Wikileaks կայքը վերջին օրերին մի շարք հրապարակումներ է արել Հայաստանի վերաբերյալ: Ներկայացնում ենք բոլորը մի տեղում: Թարմացումները` դեպի ներքև։
Շունը շան թաթ չի կծի
Wikileaks-ի հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերից մեկում անդրադարձ է կատարվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևան–Անկարա իբր մերձեցման գործընթացի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքին։
2009թ. ապրիլի 7-ին թվագրված փաստաթղթում ներկայացվում են Բաքվում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչի միջև տեղի ուենցած հանդիպման մանրամասները։
Հանդիպմանը թուրք դեսպանն ամերիկյան կողմին խնդրել է համոզել պաշտոնական Բաքվին, որ հայ–թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը շարունակելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։
Քըլըչը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները հստակ հայտարարել են, որ եթե Թուրքիան սահմանների բացման հարցում ցանկանում է ստանալ Բաքվի համաձայնությունը, պետք է Հայաստանից պահանջի ընդունել հիմնարար սկզբունքները:
Մեկնաբանելով Ալիևի՝ Ստամբուլի գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը` Քըլըչը դա որակել է որպես երկու երկրների միջև աճող հակամարտություն և Ադրբեջանի անկախության պատմության ընթացքում ամենախոր ճգնաժամ։ Որից հետո, թուրք դեսպանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական միջամտությունը կօգնի սառեցումից փրկել թուրք–ադրբեջանական հարաբերությունները։
«Մենք ցանկանում են խնդիրը լուծել Հայաստանի հետ, սակայն դա չի նշանակում Ադրբեջանի կորուստ։ Մենք պետք է հավասարակշռություն գտնենք»,– ասել է Քըլըչը։
Քըլըչը տեղեկացրել է, որ հակառակ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի հեռախոսազանգերին, Ալիևը հրաժարվել է մեկնել Ստամբուլ։ Բացի այդ, նրան զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սակայն բոլոր երաշխիքներն այն մասին, թե Թուրքիան չի բացի սահմանը, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը, չկարողացան ստիպել Ալիևին փոխել իր որոշումն ու մեկնել Ստամբուլ։
Քըլըչն ուղղակի սարսափած է եղել ադրբեջանական կողմի բոլոր մակարդակներով հակազդեցությունից, ներառյալ խորհրդարանն ու ընդդիմությունը, ինչպես նաև ադրբեջանական ԶԼՄ–ները։ Բացի այդ, Բաքվում ապրող Թուրքիայի քաղաքացիները բողոքել են ադրբեջանցիների` իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքից։
Հուլուսի Քըլըչը նաև նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու հենց Հայաստանն են Թուրքիային դրդում հաշտեցման։ Նրանք շահագրգռված են թուրք–ադրբեջանական բախմամբ, որը կամրապնդի Երևանի, Մոսկվայի և Թեհրանի աշխարհաքաղաքական դիրքերը։ Քըլըչը խնդրել է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և ԱՄՆ–ում և Եվրոպայում զսպել հայկական լոբբիին։
Իր մեկնաբանություններում դեսպան Էնն Դերսին գրում է, որ հանդիպմանն իրազեկել է թուրք դեսպանին Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մանրամասների մասին։ Ապրիլի 3-ին նա և Պետքարտուղարի տեղակալի այն ժամանակվա օգնական Մեթյու Բրայզան Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման ֆոնին քննարկել են թուրք–ադրբեջանական հարաբերությունները։
Դերսին Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում է, որ պետքարտուղար Քլինթոնի կողմից ուղարկված Բրայզան հանդիպմանը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել այն բանին, որ հայ–թուրքական սահմանի բացումը ուղեկցվի ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացով։ Բրայզան նաև նշել է, որ նախագահ Օբաման ցանկանում է Ստամբուլում հանդիպել Ալիևի հետ։
Բրայզայի խոսքերին Ալիևը պատասխանել է Անկարայի հասցեին երկար քննադատությամբ և Թուրքիային ներկայացրել է որպես «խաբեբա և դավաճան»։
«Մեր մտքովն անգամ չի ացել, որ Թուրքիան մեզ այդքան էժան կվաճառի։ Նախագահ Գյուլը խոստացել էր ինձ, որ առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանները չեն բացվելու։ Նա ստել է ինձ, և ես նրան այլևս չեմ հավատում»,– ասել է Ալիևը։
Այնուհետև Իլհամ Ալիևն ամերիկացի դիվանագետներին պատմել է Էրդողանի հանձնարարականով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի՝ Ադրբեջան կատարած այցի մասին, որը Բաքվին պետք է համոզեր սահմանների բացման հարցում։ Իր հերթին Բաքուն Անկարա էր ուղարկել փոխարտգործնախարար Արազ Ազիմովին՝ այս հարցում համատեղ ռազմավարություն մշակելու համար։ Սակայն Ազիմովն Անկարայից երկու անգամ վերադարձել է ձեռնունայն։
«Թուրքիան պատմական սխալ էգործում, որը երբեք չի մոռացվի։ Մեր հարաբերությունները երբեք նախկինի պես չեն լինելու։ Մենք այլևս մեկ ազգ չենք և երբեք այդպիսին չենք լինի»,– ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև կավարտվի էներգետիկ համագործակցությունը, և Թուրքիան կկորցնի թյուրքական աշխարհի համերաշխությունը։
Ալիևն ասել է, որ դավաճանություն է զգում Գյուլի և Էրդողանի կողմից և անիմաստ է նման պայմաններում այցելել Ստամբուլ։ Իսկ ի պատասխան Բրայզայի՝ բոլոր այդ հարցերը ԱՄՆ–ի բարձր ղեկավարության հետ քննարկելու առաջարկությանը, Ալիևն ասել է, որ Բաքուն կհամաձայնի սահմանների բացմանը միայն մեկ պայմանով, եթե Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանները, խնդրի կարգավորմանը գործընթացը շարունակվի։
Իր հերթին, Բրայզան նշել է, որ կողմերը շատ դժվար և երկար են համաձայնեցնում թեմաներն ու օրակարգը, և շատ բարդ է նման իրավիճակում հասնել 5 շրջանների ազատմանը։
Վաշինգտոն ուղարկված հեռագրում նշվում է նաև, որ Բաքվում Ադրբեջանի դեսպան Հուլուսի Քըլըչը շատ է վշտացել՝ տեղեկանալով Ալիևի՝ հայ–թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հիմնախնդրին շաղկապելու պահանջի և Ստամբուլ չմեկնելու որոշման վերահաստատման մասին
WikiLeaks կայքը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ներկայացվում են հատվածներ ամերիկյան դիվանագետների եւ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի խոսակցությունից:
Մասնավորապես 2007 թ. հունվարի 30-ին թվագրվող փաստաթղթում Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Դեբորա Ջոնսը կանգ է առնում Դինքի եւ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպման վրա:
Խոսելով ազգային փոքրամասնությունների կարգավիճակի, ինչպես նաեւ կրոնական հարցերի մասին` Դինքը հայտարարել է, որ Թուրքիայում կրոնի ազատությունը մակերեսային բնույթի է` եկեղեցիները, դպրոցները արգելված չեն, սակայն ազատության այդ ձեւը մոլորության մեջ են գցում: «Նա նման է թռչունի, որը տեսականորեն կարող է թռչել` չնայած, որ թեւը կոտրված է»,-ընդգծել է Դինքը:
Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի մտադրությունը` Դինքը նշել է, որ գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ «հիմնված է վախի, բայց ոչ ԵՄ-ին անդամագրվելու պատրաստակամության վրա»:
Հրանտ Դինքն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն անվանել է ղեկավարման աշխարհիկ համակարգի իրական օրինակ:
«Թուրքիայում իսկական աշխարհիկությունը կարող է ձեռք բերվել տարբեր կրոնների ազատության շնորհիվ: Մենք շարժվում ենք ժողովրդավարացման աշխարհիկության միջոցով: Այդ առումով Թուրքիան կարող է լավ օրինակ լինել իր հարեւանների համար»,-հայտարարել է նա:
Դինքը նշել է, որ քրիստոնյաների հանդեպ պատմականորեն բացասական պահերը հիմնված են ոչ թե կրոնների տարբերության, այլ ազգայնականության վրա:
Մեսրոպ Մութաֆյանն ու WikiLeaks-ը
WikiLeaks-ը գաղտնազերծել է ևս մի փաստաթուղթ` Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007-ին կայացած հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Հանդիպման ընթացքում, պատրիարքը ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Նամակը ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսը (նամակը թվարված է փետրվարի 23 2007 թ):
Պատրիարքը նաեւ նշել է, որ «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»:
Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը, ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում «դե յուրե», իսկ հիմա նաեւ «դե ֆակտո» ստիպված են կրել երկրորդ դասի քաղաքացիներ կոչվելու պիտակը:
Արևմուտքն Ալիևին դիտարկում է իբրև բռնապետ
Մեսրոպ Մութաֆյանն ու WikiLeaks-ը
WikiLeaks-ը գաղտնազերծել է ևս մի փաստաթուղթ` Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007-ին կայացած հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Հանդիպման ընթացքում, պատրիարքը ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Նամակը ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսը (նամակը թվարված է փետրվարի 23 2007 թ):
Պատրիարքը նաեւ նշել է, որ «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»:
Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը, ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում «դե յուրե», իսկ հիմա նաեւ «դե ֆակտո» ստիպված են կրել երկրորդ դասի քաղաքացիներ կոչվելու պիտակը:
WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է 2007 թվականին Ադրբեջանում ձերբակալված լրագրողների խնդրին։ Այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսը հուլիսի 27-ին տվյալ հարցով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպման ժամանակ Դերսն Ալիևին հայտնել է լրագրողների ձերբակալության ու նրանց հանդեպ գործադրված բռնությունների փաստերը չհետաքննելու կապակցությամբ միջազգային հանրության մտահոգությունների մասին։ Ալիևը նրան բավական միանշանակ պատասխան է տալիս՝ հասկացնելով, որ չի նահանջելու միջազգային ճնշման տակ։
Ադրբեջանի նախագահը բավականին թափանցիկ ակնարկել է, որ ավելի գթառատ կլինի, եթե լրագրողներն ուղղակի ներողություն խնդրեն իրենից։ Դրա հետ մեկտեղ, նա հասկանում է, որ բանտում լրագրողներին պահելը բացասաբար է անդրադառնում երկրի իմիջի վրա, ինչի համար էլ ցանկանում է ազատ արձակել նրանց, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններում պետք է դա տեղի ունենա։
Ալիևը վստահեցրել է, որ մամուլի վրա հարձակումը ոչ մի կերպ կապված չէ 2008 թվականի առաջիկա ընտրությունների հետ. «Ես ո՛չ ընդդմիության, ո՛չ էլ իմ համակիրների շրջանում չունեմ մրցակից: Դրա համար էլ ես այդ ընտրություններում հաղթելու եմ՝ առանց որևէ դժվարության։ Այդ դեպքում ինչո՞ւ ես պետք է ճնշում գործադրեմ մամուլի վրա։
Ձերբակալված 7 լրագրողներ աջակցություն են խնդրում ԱՄՆ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրոպայի խորհրդից, սակայն նրանք ներում չեն խնդրում իրենց նախագահից։ Սա Ադրբեջանն է, ոչ թե Եվրոպան։ Նրանք պետք է ինձ խնդրեն։ Նրանք կա՛մ պետք է ընդունեն իրենց մեղքը, կա՛մ էլ շարունակեն մնալ բանտում։
Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում և կողմնակալություն է ցուցաբերում իմ նկատմամբ։ Ես իմ անունը տեսնում եմ մամուլի 10 թշամիների (գիշատիչների) ցանկում։ Վրաստանում գոյություն չունի ընդդիմություն, հեռուստաալիքները գնված են օլիգարխների կողմից, ընդդիմության առաջնորդները գտնվում են բանտում, սակայն նրանց համարում են ժողովրդավարներ։ Ուկրաինայում Յուշչենկոն 60 անգամ խախտում է Սահմանադրությունը, իսկ Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը լռում են։ Ինչ էլ ես անեմ, միևնույն է՝ Արևմուտքն ինձ դիտարկում է իբրև բռնապետ»:
«Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»
WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանում ծավալված քննարկումներին։
Այս մասին «09BAKU836» ծածկագրով փաստաթուղթն ամերիկյան բարձրաստիճան դիվանագետ Դոնալդ Լուն Բաքվում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն է ուղարկել 2009 թվականի հոկտեմբերի 20-ին։ Դրանում նշված է. «Ադրբեջանի խորհրդարանի նիստում ադրբեջանցի պատգամավորները քննարկել են ոչ վաղ անցյալում Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված արձանագրությունների հարցը։
Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ քննադատության ենթարկեցին Ադրբեջանի կառավարությանը՝ որդեգրած հակաթուրքական հռետորության, այդ թվում՝ նաև հասարակական զբոսայգիներից թուրքական դրոշների հանման համար։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ այդ դրոշներն ապօրինի էին, և որ վերջերս Թուրքիա այցելած 11 պատգամավորները զբաղվում են այդ խնդրով։
«Ումիդ» կուսակցությունը ներկայացնող Իբգալ Աղազադեն պահանջել է խորհրդարանի հատուկ նիստ, որում կքննարկվի տվյալ հարցը՝ ընդգծելով, որ Բաքվի պետական վայրերից թուրքական դրոշների հանումը լավ նշան չէ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը չպետք է թույլ տա, որ օտար երկրները խարխլեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև տիրող ջերմ հարաբերությունները։
«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ներկայացնող Ջամիլ Հասանլին քննադատել է Ադրբեջանի կառավարությանը հակաթուրքական հռետորության համար՝ հիշեցնելով, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է անկախություն ձեռք բերելու հարցում։ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչ Սաբիր Ռուստամհանլին համաձայն է նրա հետ՝ ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է։ Նա քննադատել է հայ-թուրքական արձանագրությունների հարցի քննարկման նպատակով ադրբեջանցի 11 պատգամավորների Թուրքիա մեկնելը՝ նրանց անվանելով «ֆուտբոլային թիմ, որը ֆուտբոլ խաղալ չգիտի»։
Այստեղ արդեն ընդդիմադիր պատգամավորների ելույթները ընդհատել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) ներկայացնող, խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ պատգամավորներին խնդրելով իրենց ելույթներում ավելի հարգալից լինել։ Նա նշեց, որ արտասահմանյան այցերը կարևոր են, և ընդդիմությունը չպետք է այնպիսի տեսք ընդունի, թե նա ավելի շատ է մտահոգված այդ ամենով, քան՝ իշխող ԵԱԿ-ը։
Նա հերքել է, թե թուրքական դրոշների հանումը կազմում է Ադրբեջանում ծավալված հակաթուրքական կամպանիայի մի մասը, օտար երկրների դրոշները կարող են գտնվել միայն դրանց համար նախատեսված հատուկ վայրերում։ Մյուս փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը նախ հայտարարեց, որ դրոշների հանման հարցում համակարծիք է Մուրադովայի հետ, ապա սկսեց քննադատել ՖԻՖԱ-ին՝ Բուրսայում տեղի ունեցած «Թուրքիա-Հայաստան» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Ադրբեջանի դրոշի ներկայության վրա արգելք դնելու համար։
