությունը շնորհալի և մտավորական մարդու միջև: Կարող է շնորհալին կոչվել մտավորական։
— Պարտադիր չէ: Մտավորականը իր ակտիվությամբ իր գործունեության մասը տանում է դեպի հասարակություն։ Շնորհալին գերխնդիր չէ, նա կարող է անել այն գործը, որը մտավորականը որպես խնդիր` դրել է հասարակության մեջ:
— Մտավորականը վերջ ի վերջո հասարակության, ամբողջ ազգի պատմական հիշողությունն է, որը կոչված է տանելու ծանրաբեռնված, Եզոպոսյան արդար զամբյուղը, չնետելու, այլ տանելու համար, տանելու մինչև վերջ: Իսկ մտավորականը իրոք տանում է: — Խփե’ք Հովվին և հոտը կցրվի՞ :
— Խնդրե’մ:
— Իսկ այսօր մենք ունե՞նք այդօրինակ վառ, ազդեցիկ մտավորականություն, որ կարող է շարժել հասարակությանը, որոշիչ դեր ունենալ:
— Եթե անկեղծ խոսենք, այսօր ունենք այն ինչին արժանի ենք: Այսօր մեր մտավորական դեմքերը հայտնվում են միայն պատմական կատակլիզմների ժամանակ:
— Չե՞ ս կարծում, որ ազգն առանց մշակույթի, առանց մտավորականության վառ ազդեցության, ի վերջո կվերածվի ցեղի:
— Փորձենք չշփոթել: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ձեւավորվում ենք որպես պետություն և մտավորականի որոշակի լծակներ կատարում է պետությունը: Պետության լիդերները` նաեւ չակերտավոր, կազմված է մտավորական մարդկանցից, որոնք թե մարդկային , թե ի պաշտոնե հնարավորություն ունեն ու պարտավոր են ինչ որ բան անելու:19-րդ դարի մտավորականը ուրիշ հասկացողություն էր, այսօրվանը` ուրիշ: Սովետական շրջանում ավելի շատ դիսիդենտային էր` սիստեմին էր դեմ գնում, որովհետև գտնվում էր երկաթե վանդակներում, իսկ այսօր, ամեն ինչ թույլատրելի է : Իսկ երբ ամեն ինչ թույլատրելի է , այլասեռության հոտ է գալիս: Այստեղ արդեն պետք է մտավորականի ասածը վերանայել: Այսինքն կարիք կա նայելու, արդյո՞ ք ասելիքն ու քայլերը ներդաշնակ են: Որովհետև ասում են մի բան, բայց հանրությունը մեկ այլ բան է տեսնում ու հիասթափություն է ապրում: Ու՞ մ հետևից պիտի գնա ժողովուրդը: Ով պինդ է, ում ասածն ու արածը համահունչ են: Շատ կուզեի` մտավորական լիներ , թե պետական պաշտոնյա , ասեր. «Ես տեր եմ իմ երկրին»:
— Մուշեղ, կուզեի՞ր ստեղծվեր մի համակարգ, որտեղ համախմբվեին մեր հայ մտավորականները , հնարավորություն ունենային գոնե բացառել սխալների հավանականությունը:
— Դրանից մի քիչ բոլշեւիկյան հոտ է գալիս: Երբ ասում են համախմբում, դա միշտ բերում է` ինչի՚՞դեմ:
— Իսկ ինչու՞ դեմ, այլ ոչ հանուն: Միթե՞ կարծում ես մեր հասարակությունը այնքան առաջադեմ է, որ կարիք չունի առողջ խոսքի, ուղորդության, առաջնորդության, ինչու՞ ոչ դաստիարակության:
