Հայ ազգային կոնգրեսը երեկ պատասխանեց կոալիցիային, որը երկխոսությունը վերսկսելու Կոնգրեսի առաջարկին ի պատասխան հայտարարել էր, թե վերսկսելու պայմանը շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելն է: Կոնգրեսը, ինչպես և սպասվում էր, հայտարարեց, որ հանրահավաքները չի դադարեցնելու:
Ավելին` Կոնգրեսը հայտարարեց նաև, որ դադարեցնում է երկխոսության ակնկալիքը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի միակ ելք դիտարկում ժողովրդական լայն մոբիլիզացիային ուղղված գործընթացը, ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ: Կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է նաև, թե եթե կոալիցիան ինքը դիմի երկխոսության համար, ապա Կոնգրեսը միայն այդ դեպքում կքննարկի վերսկսելու հարցը: Այդպիսով, ակնհայտ է, որ իրավիճակը մտնում է փակուղի: Փակուղի` այն իմաստով, որ երկու կողմերն էլ ընդունում են մի դիրք, որը նրանց տեղ չի թողնում մերձենալու: Կոալիցիան պայման է դնում շուրջօրյա հանրահավաքների դադարեցում, իսկ Կոնգրեսն էլ չի ընդունում այդ պայմանն ու երկխոսության իմաստը համարում է կորսված:
Բայց առաջին հայացքից լիակատար փակուղի ենթադրող այդ իրավիճակը կարող է շրջվել գլխիվայր: Սակայն դա այն դեպքում, երբ Կոնգրեսի մոտ շուրջօրյա հանրահավաքների ընթացքում քաղաքացիական մոբիլիզացիայի բավարար աստիճան ձևավորելը չստացվի: Այսպես` Կոնգրեսը շուրջօրյա հանրահավաքների որոշակի ժամկետից հետո կհայտարարի, որ դրանք ժամանակավորապես դադարեցնում է և ձեռնամուխ լինում, այսպես ասած, մարզային աշխատանքների, շրջաններում հասարակական պոտենցիալը մոբիլիզացիոն դիրք բերելու, այսպես ասած` նախամոբիլիզացիոն վիճակի հասցնելու և է՛լ ավելի մեծածավալ շուրջօրյա հանրահավաքային ակցիա անելու համար:
Առավել ևս, որ Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 30-ի իր ելույթում նշել է մոբիլիզացիոն, հասարակական ակտիվությանն ուղղված գործողությունների հնարավոր լայն սպեկտր և ընդդիմության գործունեությունը չի պայմանավորել միայն շուրջօրյա հանրահավաքներով: Երբ շուրջօրյա հանրահավաքները, որպես ակտիվ գործողությունների առաջին փուլ, ժամանակավորապես կհամարեն դադարեցված, իշխանությունը կարող է օգտվել այդ պահից և հայտարարել, որ քանի որ դրանք դադարել են, իրենք Կոնգրեսին առաջարկում են վերադառնալ երկխոսության վերսկսման հարցը քննարկելուն: Կոնգրեսը դա կարող է հանրությանը ներկայացնել որպես վերսկսելու առաջարկ, որ անում է իշխանությունը, ու գնալ այդ քայլին: Ընդ որում` այստեղ որևէ էական նշանակություն չի ունենա, թե ինչքան ժողովուրդ կկարողանա մոբիլիզացնել:
Բանն այն է, որ հենց Կոնգրեսը շուրջօրյա ակցիաները դադարեցնի, իշխանության համար շահեկան կլինի անմիջապես վերսկսել երկխոսությունը, քանի որ դա անելու պարագայում Կոնգրեսը երևի թե առավել տևական ժամանակով կզրկվի մոբիլիզացիոն պոտենցիալից, եթե այդպիսին դեռևս կա: Այստեղ երկակի վիճակում է հայտնվում Կոնգրեսը, քանի որ մի կողմից` երկխոսությունը նրան հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել իրավիճակը այնպես, որ իշխանությանը դնելով բարդ վիճակում` ստիպել են իրենց հետ նստել երկխոսության, մյուս կողմից էլ` հանրությունն այլևս է՛լ ավելի կարող է չվստահել Կոնգրեսի ռադիկալ և հեղափոխական տոնայնությամբ ելույթներին: Իր հերթին, բավական ռիսկային է իրավիճակը նաև իշխանության համար, քանի որ երկրում իսկապես բարդ սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակ է, ու ըստ էության կայծ է հարկավոր, որ կրակ բռնկվի ժողովրդական տրամադրություններում:
Եվ մտածելը, թե Կոնգրեսի «կայծքարերը» մաշվել են ու այլևս վտանգավոր չեն` կարող է իսկապես ճակատագրական լինել իշխանության համար, և այդ առումով երկխոսությունն իշխանության համար որոշակի երաշխիքային վիճակ է: Այդ իսկ պատճառով իշխանությունը նույնիսկ շահագրգռված պետք է լինի Կոնգրեսին փոխզիջումներ առաջարկելով, որպեսզի վերսկսվի երկխոսությունը: Սակայն այս ամենում, իհարկե, կրկին առաջնային պլան է գալիս և սրությամբ դրվում է հարցը, թե այդ պրոցեսներից ինչ արդյունք է սպասում հասարակությանը: Այստեղ է ամենամտահոգիչը, քանի որ քաղաքական պրոցեսների անարդյունավետությունը ձևավորելու է համընդհանուր ապատիայի մի մթնոլորտ, որը հաղթահարելը չափազանց դժվար կարող է լինել: Սա իսկապես լուրջ, և երևի թե չափազանցություն չի լինի ասել, որ ներկայումս առարկայորեն շոշափվող կամ ուրվագծվող խնդիր է:
Ընդ որում` այդ խնդրի հանդեպ պետք է անտարբեր չլինեն բոլոր այն քաղաքական ուժերը և քաղաքացիական միավորումները, որոնք իրապես մտահոգ են Հայաստանում իրավիճակի որակական փոփոխությամբ և դա են համարում իրենց գործունեության իրական իմաստը: Ապատիայի համընդհանուր խորացումը հարվածելու է բոլորին` անկախ, թե ում սխալի, իներտության կամ անհեռատեսության հետևանքով է դա տեղի ունենում: Քաղաքականության հանդեպ հասարակական վստահության հարցը Հայաստանում ներկայումս դառնում է, թերևս, առավել կարևոր խնդիր, քան իշխանափոխությունն ինքնին:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.