Դժվարի՞ն կդառնան Սերժ Սարգսյանի և Քոչարյանի հարաբերությունները
Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է իշխող Հանրապետական կուսակացության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի և ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների միջև հանդիպմանը, որի ընթացքում Նիկոյանը բացահայտ խոսել է Սերժ Սարգսյան — Ռոբերտ Քոչարյան հակասության մասին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարին։ Նիկոյանը պատմել է, որ այն բանից հետո, երբ Ազգային ժողովում կոալիցիոն դաշնակիցներ «Բարգավաճ Հայաստան»-ը և Դաշնակցությունը վճռականորեն քննադատել ու հրապարակավ դեմ են արտահայտվել կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նախագահ Սարգսյանը անձամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և նրան ասել. «Դուք կարող եք վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է նաև Ձեզ հետ նախագահ բերեք»:
«Տպավորությունն այնպիսին է, կարծես Սերժ Սարգսյանը չի հանդուրժելու Քոչարյանի շարունակական քաղաքական մանևրները՝ Սարգսյանի կառավարության դեմ, և եթե այս հեռակա քաղաքական պատերազմները շարունակվեն, դա կարող է լայնածավալ առճակատման վերածվել», — Վաշինգտոն ուղարկված հեռագրում գրում է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:
Փենինգթոնի հետ զրույցում Նիկոյանը ներկայացրել է իր գնահատականն ու պնդել, որ չնայած Սերժ Սարգսյանի դիմադրությանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համապատասխան մտադրություն ունենալու դեպքում, կարող է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար։ Իր կողմից ամերիկացի դիվանագետը մանրամասնել է. «Կոալիցիայի ներսում «Բարգավաճ Հայաստան»-ը լիովին ընկալվում է որպես Քոչարյանի գործիք, Դաշնակցությունը չնայած ավելի անկախ է, սակայն ավելի սերտ կապեր ունի Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի հետ: «Օրինաց երկիր»-ը թվում է, թե հիմա Սարգսյանի ճամբարում է, սակայն այս կուսակցության առաջնորդն արդեն ապացուցել է, որ միշտ պատրաստ է համաձայնել, եթե որևէ մեկն ավելի ձեռնտու առաջարկ անի: Իշխող Հանրապետականը լիովին նախագահի և վարչապետի թիկունքում է, այդուամենայնիվ, Հանրապետականի էլիտայում էլ կարող են ի հայտ գալ խորքային ճաքեր, հենց որ խաղաքարտերը բացվեն», — գրում է Փենինգթոնը:
Հեռագրի վերջում Փենինգթոնը նշում է, որ կուլիսների հետևում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև շարունակվող պայքարը արդեն դուրս է եկել հազիվ նշմարվող ակնարկների ու շշուկների մակարդակից և դարձել քաղաքի՝ ամենավատ պահվող գաղտնիքներից մեկը: «Այդուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում, ցույց է տվել, որ նա կարողացել է գոնե առայժմ իր կողմում պահել այդ կուսակցությունը», — գրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ու հավելել. — «Եթե Նիկոյանի ներկայացրած տեղեկություններ ճիշտ են, շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հակադրության մեջ է մտել Քոչարյան հետ, և վերջինս նահանջել է: Սա նաև մտահոգիչ է, քանի որ ցույց է տալիս, թե որքան դժվարին կարող են դառնալ այս երկուսի հարաբերությունները»:
«Մենք կարծում ենք, որ Քոչարյանը դեռևս կսպասի իր համար բարենպաստ ժամանակների՝ մինչև որ առաջիկա տնտեսական-ֆինանսական ճգնաժամը վերջնականապես կհարվածի վարչապետ ու նախագահ Սարգսյանների վարկանիշներին, և հետո արդեն առավել վճռական քայլեր կձեռնարկի` որոշ չափով իշխանության վերադառնալու համար», — հաղորդում է Փենինգթոնը:
Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը (2005թ.ապրիլի 25) Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:
Wikileaks-ը հրապարակել է Քոչարյանի նամակի տեքստը, ինչպես նաև այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունները:
«Հարգելի վարչապետ», – գրել է Հայաստանի նախագահը, – Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք միասին ներդաշնակ ապրելու համար ուղիներ փնտրելու ուղղությամբ: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու և երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսություն սկսելու համար»:
Քոչարյանը գրել է, որ «կան հարևան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել և որի հետ կապված նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց ունենալ բաց սահմաններ, հաստատել նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, նույնիսկ եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները»:
«Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», – գրել էր Քոչարյանը՝ ընդգծելով, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ և նպաստավոր քաղաքական միջավայր:
«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել և նորից առաջարկում ենք առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հասատատել երկու երկրների միջև», – նշել է Ռոբերտ Քոչարյանը և հավելել,– Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջև»:
Այս փաստաթղթին Միացյալ Նահանգների Հայաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը կցել է իր մեկնաբանությունները: Նա նշել է, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ` 1915 թվականի դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից` հակազդելու համար ցեղասպանության ճանաչմանը, հատկապես երբ միջազգային հանրության հետաքրքրությունը և ուշադրությունը ուժեղանում էր այդ հարցի նկատմամբ:
«Բայց առաջին անգամն է, որ նման առաջարկը արվում է գրավոր և ամենաբարձր մակարդակով», – նշում է Էվանսը՝ այնուհանդերձ լուրջ մտահոգություն հայտնելով նրանց լրջության և անկեղծության կապակցությամբ:
Իր մտահոգություններն ապացուցելու համար դեսպանը նախ նշել է, որ մինչ Երևան հասնելը, նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Երկրորդ՝ այն անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում` ցույց տալու համար, որ մերձեցման և հաշտեցման գործընթաց է ընթանում, ու ԱՄՆ-ի որևէ գործողության, ինչպես և Կոնգրեսի որևէ բանաձևի անհրաժեշտությունը չկա:
Էվանսը նշել է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով:
Իր մեկնաբանության ավարտին, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը գրել էր, թե մեծ հույս ունի, որ վարչապետ Էրդողանը դրական կերպով կարձագանքի նախագահ Քոչարյանի՝ հարաբերությունների բարելավման մասին առաջարկին:
Թուրքերի բողոքի մասին
Հրապարակվել է ամերիկյան դիվանագիտական նամակագրության հերթական փաստաթուղթը, համաձայն որի՝ թուրքական արտգործնախարարությունը մտահոգված է եղել ԱՄՆ կոնգրեսի կողմից ֆինանսավորվող իրաքյան հեռուստաալիքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրմամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա դիմել է ԱՄՆ դիվանագետներին` կոչ անելով կանխել Իրաքում հեռարձակվող Al-Hurra TV-ի կողմից գովազդված հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրությունը: Թուրք դիվանագետ Սաքիր Թորունլարն ասել է, որ եթե սա կոմերցիոն ալիք լիներ, դեռ կարելի էր հասկանալ ֆիլմի ցուցադրությունը, սակայն Al-Hurra-ն ֆինանսավորվում է ամերիկյան կոնգրեսի կողմից, ինչը մտահոգել էր թուրքական կողմին:
Թորունլարը զգուշացրել է, որ ամենևին էլ հարմար ժամանակ չէ նման լսարանին այդ ֆիլմը ցուցադրելու համար: Նա զգուշացրել է, որ թուրքական մամուլը լուրջ կարձագանքի այդ երևույթին, եթե ֆիլմը ցուցադրվի: Ամերիկացի դիվանագետները նշել են, որ պետական մակարդակով չեն կարող արձագանքել ֆիլմի վրա ագելք դնելու խնդրանքին` վկայակոչելով մամուլի հիմնարար ազատութոյւնները` ակնարկելով, որ նման խնդիրներ հետագայում էլ են առաջանալու, քանի դեռ Թուրքիան և Հայաստանը կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները:
Թրաֆիկինգի բացահայտումների մասին
Wikileaks-ի գաղտնազերծած մի փաստաթուղթն անդրադառնում է թրաֆիքինգի գործով 2008 թվականի հուլիսի 6–ին Երևանում տեղի ունեցած դատավարությանը, որը քննում էր թրաֆիքինգի փաստի առթիվ ազգությամբ ռուս Վերա և Ելենա Կալյակինաների նկատմամբ հարուցված քրեական գործը. Վերա և Ելենա Կալյակինաները մեղադրվում էին «24 անձանց խաբելով Հայաստան բերելու և որպես սթրիփթիզ պարողներ շահագործելու մեջ»:
Wikileaks-ի կայքում նշվում էր, որ Ելենան և Վերան ձերբակալվել էին 2008-ի հուլիսին, Երևանում: Ելենան, 2005–ից ի վեր, համագործակցելով իր աղջկա՝ Վերայի և ոմն Վադիմ Տարանովի հետ, Վոլգոգրադում մարդկանց հավաքագրում էր, Հայաստան տեղափոխում և, աղջիկների անձնագրերը վերցնելով, ստիպում տարբեր գիշերային ակումբներում որպես սթրիփթիզ պարողներ աշխատել:
«Սա պատմության մեջ թրաֆիքինգի հետ կապված առաջին գործն է, որի ժամանակ իշխանությունների կողմից մեղադրյալների նկատմամբ կիրառվեց փողերի լվացման մասին օրենքը և սառեցվեցին նրանց հաշիվները: Նրանց 7–12 տարվա ազատազրկում է սպառնում՝ թրաֆիքինգով զբաղվելու մասին օրենսդրության համաձայն և 6–12 տարվա ազատազրկում և անձնական գույքի բռնագրավում՝ փողերի լվացման մասին օրենքով»,– նշվում է փաստաթղթում, որի հեղինակը զարմանքով ընդգծում է, որ դատավարության ժամանակ դատախազները փորձել են գործն «ավելի շատ որպես «սեռական թրաֆիքինգի մի տեսակ» որակել, քան «աշխատանքային թրաֆիքինգ», իսկ Ռուսաստանի դեսպանությունը որևէ հետաքրքություն չի ցուցաբերել գործի առնչությամբ, ավելին, դատավարությանը դեսպանության որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:
WikiLeaks-ն անդրադարձել է Հայաստանում մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքով այլ գործերի քննությանը, մասնավորապես՝ 2004 թ. տեղի ունեցած քրեական 6 գործերի քննությանը: WikiLeaks-յան հրապարակումը հիշեցնում է, որ բոլոր 6 դեպքերով զբաղվող դատախազ Արիստակես Յերեմյանը կտրականապես դեմ է, որ հարցերը դիտարկվեն որպես թրաֆիքինգի դեպքեր, քանի որ դրանց զոհ դարձած կանայք նախապես գիտեին, որ իրենց տանում են Արաբական Էմիրություններ` մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Հրապարակման մեջ ասվում է, որ թեև լավ է, որ հարցը քննվել է դատարանում, սակայն դժգոհություն և զայրույթ է արտահայտում առ այն, որ թրաֆիքինգի մասին օրինական սահմանումերին Հայաստանում չեն ցանկանում ենթարկվել:
WikiLeaks-ը հիշեցնում է, որ դատարանը դատավճիռ է կայացրել այս վեց դեպքերից 4 գործով. մնացած երկուսի գործը դեռ լսվում է: Երեք հավաքագրողները՝ մի կավատ և երկու միջնորդներ (որ աշխատել են Մոսկվայում), դատապարտվել են վեցից տասնութ ամսվա ազատազրկման, իսկ մի կավատ և երկու հավաքագրող ազատ են արձակվել միայն 400-800 ԱՄՆ դոլար տուգանքի դիմաց:
WikiLeaks-ի գնահատմամբ՝ հայաստանյան գլխավոր դատախազության ամենամեծ սխալն այն է, որ այս կանանց տանելու և շահագործելու ամբողջ գործընթացը դիտում է որպես կազմակերպում, այլ ոչ թե թրաֆիքինգ, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային նորմերը թրաֆիքինգն այդպես չեն սահմանում:
Հայ կանայք խորհրդարանում պարզապես քվոտաները լրացնելու համար են
«Հուլիսի 11–ին ՀՀ կառավարությունը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակեց Լիդա Նանյանին, որը դարձավ առաջին կին մարզպետը Հայաստանում: Չնայած այդ անսպասելի իրադարձությանը՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում կանանց ներկայությունը դեռ շատ փոքր է»,– ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված նամակում (2007թ.) գրում է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան:
Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթում դիվանագետը ընդգծում է, որ Նանյանի ընտանիքը մեծ բիզնես շահեր ունի Շիրակի մարզում, ինչպես նաև սերտ կապեր Սերժ Սարգսյանի հետ (որն այդ ժամանակ ՀՀ վարչապետն էր):
«Հանրապետական կուսակցությունը հավանություն տվեց Նանյանի թեկնածությանը՝ չնայած այն հանգամանքին, որ նա անկուսակցական է»,– գրում է դիվանագետը:
«Կառավարության նոր կազմում միայն երեք կին փոխնախարար կա և մեկ կին նախարար (մշակույթի նախարարը): Չնայած մայիսի 12–ի խորհրդարանական ընտրությունները որոշ չափով մեծացրեցին կանանց ներկայությունը (7–ից դարձավ 12) խորհրդարանում, բայց կին պատգամավորները խորհրդարանում ընդամենը 9.1 տոկոս են կազմում»,– նշում է դիվանագետը և հավելում, որ նրանք բոլորը համամասնական ընտրակարգով են իշխանության եկել:
«Հայաստանի գերազանցապես արական սեռի քաղաքական կյանքում կին քաղաքական գործիչները դժվարին պայքար են մղում՝ ընդունված լինելու համար: Որպես արդյունք, հավանաբար բացառությամբ Հրանուշ Հակոբյանի, իշխանամետ կուսակցությունները ներկայացնող կին խորհրդարանականների մեծ մասը, որպես կանոն, դիտվում են որպես քվոտա լրացնողներ, որոնք իրենց լուռումունջ են պահում և ուշադրություն չեն հրավիրում իրենց վրա, չեն փորձում ակտիվիստ դառնալ կամ գոնե զբաղվել կանանց շահերի պաշտպանությամբ: Ի տարբերություն իշխաանամետ կուսակցություններ ներկայացնող վերոնշյալ կանանց՝ այսօր խորհրդարանում ներկայացված են նաև մի շարք ակտիվ և համարձակ կանայք (այդ թվում՝ Լարիսա Ալավերդյանը), որոնք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն են ներկայացնում: Այդ կանայք քաղաքական կին գործիչի իմիջը բարելավելու պոտենցիալ ունեն:
«Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը պետքարտուղարություն ուղարկած փաստաթղթում անդրադարձել է 2009-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարությանը:
Հիշեցնենք` Րաֆֆի Հովհաննիսյանը 2009-ի սեպտեմբերի 2-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր գրել ԱԺ նախագահին, և այդ մասին հայտարարվեց մի քանի օր անց: Հովհաննիսյանի բացատրությունը հետևյալն էր. «դրդապատճառները անձնական են` կապված ազգային կարևորագույն և սկզբունքային հարցերի հետ»:
Այդ օրերին կուսակցությունից հնչած տարբեր մեկնաբանություններով նամակը գրելիս Փենինգթոնը նաև նկատել է. «Րաֆֆին հայկական և ամերիկյան քաղաքական գործչի խառնուրդ է, հետևաբար, հնարավոր է, որ դուք նրան ավելի լավ կհասկանաք, քան ես»:
Այնուհետև, շարունակելով ներկայացնել Հովհաննիսյանի այս արարքի պատճառները, Փենինգթոնը նշել է, որ որոշ փորձագետներ ասում են, թե Հովհաննիսյանի այս քայլը պայմանավորված է Ցյուրիխում ստորագրված և խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրություններով, իսկ մյուսներն էլ կարծիք են հայտնել, թե այդ քայլով Հովհաննիսյանն իրեն «պահպանում է» հաջորդ ընտրությունների համար: «Հովհաննիսյանից հետո համամասնական ցուցակում հաջորդը Մովսես Արիստակեսյանն է, ով քիչ հայտնի է Հայաստանի քաղաքական դաշտում», -նշել է Փենինգթոնը:
Ինչևէ, ըստ Փենինգթոնի Հովհաննիսյանի հրաժարականն այդպես էլ խորհրդավոր է մնում: «Սկզբունքորեն մանդատից հրաժարվելու քայլը իմաստ կունենար, եթե այն աներ իշխանական ուժի ներկայացուցիչը: Սակայն, Հովհաննիսյանի դեպքում դեռևս պարզ չէ` ինչ հույսեր ունի նա խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունից միայնակ հեռանալով: Այն միտքը, թե Հովհաննիսյանն իրեն պահպանում է նախագահական ընտրությունների համար, մտացածին է: Ընտրելով Հայաստանի քաղաքական պատմության ամենակարևոր քննարկումը (հայ-թուրքական հարաբերությունները), շատ հավանական է, որ Հովհաննիսյանը քայլ է անում դեպի քաղաքական անպատեհություն», -նշել է Փենինգթոնը:
Հայաստանից արտագաղթի պատճառները
Երևանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված՝ 2008 թ.-ի մայիսի 2-ով թվագրված նամակում ասվում է, որ 2008 թ.-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ երկրում մտցվեց արտակարգ դրություն, փոխվեց Հայաստանից արտագաղթողների ոչ միայն թիվը, այլ նաև որակը:
2008 թ.-ի քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանից սկսել են արտագաղթել նաև միջին խավի ներկայացուցիչները, ովքեր նախկինում սովորաբար չէին հեռանում Հայաստանից:
Հայաստանում քաղաքական ճգնաժամը վատթարացրել է երկրում ընդհանուր միջավայրը, որտեղ հայերը մտահոգվում են իրենց երեխաների ապագայով: Որոշ մարդիկ Հայաստանի խնդիրների մեջ առանձնացնում են այն բարոյալքված վիճակը, որտեղ հարուստ և լայն կապերով անձինք օրենքի խախտումով են ապրում և խախտում են սովորական հայերի իրավունքները:
Հնարավոր հեղափոխությունների մասին
WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան` Վաշինգտոն ուղարկված նամակներից մեկը, որտեղ այս անգամ խոսվում է Հայաստանում հնարավոր «Նռան հեղափոխության» մասին: Այն թվագրված է 2005 թ.-ի ապրիլի 13-ով:
Նամակում մասնավորապես ասվում է, որ երկրում ընդդիմությունը չունի ընդգծված առաջնորդ, Հայաստանում նկատվում է տնտեսական աճ, իսկ 2004 թ.-ին ընդդիմությունը պարտություն կրեց, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը չի գտնվում «Նռան հեղափոխության» շեմին: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենա մինչև 2007 և 2008 թվականների ընտրությունները:
Վարդան Օսկանյանի հայտարարության մասին
WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մի փաստաթուղթ, որը վերաբերում է այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի` «Հայկական տարածքների վերամիավորման մասին հայտարարությանը»: Փաստաթուղթը թվագրված է 2004 թ. հոկտեմբերի 4-ով:
Նշվում է, որ հոկտեմբերի 2-ին «Գերմանիայի միասնության» օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հայկական տարածքները պետք է վերամիավորվեն, ինչին հետևել են բուռն ծափահարությունները, երբ նա դա ասել էր հայերեն, և ցածր շշուկներ, երբ նա դա կրկնել է անգլերենով:
Այդ պահին ամերիկացի դիվանագետների կողքին կանգնած Օսկանյանի խորհրդականն ասել է, որ այդ հայտարարությունը նախապես քննարկվել էր, և որ ակնարկը վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին, այլ ոչ թե Արևմտյան Հայաստանին ընդհանրապես: Փաստաթղթում նշվում է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվանագիտական ողջ անձնակազմն այստեղ ներկայացված էր, դժվար է պատկերացնել, որ Օսկանյանը չէր ցանկանում, որ իր ասածները տարածում գտնեն»: Ամերիկացի դիվանագետների համար անհասկանալի է մնացել, թե այս հայտարարությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում: Հայտարարության պաշտոնական հաստատումը հետևել էր հոկտեմբերի 4-ին, երբ ԱԳՆ մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, որ «նախարար Օսկանյանը հույս է հայտնել, որ մի օր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հնարավորություն կունենան միավորվելու»:
Օլիգարխների մասին
WikiLeaks-ի կայքում հրապարակվել են Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության գաղտնի նամակագրության որոշ փաստաթղթեր, որոնց թվում մի նամակ/թվագրված է 2003-ի դեկտեմբերի 9-ով. նշվում է, որ տեղեկությունների որոշ մասը հիմնված է ոչ պաշտոնական լուրերի վրա/ ներկայացնում է Հայաստանում օլիգարխների ու նրանց ունեցվածքի մասին տեղեկություններ:
Նամակում նշվում են հետևյալ անուններն ու փաստերը.
1. «Մուլտի Գրուպ». գլխավորում է Գագիկ Ծառուկյանը , ընտրվել է խորհրդարանի պատգամավոր 2003-ին: Նշվում է, որ նա նախկին մարզիկ է, ունի սերտ կապեր Քոչարյանների ընտանիքի հետ, հատկապես նախագահ Քոչարյանի եղբոր` Վալերիի: Նրան են պատկանում ձեռնարկություններ տարբեր ոլորտներում` Կոտայք գարեջրի գործարանը, «Մանանա գրեյն», «Ավիասերվիս», որն իրականացնում է ավիաոլորտի սպասարկում, «Արարատ» գինեգործական ընկերությունը, «Մուլտի սթոուն», որը տրավերտին տեսակի քար է արտահանում Եվրոպա, Գյումրիի տեքստիլ գործարանը, ֆերմերային ընկերություններ, կահույքի սրահ, բնական գազի լիցքավորման կայաններ և այլն:
2. «Սիլ Գրուպ». pատկանում է Խաչատուր Սուքիասյանին, ով 1999 և 2003 թվականներին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Նշվում է, որ Սուքիասյանը «Գրզո» մականունը կրող հոր ավագ որդին է, որը ղեկավարում է ընկերությունը: Նա խնամիական կապերի ունի Վանո Սիրադեղյանի հետ, որը կոռումպացված և ազդեցիկ ՆԳ հայտնի նախարար էր և այս պահին գտնվում է փախուստի մեջ: Տեղեկություններ կան, որ Սիրադեղյանը «Սիլ Գրուպի» հիմնական սեփականատերերից է: Սուքիասյանը միակ գործարարն է, որ սերտ հարաբերություններ ունի ՀՀՇ-ի հետ և շարունակում է հաջողակ գործարար մնալ: Նրա ընկերությունն ամենահին ընկերություններից է և ներկայացված է բիզնեսի շատ ոլորտներում` «Պիցցա դի ռոմա», «Քուին բուրգեր», «Շալե» ռեստորան, «Սիլ» հյուրանոց, «Սիլ պլազա» առևտրի կենտրոն, «Ֆիլիպ Մորիս» ծխախոտների ներկրում, սեփականություն Երևանի կենտրոնում, «Հայէկոնոմբանկ», «Բջնի» հանքային ջրերի գործարան, «Զովք» գործարան և այլն:
3. «MIKA LTD». ղեկավարվում Միքայել Բաղդասարովի կողմից, ով, ըստ տեղեկությունների, իր նախնական բիզնեսը սկսել է Ռուսաստանում: Նա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համադասարանցին է, նրա մերձավորը և բիզնես գործընկերը: Նրա բիզնեսների շարքում են` «Հայխնայբանկ», «Արմավիա», Հրազդանի ցեմենտի գործարան, գազալցակայաններ, «Դիլիջան» հանքային ջրերի գործարան, այլ բիզնեսներ Ռուսաստանում և Եվրոպայում:
4. «Grand Group». պատկանում է Հրանտ Վարդանյանին, ում բիզնեսում ներկայացված է ռուսական կապիտալը: Նա վայելում է Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը: Նրա որդին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրված Դաշնակցության ցուցակով: Վարդանյանը հասարակական մեծ համբավ ունի որպես հաջողակ և ԽՍՀՄ նախկին մի շարք ձեռնարկությունները վերաբացած գործարար: Նրան են պատկանում` «Գրանդ Քենդի», «Գրանդ Տոբակո», որի գործընկերներից է Ռուբեն Հայրապետյանը , «Մասիս Տաբակ» ընկերությունը, «Գրանդ Սան» լամպերի գործարանը, ալկոհոլ արտադրող ընկերություն, մի քանի սրճարաններ և խանութներ:
5. Հայրապետյան ընտանիք. Հայրապետյան ընտանիքին է պատկանում «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը: Այս ընտանիքը մտերիմ է նախագահական վարչակազմի, հատկապես խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ: Եղբայրներից կրտսերը մահացել է ավտովթարից: Նրանց են պատկանում` «Հայաստան» հանրախանութը, «Արարատ» հյուրանոցը, «BMW» խանութների սրահը, «Էրեբունի տեքստիլ»-ը, հյուրանոց Սևանում, այլ ընկերություններ:
6. Ռուբեն Հայրապետյան. nա զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, Ավան համայնքի նախկին ղեկավարն է, իսկ այժմ ԱԺ պատգամավոր: Տեղեկություններ կան, որ նրան աջակցում են նախագահական աշխատակազմից: Նրա բիզնեսներն են` «Գրանդ Տոբակոյի» համասեփականատերն է, Արագածի տեքստիլ գործարանը, «Հարսնաքար» հյուրանոցը Սևանում, մի քանի գազալցակայաններ, այլ ընկերություններ:
7. Հարություն Փամբուկյան. ԱԺ պատգամավոր, նա 2003-ին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի հիմնական ֆինանսավորողներից էր: Տեղեկություններ կան, որ նրա բիզնեսներում ներկայացված է ռուսական կապիտալը: Նրան են պատկանում` «Մաքս Գրուպը», Լուսակերտի թռչնաբուծարանը, Եղվարդի անասնակերի գործարանը, համասեփականատեր էլեկտրաբաշխիչ կայանների ցանցում` Midland Resources-ում:
8. Սամվել Ալեքսանյան. 2003-ից ԱԺ պատգամավոր է, ունի թիկնապահների բանակ: Նրան են պատկանում` «Լուսաստղ» ալկոհոլի արտադրության ընկերությունը, Մալաթիա համայնքի ոչ պաշտոնական ավատատերն է, ցորենի, շաքարավազի, կարագի հիմնական ներկրողն է: Փաստաթղթում ասվում է, որ մաքսային ծառայությունում ունեցած կապերի շնորհիվ նա շուկայում գրեթե մրցակից չունի: Նրան են պատկանում նաև «Նատալի ֆարմը» և մի շարք այլ ընկերություններ:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ էլ WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթում, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերից մեկում, անդրադարձ էր կատարվում Արմավիայի ներդրումային քաղաքականությանը, ուր ասվում է, որ ընկերությունը, հրաժարվելով իր նախկին ներդրումային քաղաքականությունից, հետաձգում է դեպի Եվրոպա ընդլայնվելուց և գերադասում է ընդլայնվել առավել եկամտաբեր ԱՊՀ քաղաքներ չվերթեր կատարելու ուղղությամբ:
Ըստ ԱՄՆ դեսպանատան, Արմավիայի այդ քայլը խախտում է Հայաստանի կառավարության հետ նրա համաձայնությունը և հանդիսանում անվստահության քվե Երևանից եվրոպական չվերթները սպասարկող ժամանակակից ավիաընկերությունների առևտրական կենսունակության հանդեպ:
Ամերիկացի դիվանագետները Վաշինգտոնին տեղեկացնում են, թե իրենց ինչ է ասել Արմավիայում ղեկավար պաշտոն զբաղեցրած բրիտանացի խորհրդական Բոբ Չապլինը: «Տնօրենները չափից դուրս ռուսացած են», ըստ WikiLeaks-ի, Հայաստանում ամերիկացի դիվանագետներին ասել է Չապլինը` պատասխանելով այն հարցին, թե ինչու «Արմավիան» անհաջողություն է կրել արևմտյան ավիաընկերություն դառնալու իր ծրագրերի մեջ: Եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ ծախսերը շատ ավելին էին, քան ակնկալում էին և պատրաստ էին վճարել տնօրենները, ասված է ԱՄՆ դեսպանատան գրագրության մեջ:
Իր մարտավարությունից հրաժարվելով` «Արմավիա»-ն խախտում է կառավարության հետ կնքած պայմանագրի մի շարք ներդրումային պայմաններ, սակայն դեռ պարզ չէ, թե կառավարությունն ինչպես կարձագանքի: Առարկայական խախտման դեպքում կառավարությունը իրավունք ունի չեղյալ համարել «Արմավիա»-ի արտոնագրերը և դրանք վերավաճառել այլ ավիաընկերությանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի` իրավաբանական հարցերով խորհրդական Վիկտոր Մնացականյանի խոսքով, նախարարը գիտի «Արմավիա»-ի քայլի մասին, բայց կառավարությունը հարցի կապակցությամբ դեռ որևէ որոշում չի ընդունել:
Բանակային սպանությունների մասին
2003թ. դեկտեմբերի 24–ին «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվոր (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանվեցին: Սպանության համար մեղավոր ճանաչվեցին նույն զորամասի 3 զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը ու Արայիկ Զալյանը: Այս մասին անդրադարձ կա Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթղթում, որտեղ նշվում է. «Հայաստանի վճռաբեկ դատարանը զարմանալի կերպով չեղյալ հայտարարեց դեկտեմբերի 22–ի աղմկահարույց սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողների դատավճիռը»:
ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար էնթոնի Գոդֆրին գրել է, որ զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ցմահ ազատազրկման էին դատապարտվել Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում երկու զինծառայողի սպանության գործով: Դիվանագետը նաև նշել էր, որ վերոնշյալ փաստի առթիվ առաջին ատյանի դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել, իսկ վերաքննիչ դատարանը՝ 15 տարվա ազատազրկումը փոխել էր «ցմահ բանատարկության»:
Դիվանագետն այուհետև զարմանքով գրել է, որ Գերագույն դատարանը վճռել է, թե իբր չկա մի ապացույց, որը կհաստատի զինծառայողների մեղքը. «Դատավորը, որի որդին ԱՄՆ դեսպանատանն է աշխատում, մեզ ասաց, որ Սարգսյանը և նրա զինակիցները շարունակվում են մեղադրյալի կարգավիճակում մնալ՝ այդ հանցագործության համար, սակայն ազատ են արձակվել ՀՀ Քրեական օրենսգրքի այն դրույթի համաձայն, որը, դատավորին թույլ է տալիս գործը գլխավոր դատախազին ուղարկել՝ կրկնակի քննություն անցկացնելու համար, եթե համարում է, որ առաջին քննությունն օրենքին համապատասխան չի անցկացվել»:
Փաստաթղթի վերջում դիվանագետը նշում է, որ, ի տարբերություն դատավորի, լրատվամիջոցներն այլ բան են գրում. դրանք հավաստիացնում են, որ զինվորները պաշտոնապես արդարացվել են:
ԼՂ կարգավորման մեջ Ադրբեջանի մասին
Wikleaks-ի հրապարակած գաղտնի նամակագրություններից մեկում, որը թվագրված է 2006 թ-ի հունիսի 2-ով, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռենո Հարնիշը նկարագրում է ադրբեջանական հասարակության շրջանում ԼՂ հակամարտության փոխզիջումային լուծման վերաբերյալ գերիշխող մերժողական տրամադրությունները, որոնք, ըստ դիվանագետի, արդյունքն է իշխանությունների վարած քաղաքականաության:
Պետքարտուղարություն ուղարկած նամակում դեսպանը, մասնավորապես, նկարագրում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական այցը Բաքու ու այդ առնչությամբ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամների ցույցը արտգործնախարարության առջև, ովքեր բազմիցս մեղադրում էին համանախագահներին Հայաստանին սատարելու ու Ադրբեջանի շահերը ոտնահարելու համար:
Մեկ այլ դրվագում դեսպանը նկարագրում է այդ ժամանակ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հանդիպումը ԱՄՆ-ում ուսուցանած ադրբեջանցի շրջանավարտների հետ: Հարնիշի խոսքերով, եթե արմատական ՂԱԿ-ի դժգոհությունները այդքան էլ մեծ տարածում չէին վայելում ադրբեջանցիների մեծամասնության շրջանում, ապա արտերկրում ուսուցանած ադրբեջանցիների հակամարտության փոխզիջումային լուծման հարցում մերժողական դիրքորոշումը, ավելի քան մտահոգիչ է:
Իր մեկնաբանությունում դեսպանը գրել է.