— Դաստիարակությունը թողնենք մի կողմ: Եթե վերցնենք մեր ազգի ֆենոմենը, հայ իրականությում կա մի շատ կարևոր բան` ընտանիք, որը շատ կոնսերվատիվ է: Այսօր անչափ վտանգավոր արժեքներ են սողոսկում հայ ընտանիք: Ժամանակն ու ձևերը փոխվում են, բայց ընտանիքին չի կարելի կպնել: Այսօր, եթե դրսի արժեհամակարգը եկավ, պատվաստվեց մեր իրականությանը , ուրեմն վա~յ մեզ: Երբ դիտորդի աչքերով եմ նայում, շատ թաքնված բաներ եմ տեսնում: Չերեւացող մի թմրադեղ են ներարկում հասարակությանը, որ նա բթանա, կեղծ ու քաղցր գույներ են տալիս, որ մարդիկ ոչ մի բանի մասին չմտածեն: Մեր ժողովուրդը իր գենետիկ էությամբ այդպիսին չէ, ինքն աշխատող է, կառուցող, իսկ այսօր սպառողականն է ավելացել: Նկատե՞լ եք բոլոր հեռուստաալիքները ողողված են` ինչպես պատրաստել ճաշեր, աղցաններ, խմիչքներ և այլն. Շեղում էն: Այստեղ ես մի վտանգավոր ձեռագիր եմ տեսնում շատ պրիմիտիվ ուղեղի կամ ուղեղների: Բայց դրա վերջն էլ կգա: Ես լավատես եմ:
— Ինչո՞ւ ես այդքան համոզված, որ ավելի վատ չի լինելու:
Այսօր հասարակությունը ձեւավորված չի, որովհետեւ ժողովուրդը շատ պատուհասներ տեսավ: Ես գիտեմ , պայթելու է էդ լուսավորը, էդ առողջ արյունը, որ հիմա մի քիչ կեղտոտված է, պետք է մաքրվի : Ծառերը հիշեք մութ տարիներին: Ծառերի գենոցիդ եղավ: Ասացինք էլ վերջ, բայց դա վերջը չէր: Բնությունը ուժ գտավ, ծառերը քառակի անգամ վերականգնվեցին: Իսկ մարդուն ինչքան բան է տրված: Այդ առողջացման պրոցեսը լինելու է։
— Փաստորեն մեր ժողովուրդը հիմա դեպրեսիա՞ է ապրում։ Ի՞նչ ես կարծում, դեպրեսիվ ու հուսահատված միջավայրում հնարավոր է ստեղծագործել, արարել: Չէ՞ որ սա մեր կյանքի ժամանակն է : Ունե՞նք հնարավորություն մեզ տրված ժամանակի մեջ, դեռ չձեւավորված հայրենիքում մեր երազանքը գործի վերածել:
— Շատ կարևոր են դպրոցներն ու մանկապարտեզները: Այսօրվա սերունդը գենետիկորեն առողջ երիտասարդություն ունի, բայց կասկածելի արժեհամակարգով: Այստեղ շատ գործ կա անելու: Ես փորձում եմ իմ չափով իմ գործն անել: Ունեմ աշակերտներ, աշխատում եմ, ուրախանում նրանց հաջողություններով: Հավատում եմ, որ մի կայացած անհատը կարող է իր միջավայրում մի 10, 100 հոգի փրկել:
— Ի՞նչ ես երազում մեզ համար , մեր ժողովրդի համար:
— Որ տեր կանգնեն իրար, որ թուլանա օտարապաշտությունը:
— Հույս կա՞:
— Իմ հույսը այն արժեքն է, ինչ որ կրում եմ իմ մեջ, որը պտուղ է տալիս: Ես զարթնում- տեսնում եմ այդ պտուղը կա՚ եւ ես դրա տերն եմ: Ես անպտուղ բաների վրա հույս չեմ դնում: Թե որն է այդ պտուղը, իմ գաղտնիքը թող լինի:
— Կա՞ն բաներ, որոնք դու չասել չես կարող, չես կարող լինել անտարբեր:
— Անարդարությունը. Չեմ կարող լռել, երբ մարդիկ գիտակցված կամ չգիտակցված կեղծում են այն աստիճանի, որ չափանիշի է վերածվում: Շատ եմ տրտմում եւ ըմբոստությունս արտահայտում եմ իմ արվեստով:
