Պատմությունը կրկնվում է. մեր իրականության համար կարելի է ասել պատմության դառը դասերն են կրկնվում ու ցավոք բավականին հաճախ, միայն թե դրան ուշադրություն դարձնող չկա:
Միշտ էլ եղել է այնպես, որ մեր մեծ մտածողները` տաղանդավոր մարդիկ, ստեղծագործել են դրսում` Հայաստանից դուրս, լավագույն դեպքում Թիֆլիսում: Անհասկանալի է, իրենց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի, թե Հայաստանում եղած սոցիալտնտեսական վիճակի պատճառով, որն այդպես էլ կարծես դարեդար չի փոխվում:
Մի հետաքրքիր պատմություն գալիս է հաստատելու այս միտքը. Վրաց տաղանդավոր դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին գնում է Իտալիա ու հանդիպում Ֆեդերիկո Ֆելինիին: Խոսում են դեսից-դենից, իտալացի ռեժիսորը հարցնում է. «Սերգոն ի՞նչ եղավ, ի՞նչ է անում»: Դերասանուհին ասում է, թե նա արդեն դուրս է եկել բանտից (Սերգեյ Փարաջանովին այլախոհության համար խորհրդային ղեկավարությունը փակել էր բանտում): Ֆելինին հարցնում է. «Ֆիլմ նկարո՞ւմ է» Ճիաուրելին պատասխանում է` ոչ: Իտալիայից վերադառնալով՝ դերասանուհին հանդիպում է Էդուարդ Շևարդնաձեին և պատմում հանդիպման մասին, արդյունքում Վրացական ԽՍՀ ղեկավարը հրահանգում է Փարաջանովին «բերման ենթարկել» Վրաստան, և ֆիլմ նկարելու հնարավորություն տալ: Այդպես, Փարաջանովը ստեղծում է իր «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշիկ Քերիբը»:
Այդ ֆիլմերը Փարաջանովը կարող էր նկարել Հայաստանում: Բայց նկարում է Վրաստանում, քանի որ այդ երկրի ղեկավարը կարողացավ գնալ ընդդեմ կարծրատիպերի և արգելքների: Ի դեպ, այդ նույն Շևարդնաձեն գաղտնի թույլտվություն է տվել Թենգիզ Աբուլաձեի հռչակավոր «Ապաշխարանք» ֆիլմի նկարահանմանը, որը մեծ էկրան դուրս եկավ միայն գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին:
Ինչու Հայաստանում չմնաց Փարաջանովը, չմնացին նաև շատերը, նրանց հետ վավերագրական կինոյի մյուս հանճարը` Արտավազդ Փելեշյանը: Նա էլ, ասում են, Հայաստանից երես թեքեց այն բանից հետո, երբ իր ֆիլմի համար հատկացված գումարը հայտնվեց մեկ ուրիշի գրպանում և այդ ուրիշը ֆիլմ նկարեց դրանով:
Այսօր կրկնվում է պատմությունը. «Էսօր հայ ժողովուրդը շատ տաղանդավոր ու խելացի է, չենք կարող բոլորին աջակցել»,- պատասխանել են տալիս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արմեն Գասպարյանին ՀՀ մշակույթի նախարարությունում:
Մշակույթի նախարարությունը հակամշակութային է
Գասպարյանը խնդրում էր աջակցել` մասնակցելու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Քրիստոնեական (կաթոլիկ) ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային «Magnificat» 7-րդ կինոփառատոնին, որի հրավերը ստացել էր, և որի մրցութային ծրագրում ընդգրկված էր իր ֆիլմը` «Հայկական հացը»: Հյուրանոցային և այլ ծախսերը հոգում էր հրավիրող կողմը, խնդիրն ընդամենը ճանապարհածախսի ապահովումն էր` մոտ 200 հազար դրամ:
Գասպարյանը հիմնականում արտերկրում աշխատող ռեժիսոր է, Հայաստան գալուց առաջ նա բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և ֆիլմեր նկարում` տարբեր երկրների ֆինանսավորմամբ: «Հայկական հացը» ևս համատեղ ֆինանսավորմամբ ֆիլմ էր` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Հայաստան: Առաջին երեք երկրները պատրաստ են լինում սկսել ֆիլմի ֆինանսավորումը, բայց քանի որ ֆիլմն ամբողջությամբ Հայաստանի մասին էր, պայման է դրվում, որ Հայաստանը ևս` գոնե խորհրդանշական մասնակցություն ունենա, թեկուզ` 10 տոկոսի չափով: Գասպարյանը դիմում է մշակույթի նախարարություն: Նախարարությունից սկզբում բանավոր համաձայնություն են տալիս, հայտնում, որ իրենք էլ են շահագրգռված, բայց երբ արդեն բանը հասնում է պաշտոնական պատասխանի, մերժում են: Մյուս երեք համաֆինանսավորողներն արդեն որոշ գումար հատկացրել էին` չկասկածելով, թե հայկական կողմը կարող է մերժել, սակայն տեղեկանալով այդ մասին, դադարեցնում են հետագա ֆինանսավորումը: Ռեժիսորը, սակայն, սեփական ուժերով և տարբեր տեղերից որոշ գումար հայթայթելով՝ նկարում է ֆիլմը: Գասպարյանը դիմում է նախարարություն` փառատոնին մասնակցելու գոնե ճանապարհածախսի հարցում աջակցելու խնդրանքով. առանց այն էլ` ֆիլմն ավարտին հասցնելու համար պարտքեր էին կուտակվել:
Փառատոնին ևս Գասպարյանը մասնակցում է սեփական միջոցներով: Վերադառնում է Երևան, և երբ նախարարությունում իմանում են, որ ֆիլմը հաջողության է արժանացել («Հայկական հացը» ստանում է առաջին մրցանակ` ազգային պատմության ցավոտ թեմաները բացահայտելու պրոֆեսիոնալիզմի համար, բացի դրանից, նաև Հունակաթոլիկ եկեղեցին ֆիլմն արժանացնում է հատուկ մրցանակի` ցեղասպանության ենթարկված հայ քրիստոնյաների հավատապահպանական արիության խորաթափանց վկայության համար), Գասպարյանին հորդորում են մի անգամ էլ դիմում գրել նախարարի անունով` փառատոնին մասնակցության ծախսերը փոխհատուցելու համար: Ռեժիսորը գրում է, և կրկին մերժվում:
Այս ընթացքում, Հայաստան վերադառնալուց ի վեր, ֆիլմ նկարելու հետ կապված տարբեր հանդիպումներ ունենալով` Գասպարյանն իր համար վերջնականապես բացահայտում է, թե ինչ ասել է Հայաստանի մշակույթի նախարարություն և, ընդհանրապես, Հայաստանում ինչ է կատարվում այս ոլորտում:
Պետական բյուջեից կինեմատոգրաֆիային հատկացվում է 500 հազար եվրոյի կարգի գումար: Բայց անհնար է, որ անգամ ամենատաղանդավոր ռեժիսորն ամենատաղանդավոր սցենարի համար, դրանից գումար ստանա: Գեղարվեստական ֆիլմերի համար գումար հատկացնողը «Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը, սակայն, ինքնուրույն չի գործում: Եթե որևէ ֆիլմ անգամ հավանության է արժանանում այստեղ, ապա այդ ֆիլմը պետք է դեռ նախարարության կազմում գտնվող խորհուրդների հավանությանն էլ արժանանա: Իսկ այնտեղ նստածների գլխավոր խնդիրը պետբյուջեից ոլորտին տրվող գումարը յուրայինների միջև կիսելն է` անկախ նրանից, որ գեղարվեստական ֆիլմի փոխարեն յուրայինը, դիցուք` նախարար Հասմիկ Պողոսյանի ամուսնու բաժակի ընկեր Սուրեն Բաբայանը կստեղծի կարճամետրաժ ֆիլմ, որը ոչ մեկին պետք չէ, կամ ընդհանրապես՝ ստեղծված ֆիլմերը ո´չ միայն Հայաստանից դուրս ոչ մեկին չեն հետաքրքրի, այլև Հայաստանում էլ դրանցով հետաքրքրվող չի լինի:
Ըստ Գասպարյանի, վավերագրական ֆիլմերի «մաֆիան» «Հայք» կինոստուդիայի տնօրեն, համատեղության կարգով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի ղեկավարությամբ է գործում: Այստեղ էլ նա է յուրայինների մասին հոգ տանում:
Պետբյուջեից գումար է հատկացվում նաև փառատոների մասնակցության և նմանատիպ այլ ծախսերի համար: Հանդիպման ժամանակ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտնում է Գասպարյանին, որ սկզբում այդ գումարը, ճիշտ է, իրենց էր տրված, բայց նախարարը վերցրեց իրենցից, այնպես որ 39 մլն դրամի բաշխումը որոշում է բացառապես Հասմիկ Պողոսյանը: Իսկ Հասմիկ Պողոսյանը, որոշում է, որ այդ գումարը սպառվել է, և հիշյալ ռեժիսորին գումար տրամադրելն ավելորդ շռայլություն կարող է լինել նախարարության համար:
Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» ֆիլմը հրավիրված է նաև նոյեմբերի 1 — 9-ը Մոսկվայում անցկացվող «Лучезарный Ангел» միջազգային բարեգործական 8-րդ կինոփառատոնին, որն ընթանում է Սվետլանա Մեդվեդևայի և պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո: Մշակույթի նախարարին որևէ փառատոնի մասնակցությանն աջակցելու խնդրանքով դիմում գրելը Գասպարյանն այլևս համարում է անիմաստ և պատրաստվում է Հայաստանից վերջնականապես չհիասթափվելու համար այս անգամ դիմել նախագահին:
Գասպարյանի ճանապարհածախսի հարցը լոկ ֆոն է հասկանալու համար, որ Հայաստանում պաշտոնյաները բացարձակ անհամապատասխան են իրենց զբաղեցրած պաշտոններին. այլ կերպ չի կարելի մեկնաբանել նախարարության փաստարկը, թե` «Հայ ազգը շատ տաղանդավոր է, դրա համար չեն կարող աջակցել բոլորին»: Հուսով ենք երկրի նախագահը նման մոլորության մեջ չէ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.