«Մեր դիտարկումների համաձայն, Ադրբեջանի կառավարությունը դեռ շատ աշխատանք ունի իր հասարակությանը հակամարտության հավանական կարգավորմանը նախապատրաստելու հարցում, մասնավորապես այնպիսի կարգավորմանը, որը կենթադրի Ադրբեջանի կորուստը վիճարկվող հողերի որևէ մասից:
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» և նմանատիպ այլ արմատական խմբավորումների կողմից սպասելի կլինեն դժգոհություններ հնարավոր զիջումների հարցում, սակայն ավելի անհագնստացող է այն հանգամանքը, որ ադրբեջանցի երիտասարդները, որոնք հիմնականում ուսուցանել են արտերկրում, նույնպես խստորեն մերժում են զիջումների մասին բոլոր հավանականությունները:
Ադրբեջանի կառավարության ներկայիս հասարակական կեցվածքը, որը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության վրա, միայն խորացնում է հասարակության մեջ անարդարության զգացումը՝ որպես հետևանք սերմանելով մերժողականություն փոխզիջման գաղափարի վերաբերյալ:
Խաղաղ բանակցություննների վերաբերյալ իրատեսական հասարակական քննարկումների բացակայության պարագայում ադրբեջանական հանրությունը, հավանաբար, պատրաստ չի լինի որևէ հավանական լուծմանը»:
2009 թվականի մայիսին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀԱԿ հայտարարությունները միտված են եղել հետընտրական շրջանում բուռն հասարակական դժգոհություն առաջ բերելուն: Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկի համաձայն` նման եզրահանգման է եկել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:
Քաղաքապետի ընտրությունների մասին
2009-ի մայիսի 18-ին ուղարկած հաղորդագրությամբ, որի հերթական համարն է 09YEREVAN338-ը, ԱՄՆ դեսպանը Վաշինգտոնին տեղեկացնում է, որ երկրի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրությունների քարոզարշավը միջնակետը հատել է, որին մասնակցում են վեց կուսակցություններ և մեկ դաշինք: Դեսպանը տեղեկացրել է տեղ գտած բռնությունների, քարոզարշավի ագրեսիվ բնույթի մասին, միաժամանակ նշել, որ Երևանում հրատապ խնդիրների քննարկումը հետին պլանում են:
Եզրափակելով հաղորդագրությունը` դեսպանն իր մեկնաբանություններում մասնավորապես նշել է, որ ձևավորվել է սպասում, որ իշխանության թեկնածուն` Գագիկ Բեգլարյանը (տեքստում օգտագործված է «Black Gago» արտահայտությունը) ցանկացած գնով կհաղթի. «Տարածված մտայնություն կա, որ Բեգլարյանը չի կարող ձախողվել, քանի որ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որը ներառում է երկրի բնակչության մեկ երրորդը, պետք է մնա հանրապետականների ձեռքում»:
Միաժամանակ դեսպանը նշում է, որ արդար ընտրությունների պարագայում ևս նրա հաղթանակն ամենահավանականն է. «Անգամ ընդդիմության կողմնակիցներն են պնդում, որ եթե ընտրությունները լինեն արդար, Բեգլարյանը կարող է հաղթել, քանի որ նա, անկասկած, եղած թեկնածուների մեջ լավագույն վարչարարն է»:
«Ցավոք, քչերն են համարում, որ ընտրությունները կարող են լինել ազատ ու արդար, այդ թվում ընդդիմադիր ՀԱԿ-ը, որը արդեն իսկ հայտարարել է, որ եթե իրենք 75 տոկոս ձայն չստանան, կնշանակի ընտրությունները կեղծված են,- գրել է դեսպանն ու մեկնաբանել,- Շատ քիչ է հավանականությունը, որ ամենաարդար ընտրություններում ՀԱԿ-ը 75 տոկոս ձայն ստանա, բայց նրանք սպասումներ են ձևավորում, որոնք կարող ենք ընտրություններից հետո հանրության ցասում առաջ բերել»:
Եզրափակելով` դեսպանը նշել է, որ չնայած նկարագրվածին, 2008 թվականի փետրվար-մարտ ամիսների բուռն իրադարձությունների կրկնություն չի նկատվում:
«Գոլդ» համարների մասին
WikiLeaks-ում այսօր հրապարակված ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերից մեկով` թվագրված 2004-ի ապրիլի 4-ով, Հայաստանում ամերիկյան դեսպանատան նամակագրության հեղինակը նշում է, որ Երևանում հաճախ ոստիկանությունից գնում են «գոլդ» համարներ` մեծ գումարներ վճարելով դրանց համար:
Փաստաթղթում նշվում է, որ ոստիկանության շնորհիվ օլիգարխները իրավունք ունեն տնօրինելու իրենց կողմից ընտրված թվերի համադրությամբ բոլոր սերիաների պետհամարանիշերը, հատկապես եթե դրանց մեջ երկու զրոներ կան:
Փաստաթղթում նշվում է Երևանի փողոցներում հայտնված 4 Hummer մակնիշի մեքենաների մասին, որոնցից մեկը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, ով իրավունք ունի տնօրինելու 08xx008 բոլոր սերիաների պետհամարանիշերը` իր, իր ընտանիքի անդամների և թիկնազորի համար:
Նույնը Սամվել Ալեքսանյանի դեպքում է, որին է պատկանում այդ ժամանակվա երկրորդ «Համերը»` 06xx006 տարբեր սերիաների պետհամարանիշերով, որին հետևում է Ռուբեն Հայրապետյանը ` 05xx005 պետհամարանիշերի շարքով, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդին` 07uu007 պետհամարանիշով:
Նշվում է, որ այս համարները հասանելի են նաև սովորական մահկանացուներին: Դիվանագիտական փաստաթղթում հեգնում են, որ մեքենայի խանութում «Նիվա» մակնիշի մեքենան արժե 3 հազար դոլար, սակայն 08ԼՏ009 պետհամարանիշով նրա գինը հասնում է 4.5 հազարի: 44ԼԼ333 կամ 12ԼԼ345 պետհամարանիշերը հնարավոր է գնել 150 դոլարով:
Պետհամարանիշերը նաև անձեռնմխելի են դարձնում դրանց տերերին` ստիպելով պետավտոտեսուչներին հեռու մնալ նրանցից:
Հայաստանում միասեռականների հանդեպ անհանդուրժողականության մասին
«Չնայած 2003թ. ընդունված օրենքին, որն օրինականացնում է միասեռականությունը Հայաստանում, հասարակական խտրականությունը շարունակում է խոչըդոտ մնալ միասեռականների համար»,– ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում 2003-ին գրում է ամերիկացի դիվանագետը և հավելում, որ Հայաստանում միասեռականները անհանդուժողականության և խտրականության են հանդիպում, մասնավորապես, գյուղական շրջաններում, ստիպված են լինում թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ հայ քաղաքական գործիչներն ու առաջնորդները հերքում են, թե Հայաստանում միասեռականներ են ապրում, նրանք հայտնել են, որ Երևանի հայտնի միասեռական գիշերային ակումբներ միայն սփյուռքահայերն են այցելում:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը դեսպանատան ներկայացուցչին պատմել է, որ միասեռականներին շարունակում են «հալածել» հատկապես ոստիկանները, միասեռականներին նրանք սպառնում են մերկացնել նրանց ընտանիքների, ընկերների և հասարակության առջև, իսկ լռելու դիմաց նրանցից դրամ շորթում: Նա նաև նշել է, որ ոստիկանները հիմա փոխել են իրենց մարտավարությունը և ավելի քիչ բռնություն են գործադրում միասեռականների հանդեպ, փոխարենը՝ ստիպում են նրանց տեղեկություններ տրամադրել կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող միասեռականների կամ ամուսնացած, բայց ոչ ավանդական կողմնորոշում ունեցող խոշոր գործարարների մասին, որոնցից հնարավոր է խոշոր գումարներ կորզել:
Հովիկ Աբրահամյանի մասին
WikiLeaks-ի բացահայտումներից մեկը/Երևանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրություն. 2005 թվականի հունվարի 21/ առնչվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Դիվանագիտական հաղորդագրությունը, մասնավորապես, նշում է. «Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավորել կառավարությունում ստեղծվելիք նոր «սուպերնախարարությունը»: Այս նոր նշանակումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Հովիկ Աբրահամյանին փաստացիորեն վերածում է փոխվարչապետի՝ վարչական տարբեր ոլորտներում նրան վերահսկման լայն հնարավորություններ ընձեռելով: Բացի տեղական ինքնակառավարման մարմինների վրա ունեցած վերահսկողությունից, նրա պատասխանատվության գոտում են հայտնվում երեք այլ պետական գերատեսչություններ՝ ջրային պաշարներ, արտակարգ իրավիճակներ, փախստականներ ու միգրացիա: Կառավարությունը դեռևս հանդես չի եկել այս մասին պաշտոնական հայտարարությամբ, սակայն դա ակնկալվում է առաջիկա շաբաթներին»:
Նաև նշվում է, որ Հովիկ Աբրահամյանին բազմիցս մեղադրել են հօգուտ Քոչարյանի խարդավանքներ իրականացնելու մեջ, այդ թվում՝ նաև 1998 և 2003 թվականների ընտրությունների ժամանակ:
Նշվում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը Հովիկ Աբրահամյանին ավելի շատ է վստահում, քան՝ վարչապետին`Անդրանիկ Մարգարյանին:
ԼՏՊ-ի մասին
Եվս մեկ փաստաթուղթ Wikileaks-ից, որ թվագրված է 2008 թվականի հուլիսի 18–ին և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի նամակն է ԱՄՆ Պետքարտուղարությանը, որտեղ նշվում է, որ իշխանական լրատվամիջոցները հաակասմիտական ու հակամասոնական արշավ են սկսել ՀՀ առաջին նախագահ և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ: Փենինգթոնը հակասեմիտականությունը բնութագրում է որպես կոշտ քաղաքական գործիք հայկական քաղաքական ասպարեզում:
Փաստը, որ նման քարոզչությամբ իշխանամետ լրատվամիջոցներն են զբաղվում, Փենինթոնին հիմք է տալիս ենթադրելու, որ դա ղեկավարվում է իշխանությունների կողմից, որոնք այդ կերպ փորձում են թուլացնել իրենց իշխանությանը մարտահրավեր նետած՝ ընդդիմության առաջնորդի դիրքերը. «Նման երևույթի ներմուծումը, նույնիսկ քաղաքական նպատակներով, մի երկիր, որը հակասեմիտական պատմություն չունի, վտանգավոր և անխոհեմ քայլ է»:
Լիսկայի մասին
Wikileaks-ի կայքում հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերում է 2008-ի ապրիլին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությանը: «Առավոտ» օրաթերթն այդ ժամանակ գրել էր, թե մարզպետը ծեծի է ենթարկել գորիսցի 12-ամյա տղայի, սակայն եինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու նպատակով հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովը եզրակացրել էր, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
ԱՄՆ Պետքարտուղարությանը գրած նամակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հանձնակատար Ջոզեֆ Փենինգթոնը նշել է. «Սա Խաչատրյանի (որը Սյունիքը փաստացի իշխում է ֆեոդալի նման), կամ նրա ընտանիքի հետ կապված առաջին սկանդալը չէ»: Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է, որ 2007-ին մարզպետի եղբայրը փորձել էր օրը ցերեկով սուպերմարկետում մի աղջկա բռնաբարել:
Դիվանագետը նաև նշել է, որ «չնայած մենք առաջին ձեռքից ինֆորմացիա չունենք՝ «Առավոտի» հրապարակումը հերքելու, կամ հաստատելու համար, թերթի կողմից իրադարձությունների մեկնաբանությունը, սակայն, առաջին հայացքից ավելի հավաստի է թվում, քան պաշտոնական վարկածը»:
Ըստ Ջոզեֆ Փենինգթոնի` մարզպետների, գեներալների, օլիգարխների, ինչպես նաև նրանց երեխաների, թիկնապահների ծեծելու, նույնիսկ, սպանելու կարողությունը, սովորական երևույթ է Հայաստանում:
Նիկոլի դատավճռի մասին
«Մենք երբեք պատրանքներ չենք ունեցել, որ բանավոր խոսքով հրահրումներ իրականացրած Փաշինյանը մեղավոր չի ճանաչվի` հաշվի առնելով նրա բացառիկ դերը 2008-ին հետընտրական բողոքների ժամանակ», -ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված իր նամակում ա նշել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, որ գաղտնազերծել է Wikileaks-ը:
Մարի Յովանովիչն արձանագրել է դեպքերի ընթացքը, այնուհետև պատմել Նիկոլ Փաշինյանի դատավարության մանրամասներից, ներկայացրել տարբեր աղբյուրներում դատավարության մասին դիտորդների ու ընդդիմադիր գործիչների կարծիքները և այդ ամենից հետո միայն թողել իր մեկնաբանությունը:
Յովանովիչի ներկայացմամբ, Փաշինյանի դեմ կայացրած ծանր դատավճիռը, սակայն, կտրուկ կերպով տարբերվում էր նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններից, որոնցով կոչ էր արվում հայ հասարակությանը միավորվել որպես «մեկ բռունցք»:
«Ընդդիմության այն նախազգուշացումները, որ Փաշինյանի մեղադրանքը կարող է հետագայում մեծ հուզումների առաջացման տեղիք տալ, մեր կարծիքով, չափազանցված են: Ինչպես մենք արդեն զեկուցել ենք, մի քանի ամսով ընդդիմության շարժումները հետաձգվեցին և հնարավոր է, որ այլևս նրանք չեն կարողանա նշանակալի քանակությամբ մարդ դուրս բերեն փողոցներ», -նկատել է Մարի Յովանովիչը:
