Արեւիկը իմ մանկության ընկերուհին էր գյուղում անցկացվող ամառային արձակուրդերին: Սեւուկ, գանգուր մազերով աղջիկ էր: Աչքերը փոքր, միջին չափսի փոքր սապատով քթի մոտ տեղադրված թավ հոնքերով, ներքեւի շրթունքը վերեւինից քիչ հաստ, որ նրան ինչ-որ անբացատրելի հմայք էր տալիս, համենայն դեպս` իմ աչքին: Փոքրիկ բոյն էլ նվազ մարմնի հետ նրա մինչեւ տասնվեց-տասնյոթ տարեկանը մանկահասակի տպավորություն էր թողնում, անպաշտպան տեսք տալիս, որ նայելիս ուզում էիր պաշտպանես, գրկես վտիտ ուսերն ու թաքցնես սաղ աշխարհից: Մենք օրերով խաղում էինք, Արեւիկին էլ ամիսը մի անգամ ուղարկում էին տավարի հերթի, մի անգամ էլ` ոչխարի: Մենք պանիր, հաց, պոմիդոր ու վարունգ էինք վերցնում, թարմ կանաչիների հետ, մի կուժ էլ ջուր գյուղի «ներքի» աղբյուրից ու գնում «օչերեդի»: Լավ օրեր էին, անասուններն արածում էին, մենք էլ ճոնջի էինք գցում ծառիցն ու սաղ օրը վայելում ճոնջու վերուվարը, վերանում աշխարհից: Հողը փորփրում էինք, տարբեր տեսակի արմատներ քանդում ու ուտում դրանցից պիտանիները: Երբեմն, եթե տնից հեռու փախած հավ էինք տեսնում, բռնում էինք, փետրում, փետուրը վռազ թաղում փորոտիքի հետ, կրակ էինք վառում, խորովում ու ուտում գողացած ու դրա համար չափազանց համով դառած հավը: Չէ, մենք կարայինք տնից միս բերենք ու խորովենք, բայց գողացածն ուրիշ էր, ու էդ միասին գործած «վատ» արարքը մեզ սարքում էր համախոհներ, լռության հանցակիցներ, ու մենք ավելի էինք մոտիկանում, դառնում էինք մի հոգի: Արեւիկի ընտանիքում մի պատմություն կար, որ սաղ գիտեին գյուղում:
Էս Արեւիկի պապը` Արշակ ամին, քսան տարեկան էր դառել արդեն, դե մերն էլ սկսել էր հարսնացու ման գալ, որ պսակի: Հարեւանի տղեն` իմ ապուպապս, մի լավ աղջիկ էր բերել կողքի գյուղից, Արշակ ամու մերն էլ հարցուփորձ էր արել թազա հարսին ու իմացել, որ նրան մորաքրոջ աղջիկ ունի մարդու տալու:
Արշակ ամին պապիս հետ վեր ա կենում մի օր ու գնում հարեւան գյուղ աղջկատեսի: Մի սիրուն աղջիկ հաց ա գցում, չայ ա տալիս, ու Արշակ ամուն ասում են, որ դա ա էդ աղջիկը: Նա էլ հավանում ա: Մի ամիս անց գալիս են զուռնա-դհոլով, հարսանիք ու նշան մի տեղ անում, հարսին վերցնում, բերում են մեր գյուղը: Էն վախտերն էլ հարսի երեսին թավ քող էին գցում պսակելիս ու մինչեւ քնելը չէին բացում: Տենց քողով հարսին բերում են, մեր գյուղում հարսանիքը շարունակում տղու տանը: Հարսանիքից հետո տան սաղ ժողովուրդը դուրս են գալիս սրահում քնում, թազա հարս ու փեսուն` օթախում քնացնում: Դե էն վախտերն էլ էլեկտրականություն չկար, լամպ էին վառում, առաջին գիշերն էլ ի՞նչ լամպ, եթե վառած էլ էր լինում հանգցնում էին, որ աղջիկը չամաչի առանց էդ էլ կուսության կորստի հետ կապված առաջին գիշերվա ապրումներից: Ըտենց քնում են հարս ու փեսա, Արշակ ամին հարսի երեսը բնականաբար մութ սենյակում չի տեսնում:
Առավոտը Արշակ ամին արթնանում ա, տեսնում կողքի պառկածը հեչ նման չի իրա տեսած ու հավանած աղջկան: Նա սիրուն, սպիտակ, անմազ երես ուներ, սա բեղավոր ա ու սեւ: Արշակ ամին չի իմանում, թե ինչ անի: Գնում ա, պապիս ասում ա` արի մի հատ նայի, տես էս աղջիկն է՞ն ա, որին մենք տեսել ենք, ես էլ հավանել եմ: Պապս գալիս ա, Արշակ ամու թազա բեղավոր կնիկն էլ հաց ա գցում, չայ տալիս: Պապս ասում ա` չէ, Արշակ, սա բեղավոր ա, նա բեղեր չուներ: Ու Արշակ ամին հասկանում ա, որ իրան խաբել են: Պապս էլ ասում ա` դե հիմա ի՞նչ պիտի անես, երեւի սա քո բախտն ա, հո չե՞ս տանելու սրան աղջիկ բերած, կնիկ սարքած տաս ծնողներին, թե սա իմ հավանածը չի: Քոնը սա ա: Արշակ ամին էլ մտածում ա, որ եթե տենց ասի, կարա հետ տա, բայց էս խեղճ աղջկա կյանքը վարի կտա, սրան ոչ ոք էլ չի ուզի կնիկ դառած: Ու տենց համակերպվում ա իրա ճակատագրի հետ ու մնում Անուշ տատի հետ: Անուշ տատն էլ բեղերը հենց նենց չի ունենում, ինչ որ հորմոնալ խանգարումներ էլ ա ունենում հետը, մի խոսքով` երեխա չի կարում ունենա: Վերցնում են Արշակ ամու ախպոր չորս երեխեքից մեկին ու պահում իրանց երեխու նման: Դա էլ հենց Արեւիկի հերն ա լինում: Այ տենց: Մինչեւ հիմա մեր գյուղում ասում են. «Խաբել են` ոնց որ Արշակ ամուն», եթե ուզում են ասեն, որ մեկին ուժեղ հարիֆացրել ու խաբել են: Բա¯:
Անուշ տատը բարի կնիկ էր, թթու լավաշ էր միշտ տալիս մեզ, մխաշար, կաթի սերն էր հավաքում ու տալիս, որ մենք ուտենք, «ջան գցենք»: Դե ինձ ջան գցել պետք չէր էդքան էլ, բայց վտիտ ու նվազ Արեւիկին պետք էր: Նա էլ գցեց: Տասնյոթում թափ առավ, հասավ միջին բոյի` կնոջ համար, կրծքեր սկսեցին երեւալ նույնիսկ, մի խոսքով, Արեւիկս սիրունացավ: Դե իհարկե, չդառավ գեղեցկուհի, բայց իրա մուշտարին ուներ:
Քաղաքում էին ապրում իրանք, հերը հանքում առաջավոր էր, սոցիալիստական մրցման հաղթող, լավ փող էր աշխատում տաժանակիր աշխատանքով, բայց ընտանիքը լավ ապահովում էր, լավ էին ապրում, ուրիշներից հետ չէին մնում: Աբոյներով ռեմոնտ արած բնակարան ունեին, չեխական ստենկա ու խոլ, խոհանոցի մեբելն էլ մերձբալթյան էր: Չորս սենյակ ունեին:
Արեւիկը աշխատում էր ուսումնարանին կից գործարանում, դեռ պրակտիկա էր: Ընդեղ մի տղու հետ ծանոթացավ, հավանեցին իրար, ու շուտով Արեւիկին եկան ուզելու: Արեւիկը շա¯տ, շա¯տ պարկեշտ, հայկական ավանդական դաստիարակություն ստացած աղջիկ էր: Չնայած ես էլ գյուղ չէի գնում ամառները, այլ Սեւան, բայց քաղաք գնալիս միշտ զանգում էի, հետաքրքրվում` ո՞նց ա, ի՞նչ ա Արեւիկս: Մանկական ընկերուհին ուրիշ բան ա: Կյանքը տանում ա ձեզ իրարից տարբեր ճանապարհներով, դառնում եք ամենքդ մի ձեւի մարդ, ամենքդ ձեր ներքնաշխարհի, կրթվածության ու հակումների համեմատ ընկերական շրջապատ, ժամանց ու կյանք եք ընտրում, հետաքրքրություններն էլ ժամանակի հետ ավելի են ուժեղ տարբերվում: Բայց միասին անցկացրած մանկության հավ գողանալու նման հիշողությունները միավորում են, ու միշտ ուզում ես իմանաս, թե ո՞նց ա մանկությանդ ընկերուհին:
Երբ ես իմացա, որ Արեւիկը նշանվել ա, ուրախացա, զանգեցի շնորհավորեցի, որովհետեւ եթե ինձ համար հաջող ամուսնությունն ու հաջող կյանքը հոմանիշներ չէին դեռ, Արեւիկի համար դա նպատակ էր: Ու ես ուրախ էի, որ Արեւիկս հասնում ա իրա նպատակին` ամուսնանալու ա, ընտանիք կազմի, երեխեք ունենա: Արեւիկին, ինչպես հայ կանանց ութսուն եւ ավելի տոկոսին, կյանքում ուրիշ բան պետք չէր:
……………………………….
Եսօր Արեւիկիս հարսանիքն ա: Չնայած ես հարսանիքներ չեմ սիրում, բայց Արեւիկիս հարսանիքին պիտի գնամ, գիտակցությունս ասում ա` գնա, ենթագիտակցությունս էլ բողոքում ա: Բայց ես ենթագիտակցությունս պիտի անջատեմ էսօր, որովհետեւ Արեւիկիս պետք եմ, հարսնաքուր եմ: Հատուկ նույնիսկ սիրուն շոր եմ առել ամերիկայից եկած պասիլկի միջից, մեր թաղի սպեկուլյանտ Սեւո տոտայից, հարյուր ռուբլի եմ տվել, սիրուն շոր ա, սաղին դուր ա գալիս, բացի ինձնից, մի տեսակ փայլուն ա, մեջը լյուրեքս գցած, եսիմ, ասում են` մոդնի ա: Մազերս երկարել են, իմ ուզած երկարությունն ա հիմա. ուսերիս վրա նստած: Շորը հագել եմ հիմա, կանգնել եմ հայելու առաջ, դուրըս եմ գալիս, բայց մի տեսակ ես չեմ, ես ե°ս եմ, երբ մալյարի շալվարով եմ լինում կամ էլ «վրանգլեր» ջինսովս: Չէ, առած չի, ինձ համար վրանգլեր առնող չէր լինի, ուղղակի հերս աշակերտ ա պարապել ինստիտուտի համար, դրանք էլ նորեկ հայեր են, պասիլկա բան են ստանում, դե վարձի մի մասի տեղն են տվել: Իմ վրանգլերից ոչ ոք չունի: Ունեն լեվայս, տեխասներ ունեն: Իսկ վրանգլեր մենակ ես ունեմ: Ահավոր թանկ ա, երկու հարյուր հիսուն ռուբլի, երկու ամսվա աշխատավարձ: Բայց էսօր չեմ հագնի դա, էսօր սենց շորի օր ա: Որովհետեւ Արեւիկիս հարսանիքն ա: Հարսնաքուր եմ, ուրեմն պիտի Սրեւիկի ուզածով հագնեմ, իսկ Արեւիկս սենց ա ուզում: Նույնիսկ շրթներկ կքսեմ, հատուկ օր ա սա: Արեւիկս ամուսնանում ա: Հերը փող չի խնայել, ամեն ինչ տեղը տեղին արել ա: Զուռնա-դհոլ, աղջկա տանը` երաժշտություն, հարսանքի սեղան, հետո էլ տղու տանը: Գնամ:
Արեւիկենց տանը եռուզեռ ա: Գյուղի հայաթում են հավաքվել հյուրերը, խումբ-խումբ դառած գյալաջի են անում, սպասում են, որ խնամիքը գան:
Հենա, գյուղի վերեւում երեւացին մեքենաները: Արեւիկի մերը ափալ-թափալ շորերը փոխեց, խեղճի վրա հալ չկա, երեւի սաղ նախորդ օրը տանջվել ա: Ես գնում եմ Արեւիկի մոտ: Արեւիկս նստել ա ներսի օթախում ու դողում ա:
— Արեւիկ, խի՞ ես դողում տենց, ուրախ չե՞ս, հարսանիքդ ա, էդ չէի՞ր ուզում, քեզ ինչքան գիտեմ, նպատակդ եղել ա ամուսնանալը: Սիրո՞ւմ ես Ռուդիկին, թե՞ չես սիրում, ասա, ես քեզ կառնեմ ու կփախչենք, վեջդ մի դնի, ասա°, փոշմանե՞լ ես:
— Չէ, չեմ փոշմանել, ուղղակի վախում եմ մի տեսակ, ոնց որ սիրտս անհանգիստ լինի էլի: Դե առաջի գիշեր ա, բան ա, ասում են` ցավում ա, համ էլ ամոթ բան ա մի տեսակ:
— Է, Արեւիկ, խի՞ գիտեիր` ամուսնանալը խաղ ու պար ա՞, շախմատ ես խաղալու մարդուդ հետ: Համ էլ ի՞նչի ես վախենում, ասում են` վատ բան չի էդ սեքսը: Սաղ ուզում են, դու վախում ես: Ցանցառ մարդ ես, Արեւիկ:
— Դե հա, հասկանում եմ ամեն ինչ, ուղղակի վախում եմ էլի: Ամեն ինչ նորմալ ա, բանի տեղ մի դնի, եկան խնամիքը, դուրս արի գնա պարի: Սինի, բան են տալու, թո քեզ էլ մի նվեր տան:
— Յա, Արեւիկ, ես չեմ կարա պարեմ, ես պարող չեմ: Ինձ նվեր պետք չի:
— Իմ խաթեր պարի էլի էսօր:
— Դե լավ, տենամ կարա՞մ:
— Կարաս, գնա:
Դուրս եկա, խնամիքը իջնում էին կակռազ մեքենաներից: Ի՞նչ անեմ, ո՞նց պարեմ ես: Բայց խոսք եմ տվել Արեւիկիս:
Զուռնա-դհոլը նվագեցին: Պահ-պահ են ասում սաղ, պար են գալիս հայաթի մեջտեղը: Ես էլ մտա: Չեմ իմանում ձեռքերս ո՞նց շարժեմ, նայում եմ, դեմս Արեւիկի հորաքրոջ աղջիկն ա պարում, ու կրկնում եմ իրա շարժումները: «Մարդու աննորմալ ռիթմիկ շարժումը կոչվում է պար»: Լսել եմ ինչ-որ տեղ: Հա, հասկացանք` բալետ են պարում, մեջը իմաստ կա, բա սենց քամակը դես-դեն գցելու, ձեռքերը վերեւդ պտտելու մեջ ի՞նչ իմաստ կա: Չէ, չեմ հասկանում ես: Դե պարեմ էլի, Սրեւիկիս խաթեր: Սինի են տվել, պար պիտի ածեմ: Ինչ էլ ծանր սինի ա, կոնյակ ա մեջը, կոնֆետներ ու ինչ որ տուփ ա, էդ էլ երեւի նվերս ա: Տենաս ի՞նչ ա: Հաստատ պենյուար բան կլնի, կամ էլ` կամբինացիա ու կալգոտկի: Սաղ Հայաստանը կամբինացիա ա հագնում, ես չեմ կարողանում հասկանամ դրա իմաստը:
Դե լավ ա, մտնում ենք տուն: Մտանք Արեւիկիս սենյակը, տղամարդկանց դուրս են արել, հարսին հագցնում են: Արեւիկս շատ, շատ ամաչկոտ ա, երեխա վախտ նույնիսկ մոտս չիշիկ չէր անում, գնում էր հեռու, թաքնվում, հետո անում: Բա ՞ոնց ա հիմա Արեւիկս էս սաղ մի քսան հոգու առաջ հանվելու, տկլորանա: Խե¯ղճ Արեւիկ: էլի դողում ա, ավելի ա դողում:
Հանեց շորերը: Ոնց որ տասը տարեկան երեխուն կրծքեր կպցրած լինեն ու մի քիչ էլ տուտուզ, էնքան վտիտ ա Արեւիկս: Չէ, Անուշ տատի, քո կաթի սերը Արեւիկին ջան չգցեց:
Հանում են հարսի շորերը, սկզբից տրուսիկ ու լիֆ են հագցնում, Արեւիկս մտնում ա մահճակալի հետեւը ու ընդեղ փոխում ա դրանք, երեւի կարելի ա տենց: Հետո կամբինացիա են հագցնում սպիտակ, հետո հարսի շորը: Սիրուն շոր ա, ժանյակավոր, Արեւիկս հագավ ու դառավ գեղեցկուհի: Ամեն շոր հագցնելուց ասում են.
