Առավոտյան ճանապարհվեցինք Արմավիր, հանդիպելու սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը` Նանային։ Երթուղայինում հարցնում էինք այն դպրոցը, որի մոտ էր գտնվում Մուրադյանների տունը։ Երբ հեռախոսը տվեցինք վարորդին, որպեսզի Նանան բացատրի տան տեղը` նրա դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց. «Բա միանգամից ասեիք ուր եք գնում, էստեղ բոլորը գիտեն էդ պատմությունը, ջահել-ջիվան տարան կորցրին էրեխուն»…
Մեզ դիմավորեց փոքրիկ սևազգեստ մի կին` Նանան և ուղեկցեց տուն` որտեղ ամենուր Վալերիի շունչն էր…
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկանքից քաղվածք` «Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին» .
«2010 թվականի մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հայկազովի զորամասում մարզաձողից կախված վիճակում հայտնաբերվել է 3 ամսվա շարքային զինծառայող, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից բանակ զորակոչված Վալերի Մուրադյանի դին: Մարզաձողը, որից կախված է եղել Վ. Մուրադյանի դին, ունի 149 սմ բարձրություն, իսկ Վալերիի հասակը եղել է 180 սմ: Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը «ինքնասպան» է եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով»:
Ըստ նախաքննական մարմնի` վեճի շարժառիթը Nokia հեռախոսի արժեքի վճարման շուրջ անհամաձայնությունն է եղել: Վ.Մուրադյանին 4 հոգի սպառնացել են նվաստացնել, վարկաբեկել, սեռական բռնության ենթարկել, եթե 2000 դրամը չբերի: Հետո այդ 4 հոգին նրան իբր արդեն կախված վիճակում են գտել:
«Երեխուս մի բանով խեղդել են, հետո թոկը գցել վիզն ու կախել, ինչի՞ պիտի քիթը տուռնիկից կախվելուց ճզմվի, կարաք՞ ասեք, կամ` թևերի, վզի վրա որտեղի՞ց են կապտուկներ մատնահետքերի տեսքով։ Վալերին փողի կարիք չի ունեցել, մոտը միշտ էլ փող եղել ա, հնարավոր չի էդ 2000 դրամի պատմություն եղած լինի։ Նույնիսկ դատաբժշկական եզրակացության մեջ էդ ամենը նշված չի եղել, հենց ամենասկզբից էլ ուզել են կոծկել», — ծնկներին խփելով, լացակումած պատմում է Նանան` ավելացնելով, որ Ս. Օհանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, նախարարն ասել է, որ զորամասից այնպիսի լավ բնութագիր է ստացել Վալերիի մասին, որ չի հավատում նրա «ինքնասպանությանը»:
«Մեր տունը չի, վարձով ենք մնում, — ասես արդարանալով ասաց Նանան, — քանի երեխեքը փոքր էին` գյուղում էինք ապրում, հետո մեծացան` ուսումի հարց առաջացավ ու տեղափոխվեցինք Հոկտեմբերյան։ Ձմեռը ջրերը սառել էին, տրուբեքը ճաքել են, ամուսինս էլ ոչ հավես ունի, ոչ սիրտ որ սարքի, մենք բոլորս խելագարված ենք, էն ա` որ իրար համար ապրում ենք, ու մեկ էլ` հույսով, որ իմ երեխուս սպանողներին գտնեն ու պատժեն»։
Անժելան` Վալերիի քույրը, սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում` վճարովի։ Իր «օդնո»-յի նկարը մարտի 14-ից իր ու եղբոր նկարն է դրել, ասում է.