Նարկոբարոնների մե՞ջ է ԼՊՏ-ն
2011թ. հունիսի 12-ին Wikileaks-ը հրապարկել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի նամակը ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ թվագրված 2008թ. սեպտեմբերի 26-ին: Վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է XXXXXXXXXXXX), դեսպանը նշում է, որ իրանական հերոինի մոտ 85 տոկոսը Ադրբեջան է մտնում ցամաքային սահմաններով, մոտավորապես 15 տոկոսը՝ Կասպից ծովով: Ըստ աղբյուրի, այս հաշվարկների մեջ չի մտնում «Իրան-օկուպացված տարածքներ-Հայաստան-Սև ծով» երթուղով շրջանառվող թմրանյութը:
Աղբյուրը նաև վստահեցնում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության աշխատակիցների կարծիքով` գոյություն ունեն մի քանի այդպիսի երթուղիներ, և դրանցով շրջանառվող թմրանյութերի ծավալը գերազանցում է Ադրբեջան մտնող թմրանյութերի մնացած մասը: Աղբյուրը նաև նշում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչությունում, ինչպես նաև Ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ այս առևտրից շահում են հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Վրաստանը կարո՞ղ է փակել սահմանը
WikiLeaks կայքի օրերս հրապարակած փաստաթղթերից մեկը ներկայացնում է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրեգորի Տաբատաձեի եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարիա Յովանովիչի հանդիպման մանրամասները:
Հայ-վրացական սահմանի քննարկման ընթացքում վրաց դեսպանն ասել է. «Մենք միայն ցանկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը հստակ սահմանազատում մտցնի սահմանային բաժանման մեջ»: Նա հայտնել է, որ հայերը չափազանց շատ պահանջներ են ներկայացնում սահմանազատման հետ կապված բանակցությունների ժամանակ եւ ցանկանում են փոփոխել սահմանը` ավելի ընդարձակ տարածքներ ձեռք բերելու նպատակով` փոխարենը ոչինչ չառաջարկելով:
Վրացի դեսպանը նաեւ նշել է, որ հայերը չեն գնահատում այն, ինչ վրացիներն արել են իրենց համար: Իր պնդմամբ, հայերը կախված են Վրաստանից առեւտրով զբաղվելու եւ մթերքներ ու վառելիք ձեռք բերելու առումով, սակայն ըստ արժանվույն չեն գնահատում այս ամենը:
Ըստ Տաբատաձեի, Հայաստանը ցանկանում է ամեն ինչ` փոխարենը ոչինչ չառաջարկելով` կապված նաև Վրաստանի եկեղեցիների հարցի հետ, որոնց նկատմամբ պահանջներ է ներկայացնում Հայ առաքելական եկեղեցին:
Տաբատաձեն ասել է, որ Վրաստանի կառավարությունը դիմել է հայերին` առաջարկելով ստեղծել հանձնաժողով վիճելի եկեղեցիների հարցը քննարկելու համար, որին Հայաստանի կառավարությունը չի պատասխանել: «Մենք չենք ցանկանում այդ եկեղեցիները: Բոլորը գիտեն, որ դրանք հայկական եկեղեցիներ են»,- ասել է նա:
Տաբատաձեն գտնում է, որ Հայաստանի կառավարությունը նպատակադրված ձեւով ճնշում է գործադրում Վրաստանի վրա վերոնշյալ բոլոր հարցերի կապակցությամբ, քանի որ կարծում է, որ վրացական կողմը թուլացել է ռուս-վրացական պատերազմից հետո: Նա նաեւ պնդել է, որ ռուսական կողմը դրդում է Հայաստանի կառավարությանը ներկայացնել այդ պահանջները` օգտագործելով դա որպես միջոց Վրաստանի դեմ ուղղված ռուսական քաղաքականության մեջ:
Տաբատաձեն տեղեկացրել է, որ Վրաստանի ԱԳՆ-ում կա տեսակետ, թե Վրաստանը պետք է դաս տա Հայաստանին` փակելով սահմանը, եթե Հայաստանը շարունակի իր ծայրահեղական քարոզչությունը: «Մենք կարող ենք մի օր փակել սահմանը»,-հայտարարել է Տաբատաձեն:
Հեռագրում նաեւ ներկայացվում է Վրաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Տաբատաձեի հայտարարությունների կապակցությամբ. «ԱԳՆ-ում եւ կառավարությունում ոչ ոք լրջորեն չի առաջարկել փակել Հայաստանի հետ սահմանը: Նման քայլը ոչ մի նշանակություն չի ունենա ցանկացած առումով: Դա խիստ բացասական կլինի հասարակական կարծիքի եւ վրացական բիզնեսի համար (որը շահույթ է ստանում Հայաստանի` Վրաստանի վրայով կատարվող առեւտրից)»:
Ալիևի «շքեղությունը» զարմացրել է, բայց չի գոհացրել
Բաքվում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դոնալդ Լուի գաղտնի հեռագրում, որը հրապարակվել է WikiLeaks-ի կողմից, գրված է.«Մի հայացք նետելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կենսակերպի վրա` կարելի է եզրակացնել նրա անսահմանափակ հարստության մասին: Մի բան է անհասկանալի. Գիտակցո՞ւմ է արդյոք Ալիեւը եւ արդյո՞ք անհանգստացնում է նրան իր շքեղ կենսակերպի եւ Ադրբեջանի սովորական քաղաքացիների կենսակերպի միջեւ ստեղծված հսկայական տարբերությունը: Այդ քաղաքացիներից շատերը պայքարում են գոյատեւելու համար երկրում աճող մակրոտնտեսական ցուցանիշների ֆոնի վրա»:
2007 թ. հունիսի 29-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալ Դոնալդ Լուն գաղտնի զեկույց է ուղարկել ԱՄՆ Պետքարտուղարությանը, որտեղ ներկայացնում է Իլհամ Ալիեւի` Բաքվի մոտակայքում` Մարդաքյանի ավանում գտնվող իր առանձնատանը ԳՈՒԱՄ երկրների ղեկավարների պատվին տված ճաշկերույթը: Հյուրերի մեջ են եղել Վրաստանի նախագահն իր կնոջ հետ, Ուկրաինայի նախագահը, Մոլդովայի վարչապետը, Լիտվիայի նախագահը, Բուլղարիայի փոխնախագահը, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձիք, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Դեվիդ Քրամերը:
Հեռագրում հաղորդվում է, որ հյուրերին առանձնատուն են տեղափոխել շքեղ ավտոբուսով, Իլհամ Ալիեւը անձամբ եւ հպարտությամբ ներկայացրել է իր առանձնատան շքեղությունները, որը շահագործման է հանձնվել 2007 թվին: Չորս ժամ տեւած հյուրընկալության ընթացքում հյուրերին մատուցվել են մեծաքանակ ճաշատեսակներ` սեւ խավիարով եւ թառափով: Ընթրիքն ուղեկցվել է մասնավոր կենացներով: Առանձնատունը ճնշում էր իր չափերով եւ զարդարանքներով: Օրինակ, այնտեղ եղել են մի շարք ստորգետնյա սաունաներ եւ հսկայական լողավազան: Խոսակցություններ կան, որ դիզայնի հեղինակը նույն մարդն է, ով զարդարել է նախագահական վարչակազմի շինությունը:
Իլհամ Ալիեւը գոհ էր, որ կարողացել է այդպիսի տպավություն թողնել իր հյուրերի վրա, ասված է հեռագրում: Լիտվիայի նախագահ Վալդիս Ադամկուսն ու նրա կինը Կրամերին հայտնել են, որ անհարմարավետություն են զգում (որի հետ նա ամբողջովին համաձայն է) Իլհամ Ալիեւի առանձնատան շքեղությունից: «Ինձ իմ կաբինետից դուրս կշպրտեին, եթե ես ինձ նման բան թույլ տայի»,-շշնջացել է Ադամկուսը Կրամերին:
Վարկածներ`հրեշտակների ու սատանաների շուրջ
Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն էլ անդրադառնում է 2008թ. Հայաստանի նախագահական ընտրություններին, դրան հաջորդած իրադարձություններին և դրանց հնարավոր հետևանքներին։ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված իր նամակում (նամակը թվագրված է 2008թ.մարտի 10–ին) հայտնում է, որ ընտրությունների առնչությամբ դիտորդների, այդ թվում` ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակի վերջին միջանկյալ զեկույցը հարցականի տակ է դնում կառավարության այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը ընտրությունների առաջին փուլում օրինական ճանապարհով հավաքել է ձայների մեծամասնությունը։ «Այդ ամենը, ինչպես նաև արտակարգ դրության հայտարարումն ու բռնի ուժի կիրառումը, Սարգսյանին թողնում է լեգիտիմության առումով խոր ճգնաժամի մեջ»,– գրում է դիվանագետը և հավելում, որ գնալով իրենց համար (ԱՄՆ–ի) ավելի դժվար է դառնում դա հերքելը:
«Ստեղծված իրավիճակը միայն Սարգսյանի մեղքով չէ։ Նախագահ Քոչարյանը և այլ ազդեցիկ հակաժողովրդավարական ուժեր կարող էին իրենց անձնական պատճառներն ունենալ իրադարձությունների նման ելքի համար։ Այդուհանդերձ, Սարգսյանը չկարողացավ վճռական դիրքորոշում ցուցաբերել այդ ամենի հանդեպ»,– հաղորդում է Փենինգթոնը։
Իր նամակում դիվանագետը, անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանին, նշում է, որ նա էլ «հրեշտակ չէ». «Նրա աշխատակազմը անկախությունից մինչև 1998թ. գնալով ավելի ավտորիտար և կոռումպացված էր դառնում, նա նաև կեղծեց 1996թ. ընտրությունները՝ իր իշխանությունը պահելու համար»: Փենինգթոնն այնուհետև նշում է, որ Լևոն Տեր Պետրոսյանը «նախատեսել էր» իշխանության տապալմանը հասնել ոչ թե հենց բուն ընտրություններում հաղթելու միջոցով (ձայների քանակով), այլև հետընտրական ցույցերի ճանապարհով:
«Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն իր հոգու խորքում ավելի առաջադիմական է և ժողովրդավար, քան նրա երկար տարիների ընկեր և քաղաքական գործընկեր Ռոբերտ Քոչարյանը»,– գրում է դիվանագետը:
Դիվանագետն այնուհետև անդրադառնում է այն հնարավոր սցենարներին, որոնք կարող են տեղի ունենալ Հայաստանում. Ամենահավանական սցենարը, ըստ դիվանագետի, այն է, որ Սարգսյանը բռնի ուժով կփորձի պահել իր իշխանությունը և ոստիկանության միջոցով կփորձի ջախջախել ընդդիմությանը, ինչը Տեր–Պետրոսյանին ժողովրդավարության հերոս– նահատակ կդարձնի, իսկ Հայաստանն արդյունքում այնքան ավտորիտար կդառնա, ինչպիսին չի եղել խորհրդային ժամանակներից ի վեր:
2–րդ հավանական վարկածը, որը (ինչպես շեշտում է դիվանագետը) կանխատեսել էր նաև Ռոբերտ Քոչարյանը ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ, այն է, որ ձերբակալությունների արդյունքում ժողովրդական լարվածության ալիքը կմարի ավելի արագ, քան ենթադրվում էր։ Դա, սակայն, ըստ դիվանագետի, լճացման, քաղաքական և տնտեսական կոռուպցիայի խորացման բաղադրատոմսն է։
3–րդ հավանական վարկածը, որը, ըստ դիվանագետի, նաև «ամենակառուցողական քայլը» կլինի, որին Սարգսյանը կարող է դիմել, ազգային հաշտեցմանն ուղղված քայլերն են՝ ցույց տալը, որ ինքը պատրաստ է պայքարել կառավարության կոռումպացված տարրերի դեմ, չեղյալ հայտարարել արտաքին դրությունը, ինչպես նաև նոր «թարմ և մաքուր դեմքերի» ներմուծումը:
Փենինգթոնը նշում է, որ 4–րդ վարկածը, ինչպես որոշ լուրջ, ոչ ընդդիմադիր վերլուծաբաններ են կարծում, Սարգսյանի պարտությունն է։ Դիվանագետը չի բացառում հեղափոխության հնարավորությունը և այն, որ Սարգսյանին նույն ճակատագիրն է սպասում, ինչը տեղի ունեցավ Տեր–Պետրոսյանի հետ 1998թ:
Բաղդասարովն էլ հայտնվեց Wikileaks — ում
Wikileaks կայքի գաղտնազերծած մեկ այլ փաստաթուղթ անդրադառնում է հայ օլիգարխ Միխայել Բաղդասարովի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի 2010թ. հանդիպմանը։ «Միխայել Բաղդասարովը Հայաստանի առաջատար գործարարներից է և նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ ընկերը….մենք կարծում ենք, որ մեզ հետ զրույցում Բաղդասարովի մեկնաբանությունները հաճախ հենց նախագահ Սարգսյանի կարծիքն են ներկայացնում կամ առնվազն արտացոլում են այն հարցերը, որոնք նրանք քննարկել են»,– ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում գրում է ամերիկացի դեսպանը:
Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունեցել հունվարին, կողմերը քննարկել են հայ–թուրքական Արձանագրությունների հնարավոր վավերացման հարցը։ Բաղդասարովը հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի դրանք՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը դրանք առաջինը չի վավերացնի։ Բաղդասարովը նաև ասել է, որ հայ–թուրքական հարաբերությունների բարելավումից երկու կողմերն էլ կշահեն. հայերը՝ տնտեսապես, թուրքերը՝ քաղաքական առումով:
Անդրադառնալով հայ–թուրքական և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներում Ռուսաստանի դերին՝ Բաղդասարովն ասել է «Ռուաստանը նախկինում ավելի շատ Հայաստանի կողքին էր, բայց այժմ ռուսներն ավելի շատ թուրքերի հետ են»՝ տնտեսական շահերի պատճառով:
Բաղդասարովը նախազգուշացրել էր, որ «այս փուլում» (հայ–թուրքական հարաբերությունների «կարգավորման» փուլում) միջազգային հանրությունը չպետք է ճնշում գործադրի Սարգսյանի վրա՝ ԼՂ հարցի առնչությամբ։ Նա նաև հիշեցրել է, որ նախկին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի պաշտոնանկությունը կապված էր հենց Ղարաբաղի հարցում շատ հեռու գնալու և շտապողականություն ցուցաբերելու հետ:
Բաղդասարովը նաև քննադատել է Հայաստանի պետական ինստիտուտների գործունեությունը, դրանց մեղադրելով «վատ աշխատելու, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Բաղդասարովն ասել է, որ վերջինը «գնալով ավելի լավ է աշխատում» և վերջին երկու տարիներին շատ «բան է սովորել», այդուհանդերձ, նա նաև ասել է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պահում է, «քանի որ նա օտարերկրացիների հետ վարվելու հմտություն ունի և կարողանում է միջազգային ֆինանսական ինստիտուտներին համոզել, որ Հայաստանն ի վիճակի է մարել այն վարկերը, որոնք երկրի համար անհրաժեշտ են՝ «ջրի երեսին մնալու համար»:
Ռուսական թե իրանական գազ
WikiLeaks կայքում հայտնվել է մի շատ հետաքրքիր փաստաթուղթ. 2005թ. հունիս ամսին, երբ Հայաստանում ակտիվ քննարկվում էր Իրանից Հայաստանի նավթամուղի կառուցման և դրա պատկանելության հարցը, Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ամերիկացի դիվանագետներին ասել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է կախված լինել Իրանի, քան ռուսական գազի մատակարարումից և հենց դա է ակնկալում ընթացող բանակցություններում::
Փոխնախարարը պատմել է ռուսական և իրանական կողմերի հետ այդ օրերին ընթացող բանակցությունների մասին` նշելով, որ երկու կողմն էլ ցանկանում է վերահսկել այդ խողովակաշարը: Ուշագրավ են փոխնախարարի այն հայտարարությունները, համաձայն որոնց` երկարաժամկետ կտրվածքով` 3-5 տարի հետո, Հայաստանն ակնկալում է հրաժարվել ռուսական գազային մատակարարումից` հօգուտ իրանականի:
Գալստյանը նշել է մի քանի վտանգներ, որոնք կապված են Ռուսաստանից գազի մատակարարումների հետ.
• Գազատարի ֆիզիկական անվտանգությունն ու սպասարկումը:
• Վրաստանն այդ ժամանակ ձգտում էր այլընտրանքային գազ ստանալ Բաքվից, իսկ դրանից հետո գազատարի շահագործումը Հայաստանի կողմից միայնակ արդեն անեկամտաբեր կլիներ:
• Գազատարի ապագայի վրա կարող էին ազդել ռուս-վրացական լարված հարաբերությունները:
• Առևտրի միջազգային կազմակերպությանն անդամագրվելուց հետո Ռուսաստանն ի վիճակի չէր լինի էժան գազ տրամադրել Հայաստանին:
WikiLeaks –ը բացահայտել է Քոչարյանին
2009թ. սեպտեմբերին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` փորձելով իմանալ նրա կարծիքը հայ-թուրքական կարգավորման Սերժ Սարգսյանի քաղաքականության վերաբերյալ: Այս մասին փոխդեսպան Փենինգթոնը նախապատրաստել է նամակ` ԱՄՆ Պետքարտուղարության համար, որի տեքստը հայտնվել է WikiLeaks կայքում:
Քոչարյանն իր խոսքում քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` ասելով, որ վերջինս սխալ ուղղությամբ է գնում և Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերություններում խուսանավելու տեղ չի թողնում: Քոչարյանն ասել է, որ իրավիճակը ողբերգական չէ Սարգսյանի համար, սակայն նա այսպիսի ռիսկի չպետք է գնար, քանի որ կարգավորման տապալման և սահմանը փակ մնալու դեպքում դա միայն կվարկաբեկի նրան և կվատացնի սփյուռքի հետ հարաբերությունները: Քոչարյանի այն պնդմանը, թե ժամանակին ինքը կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների լավացմանը, սակայն դրան չի գնացել այս ճանապարհով, ամերիկյան դիվանագետները գրում են, որ հենվելով Քոչարյանի նախագահության ժամանակ նրա հետ ունեցած շփումների վրա, նրա պնդումները, թե ինքը շահագրգռված է եղել կարգավորման հարցում, վստահություն չեն ներշնչում:
Խոսելով թուրքական կողմի մասին` Քոչարյանն ասել է, որ եթե նրանք ցանկանում էին հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել սահմանը, նրանք պարզապես «պետք է ստորագրեին փաստաթուղթ, որ սահմանը բացվում է»: Նա ասել է նաև, որ ինքը վերջնաժամկետ կսահմաներ վավերացման համար, և քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին` դա չանելու համար: «Հիմա Թուրքիան թելադրող է գործընթացում, իսկ մենք տեղ չունենք մանևրելու»,- ասել է Քոչարյանը: Քոչարյանը նաև քննադատել է իշխանություններին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին հավանություն տալու համար` ասելով, որ զարմացել է, որ արտգործնախարար Նալբանդյանը համաձայնել է սրան:
Անդրադառնալով հայ-թուրքական խնդրի ներքին քննարկումներին՝ Քոչարյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կարող էր խուսափել դաշնակների հակազդեցությունից` մինչև արձանագրությունների հրապարակումը բացատրելով դրանց էությունն այդ կուսակցությանը: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, Քոչարյանն, ի զարմանս դեսպանի, ասել է, որ «դա մեկ մարդու կուսակցություն է, որն ասելիք չունի»:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանին՝ Քոչարյանն ասել է, որ հայտարարություններ անելիս Օսկանյանն իր անունից չէ, որ խոսում է: Այդուհանդերձ նշել է, որ Սերժ Սարգսյանը կարող էր օգտագործել Օսկանյանի փորձն այս գործընթացում: «Իշխանությունները կարող էին օգտագործել Հայաստանում ամենակոմպետենտ մարդուն, սակայն դրա փոխարեն, նրան անկյուն են մտցրել»,- ասել է Քոչարյանը:
Քոչարյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում միջամտել գործող նախագահի քաղաքականությանը, քանի որ այդ դեպքում չի կարող լռել և չասել ճշմարտությունն այն մասին, թե ինչ է ինքը մտածում կառավարության քաղաքականության մասին: Խոսելով հայ-թուրքականի գործընթացի մասին՝ նա զգուշացրել է դեսպանին, որ դրա տապալումը կհարվածի ԱՄՆ շահերին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ներկայիս փուլին՝ Քոչարյանն ասել է, որ այս պահին ավելի քան երբևէ Հայաստանի նախագահի համար դժվար կլինի փոխհամաձայնության գալ ԼՂՀ ղեկավարության հետ: Նա զգուշացրել է արտաքին ճնշումների վերաբերյալ՝ ասելով, որ եթե Հայաստանի ղեկավարը համաձայնի այդ փոխզիջումներին, ապա նա «կկանգնեցվի այն մարդկանց կողմից, ովքեր երկար տարիներ ներգրավված են կարգավորման գործին (Քոչարյանը չի մանրամասնել, թե հատկապես ում կողմից)»:
Նամակի մեկնաբանության մեջ զեկույցը պատրաստած փոխդեսպան Փենինգթոնը գրում է, որ նախկին նախագահը շարունակում է մատը պահել պետական զարկերակի վրա: Նա կարծես սպասում է իր ժամին` հաճույք ստանալով նոր կյանքից, արտասահմանյան ճանապարհորդություններից` առանց բարդույթավորվելու, թե ինքը նախագահ է եղել: Ինչևէ, դեռ վաղ է ասել, թե Քոչարյանը հեռացել է: «Ով գիտի՞»,- ասել է Քոչարյանը: «Միգուցե սա միակ հնարավորությունը կլինի ճամփորդությունների համար… ավելացրել է Քոչարյանը:
Նվազագույնը ինչ կարող ենք անել
WikiLeaks –ի մեկ այլ փաստաթուղթ …2005թ. ապրիլի 1-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատունը նամակ է հղել Պետքարտուղարությանը, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ այդ այցելությունը գրեթե ոչնչով աչքի չի ընկել: Ուշագրավ է եղել Պուտինի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս հանդիպման ժամանակ, որին բացի Պուտինից, ներկա են եղել նաև Գարեգին Բ-ի երկու օգնականներ, Պուտինը զարմացրել է Կաթողիկոսին` կոչ անելով նրան ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա (վարչապետ Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի), որպեսզի նրանք հողահատկացում կատարեն Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցի կառուցելու համար:
Կաթողիկոսի օգնականը ամերիկացի դիվանագետներին պատմել է, որ Պուտինը այս պահանջը ներկայացրել է որպես «ամենանվազագույնը, ինչ Հայաստանը կարող է անել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայկական մեծ բնակչության նկատմամբ լավ վերաբերմունքի դիմաց»:
2006թ. օգոստոսի 8-ով թվագրվող մի նյութ է հայտնվել կայքում. Ըստ դրա, դիվանագիտական խողովակը պատմում է այն մասին, որ Հայաստանի լրատվական դաշտը վերահսկվում է նախագահական գրասենյակի կողմից:
Մասնավորապես պատմվում է, որ Կենտրոն հեռուսատաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ նա իր հյուրերի ցուցակը պետք է հաստատի նախագահի գրասենյակի հետ: Ղազարյանը դժգոհել է նաև, որ օրը մի քանի անգամ զանգահարում է նախագահական և իր աշխատաժամի 70 տոկոսը վատնում է հյուրերի ցուցակը պարզելու վրա:
Այս թվերը չափազանցություն են համարվել, սակայն հասկացել են, թե ինչ է ուզում ասել Ղազարյանը: Վերջինիս խոսքերով, թեպետ նրան թույլատրված է ունենալ ընդդիմադիր հյուրեր, սակայն երբեմն նախագահականից առաջարկություն է գալիս հրավիրել ավելի թույլ և քիչ տեղեկացված ընդդիմադիրների:
Տեր-Պետրոսյանի վճռական վերադարձը
Մեր թերթի երեկվա համարում «Սարգսյանի եւ Քոչարյանի բիզնես բուրգերը» վերնագրի ներքո տպագրել էինք ՀՀ—ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հեղինակած գաղտնի զեկույցը ԱՄՆ պետդեպարտամենտին, որը այլ փաստաթղթերի շարքում գաղտնազերծել է հանրահայտ «Վիքիլիքսը» (wikileaks.ch): Այսօր ներկայացվող փաստաթղթի հեղինակը ՀՀ—ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն է, եւ զեկուցագիրը Վաշինգտոն է ուղարկել 2008 թվականի մայիսի 19-ին:
1. Սեղմագիր — Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի քաղաքական ասպարեզ վերադարձավ մայիսի 2-ին` երկու ամսվա մեջ իր առաջին ելույթով դիմելով իր 2000 աջակիցներին։ Նա նախկին նախագահ Քոչարյանին մեղադրեց մարտի 1-ի իրադարձությունների համար, սուր քննադատության ենթարկեց նախագահական ընտրություններին տրված` Արեւմուտքի գնահատականը եւ ասաց, որ նոր ընտրությունների անցկացումն է ստեղծված ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցը։ Նա հռչակեց ընդդիմադիր խմբավորումների կողմից Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, պահանջեց ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին եւ Ադրբեջանին զգուշացրեց զերծ մնալ միլիտարիստական արկածախնդրությունից։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին արձագանքները տարբեր էին, իսկ Քոչարյանը հանդես եկավ թունոտ քննադատությամբ։
Հույժ գաղտնի
2. Նկատելիորեն արեւահարված (այգեգործությամբ զբաղվելուց, ինչպես ասում են իր մերձավորները) եւ իր վիճակում գտնվող մեկի համար բացառիկ վստահությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը 90 րոպեանոց ելույթով դիմեց 2000 մոլի ընդդիմադիրներին, որոնք հավաքվել էին Կառավարության տրամադրած նիստերի դահլիճում` նախկին վարչապետ եւ նախագահական ընտրություններում իր մրցակից Սերժ Սարգսյանի գրասենյակից հազիվ 100 մետր հեռավորության վրա։ (Ծանոթագրություն -Իշխանությունները, նախապես Կոնգրեսին հավաքատեղի տրամադրելը մերժելուց հետո, վերջին պահին փոխել էին իրենց դիրքորոշումը, երբ տեղեկացել էին, որ կազմակերպիչները մտադիր են հավաքն անցկացնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում)։ Այն բանից հետո, երբ ընդդիմադիր առաջնորդները եւ նախագահական ընտրություններում իր առանցքային դաշնակիցները (նրանց թվում` ձերբակալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը, որ ԱՄՆ քաղաքացի է) երեք ժամ շարունակ հաջորդաբար հանդես եկան իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ եւ պայքարը շարունակելու` համախոհներին ուղղված բուռն հորդորներով, ամբիոնին մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա ելույթը պարբերաբար ընդմիջվում էր ծափահարություններով, «Լեւո՛ն, Լեւո՛ն», «Հիմա՛, հիմա՛» եւ «Պայքա՛ր, պայքա՛ր, մինչեւ վե՛րջ» բացականչություններով, ինչպես նաեւ ղարաբաղյան շարժման խորհրդանիշ մեղեդիով ու վեր պարզած բռունցքներով, Հայաստանի Հանրապետության օրհներգով եւ Բեթհովենի «Ձոն ցնծության» ստեղծագործությամբ։ Չորսուկես ժամ տեւած միջոցառմանը ներկա էին Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականները, մեծ թվով երիտասարդ եւ կին համախոհներ, այդ թվում` քաղբանտարկյալների կանայք, ինչպես նաեւ իր կինը` Լյուդմիլան։ Միջոցառումն անցավ խաղաղ, առանց ոստիկանության միջամտության։