— Ի՞նչը չանել չես կարող:
— Ես ունեմ զավակներ, որոնց չեմ կարող անտեսել, անտարբեր լինել: Ինչքան էլ ապրեմ իմ արվեստով, իմ կեդանի գլուխգործոցները իմ զավակներն են: Շատ կարևր է, որ դու արթնանում ես ու գիտես, որ պետք ես:
— Կա՞ մի բան, որ դու անել չես կարող:
— Դիմացինիս ցավեցնել չեմ կարող: Ես իմ բնույթով դոնոր եմ, սիրում եմ տալ:
— Մեր զրույցը նպատակ ունի լուծումներ փնտրել: Կարո՞ղ ես որպես մտավորական մարդ, որպես քաղաքացի որևէ բան առաջարկել:
— Ես կողմ եմ գիտական էքսպերիմենտներին, բայց դեմ եմ մարդու հանդեպ էքսպերիմենտին: Շատ կուզենայի հատուկ ուշադրություն դարձվեր հայ ընտանիքին: Չէի ուզենա մեր հասարակությունը դառնար ինֆանտիլ: Մարդկությունը բացի լավից, ստեղծել է նաեւ աղբը: Ինչքան աղբ է այսօր լցվում: Պարզապես մաքրենք այդ աղբը : Մեր առողջ, պտուղ տվող ժառանգությանը տեր կանգնենք: Մարդիկ սխալ մտքերից են հիվանդանում, պետք է բուժենք:
— Ո՞վ է տերը, ո՞վ պիտի բուժի:
— Էն մտքերը, էն հույզերը, էն արժեհամակարգը, որը սերմանվում է հասարակության մեջ, բայց խռովություն է ստեղծում, եկեք թաղենք դա, հրաժարվենք դրանից: Մեր հասարակությունը այսօր շատ խռոված է : Եթե մեր մտավորականությունը կարողանա իր փորձառությամբ, իր պահվածքով, իր ստեղծածով օրինակ հանդիսանալ, շատ լավ կլինի: Բարեբախտաբար մենք առողջ սերունդ ունենք, ես տեսնում եմ:
— Մեր ժողովուրդը կարիք ունի՞ պատասխաններ լսելու, առողջ խոսք լսելու:
— Բժիշկը թող իր գործն անի, ուսուցիչը իր գործը … թեև բոլորին չէ, որ տրված է, անել իրենց գործը: Ես մի բան եմ բացահայտել: Դու պետք է դիմանաս փորձություններին: Երբ չես դիմանում` մասնագիտությունդ ես փոխում, շատ բաների դավաճանում ես, հետո սկսում ես քեզ կորցնել: Պիտի կարողանաս մինչև վերջ գնալ:
— Ո՞րն է քո ամենալավ, թանկ խրատը, որ տալիս ես քո զավակներին, քո մտերիմներին: Ո՞րն է Մուշեղի խրատը:
— Դե, դա պապական խրատն է, հոր խրատը: Մի՚ սպանեք ի վերուստ տրված ձեր 24 ժամը: Ամեն օրվա հետ մտածնեք, ինչ արեցի երեկ: Երբ կարողանաս քո մեջ դաստիարակել դա, քարը քարի վրա կդրվի: Ամեն մեկը թող իր տաճարը կառուցի: Ապրենք ստեղծարար կյանքով: Սա իմ ու քո երկիրն է: Ճիշտ է, մեր հասարակության շատ շերտեր դեգրադացվել են, հասարակությունը վտանգավոր կերպով լյումպենացվում է եւ այն ինչից խուսափում էինք նորից սպառնում է մեզ. Շալակելու պանդխտության նողկալի բեռը`, բայց ես իմ կյանքով , իմ ներուժով թույլ չեմ տա իմ ազգը դարձնեն գաղթական: Ես սիրում եմ իմ երկիրը: Սա իմ երկիրն է ու ես տե՚ր եմ ինչքանով ինձ տրված է լինելու, պիտանի` թե իմ ընտանիքին, թե միջավայրին:
Կարինե Ջանջուղազյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.