Երբ ես փոքր էի, հաճախ էի լսում փսփսոցներ բռնաբարությունների մասին: Տատս միշտ զգուշացնում էր, որ չվստահեմ տղաներն, որ նրանց մտքում միայն մի բան է: Տատս իրավունք ուներ էդպես մտածելու, դառը փորձ ու ճակատագիր ուներ աչքի առաջ: Նրա մոտ ազգականի աղջկան, գեղեցկուհի Եվգենին անտառում չգիտես ով բռնաբարել էր: Էդ մասին իմացել էին տնեցիք, երբ Եվգենիի փորը սկսել էր աճել: Քանի որ աղջիկը համեստ ու պարկեշտ էր, ոչ ոքի մտքով չանցավ, որ նա սեփական որոշմամբ է հայտնվել էդ հետաքրքիր վիճակում:
Սկսեցին փորփրել, ու պարզվեց, որ գյուղի հարուստի տղան է բռնաբարել: Աղջիկը վախից ոչ մեկի հետ չէր խոսում: Տնեցիք էլ հարուստի առաջ վախից ոչինչ չէին կարողանում անել: Եղբայրը փորձեց խոսել տղայի հետ, ինչին պատասխան ստացավ՝ «Քուրդ աղջիկ չէր, աղջիկ լիներ տիրություն կանեի», որը բացարձակ սուտ էր: Բայց դե, 50-ականների սկզբին ո՞վ էր համարձակվում գեղի հարուստի դեմ դուրս գա: Հարուստը համաձայնվեց վճարել միայն աբորտի փողը, որը պիտի լիներ արդեն ոչ թե աբորտ, այլ արհեստական վաղաժամ վիժում:
Մի խոսքով, Եվգենի տնեցիք սրան զոռով տարել են բժշկի: Եվգենն ուզում է էդ երեխուն ունենա, մայրն ու եղբայրներն ասում են՝ ոչ: Եվգենը լացում էր, տատս միշտ հիշում էր դա, ու ինքն էլ աչքերը լցնում: Եվգենին արհեստական վիժում կազմակերպեցին ու երեխային՝ մոտ 7 ամսական, մեռած հանեցին փորից: Էդ օրվանից Եվգենը ոչ ոքի հետ բառ չփոխանակեց: Մի երկու տարի անց նրան գտան ցախանոցում կախված… Մայրը գլխին էր տալիս մնացած ողջ կյանքը, Եվգեն էր կանչում ու լացում:
Սա իմ հիշողության մեջ տպված առաջին բռնաբարության պատմությունն է, բայց ոչ վերջինը:
Դպրոցում, մի դասարան ինձնից ցածր մի Հելեն կար՝ լավ սովորող, երաժշտական գնացող, կոմերիտական ակտիվիստ, սիրուն մի աղջիկ: Հելենը իրենից տարիքով մեծ մի տղայի հետ էր ընկերություն անում: Օրերից մի օր էլ լսեցինք, որ էդ տղան իր խմած ընկերների հետ անտառում Հելենին բռնաբարել են: Հելենը մի քանի օր դասի չեկավ, ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում: Ու խոսակցությունների մեջ, հիմնականում մեղադրում էին Հելենին, որ՝ «Տղեքի հետ խի՞ ա մենակ անտառ գնացել», հաշվի չառնելով, որ տղեքի մեջ նրա ընկերն է եղել՝ սիրած տղան: Հելենը դառել էր «փչացած», նրան «փչացրել» էին:
Հետագայում, մնացած ողջ մայիս ամիսը Հելենը հազվադեպ էր դպրոց գալիս, գալուց էլ ոչ մեկի հետ չէր շփվում, ավելի ճիշտ՝ ոչ ոք նրա հետ չէր շփվում: Մենք, մի քանի համարձակներս էինք նրան մոտենում ու փորձում մեղմել խեղճի խայտառակությունը: Դպրոցն ավարտելուց հետո լսեցինք, որ Հելենը նշանվել է հենց էդ նույն տղայի հետ՝ եղբայրներն էին ստիպել: Հելենը իր 10-րդ դասարանի օրերն էր դպրոցում հաշվում, քանի որ ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ամուսնանար մեկի հետ, ով իրեն տվել էր ընկերներին զվարճանալու համար…
Բայց տարվա կեսն էլ չէր անցել, երբ Հելենն էլի կորավ դպրոցից: Լսեցինք, որ ուղեղում ուռուցք կա, տարել են Երևան վիրահատելու: Ուռուցքն էլ առաջացել էր ըստ երևույթին, երբ նա դիմադրել էր ու զանազան հարվածներ կերել գլխին, նաև ընկել, ինչի հետևանքով էլ լերդացած արյան մասսան վեր էր ածվել ուռուցքի, կամ նման մի բանի, հաստատ ախտորոշումը չգիտեմ: Ասում էին, որ էդքան էլ լուրջ բան չի, քաղցկեղ չի, կհեռացնեն կանցնի: Բայց արի ու տես, որ Հելենի անիծված բախտը ստեղ էլ չբերեց: Վիրահատությունն անցել էր հաջող, իսկ երբ նարկոզից հետո միջանցքում պառկած է եղել սայլակի վրա, պտտվել է ու ընկել ներքև, գլուխը խփել ու գանգը մեջտեղից բացել ու մահացել է…
