Ընտրություններին մնացել է հաշված օրեր. արդեն իսկ պարզ է, որ այս խորհրդարանը էականորեն տարբեր է լինելու նախորդից, որ այնտեղ ներկայացված ուժերը որակական առում դարձյալ այլ են լինելու:
Հարցազրույցը Աժ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ, կարծում ենք հետքաքրքիր կլինի` ընտրության առջև կանգնած մեր ընթերցողին:
« Այս սերունդը լակոնիկ է, ավելի ճշգրիտ, մի քիչ թեստային կարծես, իսկ մենք ճառերին վարժված, շատախոս սերունդ ենք», — համոզված է գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
Ինչպիսի՞ն է մեր այսօրվա մտավորականի կերպարը:
Անկեղծ ասած΄ այսօրվա հայ մտավորականը շլինքը ծուռ, խեղճ արարած է, որի ինտելեկտը և սոցիալական կարգավիճակը հակադիր բևեռներում են: Նա ուզում է իր համար պարզել` միտքն է կառավարում, թե՞ որկորը: Որ օրը գտնում է, որ Աստծո տված միտքը, շնորհքը ավելի գերակա են, այդ օրն ավելի արժանապատվորեն է ապրում, մեկ-մեկ ճշմարտություններ է ասում, իսկ երբ ստիպված է լինում հոգալ հանապազօրյա հացի խնդիրը, այդ օրը մտավորական չէ: Այսօր շատ քաղաքականացված է մտավորականը, ընտրությունից ընտրություն: Ընդդիմադիր մտավորականները ձեռնասուն են դարձել, նույն ինքնաբուխ ընդդիմությունը չէ, որ 88- ին էր, երբ ժողովուրդը լույսին գնացող թիթեռի պես գնում էր նրա ետևից, ոչ էլ 90-ականների ընդդիմությունն է, երբ իսկապես ինչ-որ բան էինք ուզում անել: Ես ինքս էլ իմ կյանքի մեծ մասը որպես ընդդիմություն եմ ապրել: Երբ բառը ստուգաբանեցի, թե ինչ է նշանակում դիմություն կամ ընդդիմություն, տեսա որ երկուսն էլ ոչ ռեալ բաժանումներ են, ջրբաժան: Ես երկրի տեր եմ, ինձ համար կան մերժելի և ոչ մերժելի բաներ` անկախ նրանից, թե դա որ կողմում է գտնվում: Ես այն մտավորականներից եմ, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ գրագետ եմ դարձել, թեև ցավոք ավելի ծրագրավորված եմ մտածում քան առաջ, երբ ստեղծագործելիս ինձ արարման տիրակալ էի զգում: Ելնելով ձեռք բերած քաղաքական գրագիտությունիցս էլ` կարող եմ ասել, որ հայ մտավորականները երկփեղկված են, ըստ էության էլ օգտագործվում են և օգտագործվելուց հետո բնականաբար դեն են նետվում: Սա ողբերգություն է, որովհետև եթե միտքը չի կառավարում, ապա ազգը ապագա չունի:Սակայն մտածում եմ, որ սա հեղափոխական շրջաններին հատուկ բան է, ուրեմն և անցողիկ: Մակընթացություններից, տեղատվություններից հետո ծովը մաքրվում է, աղբը նետում է ափ, և խաղաղվում է ծովը: Իմ լավատեսությունն ուզում եմ ամրակայել ոչ թե հենց այնպես, այլ մտածում եմ, որ իմ սերունդը, որի մի ոտքն իր ազգային — ազատագրական տեսիլքների մեջ էր (և դա օգնեց, որ երրորդ հազարամյակ մտնենք Արցախյան հաղթանակով), իսկ մյուս ոտքը ստալինյան բռնապետության տակ ճզմված, երկփեղկված մեծացավ: Մենք խոհանոցային մտավորականներ էինք և համարձակվեցինք բարձրաձայնել: Իմ սերնդի գործիչները իրավիճակային քաղաքական գործիչներ են, թեև շատերը նեղանում են ինձանից: Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ կգա այն սերունդը, որը հոմոսովետիկոս չէ, որի մի ոտքը ստալինյան հրասայլի տակ ճզմված չէ. այդ սերունդն է քաղաքացի լինելու: Ես չեմ նսեմացնում մեր դերակատարությունը, 88 թիվը մենք կերտեցինք, որով ես հպարտ եմ, բայց չեմ մտածում, որ մենք ենք անընդհատ շարունակելու: Թեև ավելի ենք կարդացել, քան այս սերունդը, բայց այս ժամանակի մեջ մի ուրիշ նշան կա, որը մենք չենք հասկանում: Այս սերունդը լակոնիկ է, ավելի ճշգրիտ, մի քիչ թեստային կարծես, իսկ մենք ճառերին վարժված, շատախոս սերունդ ենք: Ես ինձ գնահատում եմ նրանով, որ չեմ խանգարում իրենց, եթե չեմ հասկանում, չի նշանակում, որ դա վատ է, և պիտի մերժեմ:Մտածում եմ` գուցե այդտեղ հրաշք կա: Միշտ հրաշքի սպասում ունեմ:
Շատերն էլ, շատ բաներ չհասկանալով, շատախոսում են և մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կերտում: Մի՞թե դա վտանգավոր չէ:
Ես օրինակ պառլամենտում խուսափում եմ ամբիոնից խոսել, որովհետև բան ասելը շատ պատասխանատու է: Մեր ժողովրդի հիասթափությունը, արհամարհանքը, բանի տեղ չդնելը հենց դրանից է գալիս, որ ով ասես իրեն համարեց բան ասող: Ով մի քար դնում է ոտքի տակ ու կանգնում, կարծում է, թե ինքը առաջնորդ է: Ցավոք, մենք կորցրել ենք մեր հոգևոր առաջնորդներին:
Իսկ այսօ՞ր: Կարևորվա՞ծ է արդյոք մտավորականի դերը:
— Ինչ-որ նշմարներ կան: Մի քանի օր առաջ, երբ ֆիլհարմոնիայում աշուղներ էին օծում, ներկա էր մեր առաջին տիկինը: Դա հարգանք էր մեր ժողովրդի ամենահետաքրքրական դրսևորումներից մեկի հանդեպ: Ուրախացա, երբ տեսա, որ մեր հրաշք Սվետլանա Նավասարդյանին ունկնդրում են վարչապետը, առաջին տիկինը, Տիգրան Մանսուրյանը, երբ նրան Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրեցին: Ես հպարտանում եմ այդօրինակ ոսկե մշակներով, խոնարհ հերոսներով:
Իսկ հասարակությո՞ւնը: Ունի՞ այդ ակնածանքը: Ի՞նչ պահանջներ է դրսևորում:
Մեր հասարակության մեջ պատվիրանային, սրբազան բաների ակնածանքի պակաս կա: Վերջերս մեր բանակում շատ վատ բաներ տեղի ունեցան: Նման բաներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, բայց սարսափելի էր այն բաժանությունը, բանակը վարկաբեկելու չարությունը, որ ես տեսա մամուլում մարդկանց կողմից, որոնց լեզուն ոսկոր չունի, որոնք Աստված չանի, եթե պահը գա, իրենց զավակների համար մկան ծակը հազար թումանով կառնեն ու կխցկեն: Ինչպես կարելի է սա խոսել մի երկրում, որը դեռ խաղաղություն չի հաստատել, որն անվերջ վտանգի տակ է: Բանակը մեզ համար սրբազան պիտի լինի: Չեմ ասում չխոսել, բայց զգուշորեն, սրտացավությամբ, ոչ թե չարախնդությամբ: Իրենց գործն է Սեյրան Օհանյանին սիրել-չսիրելը, չընդունելը, բայց չենք կարող չզգալ նրանից դուրս եկած վառոդի հոտը. թոհուբոհի մեջ մի ոտքը կորցրած երիտասարդ տղամարդն ակնածանքի է արժանի: Թող չընդունեն, բայց չի կարելի կեղտոտ ջուրը թափելու համար երեխային էլ գցել: Բանակը չի կարելի ոտնահարել այնպես, որ բանակ գնալը դառնա պատիժ: Ուրեմն քաղաքացիական գիտակցությունը լավ չէ ձևավորված մեր երկրում: Կարող են քննադատել մեր կառավարության ղեկավարին` Տիգրան Սարգսյանին, որովհետև ժողովրդի մեծ մասը լավ չի ապրում, և պահանջատիրոջ նման կարող են պահանջել, բայց երբ մարդուն ծաղրում են, որ նա Ներսես Շնորհալի է կարդացել, սա վկայում է այն մասին, որ փլուզված է արժեքային համակարգը, չգիտեն` ինչ բառերով և ում քննադատեն: Մարդիկ ուղեկցվում են գետնաքարշ, ստոր կրքերով և աղտոտում ամեն ինչ: Սա սարսափելի բան է: Մեր Ոչ-ը չպետք է մարդասպան լինի, այլ ավելի լավը դարձնելու նպատակ ունենա:
Չկա՞ մի օրենք, որն արգելում է խոցել ազգային արժանապատվությունը:
Վատ չէր լինի, եթե լիներ: Մենք կարող ենք չհամաձայնել մեր երկրի նախագահի հետ, բայց պիտի գիտակցենք, որ մեր երկրի նախագահն է, և չենք կարող վերաբերվել նրան հայհոյախոսությամբ: Արժեքային համակարգի ահռելի տեղաշարժ է:
Եվ մշակութայի՞ն տեղաշարժ:
Ես ազգային պետության ստեղծելու զինվոր եմ: Այն մարդկանցից եմ, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե ունենանք Հայոց անկախ և միացյալ պետություն, բայց երբեք չեմ մտածել, որ այն հսկայական մշակութային դաշտը, որ ունենք և ապրել ենք Սովետի ժամանակ, պիտի դեն նետենք: Երբ տեսնում ես, որ նետված է այդ ամբողջ հարստությունը, և ժողովուրդը հայացքը նետել է արևմուտքին, վերցնում է նրանց նետած աղբը, որն իրենք էլ չեն օգտագործում, դա ինձ համար ընդունելի չի: Մենք մեր ինքնությունը չպիտի կորցնենք, մենք պետականություն չենք ունեցել, բայց մնացել ենք միայն մեր մշակույթի շնորհիվ: Մեր երկիրը չի դիմանա, եթե հոգով չլցվի, իսկ հոգին մեր մշակույթն է:
Եվ ո՞րն է մեր ժամանակների ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը հոգևոր արժեքների կորուստն է: Երբ ասում են` համաշխարհայնացնում, գլոբալիզացիա, սարսափում եմ, դա նշանակում է` մեր լեզուն ենք կորցնում, կորցնում ենք ամեն ինչ: Տհասության պատճառով արդեն շատ բաներ կորցրել ենք: Մի ծաղկով գարուն չի գալիս: Հանրապետության նախագահ լինելը չի նշանակում ամենագետ լինել, բայց նրան չիմացնելու և չիմանալու պատճառով շատ հզոր մտավորականներ ենք կորցնում, վիրավորում: Մենք պիտի գաղափարական պահանջատերեր լինենք: Բաց լինենք, ասենք, որ չէր կարելի Արամ Ղարաբեկյանի պես երաժշտին, որը մշակութային երևույթ է, դատարկ աղմուկների մեջ վիրավորել, այնպես որ նա թողնի, գնա: Պիտի ասել, որ Սունդուկյանի անվան թատրոնի խնդիրը «բազարի» խնդիր չէ: Չենք նստում, մանրամասնում: Ինձ համար ողբերգություն է, որ կամերային նվագախմբի սքանչելի ղեկավարը, այդ ազնվական երաժիշտը խորապես վիրավորված գնաց, որովհետև երկու -երեք տգետ որոշեցին, որ իրենց հարմար չէ Արամ Ղարաբեկյանը: Վիրավորեցինք Օհան Դուրյանին, որին այնքան քաղաքականացրինք, որ ընդդիմությունն անգամ իր դրոշակը դարձրեց, բայց էդ բոլորից վեր նա մեծն Օհան Դուրյանն է: Չէր կարելի:
Շատերն են անհանգստացած, որ դատարկվում է Հայաստանը: Ի՞նչ կարծիք ունեք:
Ինձ համար էլ ցավալի է, բայց դա միշտ էլ եղել է: Ի դեպ, ինչքան գնացել են, այնքան էլ հետ են եկել: Ես համաձայն չեմ, որ հայտարարում են, թե դատարկվում է Հայաստանը, չի դատարկվում: Երբ ասում են` գնում են լավագույնները, ես վիրավորվում եմ, որովհետև ես մեկն եմ, որ հարյուր հնարավորություն ունեմ, բայց ինչպես իմ մի բանաստեղծության մեջ եմ ասել.« Ծերացած մի շան նման ես այս տան պահապանն եմ »: Մտքովս չի անցել ուրիշ տեղ ապրել: Ես այն կարծիքին չեմ, թե թերմացք եմ, որ լավագույնները գնացել են, իսկ ես մնացել եմ: Գնում են, Աստված նրանց հետ, Աստված տա` վերադառնան, բայց մնում են լավագույնները: Ես այդ կարծիքին եմ: Իհարկե, վիրավորված արժանավորներ էլ գնացին, բայց ինձ էլ ժամանակին որպես ազգի թշնամի էին նայում, ես էլ կարող էի քաղաքական ապաստարան խնդրել, բայց այդ էր պակաս, ո՞վ կարող էր ինձ իմ երկրից հեռացնել: Էդ ո՞ր նժարով են որոշել, որ գնացողներն ավելի լավն են, քան ես:
Ի՞նչ վերաբերմունք ունեք հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ: Ինչո՞ւ չեն վերականգնվում արդարությունը, մեր իրավունքները:
Մի ասուլիսում արդեն ասել եմ`ուրախ եմ, որ թուրքերը Աղթամարի վրա խաչը չդրեցին, որովհետև մենք սարսափելի խաբվող ժողովուրդ ենք: Ժողովրդի մի մասը հաստատ կմտածեր, որ ահա թուրքերը լավն են դարձել: Մենք դեռ ճանապարհ ունենք գնալու, դեռ մեր վերքերը փակելու ժամանակը չէ: Յուրաքանչյուր մարդու երազն անեզր է` ծովից ծով: Դա նաև իմ երազի չափն է, որ ունենալու ենք ծովից ծով Հայաստան: Հավատում եմ, բայց ոչ թե, որ հենց վաղը վերցնելու ենք Անին կամ Ղարսը, այլ հավատում եմ, որ եթե երկիր, պետություն ենք դառնում, ապա այդ ճանապարհը անցնելու ենք դաժան ու ծանր զոհողությունների գնով: Այսօր մենք մի սեղանի շուրջ նստում ենք որպես Հայաստանի անկախ հանրապետություն և Թուրքիա: Սա արդեն ձեռքբերում է: Ես դեռ թուրքի մեջ մարդասպանի եմ տեսնում: Թող հազարավորներն ասեն` մենք հայ ենք, մենք Դինք ենք, ներողություն ենք խնդրում, բայց դա հսկայական Թուրքիայում մի կաթիլ է: Ուզում եմ մտածել, որ ժամանակը առաջ է ընթանում, որ այդ հազարը կդառնա մեկ միլիոն, տասը միլիոն, բայց դեռ այդ ժամանակը չէ, և մենք պիտի նստենք սեղանի շուրջ, պիտի բանավիճենք, մեր դատը պաշտպանենք, աշխարհի հզորների դռները ծեծենք, բայց մեր հրացանը անփամփուշտ չպիտի լինի:
Ինչո՞ւ են ցանկացել մեզ միշտ խաբել, ոչնչացնել:
Ուրեմն մենք ինչ-որ մի բան ենք: Միշտ հայկական գործոնը, ֆենոմենը ամենակարևորն է եղել այս տարածքում: Հայկական սեպը շատ կարևոր է մեծ աշխարհների տարանջատման համար` ղուրանական աշխարհի և միացյալ աշխարհի: Հայկական սեպը, հայկական միտքը խանգարում է դրանց միանալու:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող: Ձեր խռովքը:
Դուրսպրծուկները, դարձվորները շատացել են մեր կյանքում, որոնք ասպարեզում են, ոչ թե մութի մեջ: Եվ դա երևում է բոլոր ոլորտներում` մշակույթում, քաղաքականության մեջ: Դարձվորներ են: Սրանք որակավորող բառեր են:
Ձեր խոսքը` ուղղված մտավորականներին:
Ես համեստ մարդ չեմ, բայց անհամեստ էլ չեմ և ինքս եմ ինձ ուղղում. ողնաշարդ մի թեքի, մի ծռի, մի ստորացնի, մի քծնի, մի լքի:
Ձեր խրատը` երիտասարդին:
Հայրենիքն անորոշ բան չէ, այն սկսվում է քո շեմից: Ամեն մեկը թող իր տունն իր հայրենիքը համարի, ոչ թե հյուրանոց:
Հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
Եթե չհավատամ, ինքնասպան կլինեմ:
Ձեր երազանքները:
Ես կուզենայի` իմ երեխաները` տղաս, հարսս և երկու թոռնիկներս, որոնք հպարտ են, որ հայ են ծնվել, արժանապատվորեն իրենց հպարտությունը կրեն այս երկրում: Որովհետև երբ արժանապատվություն չունես, ուրիշ ոչ մի բան չունես: Մենք փոքր երկիր ենք, բայց մեր փոքր լինելը չպիտի խանգարի արժանապատիվ ապրելուն: Մենք դրա բոլոր տվյալներն ունենք` երրորդ հազարամյակ մտանք հաղթանակով, որը որպես հոգևոր սնունդ պիտի ուղղի մեր ողնաշարը: Պիտի հիշենք, որ թեկուզ ոչ ձիավոր, բայց մի քանի հազար տարվա հետիոտն ճամփորդներ ենք այս մոլորակի վրա, աշխարհում ընդամենը 15 ժողովուրդ այբուբեն ունի, մեր արյան բաղադրությունը մի քանի հազար տարի է` նույնն է: Մենք դասական ժողովուրդ ենք և, թերևս, միակն ենք, որ չենք սպառվել, դեռ մինչև վերջ մեր ասելիքը չենք ասել: Մենք մեր հաղթանակների տերն ենք:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.