«Մեր կյանքն ու ուրախությունը եղբայրս էր։ Վալերին շատ ուրախ տղա էր` ընկերասեր, վերջին շապիկը կտար ընկերոջը, ընկերներն էլ սիրում էին մեր տուն գալ` տորթ էի թխում, գալիս ուտում էին, ասում—խոսում… Հետո տարան բանակ։ Ուզում էինք միջամտենք, որ մոտիկ տեղ գցեն, էն էլ ինքը չթողեց, ասում էր` «Կփախնեմ, կգնամ Ղարաբաղ»։ Գնացել էինք «պրիսյագին», լավ տեսանք Վալերիին, հենա` նկարներում երևում ա, ինչ երջանիկ ենք բոլորս։ Ո՞վ իմանար, որ սենց բան կանեն եղբորս հետ։ Բա մաման, տեսել ե՞ք ինչքան ա մաման փոխվել, էն մաման էլ չկա…»
Նայում ենք ընտանեկան ալբոմը, հատ-հատ ընտրված ու մեծացված հաջող նկարները, որտեղից ժպտում են սովորական հայկական ընտանիքի անդամները` թող, որ գոյատևելու ողջ դժվարությունը ուսերին են տանում, թող` ուր ինչ պետք ա` կտան, բայց երջանիկ` իրարով, իրար լավով` միասին։ Նանան այդ նկարներում նման է ջահել անհոգ աղջկա, բոլորովին չես ասի, որ այդ խնամված, տարիքից բավականին երիտասարդ թվացող կինը` կամակոր խոպոպներն աչքերին, որ ասես իր երեխաների ընկերուհին լինի, այս նույն բաց ճակատով սևազգեստ սգացող կինն է, որ չնայած իր դարդին, իր մեծ դժբախտությանը, այդքան ուժ ու եռանդ ունի պայքարելու, այնքանով, որ արդարացի է նրա պահանջը` սպանված որդու մեղավորներին գտնել ու պատժել…
Վալերին զորամասի հրամանատարության կողմից Հատուկ շնորհակալություն է ստացել լավ ծառայության համար, նաև ստացել է երկու շնորհակալագիր այդ կարճ ժամանակահատվածում` այսինքն` Վալերի Մուրադյանը «պորճ» չի եղել, բայց ոչ էլ «դոդիկ» ա եղել, նրան սիրել ու հարգել են զորամասում։ Մորը երբեք չի բողոքել ծառայությունից, հակառակը` մտադրություն է ունեցել պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո մնալ բանակում։
«Հեռախոսով որ խոսում էինք`չէր բողոքում, ասում էր ամեն ինչ լավ ա մամ ջան, դե ես էլ հարմար տարիֆ էի ընտրել, որ հետը էժան խոսամ, ու խոսում էինք. ինձ թվում էր` ես ամեն ինչից տեղյակ եմ, երեխես լավ ա… Մենակ էդ դեպքից մի չորս օր առաջ Վալերս ասեց. «Մամ, վաշտում սալյարկա էին գողանում, ես պատահաբար տեսա, ու որ տեսա ասեցին ձեն չհանես քեզ էլ փող կտանք »: Հարցրեցի` տղա ջան, հո անտերություն չի, օֆիցեր չկա՞: Ասեց «Մամա, հենց օֆիցերն ա գալիս մեքենան հետևանց կանգնեցնում, տղերքը լցնում են»: Ասեցի գնա տղերքին ասա` ոչ տեսել ես, ոչ լսել ես», — պատմում է Նանան։
Վալերիին ծնողներին են հանձնել մերկ վիճակով: 4 ամիս անց`բազմաթիվ բողոքներից հետո, երբ գործը տեղափոխեցին Երևան և շորերը ուղարկվեցին փորձաքննության, պարզ դարձավ, որ շորերը ամբողջությամբ բորբոսնած վիճակում էին։ Մայրը պնդում է, որ դա Վալերիինը չէր կարող լինել, նրա շորերը երևի այնպիսի վիճակում են եղել, որ ստիպված են եղել էդ կեղտոտ շորերը «սաղացնել»…
