Թուրքիայում 2012 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Օտարերկրացիների` Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» թիվ 5683 օրենքի 3-րդ կետի 1-ին ենթակետի փոփոխությունները լուրջ անհանգստություն են առաջ բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում եւ հարեւան երկրներում:
Փոփոխված օրենքի եւ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիների կարգավիճակի մասին ոչ բավարար տեղեկությունների հետեւանքով մամուլում պտտվում է այն կարծիքը, թե նոր օրենքն ուղղված է Թուրքիայում աշխատող հայաստանցիների դեմ` ի պատասխան Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների մասին ընդունված օրինագծի: Այս խոսակցությունների սկզբնաղբյուրները կրկին թուրքական մի քանի թերթեր են, որոնք փորձում են փոփոխված օրենքի կիրառումը պայմանավորել Թուրքիայից հայերին արտաքսելու ցանկությամբ։
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, ե՞րբ է փոփոխվել եւ հաստատվել օրենքը եւ իրականում ո՞ւմ է վնասելու: 2003-ին ընդունված «Օտարերկրացիների` Թուրքիայում կացության եւ ճամփորդության մասին» թիվ 5683 օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք հաստատվել են Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից 2011-ի հոկտեմբերի 10-ին` 2012-ի փետրվարի 1-ից կիրառվելու պայմանով: Այսինքն` օրենքի ընդունման ժամանակ Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգ դեռ չէր ընդգրկվել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքական իշխանությունների հավաստմամբ` օրենքի փոփոխությունը միտված է նվազեցնել Թուրքիայում անօրինական աշխատող օտարերկրացիների թիվը, դրա փոխարեն ներգրավել տեղի աշխատուժին` նվազեցնելով գործազրկությունը:
Նշվում է, որ Թուրքիայում չգրանցված աշխատողները կազմում են մոտ 42 տոկոս: Իսկ անօրինական աշխատող օտարեկրացիների թիվն անցնում է 1 մլն-ից, ինչն էլ անհանգստացնում է թուրքական իշխանություններին: Համեմատության համար նշենք, որ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիների թիվը մոտավոր հաշվարկներով 10-15 հազար է, որը 1 մլն-ի մեջ կազմում է 1-1,5 տոկոս: Այսինքն` հայաստանցիները Թուրքիայում օտարերկրացի աշխատուժի մեջ ծովում մի կաթիլ են:
Փոփոխված օրենքի համաձայն` 3 ամսով վիզա ստացած օտարերկրացիներն այդ ժամկետը լրանալուց հետո պետք է հեռանան եւ Թուրքիա կրկին կարող են այցելել միայն 3 ամիս հետո: Նախկին օրենքով 3 ամիս Թուրքիայում մնալուց հետո բավական էր մեկ օրով դուրս գալ սահմանից եւ կրկին մտնել` նորից մնալով եւս 3 ամիս եւ այդպես շարունակ:
Սակայն Հայաստանի քաղաքացիների դեպքում ամեն ինչ այլ է: Դեռ հայտնի չէ, թե Հայաստանի քաղաքացիների համար ինչ սկզբունք է գործելու: Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիայի սահմաններում տրվում էր ընդամենը 30 օր վավերականություն ունեցող վիզա, այսինքն` Թուրքիայում աշխատող հայաստանցիները, ովքեր ցանկանում էին օրինական գտնվել Թուրքիայի տարածքում, ամիսը մեկ պետք է ելք ու մուտք անեին սահմանից: Սակայն սա Թուրքիայում համեստ աշխատավարձով աշխատող շատ հայաստանցիների համար անհնարին էր նաեւ ժամանակի առումով, քանի որ երեխա խնամող կինը չէր կարող ամսվա մեջ 3 կամ 4 օր բացակայել աշխատանքից: Թուրքիայում աշխատող շատ փոքր թվով հայաստանցիներ են ամիսը մեկ ելք ու մուտք անում՝ մշտապես գտնվելով օրինական կեցության մեջ։ Հետեւաբար, Թուրքիայում աշխատող հայաստանցիների մեծամասնության համար կարեւորություն չունի այն փաստը, թե Թուրքիայից դուրս գալուց հետո իրենք որոշ ժամանակ չեն կարող մտնել Թուրքիա: Թուրքիայում աշխատող հայաստանցիների մեծ մասը Թուրքիայից հեռանում են 1-5 տարի հետո: Իսկ 1 թե՞ 5 տարի, արդեն նշանակություն չունի, քանի որ տույժը մեկն` նրանց արտաքսում են` 1 ամսից ավել մնալու պատճառով, իսկ արտաքսվելուց հետո նրանք Թուրքիա կարող են այցելել միայն 5 տարի հետո։
