Եվ այսպես, մեկնարկեց ՀԱԿ-ի «մեկշաբաթյա անընդմեջ հանրահավաքը»: Մեկնարկեց իբր «ժողովրդի քվեարկությամբ»…
Չէ մի չէ` հենց մասնակիցները «ինքնաբուխ որոշեցին», միանգամից կախարդական փայտիկի շարժումով վրաններ հայտնվեցին:
Սակայն ՀԱԿ-ի հավաքած կոնտինգենտն էլ առանձնապես պայքարող պտուղ չի: Ճիշտ է, ուժերի ու բոլոր կազմակերպչական հնարավորությունների լարումով այս հանրահավաքին հավաքվեց նախորդի գրեթե կրկնակի քանակը, սակայն հենց սկսվեց անձրևը, մեծամասնությունն ակնթարթաբար անհետացան հրապարակից:
Պարզ է, որ մեկ շաբաթ Ազատության հրապարակը ՀԱԿ-ի ակտիվիստներին հանձնելը նշանակում է զգալիորեն շատացնել հոկտեմբերի 7-ի հանրահավաքի մասնակիցների քանակը: Բա որ հետո էլի՞ շարունակեն` իշխանության հեղինակությանը դա կհարվածի, ՀԱԿ-ի հեղինակությունն էլ կբարձրացնի, հետևաբար` նախընտրական «նեղ մաջալին» ՀԱԿ-ի լեզուն էլ կերկարի… Եվ իշխանությունն այժմ երկընտրանքի առաջ է`միջամտե՞լ, թե՞ սպասել: Միջամտելու դեպքում էլ` ե՞րբ: Որովհետև առանց դրա ՀԱԿ-ի ակտիվիստները չեն հեռանա հրապարակից: Չնայած`կհեռանան մի դեպքում. եթե ստանան համարժեք «ռեյտինգային» փոխհատուցում` զիջումների տեսքով: Իզուր չէ, որ Լևոն Զուրաբյանը անհապաղ կապ հաստատեց Գագիկ Մինասյանի հետ ու նրա միջոցով Դավիթ Հարությունյանին առաջարկեց վերսկսել «գյալաջիները»:
Դե ակնհայտ է, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրություններ չի տեսնի: Իշխանությունն էլ մնացած բոլոր պահանջները հաճույքով կկատարի, բացի մեկից` Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը և ոստիկանության հետ կռիվ արած բոլոր երիտասարդների քրեական հետապնդման դադարեցումը: Շատ-շատ քննչական հատուկ ծառայությունը զուգահեռաբար քրգործ հարուցի մեկ-երկու` երիտասարդներին ավելորդ «թաթալոշներ» տված կարմիրբերետավորների դեմ, այն էլ` առանց իրական պատժի հեռանկարի… Տիգրան Առաքելյանի և մյուսների հարցը իշխանության համար սկզբունքային է. եթե նրանք անպատիժ մնան, ապա մի կողմից, դա իշխանության թուլության և ՀԱԿ-ի հզորության ապացույց կդիտարկվի, մյուս կողմից` կստեղծի նախադեպ, որ ՀԱԿ-ը կարող է առանց բացասական հետևանքի ուժային ակցիաների դիմել, ինչը անհամեմատ կմեծացնի իշխանության վրա ճնշում գործադրելու ռեսուրսը:
Սակայն ՀԱԿ-ին հրապարակից անմիջապես հեռացնելն էլ մի բան չի: Չէ՞ որ հենց հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ-ն իր բանաձևով փակված է համարելու մարտի 1-ի էջը, իսկ ՀԱԿ-ի դեմ ուժ կիրառելը միգուցե դա հարցականի տակ դնի: Հնարավոր է, որ ուժ կիրառվի հոկտեմբերի 7-ից հետո, բայց այդ դեպքում էլ արդեն երաշխիք չկա, որ չի կրկնվի մարտիմեկյան տարբերակը, ինչը նախընտրական շրջանում բացարձակ անցանկալի է: Ինչևէ, հենց այս պահին ուժ կիրառելու մտադրություն իշխանության մոտ չկա, և դրա վկայությունը Է. Շարմազանովի մեկնաբանությունն է. «Մոտենում է նախընտրական աշունը եւ քաղաքական ուժերը փորձում են բարձրացնել պայքարի լարումը, որպեսզի գրավեն բողոքական ընտրազանգվածին: ՀԱԿ-ը գնում է այդ ճանապարհով: Դա քաղաքական պայքարի ձեւ է, որն, այդուհանդերձ, պետք է հստակ պատկերացնել: Ուստի մենք շատ ուրախ ենք, որ մեր ՀԱԿ-ի գործընկերները հայտարարել են կարգուկանոնը պահպանելու իրենց պատասխանատվության մասին: Քաղաքական պայքարի այդպիսի մեթոդները մեզ համար ընդունելի են, նաեւ այն պատճառով, որ այդ կերպ Կոնգրեսը հրաժարվեց իր նախապայմաններից: Ես մնում եմ իմ կարծիքին, որ ՀԱԿ-ում տեսան, որ իրենց հանրահավաքների մասնակիցների թիվը նվազում է, նրանք որոշեցին «տաքացնել» իրենց կողմնակիցներին»:
