Սահակաշվիլին քաշվեց ու քաշվեց: Ոչ միայն ռուսների, այլև հրեաների ձեռամբ: Նա հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին ներում շնորհելու փոխարեն 70 միլիոն դոլար է ստացել: Այս մասին հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Մեդիայնուզ» գործակալությունը:
Փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում հռետորական հարց է հնչեցրել. «Ի՞նչ տարբերություն գործարարները կառավարությանը գումարը կտային կաշառելո՞ւ, թե՞ բանտից ազատվելու համար: Գործարարներին դեռ ծուղակը գցեցին, ապօրինաբար ձերբակալեցին, բանտում ստեղծեցին անհանդուրժելի պայմաններ, իսկ հետո ներում շնորհելու փոխարեն պահանջեցին 70 միլիոն դոլար: Դա չի կոչվում ներում շնորհել, դա կոչվում է նրանց վաճառել ազատությունը»:
Ինչպես ասում են` այ էդ բանը չպիտի անեիր… Մանավանդ, որ այս կիրակի Ռուսաստանում գրանցվելու է Սահակաշվիլու համար նույնիսկ հասարակ բարևն ափսոսող Վլադիմիր Պուտինի հաղթանակը: Սեփական թշնամիների քանակն ավելացնելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Լավ է գոնե մեր նախագահի այցի ժամանակ ֆահմել է որևէ բանի «ոչ» չասելու: Ճիշտ է, այլ հարց է` արդյո՞ք մերոնք նրանից պոկել են հնարավոր ամեն ինչ, բայց դե փաստ է` պատրաստ է սահմանել այնպիսի ռեժիմ, որ Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացին ընդամենն ավտոմեքենայի լուսամուտից փաստաթուղթ ցույց տա սահմանապահին: Այսինքն` անցյալ են դառնալու այն խայտառակությունները, երբ Ջավախք եկողից առգրավում էին անգամ հայերեն ցանկացած գիրք ու հետ ուղարկում: Քանի Միշիկոյին լրիվ չեն կերել` պիտի շտապենք երկկողմանի փաստաթղթերով այդ կարգն ամրագրել:
Սակայն անդրադառնանք մեր ներքին նախընտրական կրքերին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ առաջարկեց ԲՀԿ-ին համագործակցել «ընդդեմ ավազակապետության», դա միանգամից դարձավ թիվ 1 ներքաղաքական ինտրիգը: Ոմանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում միանգամից որդեգրեցին այն գիծը, որ ԲՀԿ — ՀԱԿ դաշինքը միակ շանսն է, և ով բացահայտ կամ անուղղակի դեմ է դրան` ոչնչով չի տարբերվում «դատարկ դհոլ» Արտաշես Գեղամյանից: Ու այդ հիմքով արդեն «Սերժի հաճախորդ» հռչակեցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Բայց հարց է ծագում` այդ կրքերի իմա՞ստը որն է: Վաղը, եթե Լևոն Հակոբիչն էլ մի կողմ դրեց այդ գաղափարը, նրա՞ն էլ կհռչակեն «դհոլ» և «հաճախորդ»:
Իշխանության ռեակցիան էլ է հետաքրքիր: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի շտապում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը հռչակել անհնարին, ընդամենը մեկ պատճառով` որպեսզի ընտրություններին ընդառաջ ընդամենը սեփական գինը բարձրացնի, մեկ-երկու պատգամավորական մանդատ կամ նախարար-փոխնախարարական պորտվել ավել կորզի: Ուրեմն մի՞թե այդ քվոթաներն այնքան կարևոր են, որ հանուն դրա ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ-ում ու դրա շուրջ եղած բոլոր պլանքաշներին, ոստիկանապետն էլ հայտարարեց, որ պլանքաշաց դասի կուսակցական պատկանելիությամբ չի հետաքրքրվում:
Ախր պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գնալու: Ձերբալալվածներն էլ քաղբանտարկյալ չեն հռչակվելու: Կա խաղ, կան խաղի կանոններ, շեղվողների աչքի առաջ էլ կա Գռզոյի ու Լեդի Հակոբի ճակատագիրը, դրա կրկնության հեռանկարով խանդավառ «կամավորներ» չկան ու չեն կարող լինել: ԲՀԿ-ի` ՀՀԿ-ից որևէ բանով տարբեր լինելն էլ կատարյալ բլեֆ է: ԲՀԿ-ի պատգամավորները որևէ հարցով երբևէ քվեարկե՞լ են այլ կերպ, քան ՀՀԿ-ականները: ԲՀԿ-ի նախարարները ՀՀԿ-ի նախարարներին հակառակ որևէ դիրքորոշում հայտնե՞լ են: Քանի որ պատասխանը բացասական է, ուրեմն կռիվը պրծավ: Այդ դեպքում ինչո՞ւ կոալիցիայից տարբեր կերպ քվեարկող դաշնակին որակում են կեղծ ընդդիմադիր, իսկ կեսքայլ աջուձախ չշեղվող ԲՀԿ-ն հանկարձ դարձավ ապագա «իշխանափոխիչ», ընդդիմության հույս ու հավատ…
Այլ հարց է, որ ՀՀ նախագահն այնքան է լուծել իշխանության կենտրոնացման խնդիրը, որ արդեն օլիգարխներից կարող է պահանջել հրապարակավ խոստովանել սեփական հնազանդությունը: Ու խոստովանելու են, դիմադրելու ռեսուրս ԱՐԴԵՆ չունեն: Եթե 2 ամիս առաջ նույնիսկ վատ երազում չէին կարող նման բան թողնել, զի իշխանության հույսն ու հենարանն էին, այսօր նրանց կարգավիճակն իջեցվել է: Ճիշտ է, դեռ կան մեկ-երկուսը, որ իրենց «թռփոշ» են զգում, բայց դա էլ է ժամանակավոր: Եթե այսօր «պլանքաշների հաշվառման» ոստիկանական օպերացիաներ են իրագործվում, վաղը կարող է հանկարծ ավելի լուրջ բաներ սկսեն հաշվառել: Իսկ դրա տակից դուրս գալ չեն կարող, նամանավանդ ներկայիս ոստիկանապետը «կոմպլեքսներ» չունի, և ի տարբերություն բոլոր նախորդների, նրա «ձեռը կգնա» ցանկացածի վրա… Դե, Աղվան Գառնիկիչին էլ միայն առիթ է պետք, որ այդ «ձեռը գնացածների» մեղադրական եզրակացությունները հաստատելով, իր հետագայի հարցերը լուծի:
Բայց բոլոր դեպքերում, դեռ ահագին ժամանակ քաղաքական ֆանտաստիկայի ժանրով ժողովրդին կերակրողների պակաս չի լինի: Ժողովրդին էլ ի՞նչ է պետք` հաց և զվարճալիք: Զվարճալիք մատուցողների պակաս հիմա էլ չկա, բայց եթե մայիսից հետո էլ հացը ուշացնեն… Աստված մի արասցե…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.