Mardik.am լրատվական կայքը զրուցել է Մերի Մակարյանի հետ, որի մասնակի խմբագրված տարբերակը ներկայացնում ենք «Հայկական Վարկածի» ընթերցողին:
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալն իր ցուցադրման օրվանից ցայսօր հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում է, հատկապես ֆիլմում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո: Mardik.am-ը զրուցեց ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Մերիի կերպարը:
Mardik.am — Մերի Մակարյանի անունն ասոցացվում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Մերիի կերպարի հետ: Դա Ձեզ նկարահանումներից դուրս չի՞ խանգարում, կամ միգուցե օգնում է:
Մերի Մակարյան — Իհարկե, խոսակցություններ շատ են եղել, որովհետև մարդիկ ինձ երբեմն նույնացնում են կերպարիս հետ, դա ինչ խոսք տարօրինակ է, բայց ինձ չի խանգարում:
Mardik.am — Կերպարը հետաքրքիր զարգացումներ է ստանում հատկապես վերջին շրջանում: Դա Ձեզ համար անսպասելի՞ էր:
Մերի Մակարյան — Առհասարակ մեզ մոտ` Հայաստանում, հեռուստասերիալներն չպլանավորված են զարգանում, միանգամից սցենարը չի գրվում, այլ ընթացքում ու դրա հետ կապված` իմ կերպարի համար նախատեսված զարգացումները ինձ չի զարմացնում: (հեռուստասերիալին ուշադիր հետևողները կհիշեն, որ հերոսուհու ամուսինը լքել է նրան, ինչն էլ դավաճանված կնոջը դրդել է վրեժխնդիր լինել -խմբ.):
Mardik.am -Այսինքն` Ձեզ համար մի փոքր անսպասելի՞ էր նման զարգացումը:
Մերի Մակարյան — Այո:
Mardik.am — Դավաճանված կնոջ իրավիճակում է հայտնվել Ձեր կերպարը: Ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնված կանանց, ինչպես նրանք վարվեն:
Մերի Մակարյան — Եթե մինչ այդ իմ հերոսուհու ամուսինն իր հետ էր ապրում, այդ ընթացքում խորհուրդ կտայի պայքարել, իսկ հիմա երբ իմ հերոսուհու ամուսինը նրա հետ է …(նկատի ունի Էլենի կերպարին-խմբ.): Ընդամենը կասեմ, որ ոչ մի բան ուժով, ստիպելով չի լինում, եթե չկա սեր, ուրեմն ամեն ինչ ժամանակավոր է: Պետք է այնպես անել, որ տղամարդը քեզ սիրի: Ու ոչ մի արտասովոր քայլերի թող չդիմեն` նկատի ունեմ զենքը և այլն (ժպտում է): Ստիպելով ոչնչի չես հասնի առհասարակ:
Mardik.am — Ըստ Ձեզ` Ձեր կերպարն ինչքանով է մոտ իրականությանը:
Մերի Մակարյան — Իմ կերպարի նման կերպարներ շատ կան: Շատերն են ինձ դիմում, շատերն են ինձանից խորհուրդ հարցնում: Սակայն ես զերծ եմ մնում որևէ խորհուրդ տալուց: Ճիշտ է, այդ կերպարն եմ ներկայացնում, բայց դա իմը չէ: Ինձ հետ ոչ մի կապ չունի իմ կերպարը: Ես էդպես չէի վարվի:
Mardik.am –Ի՞նչ զգացիք առաջին անգամ, երբ արդեն, որպես դերակատար, հայտնվեցիք տեսախցիկի առաջ: Դժվարություններ չե՞ք ունեցել:
Մերի Մակարյան — Դժվար էր, իհարկե, քանի որ մինչ այդ ես աշխատում էի տեսախցիկի հետ, իմ հեռուստադիտողը տեսախցիկն է եղել: Իսկ նկարահանումների ընթացքում չպետք է նայես խցիկին, պետք է այն չնկատես: Ինձ համար դա էր դժվար: Անընդհատ ռեժիսորն ասում էր` մի նայիր տեսախցիկին: Բայց ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, որովհետև վաղուց աշխատում եմ այս ոլորտում` տեսախցիկներ, բարձրախոսներ և այլն:
Mardik.am -Նկարահանող խմբի և անձնակազմի հե՞տ էլ եք կարողանում հեշտ աշխատել:
Մերի Մակարյան — Այո, ես առհասարակ շատ հանգիստ, շուտ մերվող մարդ եմ:
Mardik.am -Ձեր խաղընկերներից մի քանիսն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ընդ որում` մասնագիտական կրթություն ունեցող անձինք և պրոֆեսիոնալ դերասաններ: Մի փոքր դժվար չէ՞ նրանց հետ խաղալը: Նրանք Ձեզ որևէ կերպ իրենց մասնագիտական խորհուրդներով օգնո՞ւմ են:
Մերի Մակարյան — Իհարկե, մենք նրանցից խորհուրդներ հարցնում ենք: Իրենք էլ կարող են միջամտել, ինչ-որ բան ասել մեզ: Շատ նորմալ է, իրենց հետ խաղալը նաև հաճելի է:
Mardik.am -Նկարահանումների ընթացքում երբևէ չե՞ք մտածել, որ կարող էիք սովորել ոչ թե բանասիրության ֆակուլտետում, այլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Մերի Մակարյան — Մի փոքր մեծամիտ ու գոռոզ չհնչի, բայց մեծ հաշվով ոչ, որովհետև ես կարծում եմ, որ այո պետք է և կարևոր է կրթություն ունենալը, բայց ամեն դեպքում, համաձայնվեք, որ կան կրթություն ունեցող շատ դերասաններ, որոնց մոտ ինչ- որ բան չի ստացվում և կան շատ «ոչ դերասաններ», (խոսքն իմ մասին չէ) որոնք ավելի լավ են կերտում կերպարները: Ամեն դեպքում կրթությունը կարևորում եմ: Ես ինքս շատ գոհ եմ որ ավարտել եմ բանասիրական ֆակուլտետը:
Mardik.am -Հաճախ որևէ բնագավառում աշխատելիս աշխատանքային հարաբերությունները վերածվում են նաև ընկերականի: Կա՞ն դերասաններ, ովքեր նաև Ձեր մոտ ընկերներն են:
Մերի Մակարյան — Իհարկե կան դերասաններ, հիմնականում երիտասարդ սերնդի: Դե, մեր ֆիլմում գերակշռում են երիտասարդները: Մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք (ժպտում է):
Mardik.am- Մինչ սերիալում նկարահանվելը Դուք հաղորդավարության ասպարեզում էիք: Եթե չեմ սխալվում` նաև լրագրող եք: Չե՞ք կարոտում հաղորդավարուհու Ձեր աշխատանքը: Կամ միգուցե համատեղո՞ւմ եք այդ ամենը:
Մերի Մակարյան — Ես լրագրող չեմ և ներողություն եմ խնդրում, չեմ սիրում լրագրողի մասնագիտությունը: Մայրս լրագրող է, բայց ես այդ գործը չեմ սիրում: Ես մասնագիտությամբ բանասեր եմ ու վոկալիստ: Շատ սիրում եմ երգը ու հնարավոր է, որ գա մի օր, երբ ես երգեմ:
Mardik.am -Չի բացառվում, որ տեսահոլովակ ունենա՞նք:
Մերի Մակարյան — Չի բացառվում: Կան շատ առաջարկներ, ուղղակի մտածում եմ` արժե՞ մտնել այդ ամենի մեջ, թե՞ ոչ:
Mardik.am — Երգում եք միայն Ձե՞զ համար, թե՞ նաև որևէ այլ տեղ:
Մերի Մակարյան – Դե, եթե առիթներ լինում են, երգում եմ: Ինչ վերաբերում է հաղորդավարությանը, կարոտում եմ շատ: Եթե լինեն լուրջ առաջարկներ այս պրոյեկտից հետո, ապա անկասկած կընդունեմ: Իմ աշխարհը դա է:
Mardik.am – Ասացիք` սիրում եք երգել: Ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ:
Մերի Մակարյան — Ես 7 տարի սովորել եմ Դավիթ Զալյանի, Ձայնի պահպանման հատուկ դպրոցում, ապա ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, բայց չեմ կարծում, որ վոկալն իմն է, պարզապես համարում եմ, որ ճիշտ կրթություն եմ ստացել: Շատ եմ սիրում ջազ, էստրադա, փոփ: Կուզենայի ավարտել ջազ վոկալի բաժինը, բայց այդ տարի դեռ չկար նման բաժին:
Mardik.am — Ունենալով երաժշտական կրթություն` ինչպես կգնահատեք հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակը: Ու՞մ կամ ի՞նչ կուզենայիք տեսնել այս ասպարեզում: Ինչի՞ պակասը կա հայկական շոու բիզնեսում:
Մերի Մակարյան — Ինձ թվում է, որ շատ շնորհալի մարդիկ կան, ովքեր հրաշալի տվյալներ ունեն, բայց չունեն հնարավորություն դուրս գալու ասպարեզ: Շատ կցանկանայի, որ մեր շնորհալի երիտասարդները ուշադրություն պակաս չունենան: Ես 4 տարի եղել եմ հեռուստատեսության աշխարհում, բայց ինձ այդքան չեն ճանաչել, ինչքան որ հեռուստասերիալում նկարահանվելուս ընթացքում: Ես առավոտից երեկո աշխատում էի եթերում ներկայանալ գրագետ, պատշաճ, բայց այսօր ես ավելի շատ եմ ճանաչված ու հեշտ եմ ստանում ինչ ուզում եմ:
Mardik.am — Կարելի է ասել, որ հիասթափությունն էր պատճառը, որ ընդունեցիք սերիալում նկարահանվելու առաջարկը:
Մերի Մակարյան — Ոչ երբևէ հիասթափված չեմ եղել, ես քիչ առաջ ասացի, որ շատ եմ սիրում հաղորդավարի գործը: Ես շատ պատահական եմ մտել այդ աշխարհ: Ես չգիտեի, որ սերիալում նկարահանվելը այսպիսի ճանաչում կբերի, անկեղծ եմ ասում: Դրանից առաջ էլ եղել են սերիալում նկարահանվելու առաջարկներ, սակայն ես չեմ համաձայնվել: Սա շատ պատահական ստացվեց, ոչ սցենարն էր ինձ համար պարզ, ոչ էլ կերպարը: Պարզապես ռիսկի գնացի ու մտա այս ամենի մեջ:
Mardik.am — Չար լեզուներն խոսում են Ձեր և Միհրան Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին: Դա Ձեզ չի՞ նյարդայնացնում:
Մերի Մակարյան — Ինչո՞ւ եք ասում չար լեզուներ:
Mardik.am — Նկատի ունեմ ասեկոսեներ տարածողներին:
Մերի Մակարյան — Շատ նորմալ եմ վերաբերվում: Ինձ 10 անգամ ամուսնացրել- բաժանել են: Եթե չխոսեին, նորմալ չէի վերաբերվի: Դա կնշանակեր, որ ես հետաքրքիր չեմ, իսկ անհետաքրքիր լինելը շատ վատ է:
Mardik.am – Հնարավո՞ր է` այդ խոսակցություններն իրականություն դառնան:
Մերի Մակարյան — Ես չեմ կարող ասել` վաղն ինչ է հնարավոր: Ամեն դեպքում, գիտեմ, որ խոսել են, խոսելու են ու պիտի խոսեն: Ուրիշի հետ խաղամ` ուրիշի հետ կապված կխոսեն:
Mardik.am — Մերի, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի հայ կինը և հայ տղամարդը:
Մերի Մակարյան — Դա ծավալուն թեմա է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատականներ տալ:
Mardik.am — Դե, ըստ Ձեր պատկերացումների:
Մերի Մակարյան — Կուզենայի, որ իմ ժամանակի կինը և տղամարդը լինեն բարի, հոգատար, գործունյա: Հայ կինն ակտիվ է դարձել 21-րդ դարում, որը մի կողմից լավ է, մյուս կողմից`վատ: Լավ է, որ կինն ինքնահաստատվել է, նրա դիրքը կարևորվել է, բայց մյուս կողմից` ավելացել են բաժանությունները: Այն կինը, ով գումար է աշխատում առանց տղամարդու օգնության, հանգիստ թողնում է տղամարդուն:
Mardik.am –Դուք` որպես հեռուստադիտող, ինչպիսի՞ հաղորդումներ կուզենայիք տեսնել եթերում:
Մերի Մակարյան — Չեմ կարող ասել` ինչպիսի հաղորդումներ, բայց կարող եմ ասել, լավ կլիներ, որ հաղորդումները ծառայեն իրենց նպատակին: Ես դրա մասին եթերում էլ եմ ասել, որովհետև հրավիրում են հյուրերին, խոսում են ինչ-որ թեմաներից ու վերջ: Ու թեման փակվում է: Հետևողականությունը քիչ է: Ինչ-որ հարցեր բարձրացվում են, բայց դրանք լուծում չեն ստանում:
Mardik.am- Եթե նպատակին ծառայող հաղորդումներ լինեն, դրանք կնպաստե՞ն, որ նվազեն հեռուստասերիալների հասցեին հնչող այն քննադատությունները, թե դրանք վատ են անդրադառնում մեր հասարակության ճաշակի, մատաղ սերնդի դաստիարակության վրա:
Մերի Մակարյան — Վերջերս նման խոսակցություններ ավելի շատ են լսվում, քանի որ վերջին շրջանում հեռուստասերիալները մեծ ռեյտինգ հավաքեցին, մարդիկ ձև են տալիս թե չեն նայում, բայց բոլորն էլ քիչ թե շատ նայում են: Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք սերիալը բացասական ազդեցություն ունի:Գիտեմ, որ դա կա ու չի կարող չլինել: Եթե ամեն ինչ արվի ճաշակով, ճիշտ, ապա կարող է ծառայել նպատակին:
Mardik.am -Նկարահանումներից բացի` ինչո՞վ եք հետաքրքրվում: Ինչ նախասիրություններ ունեք:
Մերի Մակարյան — Անընդհատ ուզում եմ հաճախել մարզասրահ, (թեև դա նախասիրություն անվանել չի կարելի), բայց չի ստացվում: Ընկերներիս եմ հանդիպում, զրուցում եմ:
Mardik.am- Մարդու մեջ ամենաշատն ինչն եք գնահատում…
Մերի Մակարյան — Հումորը, մարդը նաև պետք վստահելի լինի և խղճով:
Mardik.am -Որպես մեր զրույցի եզրափակում` Ձեր ապրիլյոթյան մաղթանքը և Զատկի տոնի կապակցությամբ Ձեր շնորհավորանքը:
Մերի Մակարյան — Շնորհավորում եմ կանանց միամսյակը, ուզում եմ, որ այն դառնա տարի: Ուզում եմ, որ կինը չտանջվի, որ լինի ապահովված,անհոգ: Շատ կանայք կան , որոնց ուսերին է ընտանիքի ողջ ծանրությունը, որը ցավալի է: Ուզում եմ, որ կանայք գեղեցիկ հագնվեն, սիրված լինեն, խնամված լինեն, լավ բուրեն (ժպտում է): Ինչ վերաբերում է Զատկի տոնին, ապա ուզում եմ, որ յուրաքանչյուրս հասկանանք տոնի խորհուրդը, ուզում եմ, որ մարդիկ հենց այնպես պաս չպահեն: Ուզում եմ, որ բոլորիս հավատքը կենդանի լինի, ձևի համար չգնանք եկեղեցի, կամ միայն դժբախտության ժամանակ չհիշենք Աստծուն:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.