— Շնորհավոր լինի, պարզերես հարս գնաս, լավ հարս դառնաս, յոթը երեխա բերես:
Կոնֆետների բոնբոներկան բացել ա Արեւիկի տալն ու բաժանում ա սաղին: Սաղ ուտում են ու ասում` շնորհավոր: Ես էլ եմ ուտում ու ասում: Վերջ, Արեւիկի գլխին հարսի քող են գցել, Անուշ տատի ստվար քողից չէ, Արեւիկիս երեսը երեւում ա Գաուսի հնարած կինոյի էֆեկտի տպավորության նման, էն որ համր կինոյում ցանցի միջով էին նկարում դերասաններին, որ դեմքի անհարթությունները չերեւան: Հիմա Արեւիկս ա իրա քողի տակին դառել սիրուն, անթերի: Դե հարս ա, երեւի հարսների համար էլ են դա հնարել, որ հարսները սաղ սիրուն լինեն: Արեւիկս ինձ համար ամենասիրունն ա, բայց դե օբյեկտիվ նայած` սովորական աղջիկ ա էլի:
Մոտեցա Արեւիկիս գրկեցի, պաչեցի, ասեցի` քեզ համբերություն էսօր, հետո էլ` երջանկություն: Կարծես թաղում լիներ:
Դուրս եկա: Կանգնել եմ մարդկանց ամբոխի մեջ ու սպասում եմ սաղի նման: Թոյբաշին իրա պարն ա պարում: Ինչքան գիտեմ, Արեւիկի հորքուրը պիտի ձգտի կանաչ ժապավենը կապի թոյբաշու կարմիրից վերեւ, ու թոյբաշին էլ պիտի չթողնի, որովհետեւ եթե թողնի` տան գլխավորը Արեւիկն ա լինելու: Երանի թե կարա կապի Սաթո տոտան: Արեւիկս իրա տանը մատրիարխատ կսարքի: Հիհի: Չէ, հիմարություն ա, ինչ էլ լինի, կանաչը կարմիրի տակն են կապելու, հո խայտառակ չեն լինելու: Տենց էլ եղավ, չնայած Սաթո տոտան նենց տիպն ա, որ կտանի Վանի պապու աղբյուրն ու ծարավ հետ կբերի, բայց ստեղ երեւի ինքը տենց որոշեց, որովհետեւ էս մի թիքա թոյբաշին քաք էր կերե` Սաթո տոտայի հետ մրցի: Կապեցին, ծափահարեցին: Հիմա զուռնա են նվագում մենակ: Վայ, նենց չեմ սիրում զուռնայի ձայնը: Զռռան ձեն ա, տհաճ: Երեւի թե զուռնայի ձայնի պատճառով էլ ա, որ հարսանիքներ չեմ սիրում: Համ էլ հարսը միշտ մեղքս ա գալիս: Փեսեն էլ, բայց էդքան չէ, ինչքան հարսը: Քիչ ա մի սաղ օր բոլորն իրանց են նայում, պիտի նենց անեն, որ հանկարծ քիթ չփորեն, ձվեր չքորեն, խայտառակ կըլնեն: Ո՞նց են էդքան վեր կենում-նստում ամեն կենացի հետ, հետո էլ համարյա ոչ ուտում են, ոչ խմում: Հարսանիքը սաղի համար տոն ա, բացի հարս ու փեսուց երեւի ու սեղանը մատակարարողներից, նվագողներից, ու թամադայից: Թամադան պապս ա: Պապս ամեն ինչի թամադա ա: Թաղումների, հարսանիքների, ծնունդների, քառասունքների… Տատս էլ մոտը նստում ա, որ հանկարծ չթողնի մի ավելորդ բան ասի, որովհետեւ պապս որ ցիկլի մեջ ա ընկնում, սկսում ա իրա մասին պատմել կամ անեկդոտներ, երգելով, բանաստեղծություններ ու ասացվածքներ մեջբերելով: Եթե չկանգնացնես, կարա անընդհատ խոսա: Շախով մարդ ա պապս: Վիդնի էլ ա: Ինքնուս երաժիշտ ա, ժողգործիքների խումբ ունի, հարգում են սաղ, սիրում են, համերգներին գալիս են: Չէ, թամադան մեղք չի, պապս կայֆ ա ստանում թամադայությունից: Ինքը արտիստ ա ու հանդիսատեսներ ունի: Տատս ա մեղքը:
…………………………………………..