Հազիվ են թաղել Վալերիին, հարազատների ու համագյուղացիների բողոքն այնքան մեծ է եղել, որ սկզբում չէին թողնում իրենց որդու անկենդան մարմինը դիահերձարանից տուն բերեն: Գյուղացիներն ասում էին, որ դիակը կտանեն հրապարակ ու էնքան կնստեն, մինչև մեղավորներին բերեն ու պատժեն:
Բայց «Զինվոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ում զոհվածների հարազատներից շատերը համարում են «ծախված», ծնողներին համոզել է հրաժարվել այդ մտքից և հուղարկավորությունը կատարել, նաև երդում է տվել, որ մեղավորները կպատժվեն. «Ես ի՞նչ իմանայի նա ով ա, հետո իմացա։ Ձեռքն էլ դրեց էրեխուս վրա, ասեց` երդվում եմ իմ սև շորերով ու, իմ էրեխուս շիրիմով», — պատմում է մայրը:
«Երեխուս սպանել են, որ իրանց գողությունը չբացահայտվի, ես էդքան բան գիտեմ։ Եթե էդպես չի` ուրեմն պետք ա բացահայտեն, այնինչ ամեն կերպ փորձում են կոծկել։ Երբ ես մասնակցում եմ բողոք-ակցիաներին, ես տեսնում եմ ծնողների, ովքեր տարիներով չեն կարողանում հասնել արդարության, ինձ էլ ա՞ նույնը սպասվում, ինչքա՞ն պիտի մենք լռենք, ինչքա՞ն պիտի մեր երեխեքին տանեն գլուխներն ուտեն…Հիմա ես էլ տղա չունեմ, ոչ էլ կարամ ունենամ, ուրեմն վերջ` էս մի ճրագը մարեց, — ասում է Նանան, — Էրեխես դոշ տված ուզում էր զինվոր լինել, հայրենիքին ծառայել, բայց հայրենիքն իմ անմեղ տղու գլուխը կերավ ու իրա համար ոչ մի բան չի ուզում անել:18 տարի պահել եմ, որ տանեն գլուխն ուտե՞ն: Մեր ցեղը շարունակող միակ արու զավակին տարան սպանեցին, մեր կյանքն էլ պրծած ա»։
Անցյալ տարի Սեյրան Օհանյանը ընդունել է Նանային, ու խոստացել պատժել մեղավորներին, նույնիսկ ժամկետն է նշել` մինչև սեպտեմբերի վերջը` անցյալ սեպտեմբերի։
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ու այսօր` դեպքից մեկ տարի յոթ ամիս ու յոթ օր անց` մեր երկրի Անկախության 20-րդ տարեդարձի օրը, անկախություն, որ Վալերիի տարիքին է, Վալերիի գործով մեղադրյալներ չկան։ Զինվորական զորամասում, բոլորի աչքի առաջ մարդը «կախվել» է, ու ոչ ոք ոչինչ չի տեսել։ Միայն այն, որ երիտասարդի վրայի հագուստը իրենը չի եղել և պարանոցի վրայի 2 պարանների հետքերը, արդեն իսկ արտառոց է և խոսում է զեղծարարության մասին, ու արդեն` սպանությունը կոծկելու ու որպես ինքասպանություն հրամցնելու սցենարով։ Հետագայում ձերբակալել են Արմեն Գրիգորյանին` սպային, ով ընդունել է, որ ապտակել է Վալերիին, ապա` համաներումով բաց է թողնվել, քանի որ ունի մինչև երեք տարեկան երեխա։
Զինդատախազ Գևորգ Կոստանյանը Նանային ասել է. «Տիկին Նանա, եթե երեք տարեկանից մեկ օր էլ անցած լիներ` բաց չէինք թողնելու, հավատացած եղեք», բայց Նանան չի հավատում. «Մեզ 8-րդ օրն են տեղ հասցրել համաներման մասին դատարանի որոշումը, այնինչ` բողոքարկել կարող էինք 7 օրվա ընթացքում, ու մենք չենք կարողացել բողոքարկել։ Հիմա պետք է գործն ունենանք, որ տեսնենք ինչ ենք անում»,— ասում է նա։
