ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը մանրամասնորեն պատասխանել է անցած շաբաթ ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահի ելույթի տնտեսական մասի վերաբերյալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին:
Նամակում Բագրատյանը «հիմնովին քննադատության էր ենթարկել Սերժ Սարգսյանի հնչեցրած ցուցանիշներն ու տեսակետները։ Փոխնախարար Արամյանն էլ նույն կերպ փորձել է հակադարձել Բագրատյանին։
Ներկայացնում ենք Վարդան Արամյանի՝ «Թվերի գիտակցված մանիպուլյացիա. Դիտարկումներ Հրանտ Բագրատյանի բաց նամակի վերաբերյալ» վերնագրված հոդվածը.
Հարգելի պարոն Բագրատյան
Հարգանքով ընթերցեցի Ձեր արձագանքը Հանրապետության Նախագահի հայտնի ելույթին: Դեռ համագումարի դահլիճում մտածում էի, որ հաստատ առիթ կլինի բանավիճելու առաջ քաշվող կարևորագույն թեզերի շուրջ, հրապարակավ քննարկելու դրանք, ասենք նույն` տնտեսական աճի նպատակադրումներից տնտեսական զարգացման հայեցակարգին անցնելու նրբությունները: Ավաղ, Ձեր պատասխանն այնքան հապշտապ էր, որ չէր կարող ու այդպես չհասավ նման մանր հարցերի ու մնաց «Չէ, վատ չի, շատ վատ ա» տիրույթում:
Բայց ոչինչ: Իրականացվող քաղաքականությանը մշտապես քննադատող, սակայն մեծ լսարանից դափնիներ չակնկալող մի շարք երիտասարդ տնտեսագետներ արդեն սկսել են իրենց համեստ դիտարկումները շարադրել, որոնց ուշադիր չհետևել ուղղակի անհնար է: Կարևոր է, որ էապես ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր կարողանում են տարբերել հոսքը պաշարից, անվանական մեծությունների հարաբերակցությունը` իրական և հայտարարված ցուցանիշների միջև տարբերության հետ կապ չունենալուց, գիտեն, որ ժամանակահատվածը վերլուծելուց պաշարի դեպքում հարկ է ժամանակահատվածի վերջի ցուցանիշը համադրել նախորդ ժամանակահատվածի վերջինի հետ, իսկ հոսքերի դեպքում` ժամանակահատվածը ժամանակահատվածի հետ և այդպես շարունակ: Գիտեն, բայց չեն փորձում հակառակով թյուրիմացության մեջ գցել մարդկանց, ովքեր պարտավոր չեն դա իմանալ:
Այս առումով թույլ տվեք մի քանի դիտարկում անել ՀՀ Նախագահին ուղղված` Ձեր բաց նամակի շուրջ:
«Մեթոդաբանական» հարցերի վերաբերյալ.
«…ճիշտ կլինի, որ ՀՀ-ում ֆինանսական տարին սկսվի ապրիլի 1-ից և տևի մինչև մարտի 31-ը։ Համոզված եմ, որ այս քայլը թույլ կտա տարեկան 1-2 տոկոսով արագացնել ՀՆԱ աճը և մեղմացնել տնտեսության տարեկան դինամիկայի խոտորումները։ Ասեմ նաև, ամիսը ամսվա հետ համեմատելու սովորություն ունեն հենց պետական կառույցները։ Օրինակ, 2011-ի գնաճն ըստ 2010-ի վերջում ընդունած բյուջեի, պետք է կազմեր 4 ± 1.5%։ Այսինքն առավելագույնը 5.5%։ Իրականում այն կազմել է 7.7% …»:
Պետական կառույցների կողմից, մասնավորապես ԿԲ-ի կողմից ամիսը ամսվա նկատմամբ գնաճի ցուցանիշի ներկայացման մասին նշենք, որ.