Սակայն այդ «ընդունելի ձևը» եթե շարունակվի այնքան, ինչքանի հերիքի ՀԱԿ-ի ֆինանսական ռեսուրսը Ազատության հրապարակում «վրանային ավան» պահելու համար, ապա դրա վերջը կլինի ՀԱԿ-ի 25-30 հոգանոց խմբակցությունը խորհրդարանում: Ուրեմն`այդ դեպքում պիտի կամ Ռոբերտ Քոչարյանին «ֆուկ» անեն և ԲՀԿ-ի հաշվին ԱԺ-ում ՀԱԿ-ի համար տեղ բացեն, կամ «ֆուկ» անեն դաշնակներին ու ընդհանրապես բոլորին, բացառությամբ ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի ճամբարի (ԲՀԿ-ով որպես կորիզ) և ՀԱԿ-ի: Դաշնակներին «ֆուկ» անելու դեպքում էլ սփյուռքի հետ են պրոբլեմներ առաջանում…
Դասավորությունը, սակայն, որոշ չափով փոխում է Ռոբերտ Քոչարյանը: Պատահական չէ, որ նա մեծ քաղաքականություն վերադառնալու մասին իր հարցազրույցը հրապարակեց հենց այն օրը, երբ պետք է լիներ ՀԱԿ-ի «վճռական» հանրահավաքը: Համառոտակի հիշցնենք, թե ինչ է ասել ՀՀ երկրորդ նախագահը իր վերադարձի 3 գործոնների մասին.
«1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը,
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը»:
Առաջին և երրորդ կետերը «նաղդ» են ու մշտական, իսկ «հասարակական պահանջարկ» ձևավորելու գործընթացը վաղուց է սկսվել և վերջերս ինտենսիվացել է: Գումարած դրան` Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ-ի գիշերային մղձավանջն է: Եվ կոալիցիան կարող է չափավորել ՀԱԿ-ի ախորժակները, եթե հա ակնարկի, որ հակառակ դեպքում «բոբո» Քոչարյանը շատ շուտով կդառնա վարչապետ: Պարզ է, որ ՀԱԿ-ն էլ կուզենա ունենալ երաշխիքներ, որ իրեն ընտրությունների ժամանակ վերջնական չեն «քցի» ու գոնե մի քանի մանդատ կտան, բայց այդ հարցում պիտի հույսը դնի «ավազակապետերի» «ազնիվ խոսքի» վրա: Համաձայնեք, որ շատ թույլ երաշխիք է…
Ուստի, չպետք է բացառել, որ ՀԱԿ-ը կփորձի գնալ վա-բանկ, սակայն այդ դեպքում արդեն Քոչարյանի վերադարձը կդառնա իրոք անխուսափելի: Զի Սերժ Սարգսյանը կգերադասի ՀԱԿ-ի հարցի ուժային կոշտ փակումը (անհամեմատ ավելի բարդ պայմաններում, քան այսօր) Ռոբերտ Քոչարյանի ձեռքերով, վերջինիս նշանակելով վարչապետ, ինչին ռուսները միայն ծափ կտան:
Սակայն այդ դեպքում գրեթե կվերանա Հայաստանի` ամերիկյան և եվրոպական դաշտերում մանևրելու ռեսուրսը: Ու խորհրդարանական նախընտրական պատկերը կդառնա չափազանց որոշակի. «ՀՀԿ+» դաշինք` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ԲՀԿ+» դաշինք Ռոբերտ Քոչարյանով հանդերձ, գումարած դաշնակներ` միգուցե իրենց «բիրիքով» կպցրած ռամկավարներով ու հնչակներով հանդերձ: Ու ընտրությունների արդյուքում էլ նույն դասավորությունը կլինի ԱԺ-ում:
Ընթերցողը, անշուշտ, կհարցնի. Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը ձայն կտա՞: Այո, կտա, զի մեր ժողովուրդը սիրում է ուժեղներին և անտեսում թույլերին: Այնպես որ, Լևոն Տեր- Պետրոսյանին սպառնում է Վազգեն Մանուկյանի` 1996-ից հետո ունեցած ճակատագիրը: Նույնքան համեստ և անգամ ԱԺ անցնելու ոչ պիտանի տոկոսներով… Միգուցե անգամ այդ մեխանիզմը հիմա էլ աշխատի, և «շուրջօրյա հանրահավաքը» մեկ շաբաթ հետո պսակվի Լևոն Տեր-Պետրոսյանին լսելու եկածների չափազանց համեստ քանակով: Իսկ դա արդեն վտանգավոր է, զի հուսահատությունը կարող է ՀԱԿ-ին դրդել ծայրահեղության` դրանից բխող չափազանց հետևանքներով: Այնպես որ, չզարմանաք, եթե հանկարծ հոկտեմբերի 7-ի հանրահավաքին այդտեղ տեսնեք ձեր ծանոթ շարքային հանրապետականներին, որոնք մարդաքանակ են լրացնելու հենց ՀՀԿ-ի առաջադրանքով…
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.