Արեւիկին բերում են: Երեւացին, փեսեն մոտեցավ, Արեւիկը մտավ թեւը: Վա¯յ, էս ի՞նչ ա: էս ինչ օդ ա լցվել թոքերս էլի: Վայ, դավաճան ծիծաղ, ի՞նչ ես անում, Արեւիկիս հարսանիքն ա, թող մնամ էլի: Չեմ կարողանում հարսանիքներին ու թաղումներին մասնակցել, քանի որ պաթետիկան զռռում ա, իսկ ես հիստերիայի մեջ եմ ընկնում, երբ լիքը ժողավուրդ մի տեղ հավաքվում ա ինչ-որ վերամբարձ, կեղծ պաթետիկ մի գաղափարի ոգով համախմբված, ինչ-որ երեւույթով կամ իրադարձությամբ միավորված: Չեմ էլ իմանում, թե ինչ անեմ, եքա մարդ եմ, սկսում եմ անղեկավարելի ծիծաղել, չնայած ծիծաղելի ոչ մի բան ոչ հարսանիքի, ոչ էլ առավել եւս թաղման արարողությունների մեջ չկա: Ծիծաղում եմ, հեւալով, շունչս կտրվելով էնքան, մինչեւ թուլանում եմ ու հետո սկսում լացել: Վատագույն դեպքում վերջանում ա ուշաթափությամբ, լավագույն դեպքում` թողնում փախչում եմ: Իսկ ամենալավն էն ա, որ վաբշե չեմ գնում: Առաջին անգամ սենց բան պատահեց ինձ հետ, երբ տասնվեց տարեկան էի, ընկերուհիս սրտի արատ ուներ ու հիվանդանոցում պառկած էր, հետո ծննդին դուրս էր գրվել եկել տուն, ծնունդ արել, հաջորդ օրն էլ իմացանք, որ մահացել ա… Գնացի թաղում, իմ կյանքում առաջին գիտակցված մահն էր Ռուզանի մահը: Ռուզանի թաղումը դառավ իմ հետագա կյանքի ամենամեծ խայտառակությունը, ամոթն ու վախը: Ես հենց տեսա թաղման թափորը, լացող մարդկանց ու հանգիստ, անվրդով դեմքով կարծես քնած Ռուզանին, սկսեցի ծիծաղել: Մարդիկ շշմած ինձ էին նայում ես էլ չէի կարում, թե հանգստանամ, հետո ծիծաղս վերածվեց լացի, ու ես ուշաթափվեցի թաղման եկած մարդկանց ապշած հայացքների առաջ…
Դրանից հետո ոչ մի թաղում էլ չգնացի, գիտեի թե` դիակի տեսքից ա ինձ մոտ էդ աննորմալ պոռթկումը:
Չնայած ինքս ինձ ստիպեցի ու գնացի բժշկականի անատոմիկ կորպուս, նայեցի լիքը դիակների, նույնիսկ հերձման ներկա գտնվեցի: Մի խոսքով, դիակից չէր իմ հիստերիան:
Երբ Երեւանում սկսվեցին 1988-ի ազգային զարթոնքի, «Ղարաբաղ» կոմիտեի ցույցերը, ու ես ամբոխի մեջ մտած գնացի օպերայի առաջ, ուր ելույթներ էին ունենում ազգասեր հռետորները ու լոզունգներ գոռում-գոչում սովետի միապաղաղ կյանքից հոգնած ու ըմբոստության համի կայֆը առաջին անգամ ղարաբաղյան շարժման մեջ գտած ցուցարարները: Մի երկու ժամի չափ լավ էի, ու