• ԱՎԾ-ն ամեն ամիս հրապարակում է ՍԳԻ չորս ցուցանիշ, որից միայն մեկն է այսպես ասած «ամիսը ամսվա» վրա: ԿԲ-ն իր կայքում և ընդհանրապես իր բոլոր հրապարակումներում գնաճի նպատակային թիրախի իրագործման ընթացքը պարզաբանելուց ոչ թե ներկայացնում է նախորդ ամսվա նկատմամբ գնաճը, այլ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կամ 12-ամսյա գնաճը, ինչը համադրելի թիվ է և զերծ է գնաճի սեզոնային տատանումների ազդեցությունից: Բացի այդ, եթե հեղինակը հետևողականորեն վերլուծել է գնաճի թիրախի իրագործման ընթացքը գոնե ոչ վաղ անցյալում, պետք է նկատած լիներ, որ այն դեպքերում, երբ 12-ամսյա գնաճը շեղված է եղել նպատակային թիրախից, ԿԲ-ն նշված ցուցանիշը հրապարակավ ներկայացրել է և շեղումների դեպքում մշտապես պարզաբանումներ է տվել պատճառների վերաբերյալ:
• Եթե հարգարժան տնտեսագետը հղում է կատարում 2011 թվականի բյուջեի օրենքին, ապա պետք է գոնե նկատած լիներ, որ օրենքում բառացիորեն նշվում է հենց 12-ամսյա գնաճի 4 +/- 1.5 տոկոս թիրախի մասին (իսկ թե ինչու 12 ամսյա գնաճը, այդ մասին խորհուրդ կտանք նախ ընթերցել «ՀՀ ԿԲ կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորումը» և «ՀՀ ԿԲ կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգ» փաստաթղթերը), այլ ոչ թե միջին կամ նախորդ ամսվա նկատմամբ թիրախի: Ընդ որում, օրենքով ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը նպատակաուղղվում է տարվա յուրաքանչյուր ամսվա դրությամբ, այլ ոչ միայն տվյալ տարվա ավարտին գնաճի 12-ամսյա թիրախի ապահովմանը: Հենց իր` հեղինակի կողմից նշված 2011 թվականի հունվար դեկտեմբեր ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա դրությամբ ԿԲ-ը մշտապես հետևել է և պարզաբանումներ է տվել նպատակային թիրախի համեմատ 12-ամսյա գնաճի վարքագծի վերաբերյալ:
• Սահմանադրության մեջ գնաճի որևէ թիվ սահմանված չէ, ինչպես նշվում է հեղինակի կողմից, այլ նշվում է միայն գների կայունության ապահովման մասին:
Միաժամանակ, ՀՀ-ում ֆինանսական տարվա սկզբի և ավարտի փոփոխության արդյունքում ՀՆԱ տարեկան 1-2 տոկոսով արագացման համոզմունքի վերաբերյալ առաջարկությունը տնտեսագիտորեն անհասկանալի է ձևակերպված, և այս պահին հարկ չենք համարում անդրադառնալ դրան: Այնուամենայնիվ, եթե հեղինակի այս համոզմունքը հիմնված է միջազգային փորձի վերլուծության կամ ՀՀ համար կոնկրետ քանակական գնահատականների վրա, խիստ ցանկալի է դրանց հրապարակումը, քանի որ տնտեսագիտական ընդունված մոտեցումները տնտեսական աճի պատճառները ֆինանսական տարվա փոփոխության հետ երբեք չեն կապել, ոչ էլ մեզ է հայտնի նման ակադեմիական վերլուծություն:
Չորրորդ կետի վերաբերյալ. «Ձեր ելույթը հետևողական չէ։ Մեկ Դուք 2011-ի թիվը համեմատում եք 2006-ի հետ, մեկ 2012-ի պլանային թիվն եք համեմատում 2006-ի հետ, մեկ էլ, երբ նպատակահարմար է իբրև բազիսային տարի նշում եք 2007-ը։ Ենթադրում եմ, որ Ձեզ դիտավորյալ շփոթեցրել են»։
Նախագահի ելույթում կատարվել է նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի` 2007-2011 թվականների արդյունքների քննարկումը, այն է` ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության գործունեության ամփոփում: Հետևաբար արդյունքները նկարագրելու համար տրամաբանական է ցուցանիշները համեմատել 2006 թվականի հետ, քանի որ 2007թ. արդեն արտացոլում է վերջինիս գործունեության ընդհանուր տնտեսական արդյունքները: Իսկ բյուջետային ցուցանիշների իմաստով ճիշտ է դիտարկել 2007-2012թթ. պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականությամբ, քանի որ 2007 թվականին Հանրապետական կուսակցության կողմից օրենքով ստանձնվել է բյուջեի կատարումը, իսկ 2012թ. օրենքով ծրագրավորվել է բյուջետային տարին և, այս առումով, Նախագահի կողմից արված հայտարարությունը շատ պարզ էր` 2007թ-ին ընտրություններից հետո ստանձնել ենք 658 մլրդ դրամով բյուջե, իսկ 2012թ-ի համար թողնում ենք 1044 մլրդ դրամով բյուջե:
