Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…
Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:
Սվետան մորն այլևս չտեսավ:
Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:
— Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:
Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:
«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:
Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:
«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:
20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:
Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:
Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):
Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:
Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:
Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:
«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…
Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:
Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:
Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:
Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.