Քոչարյանը մեղադրվում է մարտի 1-ի բռնությունների եւ սպանդի համար
3. Իր ելույթի առաջին կեսում ԼՏՊ-ն հանդես եկավ մարտի 1-ի բռնությունների համար նախկին նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքով։ Նա Քոչարյանին մեղադրեց արյունահեղության պատասխանատվությունից խուսափելու համար ստելու մեջ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին անվանեց «քարոզչամեքենայի դիրիժոր, որը փորձում է մարտիմեկյան դեպքերը ներկայացնել որպես ընդդիմադիրների հրահրած բախում` ընդվզող ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»։ Նա ավելացրեց, որ իրավապահ մարմիններին «ստիպում են ապացուցել անապացուցելին` զոհին ներկայացնել որպես դահիճ, իսկ դահճին` զոհ»։ Նա զգուշացրեց, որ իշխանությունները կարող են հաջողության հասնել, եթե չլինի Հայաստանի ժողովրդի եւ միջազգային հանրության ճնշումը։
4. Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց, որ Քոչարյանը ստում է` պնդելով, թե ոստիկանությունը Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին մարտի 1-ի առավոտյան խուզարկության պահանջ է ներկայացրել։ Որպես ականատես, Լեւոն Տեր-Պետրոսյանը մանրամասն նկարագրեց ոստիկանության անակնկալ հարձակումը ցուցարարների վրա, մահակներով ջարդը եւ էլեկտրաշոկի կիրառումը։ Նա հռետորական հարց տվեց, թե խուզարկություն անցկացնելու համար ինչի էր պետք երեք-չորս հազար ոստիկանների մասնակցությունը։ Նա հեգնեց Քոչարյանի այն հայտարարությունը, թե իբր մարտի 1-ի երեկոյան, երբ տեղահանված ցուցարարները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ, «ոստիկանությունը հրազեն չէր կրում»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարց տվեց, թե ոստիկանությունն ինչպես կարող էր զինված չլինել, եթե ցուցարարներից յոթն արդեն հրազենով սպանվել էին նախքան Քոչարյանի` նույն երեկոյան արտակարգ իրավիճակ հայտարարելը եւ քաղաքով մեկ զինված զորամիավորումների տեղակայումը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նսեմացրեց նաեւ Քոչարյանի այն պնդումը, թե ընդդիմադիրները զինված են եղել, մատնանշելով, որ մարտի 1-ին հաջորդած երկու ամիսների ընթացքում չի ներկայացվել այս պնդումը հավաստող գեթ մեկ տեսաֆիլմ։ (Ծանոթագրություն — Մեղադրական տեսագրության բացակայության մասին այս կետը շեշտադրված է նաեւ դժվար կացության մեջ հայտնված հայաստանյան օմբուդսմենի՝ մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունում)։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ շրջանառվող տեսանյութը փոխարենը վկայում է ոստիկանների` ցուցարարների դեմ զենքի կիրառման փաստը։
Արեւմուտքը ձախողվեց ընտրություններում, բայց դեռ կարող է սխալն ուղղել
5. Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատեց Արեւմուտքին` առաջին հերթին ի նկատի ունենալով եվրոպական կազմակերպություններին մոնիթորինգի իրենց առաքելության հարցում անպատասխանատու գտնվելու համար, երբ հայաստանյան` ակնհայտ խախտումներով նախագահական ընտրությունները որակվեցին որպես «հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխանող»։ Նա ասաց, որ հապճեպ տրված գնահատականը «օրինականացրեց Հայաստանի ամոթալի ընտրությունները» եւ իշխանություններին թույլ տվեց ընտրությունների առնչությամբ Արեւմուտքի դիրքորոշումից օգտվելով «իրականացնել մարտի 1-ի արյունոտ ծրագիրը»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ եվրոպացիներն «անդառնալիորեն կկորցնեն իրենց վարկը Հայաստանում», եթե հանդուրժեն, որ իշխանություններն անարգել շարունակեն նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած ընդդիմադիրների հետապնդումը։ Նա հայտարարեց, որ այդ վարկը կարող է մասամբ վերականգնվել, եթե եվրոպական կազմակերպությունները հետեւողական լինեն Հայաստանի իշխանություններին պատժելու իրենց որոշման հարցում վերջիններիս՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ապրիլի 17-ի որոշումը չկատարելու պարագայում։ Առաջին նախագահն ասաց, որ ի վերջո, իհարկե, Հայաստանի խնդիրների լուծումը հենց հայաստանցիների գործն է, այլ ոչ` Եվրոպայի։ (Ծանոթագրություն — ԵԽԽՎ 1609 որոշմամբ արձանագրված էր, որ մինչեւ 2008թ. հունիսին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանը մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննման, քաղաքական պատճառներով ձերբակալվածների ազատ արձակման, ցույցերի, հավաքների մասին Հայաստանի հակասական օրենքի վերջին փոփոխություններն անվավեր հայտարարելու հարցում «նշանակալի առաջընթաց» չարձանագրելու դեպքում Հայաստանը ժամանակավորապես կզրկվի ԵԽԽՎ-ում քվեարկելու իրավունքից)։
Ընդդիմադիր կոնգրեսը հայտարարում է նոր ընտրությունների անհրաժեշտությունը
6. Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայիս քաղաքական իրավիճակը բնութագրեց որպես «հսկայական անդունդ ժողովրդի մեծամասնության եւ կեղծիքով ու արյունահեղությամբ իշխանությունը զավթած մարդկանց փոքրաթիվ խմբի միջեւ»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ լարվածությունը մեղմելու միակ միջոցը խորհրդարանական եւ նախագահական նոր ընտրություններն են։ Նշելով, որ դեռ ժամանակ կպահանջվի, մինչեւ այս առաջարկը հասունանա եւ ընդունելի դառնա իշխանությունների ու եվրոպական կազմակերպությունների համար, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխող վարչակարգը հեռացնելու երկարաժամկետ ռազմավարություն նախանշեց` հռչակելով «Հայ ազգային կոնգրեսի» ստեղծումը, որը միավորելու էր հայաստանյան տրոհված ընդդիմադիր դաշտը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ իր ընտրարշավը «Համաժողովրդական շարժում» վերանվանելն անհրաժեշտ է, որպեսզի նոր շունչ հաղորդվի շարժմանը, որը կարող է ուղղորդել «ներկայիս իրավիճակի հետ չհաշտվող հասարակությանը»։ Նա նշեց, որ Կոնգրեսը ոգեշնչված է համաշխարհային պատմության այլ «ազգային-ազատագրական շարժումների» օրինակով, իսկ նրա խորհրդականներն այնուհետեւ հաստատեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի նկատի ուներ Աֆրիկայի ազգային կոնգրեսի եւ Հնդկաստանի ազգային կոնգրեսի օրինակները։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց, որ Կոնգրեսի գաղափարը նախնական է եւ դեռ հետագա հավաքներին քննարկման կարիք ունի։ Բայց նաեւ ասաց, որ Կոնգրեսը մի օր կարող է վերաճել որպես «ստվերային կառավարություն»` գործող «կուռ կառույցով քաղաքական կուսակցության»։
Դիմում է ԱՄՆ կառավարությանը` շարունակելու Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը, նախազգուշացնում է Ադրբեջանին
7. Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունեց ԵԽԽՎ-ի քայլերը, որոնցով վերջինս սպառնում է պատժել հայաստանյան իշխանություններին, եթե Կառավարությունը չկատարի 1609 որոշմամբ ամրագրված պահանջները։ Սակայն նա զգուշացրեց, որ չի կարելի վարչակարգի դեմ ուղղված քաղաքական պատժամիջոցները միավորել տնտեսական պատժամիջոցների հետ, ինչը կվնասի Հայաստանի հասարակությանը։ Այս առնչությամբ նա ասաց, թե «կոչ է անում ԱՄՆ կառավարությանը եւ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ղեկավարությանը, որպեսզի չկրճատվի կամ չկասեցվի Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը»։ Նա նաեւ Ադրբեջանին զգուշացրեց, որ չփորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից` Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի դեմ ցանկացած ռազմական գործողություն կարժանանա մեր ժողովրդի միասնական հակահարվածին», եւ որ ինքն իր աջակիցներին կհորդորի ժամանակավորապես դադարեցնել ցանկացած քաղաքական գործունեություն եւ նվիրվել Հայրենիքի պաշտպանությանը։
Երկխոսությունը հնարավոր է միայն քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո
8. Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթը եզրափակեց, ինչպես ինքն ասաց` «օրվա ամենահրատապ հարցով», ի նկատի ունենալով «անխտիր բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը վճռականորեն հայտարարեց, որ «հաշտեցման մասին ոչ մի խոսք, ոչ մի երկխոսություն չի կարող լինել», քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր նրանք, ովքեր անազատության մեջ են գտնվում իրենց քաղաքական գործունեության համար։ Նա ասաց, որ գիտակցում է ձերբակալվածների զոհողությունը եւ հավաքվածներին հայտնեց, որ վերջիններս լուր են ուղարկել, որպեսզի թույլ չտրվի իրենց վիճակն օգտագործել ընդդիմության դեմ շանտաժի համար։
Քոչարյանի, ընդդիմության եւ ժողովրդի արձագանքները
9. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի առնչությամբ արձագանքները խիստ տարբեր էին։ Անմիջապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո Հայաստանի (խիստ փոքրաթիվ) Կանաչների կուսակցության նախագահն ասաց, որ ինքն ընդունում է Հայ ազգային կոնգրեսի գաղափարը, բայց կասկած հայտնեց, թե իր կուսակցությունը մոտ ապագայում կսատարի Կոնգրեսին։ Նա Կոնգրեսը դիտարկում էր որպես հնարավոր բեւեռ, որը կարող է գրավել մարտի 1-ից ի վեր ի հայտ եկած մի շարք ավելի փոքր անկախ խմբավորումների։ Մայիսի 9-ին Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը նույնպես Հայ ազգային կոնգրեսին բավական զգուշավոր գնահատական տվեց` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկն անվանելով «անորոշ» եւ ավելացնելով, որ «դեռ վաղ է քաղաքական կուսակցությունների` Կոնգրեսի ներքո միաձուլման մասին խոսելը»:
Շարքային ժողովրդի մակարդակով երկրում շատերը կամ տեղյակ չէին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, կամ բնավ չէին ցանկանում քննարկել այն։ Մի բարեկեցիկ թաղամասի առեւտրականները, որոնց շրջանում հաճախ են քաղաքական հետազոտության նպատակով հարցումներ անցկացվում, անսպասելիորեն սառը վերաբերմունք ցուցաբերեցին, երբ խոսք բացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին։ Հայաստանի հյուսիսից՝ հարցախույզ անցկացնողի երիտասարդ չափահաս մի վաղեմի ծանոթ նրան ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հետապնդումները տեսնելով՝ մարդիկ վախենում են քաղաքականությունից խոսել։ Նույն հյուսիսային քաղաքի մեկ այլ ընտանիքում ասացին, թե զզվում են Հանրային հեռուստատեսությունից, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի մայիսյան կոնգրեսից ընդամենը մի քանի վայրկյան է ցուցադրել։ Մի ուրիշ ընտանիքում էլ ասացին, որ իրենց բոլորովին չեն հետաքրքրում ո՚չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ նրա որեւէ նոր ասելիք։
10. Ապրիլի 9-ին իր գրասենյակը լքելուց հետո մեկ ամիս լռած նախկին նախագահ Քոչարյանը մայիսի 12-ին թունոտ պատասխան տվեց մայիսի 2-ի հայտարարություններին։ Քոչարյանն ասաց, որ «որքան էլ իր վրա ցեխ լցնի, միեւնույն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարողանա մաքրվել»։ Ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքի, որ Քոչարյանը միտումնավոր է զենքի դիմել, որ լռեցնի հետընտրական բողոքները, Քոչարյանն ասաց, թե «պետք է թուլամիտ կամ ծայրաստիճան անբարոյական լինել՝ պնդելու համար, թե իշխանությունները կարող են միտումնավոր կերպով սեփական ժողովրդի դեմ զենքի կիրառում ծրագրել»։ Քոչարյանը հետընտրական զարգացումների մեղքը բարդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, ասելով, թե նա «ամեն ինչ արեց անհանգստություն հրահրելու համար, ինչով ոստիկանությանը ստիպեց զենքի դիմել»։ Քոչարյանը նաեւ պնդեց, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեւէ տնային կալանքի չի ենթարկվել», նշելով, թե նրան ասվել է, որ կարող է մարտի 1-ին վերադառնալ իր համախոհների մոտ, սակայն «պետական թիկնազորի մասնակցությունն ապօրինի հանրահավաքին, որը վերածվել է զանգվածային անկարգությունների, անթույլատրելի է»։ Լեւոն Տեր-Պետրոսյանին վախկոտ անվանելով՝ Քոչարյանն ասաց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը «պատասխանատու մարդ» լիներ, «կհրաժարվեր թիկնապահներից եւ կմիանար իրեն վստահած ժողովրդին»։ Քոչարյանն ի մի բերեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իր գնահատականը՝ ասելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը «բարոյականության հետ կապված խնդիրներ ունի» եւ նրան այս բոլոր ստերը պետք են իրեն սատարողներին հմտորեն իրեն ենթարկելու համար։