Համեմատությունները կատարված են հավուր պաշաճի` հոսքերի դեպքում ժամանակահատվածը ժամանակահատվածի հետ, պաշարի դեպքում` ժամանակահատվածի վերջի ցուցանիշը նախորդ ժամանակահատվածի վերջինի նկատմամբ: Այս մոտեցումը ծանոթ է բոլոր տնտեսագետներին:
Բերված փաստերի մեկնաբանությունների վերաբերյալ
1-ին կետի վերաբերյալ. «ՍԳԻ 2007-2011 թթ. գումարային գնաճը կազմել է 37.1% (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 420)։ Եվս 5.5% գնաճ նախատեսել եք 2012-ին։ Գումարային ե՞ղավ 44.7%։ Եղավ…»
Նախ սկսենք օգտագործված հասկացություններից. Ընդհանրապես անհասկանալի է «Բյուջեն պետության աշխատավարձն է» արտահայտությունը, որը թերևս ավելի շատ փիլիսոփայության բնագավառից է: Տնտեսագիտության մեջ բյուջեն երկրի համապատասխան ֆինանսական ռեսուրսների ձևավորման և օգտագործման հիմնական ֆինանսական ծրագիրն է, որի միջոցով իրականացվում են պետության գործառույթները:
Ներկայացված հաշվարկներում առկա են անկհայտ սխալներ` ինչպես համեմատ-ման բազայի ընտրության առումով, այնպես էլ հաշվարկման մեթոդաբանության առումով : Մասնավորապես, գների կուտակային աճը 2007-2012 թվականներին հաշվարկվում է ներառելով 2007 թվականի գնաճը, այսինքն բազիսային տարին գների համար ընտրվում է 2006 թվականը: Մյուս կողմից, բյուջեի ծախսերի աճը հաշվարկելիս որպես համեմատման բազային տարի ընտրվել է 2007 թվականը: Ակնհայտ է, որ այս դեպքում արհեստականորեն ավելի ցածր իրական աճի տեմպեր կստացվեն, քան իրականում կա: Եթե, վերահաշվարկենք ճիշտ մեթոդաբանությամբ, ապա կստացվի, որ 2006 թվականի համեմատ 2012 թվականի ծախսերի իրական աճը կազմում է 41.7%, այլ ոչ թե աճպարարությամբ հաշվարկված 13,8% (հիշեցնում եմ, խոսքը այդ ընթացքում ծանր տնտեսական ճգնաժամ անցած երկրի բյուջեի մասին է):
Պարո´ն Բագրատյան, Դուք բյուջետային հոսքերի 5 տարվա փոփոխությունը «իրական» եք դարձրել 6 տարվա կուտակային գնաճով: Ի՞նչ կնշանակեիք Ձեր այն ուսանողին, ով նման կերպ կվարվեր ստուգարքը հանձնելուց:
Ավելին, 2012 թվականի համար նախատեսվող գնաճի ցուցանիշ է ներկայացվում 5,5%–ը, այնինչ դա գործող 4 +/- 1,5% թիրախի վերին շեմն է (նույն տրամաբանությամբ ինչու չի վերցվում ներքին շեմը` 2.5 տոկոս), իսկ 2012 թվականի գնաճի կանխատեսումները ԿԲ-ի կողմից հրապարակվել են առաջին եռամսյակում հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրում և մոտ են նպատակային թիրախի կենտրոնական արժեքին: Ըստ այդմ ուռճացված է նաև ներկայացվող 44,7% գումարային գնաճ կոչված ցուցանիշը:
Նշենք, նաև որ հեղինակը սեփական հայեցողությամբ և հարմարությամբ է ներկայացնում ոչ միայն թվային տվյալները, այլ նաև որոշ տնտեսագիտական տերմիններ: Համենայն դեպս ժամանակակից տնտեսագիտությանը հայտնի չէ «դոլարի սղաճ արտահայտությունը»: Հուսով ենք, որ այս դեպքում խոսքը գոնե դոլարի արժեզրկում արտահայտության մասին է, այլ ոչ թե ասենք ԱՄՆ-ում արձանագրված գնաճի տեմպերի: Եթե դա նկատի ունենանք, ապա պետք է քննարկենք թե արժեզրկումն ինչի՞ նկատմամբ ենք հաշվարկում` ոսկու՞, եվրոյի՞, ԱՄՆ առևտրային գործընկերների առևտրային ծավալով միջին կշռված փոխարժեքով հաշվարկված արժեզրկմա՞ն, թե որևէ այլ արժույթի՞: Եթե այո, ապա ինչու՞ է կարելի տնտեսության տարբեր պարբերաշրջաններում գտնվող ԱՄՆ և Հայաստանի տնտեսությունների որևէ տարվա հարաբերակցությունը համարել ընդունելի, երբ Հայաստանի համար անկարելի է համարվում համեմատել այն տարիների դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն, երբ դրամը գերարժևորված կամ թերարժևորված է:
Անհասկանալի են անգամ համադրելի հաշվարկներում 2007 թվականի համար օգտագործված` 304.2 միջին փոխարժեքը (որը ամենևին էլ միջինը չէ, իսկ միջինը 2007թ կազմել է 342.1) և 2010 թվականի բյուջեի ցուցանիշի (իրականում ներկայացված է 2012 թվականի ցուցանիշը) վերածումը դոլարային արտահայտության` օգտագործելով 2011 թվականի մարտի 10-ի դրությամբ փոխարժեքը (իրականում ներկայացված է 2012թ-ի մարտի 10-ին ձևավորված փոխարժեքը): Տպավորություն է ստեղծվում, որ վերլուծողը միտումնավոր վերցրել է բարձր և ցածր փոխարժեքներ` արհեստականորեն ավելի բարձր` 28 տոկոս արժեզրկում արձանագրելու համար:
2-րդ կետի վերաբերյալ. «1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006թ. 1982 դոլարից 2011-ին հասել 3174 դոլարի, ասում եք դուք։ Ես 2006-ի կամ Ռ.Քոչարյանի պաշտպանը չեմ։ Բայց չի կարելի վերցնել դոլարով դրամի գերարժևորված տարին համեմատել թերարժևորվածի հետ։ Ի վերջո տնտեսագիտությունը մասնագիտություն է։ Ուրեմն, 2007-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3903 դոլար…»:
Ընդհանրապես տնտեսագիտության մեջ միջերկրային համեմատություններ իրականացնելիս օգտագործվում են համադրվող ցուցանիշներ, իսկ դոլարի գերարժևորման կամ թերարժևորման հանգամանքով համադրելիությանը անդրադարձել ենք վերևում:
Ընդ որում, 1 շնչին ընկնող դրամային ՀՆԱ-ն, աճել է 1.4 անգամ 2006թ նկատմամբ, իսկ իրական արտահայտությամբ (2006թ գների մակարդակը հաստատուն ընդունելով)` 4.6 տոկոսով: Հետևաբար, չնայած տնտեսական ճգնաժամին, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն այնուամենայնիվ աճել է:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում ցածր է, դա Նախագահի ելույթում նույնպես նշված էր, որ այն նույնիսկ ամոթալի ցուցանիշ է, որովհետև այսօր քաղաքակիրթ երկրներում մեկ շնչի ՀՆԱ-ն հասնում է 30-ից մինչ 50 հազար ԱՄՆ դոլար:
Այնուամենայնիվ, համեմտության մեջ պետք է արձանագրել, որ 2006 թվականի նկատմամբ 2011 թվականին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության համարժեքությամբ ճշգրտված աճել է 1.2 անգամ, որը գերազանցում է զարգացած երկրների, եվրոգոտու, G7 խմբի երկրների աճը և զիջում է զարգացող Ասիայի երկրներին, հավասար է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին և G7 խմբի մեջ չներառվող եվրոպական երկրներին:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ցանկացած մակրոտնտեսական վերլուծություն իրականացնելիս, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ազգային հաշիվներին վերաբերող տեղեկատվությունը ենթակա է վերանայումների, հետևաբար միայն ԱՎԾ աղբյուրը վկայակոչելը դեռևս բավարար չէ ճիշտ տեղեկատվություն օգտագործելու համար: Մասնավորապես 2007թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2853$ (Հայաստանի Վիճակագրական տարեգիրք 2011թ), և ոչ թե 3903$: Իսկ հեղինակի կողմից այստեղ ևս կատարված է մեթոդաբանական սխալ` այն է` 3903$-ը դա գնողունակության պարիտետով ճշգրտված ցուցանիշն է և դրա համադրելին 2011թ-ի համար գնահատված ցուցանիշը 5395$-ն է (աղբյուրը www.imf.org WEO database):
Պարո´ն Բագրատյան, ի՞նչ կնշանակեիք Ձեր այն ուսանողին, ով ստուգարքի ժամանակ կհամեմատեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նախորդ ժամանակահատվածի` գնողունակության պարիտետով ճշգրտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հետ:
3-րդ կետի վերաբերյալ. «Ասում եք, որ 2011թ. 2006-ի համեմատ արտահանումն ավելացել է 1.6 անգամ և կազմել 2.4 մլրդ դոլար։ Ուրեմն, ՀՀ արտաքին առևտրի շրջանառությունը 2011-ին եղել 1.329 մլրդ դոլար։….»