ոչ մի բան ցույց չէր տալիս, որ կարող ա չարաբաստիկ դավաճան ծիծաղը սկսվի սենց մի տեղ, ուր դիակ չկա: Մի շատ ակտիվ հռետոր էր քաղաքացիական անհնազանդություն ու «Ղարաբաղը մերն է» գոչում. որ նայում էիր նրան, թվում էր, թե էդ մարդը ամբողջ կյանքում քուն չի ունեցել Ղարաբաղի հայաբնակ ժողովրդի Ադրբեջանի լծի տակ յոթանասուն տարի գտնվելու դարդից, նենց կեղծ պաթետիկա էր թափվում վրից: Ես զգացի, որ կրծքավանդակս դավաճանաբար սկսեց լցվել ծիծաղի օդով, ու մի քանի րոպե դիմադրելուց հետո դուրս մղվեց ռունգերովս, բերանովս, թվում էր, թե ականջներս էլ են ծիծաղում, բայց ախր ես հո գիտեի, որ դա ոչ մի ծիծաղ էլ չի, դա ալերգիա ա: Ժողովուրդը ինձ էր նայում նենց, կարծես ես ազգասպան էի դառել իմ էդ ծիծաղով: Ընկերուհիներս ինձ ստվար ամբոխի միջով մի կերպ հանեցին ցուցարարների միջից, նստացրին Սարյանի արձանի մոտ ու ջուր տվեցին: Ես ջրով խեղդվեցի ու ծիծաղս մոռացա:
Հետո եղավ հարսանքահիստերիա, դե դա ամենափոքրագույնն էր նմանատիպ անախորժությունների շարքում, որովհետեւ հարսանքավորները որոշեցին, որ ես ուղղակի հարբած եմ մինչեւ հարսանիքը սկսելը, քանի որ ծիծաղս բռնել էր հարսին տղու տնից տանելու արարողության վրա, երբ թոյբաշին պար էր գալիս, սինիներ էին պար տալիս, ու էն մոմենտին, որ հարսը դուրս եկավ փեսու թեւը մտած` ես պայթեցի ու պուկ փախա տատիս տան երրորդ հարկը, փակեցի դուռ ու լուսամուտ ու հեռուստացույցը զռռացրի:
Չէ, չի թողնում: Բայց ախր սա հարսանիք ա, ա°յ ծիծաղ: Դե, էլ բռնել ա: Թողնեմ գնա՞մ: Արեւիկս կնեղանա: Ծիծաղում եմ, ու կանգ առնել չկա: Սաղ հարս ու փեսից ուշադրությունները դեպի ինձ են ուղղել: Երեւի մտածում են, թե խմած եմ: Չէ, գնամ: Փախա, խութով բաձրացա մեր տուն, ռադիոն զռռացրի, որ զուռնա-դհոլի ձենը չլսեմ, ու սկսեցի զռռալ, ինչպես միշտ վերջանում ա էդ տեսակի ծիծաղը: Լավ ա, ուշքից չգնացի:
Հարսանիքի վերջը տենց էլ չտեսա: Հըլը պիտի տղու տուն էլ գնայի, որպես հարսնաքուր: Կներես, Արեւիկ, գիժ եմ ես երեւի:
Արեւիկին տարան…
Հաջորդ օրը ամենավատ օրերից մեկն էր իմ կյանքում..
Արեւիկին զուռնա-դհոլով Ռուդիկը տարել ա, մի գիշեր հետը քնել, տեսել ա` աղջիկ չի, հետ ա բերել, հորը տվել ու ասել ա, որ Արեւիկը աղջիկ չի եղել, որ ինքը դուռակ չի, որ կնիկ սաղացնեն վրեն..