Վերջապես Լեւոն Տեր—Պետրոսյանի ներկայացուցիչները երեւում են հեռուստատեսությամբ
11. Մայիսի 12-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքը Լեւոն Զուրաբյանին՝ Տեր-Պետրոսյանի վաղեմի քաղաքական խորհրդականին, անսպասելիորեն հրավիրեց ամենադիտվող հեռուստաժամին ուղիղ եթերով հարցազրույցի։ Արդյունքը հետեւյալն էր. ագրեսիվ հեռուստավարը շարունակ ընդհատելով՝ թույլ չէր տալիս, որ Զուրաբյանը խոսի, իսկ վերջինս ոչ թե պատասխանում էր հեռուստավարի հարցերին, այլ սեփական խոսքն էր ասում, հիմնականում հետընտրական ճգնաժամը մեկնաբանելով։ Զուրաբյանը հերքում էր մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ իշխանությունների վարկածը, Հանրային հեռուստատեսությունն անվանում էր «ամոթալի»՝ նրանց մեղադրելով իշխանամետության եւ առկա քաղաքական իրավիճակի կարեւորագույն փաստերը հանրությունից թաքցնելու մեջ։ Հեռուստավարն իր հերթին Զուրաբյանին անվանում էր երեսպաշտ՝ ասելով, թե 1990-ականներին նախագահի խոսնակ եղած ժամանակ հենց ինքն էր փակում զանգվածային լրատվամիջոցները։ Զուրաբյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չբավարարեն ԵԽԽՎ 1609 որոշման պահանջները եւ չթույլատրեն քաղաքական հանրահավաքները, ապա ընդդիմությունը հունիսի 20-ին հանրահավաք կկազմակերպի Ազատության հրապարակում, անկախ այն բանից՝ իշխանությունները կարտոնե՞ն, թե՞ չեն արտոնի այն։
Իշխանամետ «Կենտրոն» հեռուստաալիքը (որը պատկանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, պատգամավոր եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանին), նույնպես մայիսի 12-ի երեկոյան «Ուրվագիծ» ծրագրին հյուր հրավիրեց ԼՏՊ-ամետ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդին։ Երիտասարդը բանավիճեց իշխող կոալիցիոն կուսակցությունների՝ Դաշնակցության եւ Հանրապետականների ներկայացուցիչների հետ։ Այս բանավեճն ընթացավ ավելի քաղաքակիրթ, քան Հանրային հեռուստատեսության հեռարձակումը։ Երիտասարդական թեւի առաջնորդը կրկնեց Զուրաբյանի՝ նախքան որեւէ երկխոսության գնալը 1609 որոշման պահանջները կատարելու պայմանը։
Մեկնաբանություն
12. Լեւոն Տեր-Պետրոսյանի վճռական վերադարձը եւ այդ վերադարձին նախկին նախագահ Քոչարյանի բուռն արձագանքը քաղաքական ճգնաժամի փոխզիջումային կարգավորման տեսանկյունից ոչ մի լավ բան չի խոստանում։ Եթե իշխանությունները չկատարեն ԵԽԽՎ որոշման պահանջները, Հայաստանը կարող է կորցնել իր վարկը միջազգային ասպարեզում, իսկ Սարգսյանի լեգիտիմությունն է՚լ ավելի թերահավատությամբ կընդունվի իր ժողովրդի կողմից։ Եթե որոշման պահանջները կատարվեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը կշահի՝ նոր հանրահավաքները նոր թափ կհաղորդեն նրա գործունեությանը։ Հունիսին սահմանված վերջնաժամկետը մոտենում է, եւ ընդդիմության առջեւ դրված արգելքները, առանց արտոնության փողոց դուրս գալու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարից հնչող սպառնալիքները կարող են այս ամառ Հայաստանը վերածել ընդվզումների, բախումների եւ հետապնդումների վառոդամանի։ Դժվար է միայն ասել, թե արդյոք հանրության հետընտրական ցասումը մարե՞լ է՝ վերածվելով վարչակարգի հակաժողովրդավարական չարաշահումների տոկուն հանդուրժողության, թե՞ ազգաբնակչության մի մեծ զանգված պատրաստ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջորդ կոչով իշխանությունների հետ առճակատման համար փողոց դուրս գալ։
13. Մեկնաբանության շարունակությունը. Անկախ ամեն ինչից, մեզ չպետք է շեղի Լեւոն Տեր-Պետրոսյանի (քաղաքականապես հիմնավոր) կոչը` ուղղված Հազարամյակի մարտահրավերներին։ Մեր քաղաքականությունը չի պայմանավորվել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ իշխանություններին աջակցության տրամադրմամբ։ Թույլ տալով, որ ընդդիմության առաջնորդը (որի ժողովրդավարական վարկանիշը բավական խաթարված է) շեղի մեր քաղաքական դիրքորոշումները, մենք կսխալվենք նույնքանով, որքանով կսխալվենք, եթե նույնը թույլ տանք անել իշխանություններին։ Հազարամյակի մարտահրավեր ծրագրի մեր քաղաքականությունը, ինչպես աջակցության այլ ծրագրերի որոշումները, պետք է հիմնվի Հայաստանում ծրագրի նպատակների իրականացման մեր սեփական գնահատականի, ինչպես նաեւ ժողովրդավարական արժեքների քարոզման մեր վաղեմի ավանդույթների վրա եւ պետք է պայմանավորվի այն բանով, թե ինչպես կարելի է լավագույնս ներգործել քաղաքական այս համակարգի վրա՝ այն ժողովրդավար ուղի վերադարձնելու նպատակով։
ԲՀԿ-ն Քոչարյանի գործիքն է
Ստորեւ բերվող փաստաթուղթը ՀՀ—ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը գաղտնի գրիֆի տակ Վաշինգտոն է ուղարկել 2009 թվականի փետրվարի 18-ին: Այն նվիրված է Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու պլաններին: Փաստաթուղթը գաղտնազերծվել է «Վիքիլիքսի» կողմից:
1. Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը փետրվարի 18-ին վստահություն հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ քաղաքական ինտրիգներն իրենց դեկտեմբերյան գագաթնակետից անկում են ապրել: Նիկոյանն ասաց, որ դեկտեմբերի 26-ի Ազգային Ժողովում հարկային օրենսդրական փաթեթի քվեարկությունից հետո, երբ իշխող կոալիցիայի մաս կազմող Բարգավաճ Հայաստանի եւ ՀՅԴ-ի գործընկերները կառավարության հեղինակած օրենսդրության քվեարկության ժամանակ բացահայտ կերպով դեմ դուրս եկան նախագահ Սարգսյանի Հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանը գնացել է նախկին նախագահ Քոչարյանի հետ հանդիպելու: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՅԴ մի քանի պատգամավորներ սաստիկ քննադատության են ենթարկել օրենսդրական փաթեթը, որը միմյանց հետ սերտ կապեր ունեցող օլիգարխների տնտեսական շահերը հարվածի տակ կդներ եւ կբերեր բախման:
Ըստ Նիկոյանի, Սարգսյանը Քոչարյանին ասել է. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ուզում ես, սակայն ստիպված ես լինելու նաեւ նոր նախագահ բերել հրապարակ»:
Հստակ է, որ նախագահ Սարգսյանը չէր հանդուրժի Քոչարյանի շարունակվող քաղաքական մանյովրները Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, եւ քաղաքական գործընկերոջ (Ծառուկյանի.-խմբ) պատերազմների հովանավորությունը շարունակելը պարզապես լայնամասշտաբ առճակատում կնշանակեր:
2. Նիկոյանն իր գնահատականներում նշում է՝ եթե Քոչարյանն իսկապես նպատակ դնի ազատվել վարչապետից ու գրավել նրա տեղը, ապա նա, չնայած նախագահ Սարգսյանի ընդդիմությանը, Ազգային Ժողովում կկարողանա բավական ձայներ մոբիլիզացնել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Այնուամենայնիվ, ներկայումս թվում է՝ Քոչարյանը մտադիր չէ իր նախկին հովանավորյալ Սերժ Սարգսյանի հետ այս հարցի շուրջ բաց քաղաքական առճակատում հրահրել: (Ծանոթագրություն — Իշխող կոալիցիայի ներսում ԲՀԿ-ն ամբողջովին Քոչարյանի գործիքն է: ՀՅԴ-ն ավելի խայտաբղետ եւ անկախ կառույց է, սակայն Քոչարյանի հետ շատ ավելի է կապված, քան Սարգսյանի: Օրինաց երկիրը ներկայումս թվում է՝ Սարգսյանի կողքին է, սակայն դրա առաջնորդն ապացուցել է, որ միշտ պատրաստ է ավելի լավ առաջարկի: Մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը, թվում է, ամբողջովին նախագահ Սարգսյանի, հետեւաբար` նաեւ վարչապետ Սարգսյանի կողքին է, սակայն հնարավոր է հանրապետական կառույցի ներսում ընդհատակյա «խութեր» ի հայտ գան, եթե գործելու ժամանակը գա):
3. Նիկոյանը շարունակում է քննարկել Սարգսյանի կառավարության քայլերը` ուղղված ներմուծման ոլորտի ամենաշահութաբեր բիզնեսները տնօրինող օլիգարխներին հարկային դաշտ բերելուն: Նիկոյանն ասել է, որ «նա» (հավանաբար ի նկատի ունի նախագահ Սարգսյանին, սակայն նմանապես կարելի է հասկանալ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին), ի վիճակի չի եղել անմիջականորեն դուրս գալ օլիգարխների դեմ, ուստի փոխարենը որպես գործիք կիրառում է ՀԴՄ կտրոնների խրախուսական վիճակահանությունը: Նիկոյանը նշում է, որ օլիգարխները երկար ժամանակ ներմուծման ոլորտի իրենց բիզնեսի ահռելի բաժիններ ստվերում են պահել: Մանր բիզնեսին ստիպելով ՀԴՄ կտրոններ տալ (միաժամանակ ծրագիրն առաջ մղելու համար հաճախորդներին գայթակղելով Նիկոյանն ասում է, որ վարչապետի թեժ գիծը, որով տեղյակ են պահում կտրոն չտրամադրող վաճառակետերի մասին, իսկապես թեժ է այս օրերին), հարկային եւ մաքսային կառույցները ի վիճակի կլինեն միմյանց կապել իրապես ներմուծված ապրանքների ծավալները եւ այդ ինֆորմացիան օգտագործել հավաքագրումները բարելավելու համար:
4. Նիկոյանն օրինակ է բերել դեղորայքի մանրածախ առեւտրով զբաղվող իր բարեկամներից մեկին: Նախկինում դեղատունը պատկան մարմիններին տեղյակ էր պահում ամբողջ վաճառքի ընդամենը կեսի մասին, մնացյալը գտնվում էր ստվերում:
Սակայն դա դարձել է անհնար, քանի որ հաճախորդներն այժմ պահանջում են իրենց տրամադրել հարկային կոմիտեի կողմից տպագրված վիճակախաղային համարներով կտրոններ: Քանի որ հայտնի է՝ դեղատան ապրանքի սկզբնաղբյուրը օլիգարխ Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») ներմուծած դեղորայքն է, պատկան մարմինները պատշաճ ժամկետներում կկարողանան ի մի բերել մյուս բոլոր վաճառակետերի տվյալներն ու հստակ պատկեր ստանալ Ալեքսանյանի ներմուծած ապրանքի վերաբերյալ, ըստ այդմ նաեւ համապատասխան ձեւով հարկել նրա բիզնեսը:
5. Մեկնաբանություն. Մենք Նիկոյանին համարում ենք բավականին անկեղծ եւ հեղինակավոր աղբյուր՝ Հանրապետական կուսակցության ներքին խնդիրներին տիրապետելու առումով: Նա միանգամայն Սերժ Սարգսյանի մարդն է: Վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` կուլիսների հետեւում ընթացող պայքարն արդեն հազիվ նշմարվող ակնարկների ու շշուկների մակարդակից վերաճել է վատ պահված քաղաքային գաղտնիքի: Մեր տպավորությամբ, դեպքերի՝ Նիկոյանի վարկածը հաստատված է փորձով. Տիգրան Սարգսյանի վերահաս հրաժարականի մասին շշուկները վերջին մի քանի շաբաթներում նվազել են: Հունվարին քաղաքական շշուկների ջրաղացը եռում էր շշուկներով, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շուտով դառնալու է վարչապետ: Սա զուգորդվում էր նրա արտասահմանյան շրջագայությունների մասին հեռուստատեսային լայնամասշտաբ լուսաբանումներով: Երկու շաբաթ առաջ Նիկոյանն ինքը հստակորեն չբացառեց նման հնարավորությունը, երբ մենք թերահավատորեն հարցրինք թե արդյոք որեւէ մեկը հավատու՞մ է, որ անկիրթ նախկին ըմբիշը կարող է դառնալ վարչապետ: Այն փաստը, որ նախագահ Սարգսյանը փետրվարի 12-ին մասնակցեց ԲՀԿ համագումարին եւ հանդես եկավ ուղենիշային խոսքով, որի հիմնական կետերը հետագայում թութակի նման կրկնեց Ծառուկյանը, ցույց է տալիս, որ նախագահը, թերեւս ներկայումս, ԲՀԿ-ին իրեն լոյալ ուժ է համարում:
6. Մեկնաբանության շարունակություն. Եթե դա ճիշտ է, ապա բավականին հետաքրքիր է, որ Սարգսյանը ուղղակիորեն առճակատման է գնացել Քոչարյանի հետ վերջինիս քաղաքական մեքենայությունների առումով, եւ որ Քոչարյանը ընկրկել է: Սակայն դա նաեւ անհանգստացնող նշան է, թե որքան կարող են բարդանալ այս երկուսի հարաբերությունները: Մենք կասկածում ենք, որ թերեւս Քոչարյանը կսպասի իր պահին, հավանաբար երբ գալիք տնտեսական ճգնաժամը կհասունացնի երկու Սարգսյանների վարկանիշի անկումը, եւ այդժամ թերեւս նա առավել որոշակի քայլ կանի որեւէ ձեւով իշխանության վերադառնալու համար:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.