Հետաքրքրական է, որ նախկին վարչապետը իր մեկնաբանություններում թույլ է տվել մեթոդաբանական և տերմինաբանական լուրջ մասնագիտական սխալներ: Մասնավորապես.
2011 և 2006թթ. որպես ապրանքաշրջանառության ցուցանիշ է նշել 1.329 և 1.004 մլրդ դոլար, սակայն դրանք համապատասխանաբար արտահանման ծավալներն են, իսկ արտաքին ապրանքաշրջանառությունը տնտեսագիտության դասագրքային տերմինալոգիայով ապրանքային արտահանման և ներմուծման հանրագումարն է: Ընդ որում, առաջինը (1.329) բերել է ԱՎԾ-ի օպերատիվ տվյալներով (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին ամսական զեկույցից), իսկ մյուսը` վճարային հաշվեկշռի ապրանքների արտահանման 2005 թվականի ճշգրտված ցուցանիշն է (ՀՀ ԱՎԾ ՀՀ վճարային հաշվեկշիռը 2005-2008 վիճակագրական ժողովածու, Երևան 2009, էջ11), որի մեջ ներառվում է նաև «այլ արտահանումը» (օդանավակայաններում հարկազատված առևտուր, ցուցահանդես-տոնավաճառները, դրամական ոսկին և այլն): Այսինքն` ցուցանիշները համադրելի չեն:
Այդ երկու ցուցանիշների համադրելիությունը ապահովելու համար դրանցից առնվազն մեկը պետք է ճշգրտվի, կամ 1.329 մլրդ դոլարը (2011թ-ի ցուցանիշը)` աճի ուղղությամբ, կամ 1.004-ը` նվազման, արդյունքում ստանալով ավելի մեծ անվանական աճ:
Պարո´ն Բագրատյան, ի՞նչ կգնահատեիք Ձեր այն ուսանողին, ով ստուգարքի ժամանակ կհամեմատեր օպերատիվ ցուցանիշներով արտահանումը նախորդ ժամանակահատվածի` վերջնական ճշգրտված ցուցանիշներով արտահանում+«այլ արտահանում» հանրագումարի հետ:
Պետք է նաև նշել, որ արտահանման իրական ծավալներ հաշվարկիս կիրառվել է նույն աճպարարության հնարքը: Արտահանման գների կուտակային աճը հաշվարկվել է 2005թ-ի համեմատությամբ (2006թ-ի 8.7 տոկոս աճը ներառելով), սակայն արտահանման աճը 2011թ-ը համեմատվել է 2006թ-ի հետ: Հիմա եթե կիրառենք պարոն Բագրատյանի օգտագործած արտահանման թվերը, 2006 և 2011թթ-ին աճի ինդեքսը կազմում է 132.4 տոկոս, իսկ նույն ժամանակահատվածի արտահանման գների համադրելի աճի ինդեքսն ըստ մատնանշված ԱՎԾ ցուցանիշներով հաշվարկի` 120.1 տոկոս, հետևաբար, փաստացի տվյալներով և ճշգրտված մեթոդաբանությամբ կատարված հաշվարկներով, 2006-2011թթ. ՀՀ արտահանման իրական աճի ինդեքսը կազմել է բազմակի ավելին, քան պրն. Բագրատյանի կողմից նշվածն է:
Պարո´ն Բագրատյան, Դուք արտահանման 5 տարվա ցուցանիշները համադրել եք գների 6 տարվա փոփոխության հետ: Ի՞նչ կգնահատեիք Ձեր այն ուսանողին, ով նման կերպ կվարվեր ստուգարքը հանձնելուց:
4-րդ կետի վերաբերյալ. «2007-ի նոյեմբերին միջին աշխատավարձը եղել է 80433 դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ91), իսկ 2011-ին եղել է 115265 դրամ։ Հավելաճը կազմում է 43.3%։ Այդ ընթացքում գներն աճել են (ձեր իսկ թվերով) 37.1%-ով…»։
Եվ նորից իրական աշխատավարձերի աճի տեմպերը սխալ են հաշվարկված ինչպես բազային ցուցանիշների ընտրության, այնպես էլ բազային տարվա ընտրության առումով` արհեստականորեն նվազեցնելով իրական աշխատավարձի աճի տեմպերը: Մասնավորապես, անհասկանալի է որպես բազային ցուցանիշ 2007 թվականի նոյեմբերի դրությամբ աշխատավարձերի միջին 80,4 հզ. դրամ մակարդակի օգտագործումը, այն դեպքում, երբ 2007 թվականի տարվա կտրվածքով (հունվար-դեկտեմբեր) միջին անվա-նական ամսեկան աշխատավարձը կազմել է 74,2 հզ. դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2011թ), իսկ 2006թ-ին 62,3 հզ. դրամ: Բացի այդ, եթե համեմատման բազա ենք ընտրում 2007 թվականը, ապա 2007 թվականի համեմատ կուտակային գնաճը կազմել է ոչ թե 37.1%, այլ 31.3%: Նույնիսկ այս պարագայում իրական աշխատավարձերի «իրական» աճի ցուցանիշը կկազմի մի քանի անգամ ավել, քան նշված 6.2%-ն է (ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների հիման վրա կատարված հաշվարկ, http://www.armstat.am):