Արեւիկին տեսա, նստած էր իրանց հայաթում, փոքրիկ աթոռի վրա, ձեռները շեքի առաջ բռունցք արած կարծես պաշտպանելիս, մարկանցից փակելուս լիներ, գլուխը հենած գոմի դռանը ու չէր խոսում: Ես խոսցնում եմ, ինքը չի պատասխանում…
Գնացի քաղաք: Արեւիկս մնաց գյուղում, Անուշ տատի մոտ: Հետո գալիս էի, տեսնում էլի Արեւիկս նույն դիրքով նստած ա: Վախենում էի խոսցնեմ արդեն, ասում էին` գժվել ա:
Արեւիկի պարկեշտության ու միամտության մասին սաղ գյուղը գիտեր, ու նրա կուսաթաղանթի մի կաթիլ արյան բացակայությունը կարեւոր էր մենակ Ռուդիկի ու իրա ընտանիքի համար: Մեկ էլ` Արեւիկի, որովհետեւ Արեւիկը գժվել էր: Տարել էր հերը ստեղ-ընդեղ, բժիշկներին էր ցույց տվել, բուժումներ էին արել, ու Արեւիկս քիչ թե շատ ուշքի էր եկել: Հերը նույնիսկ չէր էլ մտածել որ աղջկան հարցուփորձ անի, թե ո՞ւր ա նրա կուսաթաղանթը, որովհետեւ դա Արեւիկն էր, որովհետեւ եթե ես աչքերի արանքով, առհամարհանքով ու զզվանքով էի նայում պարկեշտության էդ ազգային չափանիշին, ապա Արեւիկի համար դա կարեւոր էր, շատ կարեւոր, ու Արեւիկը չէր կարա կյանքում իրա համար էդքան մեծ նշանակություն ունեցող բանի հետ տենց խաղեր անի: Չէ, չէր կարա: Արեւիկի հետ Աստված էր խաղեր արել ու փորձություններ ուղարկել…
Հետո իմացա, որ չանցած էդ ապուշ դեպքից մի տարի` Արեւիկս կազդուրվել էր իրա, ինչպես պարզվեց, ժամանակավոր խելագարությունից, որն ընդամենը ուժեղ հոգեկան ապրումների, ցնցումների հետեւանքով տարած փսիխոզ ա եղել, ու սկսել էր աշխատել լամպերի գործարանում:
Չանցած մի քանի ամիս, իրա հետ աշխատող մի շատ լավ տղա հավանել էր Արեւիկիս, Արեւիկս էլ ուժ էր գտել իրա մեջ ու հավատ ունեցել էնքան, որ նորից հավատացել էր «հայ տղամարդ» անունը կրող հոտից Նվեր անունով մի տղայի խոսքերին, որ կտանի, իրա կինը կդարձնի, որ իրանք լավ կապրեն, երեխեք կունենան… Եկել էր Արեւիկին ուզելու ու առանց հավատալու կամ թքած ունենալով նույնիսկ, եթե էն մարդին գնալուց աղջիկ էլ չի եղել, առանց հարսանիք անելու ամուսնացել ա հետը:
Արեւիկն ու Նվերը, որն Աստծու կողմից ուղարկված մի իսկական նվեր էր Արեւիկիս համար, հաշտ ու խաղաղ ապրում են մինչեւ օրս մեր քաղաքում:
Ես Արեւիկին վաղուց չեմ տեսել, բայց ամեն ինչ, ինչ ինձ պետք ա իմանալ, որպեսզի մանկության ընկերուհուս համար հանգիստ լինեմ` գիտեմ: Արեւիկը ունի ամուսին, երեխաներ, մի խոսքով` հասել ա նրան, ինչին ձգտում էր, իրա նպատակին: Ես էլ ուրախ եմ: Շատ:
Ռուդիկը երկու կնիկ ա ուզել Արեւիկից հետո, երկուսից էլ բաժանվել ա, չնայած երկուսն էլ կուսաթաղանթ են ունեցել, ու հիմա ջհանդամված ա ռուսաստանները…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.