Հայկական թրիլլեր. ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետացել էր իտալացիներից առգրավված մոտ 10 հազար դոլարը
Այս պատմությունը հայկական թրիլլերի լավագույն սցենար դառնալու հավակնություն ունի, եւ սցենարը գրողին վճարել պետք չէ: Սցենարի հեղինակները քննիչներն են, դատավորը, դատախազը, քննչականի բաժնի պետը, Երեւան քաղաքի ոստիկանության պետը, քննչական գլխավոր վարչության պետը, Իտալիայի հյուպատոսը եւ էլի բազում անձինք: Նրանք նաեւ գործող անձինք են:
Ընդ որում, եթե որեւէ ռեժիսոր որոշի այս սցենարով ֆիլմ նկարահանել, խմբագրությունը պատրաստ է նրան տրամադրել նաեւ որոշ օգտակար ձայնագրություններ: Բայց սա թողնենք ապագային:
Պատմության սկիզբը կարելի է համարել 2012 թ. մարտի 6-ը՝ ժամը 13:00-ն, վայրը` Երեւան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Նիստը նախագահում է դատավոր Արմեն Խաչատրյանը: Մեղադրող դատախազը Խաչատուր Բաղդասարյանն է: Նիստին մասնակցում են նաեւ Իտալիայի դեսպանատան հյուպատոսը, թարգմանիչը, երկու ընթերակա եւ երկու իտալացի ամբաստանյալ:
Բոլորի ներկայությամբ բացվում է ամբաստանյալներից մեկի մոտից անձնական խուզարկությամբ առգրավված գումարի փաթեթը, որում պետք է լիներ 1 մլն 460 հազար դրամ, 2 հազար 400 դոլար, 3 հազար 180 եվրո: Դատավորը փաթեթից հանում է 80 հազար դրամ. այլ գումար չի լինում: (Հարկ է նշել, որ քննչական մարմինն իրավունք չուներ իր մոտ պահել առգրավված գումարը, այն պետք է միանգամից դեպոնացվեր եւ հանգրվաներ համապատասխան հաշվեհամարին):
Դատավորն անակնկալի է գալիս. նիստը ընդհատում է, դուրս գալիս դահլիճից եւ միանգամից զանգում ոստիկանության Արաբկիրի քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին: Վերջինս իր մոտ է կանչում գործի հետ առնչություն ունեցած երեք քննիչներին:
Այստեղ մի պահ դադարեցնելով սյուժեի այս հատվածի զարգացումը՝ վերադառնանք ավելի վաղ ժամանակագրություն ունեցող իրադարձություններին:
Դատական գործ N ԵԱՔԴ/0201/01/11
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն. «Վինչենցո Տորինոյին եւ Անտոնիո Կավեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ ձեռք են բերել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի կրծքանշան-պիտակներ, իրենց կողմից վարձակալած «Ֆորդ Կուգա» մակնիշի 093 LS 62 համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Կոմիտաս սրճարանում վերցրել են 357 հազար 200 ՀՀ դրամին համարժեք 950 ԱՄՆ դոլար, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 357 հազար 200 դրամի գույքային վնաս: Բացի այդ՝ նույն օրը կանգնեցրել են Արտակ Պետրոսյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացրել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Հր. Քոչարի փողոցում վերցրել են 225 հազար ՀՀ դրամ, 118 հազար 115 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար եւ 51 հազար 803 ՀՀ դրամին համարժեք 100 եվրո գումար՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 464 հազար 918 ՀՀ դրամի գույքային վնաս»: |
Վինչենցո Գայտանո Տորինոն եւ Անտոնիո Դելլե Կավեն Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ են, երկուսն էլ Նեապոլ քաղաքից: Նրանց նկատմամբ 2011 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Իտալացիներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել են, որ դատական քննությունն անցկացվի արագացված կարգով, ինչը դատարանը բավարարել է:
Դատարանը երկու իտալացիներից յուրաքանչյուրի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` մեկ մլն ՀՀ դրամի չափով: Եվ ահա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իտալացիներին պետք է վերադարձվեին խուզարկությամբ նրանցից առգրավված իրերն ու գումարը:
Մարտի 6-ին դատավոր Ա. Խաչատրյանը հենց դա էր ուզում անել, երբ պարզեց, որ առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարից փաթեթում առկա է միայն 80 հազար դրամ:
Ինչպես է թաքցվել գումարի կորուստը
Արաբկիրի քննչական վարչության պետ Արծրուն Առաքելյանը հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ այս փողի գողության փաստը կարողացել են թաքցնել: Գագիկ Համբարձումյանի որդին` Սարգիսը, Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալն է:
2011 թ. հոկտեմբերի 14-ին իտալացիների նկատմամբ քրեական գործը հարուցել է Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Վարանցովյանը: Հետո գործը փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Միքայել Միքայելյանին (Միքայելը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որդին է. հոր եւ որդու ազգանունները տարբեր են):
Այնուհետեւ գործը Միքայել Միքայելյանից փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Պարույր Բադալյանի վարույթ: Հենց նա է ավարտել քննությունը եւ գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը ներկայացրել եւ մեղադրանքը պաշտպանել է դատախազ Խաչատուր Բաղդասարյանը:
Եվ այսպես, մարտի 6-ին, երբ դատավորը պարզում է փաթեթի պարունակությունը եւ հեռախոսազանգով տեղեկացնում քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին, վերջինս, իր մոտ կանչելով երեք քննիչներին, նրանց ուղարկում է դատարան: Քննիչները դատարանից վերադառնում են եւ հաստատում, որ փաթեթում գումարը չկա:
Քննչականի պետը զանգահարում է համայնքի դատախազին` Գրիշա Միքայելյանին: Վերջինս կարճ ժամանակ անց գործը հսկող դատախազ Խաչատուր Բաղդասարյանի հետ գալիս է Արծրուն Առաքելյանի մոտ: Երեքով բարձրանում են Արաբկիրի ոստիկանության պետի` Արթուր Մեհրաբյանի աշխատասենյակ: Նրանց միանում է նաեւ Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանը:
Միլպետը, լսելով հավաքվածներին, իր մոտ է կանչում գործը նախապատրաստող օպեր լիազորներին՝ Ռաֆոյին (Ղարաբաղի ռազմական ոստիկանության պետ Աղասի Բագրատունյանի որդին է) եւ Վահրամին (Քանաքեռ-Զեյթուն ՄՌՈ-ի նախկին պետ Արթուր Մարգարյանի որդին է):
Վերջիններս հայտարարում են, որ քննիչի ներկայությամբ փողը հաշվել են եւ հանձնել նրան: Արթուր Մեհրաբյանը հայտարարում է, թե քրեական գործով իրենք մաքուր են, եւ միջադեպի մասին կզեկուցի վերադասին` Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Ենթադրաբար, նա հենց այդպես էլ վարվում է: Ամեն դեպքում, գործի լրջությունից ելնելով՝ ողջամիտ որոշումը սա պետք է լիներ:
«Հետքին» այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Ներսիկ Նազարյանը միջադեպի մասին տեղեկացրե՞լ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանությունում մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գագիկ Համբարձումյանը խնդրել է, որ ոստիկանապետին այս պատմության մասին չասեն:
Դատախազը հայտնել է, որ գործը դատախազությունում ընդամենը երկու ժամ է մնացել, եւ փաթեթները փակ էին, որից հետո քննիչն իր ձեռքով դրանք վերցրել է եւ տարել դատարան: Դատախազը նաեւ ասել է, թե միակ խնդիրն անփութությունն է՝ ավելացնելով, որ դրա համար առավելագույն պատիժը նկատողությունն է լինելու: Նա նույնպես առաջարկել է միջադեպի մասին զեկուցել վերադասին:
Քննչականի պետը` Արծրուն Առաքելյանը, բոլորին խնդրել է ոչ մի տեղ չզեկուցել: Նա նույն օրը գնացել է դատավորի մոտ, նրան խնդրել մինչեւ առավոտ ժամանակ տրամադրել ու կատարվածի մասին որեւ մեկին չասել կամ հայտարարություն չտարածել: Դատավորը չի մերժել:
Արծրուն Առաքելյանը, վերադառնալով բաժին, կանչել է երեք քննիչներին, հայտնել, որ գնում է գլխավորի` Գագիկ Համբարձումյանի մոտ, եւ հանձնարարել մինչեւ իր վերադարձը «անհետացած» գումարը վերականգնել՝ սպառնալով, որ եթե գումարը չբերեն, «բոլորի գլխին գործ է սարքելու»:
Սերգեյ Վարանցովյանը ժամեր անց բերել է մի քանի հազար դոլար: Միքայել Միքայելյանը հրաժարվել է գումար տալ՝ ասելով, որ ինքը գումար չի վերցրել եւ չի էլ պատրաստվում չվերցրածը վերադարձնել:
Մյուս քննիչի՝ Պարույր Բադալյանի հայրը երեք հազար դոլարը պետք է բերեր շրջանից: Նա նույն օրը չի հասցնում հասնել Երեւան, եւ այդ փողը նրա փոխարեն վճարում է Արծրունը՝ վերադարձնելու պայմանով: Մնացած գումարների մասին առայժմ չի հաջողվել տեղեկություններ ստանալ:
Քննիչի հայրը առավոտյան գալիս է Երեւան եւ երեք հազարը դոլարը փոխանցում որդուն: Երեկոյան քննչականի պետը պակասող գումարը տանում է դատարան, եւ փողը հաջորդ օրը վերադարձնում են իտալացիներին:
hetq.am
շարունակելի
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.