Պարո´ն Բագրատյան, այստեղ էլ նույն հռետորական հարցն է առաջ գալիս:
5-րդ կետի վերաբերյալ. «Շատ հետաքրքիր են ձեր մտքերն առ այն, որ 5 տարվա ընթացքում մեր երկրում ավանդներն ավելացել են 983 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թիվն էլ 595 հազարով։ …»
5 տարվա ընթացքում մեր երկրում ավանդների աճը ոչ թե կազմել է 983 մլրդ. դրամ, այլ 2011 թվականի դրությամբ ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալն է կազմել այդքան:
Պարո´ն Բագրատյան, ի՞նչ կգնահատեիք Ձեր այս ուսանողին, ով հոսքը պաշարից կամ փոփոխությունը ընդհանուր մեծությունից չի տարբերում:
Նույն հատվածում նշվում է, որ ավանդները 491 մլրդ դրամից դարձել են 1053, ինչը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ հակասում է նաև վերը բերված 983 մլրդ. դրամ ցուցանիշին (http://www.cba.am): Միաժամանակ, զարմանալի է, որ հեղինակը մեղադրելով «թվերի համեմատականի հարմարեցման» գործելաոճի մեջ, ինքը հաշվի չի առել կամ ավելի շուտ չտեսնելու է տվել այն փաստը, որ Ռուսաստանում անվանական արտահայտությամբ ավանդների աճի վրա ազդեցություն է ունեցել նաև գնաճը, որը 2008-2011թթ. կազմել է շուրջ 42%` ՀՀ-ում նույն ցուցանիշի 28.3% մակարդակի դիմաց, որի պայմաններում անվանական եկամուտների, հետևաբար ավանդների անվանական աճն ավելի բարձր կարող էր լինել, քան Հայաստանում (ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության և Ռուսաստանի Դաշնության ԿԲ-ի տվյալների հիման վրա կատարված հաշվարկ, http://www.armstat.am, http://www.cbr.ru): Իսկ ամենակարևորն այն է, որ Նախագահի կողմից հնչեցվում է ավանդների աճի դինամիկան Հանրապետականների կառավարման օրոք և ոչ թե դրա ստատիկ վիճակը ( որն ի դեպ պատմականորեն ցածր է եղել), հակառակ դեպքում հարց է առաջանում ինչու ավանդներ/ՀՆԱ ցուցանիշը ավելի մեծ տպավորություն թողնելու համար չենք համեմատում ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի հետ, որոնց ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ցուցանիշին:
6-րդ կետի վերաբերյալ. «Հիմա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման՝ 20.1 տոկոսի մասին։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարելի բարելավել 2 ձևով։ Ա) ավելացնել հարկերը։ Բ) Պակասեցնել ՀՆԱ-ն։ 2007-2011 թթ ՀՀ-ում «հարկեր/ՀՆԱ» ցուցանիշի բարելավումը կապված ՀՆԱ լճացման և հսկայական անկման հետ…”
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ապահովման խնդրի վերաբերյալ նշենք, որ նույնիսկ բազային գիտելիքներ ունեցող տնտեսագետը տեղյակ է, որ հարկերի հավաքագրման աղբյուրը հենց ՀՆԱ-ն է: Ենթադրենք, որ համաշխարհային ճգնաժամը չի եղել, և կառավարությունն իր նախաձեռնությամբ քայլեր է ձեռնարկել ՀՆԱ-ն կրճատելու ուղղությամբ (ինչն ի դեպ շատ անտրամաբանական է, իրականում կառավարությունները ջանում են հակառակն անել): Այսինքն, կառավարությունը ցանկացել է ոչ թե տնտեսական աճը խթանել, այլ միայն արհեստականորեն ուռճացնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, կարծես թե հասարակության համար դա առաջնային է: Սակայն անգամ այդ պարագայում նշված վարքագիծը՝ ՀՆԱ-ի նվազման և հարկերի մակարդակի պահպանման կամ ավելի դանդաղ նվազման միջոցով, պետք է փաստացի ցուցանիշներով նկատելի լիներ: Սակայն, 2009թ-ին երբ նվազում է ՀՆԱ-ն, հարկային մուտքերը ավելի արագ տեմպով էին նվազում, մինչդեռ 2007-2011թթ. մյուս տարիներին հարկերի աճերի տեմպերը գերազանցել են ՀՆԱ-ի աճերի տեմպերին:
Պարո´ն Բագրատյան, իսկապե՞ս վստահ եք, որ այլ հավասար պայմաններում կարելի է բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ՀՆԱ իրական աճի հայտարարված մեծությունից պակաս աճ ապահովելով:
7-րդ կետի վերաբերյալ. «Ձեր հաջորդ, սոցիալական ծախսերի վրա ես կանգ չեմ առնում։ Մի քանի խորամանկ թիվ եք բերում՝ մատուցելով իբրև առաջընթաց։ Միայն նշեմ, 2008-2010թթ աշխատավարձերը զգալի չափով վճարել է արտաքին պարտքի հաշվին։ Եվ այդ փողը մենք դեռ ետ պիտի տանք…» :
Ճգնաժամի և դրան հաջորդող տարիների ընթացքում պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերը գերազանցում են արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների ծավալը: Այսպես, 2008-2011 թվականներին պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 765 մլրդ. դրամ, նույն ժամանակահատվածում արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները կազմել են 641 մլրդ. դրամ, ինչը փաստում է այն մասին, որ կառավարությունը իրականացնում է տնտեսագիտական տեսության մեջ հայտնի «ոսկե կանոնի» քաղաքականությունը` վարկային միջոցներն ուղղելով ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք իրենց հերթին երկարաժամկետ հեռանկարում կբարձրացնեն տնտեսության համընդհանուր արտադրողականությունը և խթան կհանդիսանան տնտեսական աճի ապահովման համար: Այսինքն, աշխա-տավարձերին և ընդհանրապես ընթացիկ ծախսերին ուղղվել են բացառապես ներքին աղբյուրներից մուտքերը:
Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած ցուցանիշներին, կամա թե ակամա միշտ անտեսվում է ճգնաժամը և դրա հետևանքները, ինչպես նաև մինչ ճգնաժամի և հետճգնաժամային ժամանակահատվածների անհամադրելիությունը: Ուրեմն եթե պարոն Բագրատյան, կարողանաք բերել ճգնաժամ ապրած որևէ երկրի կանխատեսումներ (ներառյալ միջազգային հեղինակավոր կառույցների կողմից կատարված) մինչ 2008թ-ի օգոստոսամիսը, որոնք քիչ թե շատ ճշգրիտ ապագա երեք տարիների համար կանխատեսումներ են արել և իրենց նպատակային ցուցանիշներից չեն շեղվել, այն ժամանակ կարելի է ընդունելի համարել քննադատությունը: Ասեմ ավելին, եթե ուշադրությամբ հետևենք ԱՄՀ «Միջազգային տնտեսական հեռանկարներ» հեղինակավոր պարբերականի կանխատեսումները աշխարհի երկրների տնտեսական ցուցանիշների վերաբերյալ. 2008թ-ի հունիսից հետո առնվազն դրանք 4 անգամ ճշգրտվել է վատթարացման ուղղությամբ:
8-րդ կետի մասին: «Այդ ի՞նչ թվեր եք բերում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման վերաբերյալ…»
Տեղեկատվական և մեթոդաբանական աղբյուր կարող է ծառայել United Nations Conference on Trade and Development կազմակերպության պաշտոնական կայքը` http://unctadstat.unctad.org/TableViewer/dimView.aspx. Այստեղ ևս մեկ կարևոր նկատառում, որ տարրական մաթեմատիկա է պահանջում. Եթե նույնիսկ մի պահ հիմք ընդունենք հեղինակի հիշատակած թվերը, ապա 2010թ-ի ՀՆԱ 2 տոկոսը կազմում է 70 մլրդ դրամ կամ 180 մլն ԱՄՆ դոլար և ոչ թե 18 մլն ԱՄՆ դոլար:
9-րդ կետի վերաբերյալ: «750 հազ զբոսաշրջիկներ ունե՞նք։ Եվ սա 7 մլն սփյուռքի առկայության պարագայում։ Լավ։ Բա որ Վրաստանը 2750 հազ ունի, իսկ Թուրքիան 35 մլն…»:
Զբոսաշրջային այցելությունների աճող թվաքանակի դիտարկումը սփյուռքի ընդհանուր թվաքանակ համատեքստում չի կարող որևէ կերպ բնութագրել իրավիճակը, քանի որ նույն սփյուռքի առկայության հանգամանքը եղել է մշտապես: Այսինքն, նույն սփյուռքի պարագայում է, որ 2011 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը (757,935 այցելություն) կրկնապատկվել է 2006 թվականի 381,136 նկատմամբ և 17 անգամ ավելացել 2000 թվականի 45,000 դիմաց:
Ինչ վերաբերում է հարևան երկրների համար բերված տվյալներին, ապա դրանք այդքան տպավորիչ չեն հնչում, երբ դիտարկում ենք 1 շնչի հաշվով (չհաշված բնական պայմաններով պայմանավորված անհամադրելիությունը) ցուցանիշը:
10-րդ կետի վերաբերյալ. «… տեղեկացնում եմ Ձեզ, որ Տոկիոյում այս պահի դրությամբ ինտերնետ կապը շուրջ 200 (երկու հարյուր) անգամ էժան է, քան Երևանում։ Այնպես որ նկատի ունեցեք, որ երկրների մեծ մասում այս տեխնոլոգիները զարգանում են շատ ավելի արագ, քան թե Ձեր ղեկավարած Հայաստանում»։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերը Հայաստանում իրապես տպավորիչ է նույնիսկ Ճապոնիայի և մի շարք այլ ինդուստրիալ զարգացած երկրների հետ համեմատության մեջ, որոնցում ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման արշավն սկսվել է դեռևս նախորդ դարից: Այդ մասին վկայում են առաջին հերթին հենց միջազգային աղբյուրները: Մասնավորապես, համաձայն Միջազգային հեռահաղորդակցության միության (International Telecommunication Union, www.itu.int) գնաատականների՝ 2008 թվականի համեմատ 2010 թվականին Հայաստանը ՏՀՏ զարգացման ինդեքսով աշխարհի 154 երկրների շարքում 86-րդ տեղից հասել է 72-րդ տեղին, ընդ որում՝ նույն Ճապոնիան այդ ժամանակահատվածում 11-րդ տեղից հետընթաց է արձանագրել 2 միավորով (http://www.itu.int/ITU-D/ict/publications/world/world.html, ITU, Measuring the Information Society, 2011, Geneva, Switzerland): Նման օրինաչափություններ կարելի է գտնել նաև այլ զարգացած երկրների դեպքում: Նույն կազմակերպության կողմից գնահատված մեկ այլ ցուցանիշով՝ Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գնային զամբյուղի ինդեքսով (հիմնված երկրում եկամուտների միջին մակարդակի նկատմամբ ֆիքսված հեռախոսակապի, շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետ ծառայությունների գների համադրության վրա) Հայաստանը 2008 թվականի 8.0 միավորից 2010-ին հասել է 5.9 միավորի, իսկ Ճապոնիայի ինդեքսը մնացել է անփոփոխ:
Այդուհանդերձ, Տոկիոյում ինտերնետ կապի համար բերված գինը տարակուսանք է առաջացնում. պարզ չէ, թե որ տեսակի կապի, ինչպիսի թողունակության և որ գնի մասին է խոսքը:
Հարգարժա´ն պարոն Բագրատյան,
Անշուշտ կարելի է քննարկել Ձեր նամակի մյուս հատվածները ևս` գազաֆիկացում, ինդեքսներ. ի դեպ ինդեքսների մասով պատկերն ամբողջական ներկայացնելու համար սխալ չէր լինի ներկայացվածների մեջ մատնանշել նաև զգալի ձեռքբերումները (օրինակ 2011թ-ի համաշխարհային բանկի «Doing Business 2012» պարբերականով Հայաստանը համարվել է աշխարհի առաջատարներից մեկը իրականացված բարեփոխումներով), այնուամենայնիվ սահմանափակվենք այսքանով:
Եվ կրկին, մարդիկ պարտավոր չեն տիրապետել թվերի նրբություններին, իսկ մասնագետները թերևս պարտավոր են դրանք գլխիվայր չաղավաղել: Կարծում եմ` պարտավոր են:
Հարգանքով`
Վարդան Արամյան
ՀՀ Ֆինանսների փոխնախարար
ՀՀԿ անդամ
*Ծանոթագրություն — նշենք, որ ցուցանիշների իրական փոփոխությունը հաշվարկելու համար անհրաժեշտ է նախ անվանական ցուցանիշի փոփոխությունը վերածել ինդեքսի, ապա հարաբերել գնային ինդեքսի վրա: Պարզ տարբերություն հաշվելու դեպքում, մանավանդ եթե կուտակային փոփոխությունները էական են, սխալի չափը կարող է նշանակալիորեն աճել:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.