Վալերիի հոր ընկերը, ում որդին նույն զորմասում Վալերի Մուրադյանի հետ էր ծառայել, ու հաստատ տեղյակ է եղել անցուդարձից, զորացրվելուց հետո հանել է տղային երկրից… Ինչո՞ւ…
Նանան ասում է, որ անցյալ չորեքշաբթի` Կոնգրես հյուրանոցում կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո, ռազմական ոստիկանությունից զանգել և իրենց մոտ էին հրավիրել սպանված զինվորների ծնողներին: Նրանց նպատակը ոչ թե գործերից խոսելն էր, այլ Կառավարության շենքի դիմացից բողոքողներին ցրելը` «որ մազոլ չանեն աչքները»։
«Մեզ ասում էին` «Ինչի՞ եք կանգնում էդտեղ, ինչի՞ եք հասել ձեր կանգնելով, եկեք նորմալ համագործակցենք»։ Մենք էլ ասեցինք, որ մենք շարունակելու ենք կանգնել, մինչև հարցը չլուծվի, իսկ համագործակցել` խնդրեմ, հինգշաբթի, մեր բողոքի ակցիայից հետո։ Կլոր սեղանի ժամանակ նոր պետի տեղակալ` Ղազարյանը, իբրև տեղյակ չի գործերից, ստիպեց զինվորների ծնողներին պատմել: Ինչի՞, Մանուկյան Աշոտը չի պատմե՞լ, որ մենք պիտի պատմենք, ինչքա՞ն կարելի ա ձեռ առնել մարդկանց, հո էշ չենք, մեկը մեկի վրա ա գցում, հինը գնում ա` նորը գալիս, ու ամեն ինչ նորից ա սկսվում` նորից խոստումներ են տալիս, ու նորից` չեն կատարում։ Մենք ըսկի չէինք էլ հավատում, որ մի բան կփոխվի, նորից նույն հեքիաթներն էինք լսելու, գիտեինք, ուղղակի գնացինք, որ չասեն` չեք ուզում։
Սեյրան Օհանյանը մեր երեսով էր տալիս իր տրամադրած երթուղայինը, որով մենք` սպանված զինվորների ծնողներս,Արտակ Նազարյանի գործով Շամշադին դատի էինք գնացել, էլ չի ասում, թե` «գազել» են տալիս` գնում հասնում ենք Բերդ ընդեղ ենք իմանում, որ դատախազը արձակուրդ ա, էդքան հարգանք չունեն, որ էդ աստիճանի չարհամարհեն, տեղյակ պահեն, որ չգնանք հասնենք, քիչ ա Երևան չեն տեղափոխում, հետն էլ ձեռ են առնո՞ւմ մեզ, իբր` նոր ցուցմունքներ են հավաքում, նոր բաներ են պարզում, որ ի վերջո բերեն հասցնեն իրանց պաշտոնական` «ինքնասպանության» վարկածին»։
Մեկ տարի յոթ ամիս, յոթ օր է` Նանայի տան ճրագը մարել է։ Մեկ տարի յոթ ամիս, յոթ օր է` Նանան դադար չունի։ Մեկ տարի յոթ ամիս, յոթ օր է` Նանան պայքարում է։ Ու նորից զարմանում եմ` որտեղի՞ց այդքան ուժ։ Ինչո՞ւ պայքարել, եթե ամեն ինչ խոսում է այն մասին, որ անուժ ես քո երկրում, որ քո երեխան` պահած, պաշտած, էլ չկա` սպանել են, ու սպանել են քիչ է, դեռ ասում են` ինքնասպանվել է։ Խելագարվել կարելի է… Այս փոքրիկ կինն ասում է` «Եթե տանը նստեմ` աղջիկս ինձ նայելով կգժվի, սենց` գնում եմ, դեռ հույս ունեմ, որ մեղավորները կպատժվեն։ Բայց դե դատախազ Հարություն Հարությունյանը, երբ ես հերթական անգամ կասկած հայտնեցի գործի «սարքելու» մասին, ինձ սպառնաց, թե` մի հատ էլ երեխա ունես, տես հա, նրա մասին մտածի… Ես չեմ վախենում, ես պիտի պայքարեմ, պիտի հասնեմ արդարության, որ էլ ոչ մի մայր իմ օրը չընկնի…»
Ֆոտոպատմությունը` Սվետլանա Աnտոյանի(Ocean)
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.