Այսինքն` նոր օրենքը Թուրքիայում անօրինական ապրող եւ աշխատող հայաստանցիների վրա լուրջ ազդեցություն չի ունենա: Սակայն անհանգստացնող է այն հանգամանքը, որ չգրանցված աշխատողներ պահելու համար գործատուների տուգանքը խստացվելու է, ինչը բնականաբար կարող է ստիպել գործատուներին խուսափել առանց աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացի աշխատողներ վերցնելուց։ Իսկ հայաստանցիները Թուրքիայում աշխատում են առանց աշխատանքի եւ կացության թույլտվության։
Բացի այդ, եթե թուրքերին պետք լինի հայաստանցիներին արտաքսել, դրա համար հատուկ օրենքի կարիք չկա, քանի որ Թուրքիայում անօրինական ապրող եւ աշխատող ցանկացած հայաստանցու հանգիստ կարող են արտաքսել, քանի որ նրանց վիզայի ժամկետը լրացել է: Դժվար չէ հասկանալ, որ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիների բնակության եւ աշխատանքի վայրերը հայտնի են իրավապահներին, ավելին՝ այդ հայաստանցիների երեխաները ազատ ունկնդրի կարգավիճակով այցելում են Ստամբուլի հայկական դպրոցները: Թուրքական ոստիկանությունը շարունակական պրոֆիլակտիկ փոքր մասշտաբի արտաքսումներ միշտ էլ իրականացնում է, սակայն իշխանությունները միջազգային սկանդալից խուսափելու համար ձեռնպահ են մնում զանգվածային արտաքսումներից:
Սակայն նոր օրենքից կտուժվեն Թուրքիայի հետ աշխատող հայ գործարարները, ովքեր հաճախակի են այցելում Թուրքիա: Այս հարցը լրջորեն անհանգստացնում է ոչ միայն հայ գործարարներին, այլ նաեւ Թուրքիայի գործարար կապերի մեջ գտնվող այլ երկրների գործարարներին: Այս խնդրի կարգավորման տարբերակների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Հիշյալ օրենքը խիստ անհանգստացրել է նաեւ Վրաստանին: Վրացական մամուլում տեղեկություններ եղան, թե Սահակաշվիլին Էրդողանին խնդրել էր, որ այդ օրենքը չտարածվի Վրաստանի քաղաքացիների վրա, սակայն Էրդողանը դրական չի պատասխանել:
Թուրքիայում այս օրենքի դեմ ընդվզում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները` պնդելով, թե անօրինական աշխատողների դեմը առնելու դիմաց զոհաբերվում է տուրիզմը: Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միության նախագահը դիմել է Տուրիզմի եւ մշակույթի նախարարություն` բողոքելով, որ նոր օրենքը սահմանափակում է Թուրքիա տարին մի քանի անգամ այցելել ցանկացող զբոսաշրջիկների ճամփորդելու իրավունքը: Բողոքի մեջ նշվել է, որ նոր օրենքը հակասում է Թուրքիայի Սահմանադրության այն կետին, որտեղ նշվում է, որ բոլորն իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու եւ ճամփորդելու:
Թուրքիայի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ նոր օրենքը լրջորեն կհարվածի տուրիզմին եւ Թուրքիա այցելող զբոսաշրջիկներին կուղղի այլ երկրներ: Նրանք կոչ են անում կառավարությանը` հետաձգել օրենքի կիրառումը, մինչ կկատարվեն փոփոխություններ, որոնց արդյունքում չի հարվածվի տուրիզմի զարգացմանը:
Թուրքիայի ոստիկանությունը խնդրի հետ կապված հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե օրենքում փոփոխություններն արվել են, որպեսզի այն համապատասխանի ԵՄ վիզային կանոններին: «Արված փոփոխությունները կհեշտացնեն զբոսաշրջիկների երկարաժամկետ այցերը Թուրքիա: Եթե զբոսաշրջիկի վիզայի ժամկետը մոտենում է ավարտին, նա կարող է դիմել ոստիկանության համապատասխան բաժանմունք եւ երկարացնել այն եւս 6 ամսով, որից հետո նա կարող է ընդամենը 1 օրով դուրս գալ երկրից եւ կրկին ստանալ 3 ամսվա վիզա եւ այնուհետ կրկին դիմել ոստիկանություն` ստանալու եւս 6 ամսվա մնալու իրավունք»,-նշվել է հայտարարության մեջ:
Նշվել է, որ այն օտարերկրացիները, ովքեր ցանկանում են Թուրքիայում աշխատել որպես հիվանդապահ, տնային աշխատող կամ երեխա խնամող, կարող են դիմել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն, ստանալ իրավունք եւ այնուհետ ոստիկանություն` կեցության թույլտվության համար:
News.am
Հ.Գ.Մենք կապվեցինք Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցչի հետ. Նա հաստատեց օրենքի ընդունման և առանց գրանցման ապրող օտարերկրացիների նկատմամբ քաղաքականության խստացման փաստը, նշելով, որ խոսքը 20 հազար հայաստանցու մասին չէ միայն, այլ Թուրքիայում աշխատող ռուսների, չեչենների տաջիկների և այլոց:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.