Հիմա արդեն քաղաքը սգում էր Հելենի համար, այն նույն Հելենի, ում համարում էր «փչացած», ում հետ չէին ուզում շփվել ընկերները, ում մասին ասում էին, թե՝ «բախտը բերել ա, որ էդ տղեն ուզել ա, թե չէ ի՞նչ էր անելու տենց անունը գցած ո՞վ կուզեր նրան»:
Մի ուրիշ պատմություն, վերջերս տեղի ունեցած, ինձ մոտ մարդկանցից մեկի հետ: Շուշանը խելոք, համեստ ու բարի աղջիկ է, փոքրամարմին, նիհար, օրուգիշեր աշխատում էր, որ տունը պահի: Մի օր էլ զանգեց, թե՝ ինձ բռնաբարել են: Եկավ, ծեծված, դեմքն ամբողջովին կապտած, աչքերը լացելուց կարմրած… Պատմեց, որ ընկերուհու ու երկու տղաների հետ գնացել են հաց ուտելու, ինչ-որ օբյեկտ: Սրանցից մեկը սիրաբանում էր Շուշանի ընկերուհու հետ, բայց մյուսը՝ որ Շուշանին էր հավանել, նրա դուրը չէր գալիս:
Ոնց է ստացվում, սրանք մնում են սենյակում մենակ: Էս տղան սկսում է համոզել Շուշանին կենակցել, ինչին Շուշանը դիմադրում է: Որից հետո, տղան, ինչպես հետո իմացանք,ամուսնացած ու երեխատեր տղամարդը, սկսում է բռունցքներով հարվածներ տեղալ Շուշանի դեմքին, ոլորել թևերը, խփել գլխին: Շուշանը գոռում է, բայց ընկերուհին ու մյուս տղամարդը չեն լսում: Չեն լսում նաև օբյեկտի աշխատակիցները, զարմանալի է բայց չեն լսում: Հոգնած ու ծեծված, Շուշանը վախից սկսվում է, ու տղամարդն անում է իր գործը:
Խառնվեցինք իրար, մտածում էինք, թե ի՞նչ անենք: Դիմեցինք ոստիկանություն ու զզվեցինք ինքներս մեզնից, բոլորին, ով ինչ-որ կերպ լսել էր, կամ մասնակից էր պատմությանը, քարշ էին տալիս քաղմաս ու երկար սպասեցնելուց հետո հարցաքննում, հիմնականում հիմար հարցեր տալով: Իսկ Շուշանի գլխին ի՜նչ հարցաքննություն էին սարքել, էլ ասելու չի: Է´լ ոնց ես ոտքերդ բացել, է´լ որտեղիդ է սկզբից ձեռք տվել, է´լ որ դիրքով ա բռնաբարել, ու էլի ու էլի մի շարք նվաստացուցիչ մանրուքներ, որ բռնաբարված աղջկան բոլորովին պետք չէր ամեն օր հիշել, ու ամեն օր կանչում էին քաղմաս, ու ամեն օր տալիս նույն հարցերը: Իմ դատավոր ընկրեն ինձ խորհուրդ տվեց հետ վերցնել դիմում-բողոքն ու փորձել բռնաբարողի հետ «համաձայնության գալ», ինչը նշանակում էր, որ պետք է բռնաբարողը դրամական փոխհատուցում տա: Ընկերս նաև ասաց, թե նրանք կհամաձայնվեն, քանի որ բռնաբարության գործով ինչքան էլ դատեն, մեկ է, հանցագործ աշխարհում նրան էդ ընթացքում կհասցնեն զոնայում «պիտուխացնել», ու օրը սև անել, նույնիսկ հանցագործ աշխարհը բռնությունը համարում է հանցանք: Դրա համար էլ էդ բռնաբարողը ամեն ինչ անում է, որ բանտ չընկնի, վճարում են ոստիկանությանը, դատավորներին, ամենուր, ուր հնարավոր է, տներ են վաճառում, միայն թե էդ հոդվածով բանտ չնստեն: Ու նաև ասեց, որ շատ քիչ բռնաբարության դատավարություններ են, որ վերջացել են համարժեք պատժի դատապարտմամբ: Ես փոխանցեցի Շուշանին ընկերոջս ասածներն ու թողեցի, որ ինքը ընտրի, ինչպես վարվի: Դատարավարության չհասավ գործը, ինչպես ես հակացա: Թե հետաքննության ո՞ր էտապում էր Շուշանը դադարացրել էդ ամենը, ես չիմացա: Իմ գործը ուրիշ էր՝ Շուշանի հետ զրուցել, որպեսզի նա իրեն մեղավոր չհամարի, որպեսզի բռնաբարությունը նրա կյանքը չբռնաբարի հետագայում, որ նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ ու չատի տղամարդկանց, ինչպես լինում է մեծամասնության դեպքերում: Շուշանը չընկճվեց, ու ես ուրախանում եմ նրան նորից ժպտերես ու կայտառ տեսնելով, զարմանում եմ, որ էդ փոքրիկ աղջիկը, կինը, ո՞նց է ուժ գտել իր մեջ հաղթահարելու բռնության ենթարկվածի կոմպլեքսը: Շատ լավ է, որ կան Շուշանի նման կանայք, բայց վատ է, որ նրանք ավելի շուտ բացառություն են:
Երբեք չէի մտածի, որ այս թասը իմ կողքով էլ վազն չի անցնի: Ամեն մեկն էլ էդպես է մտածում, որ հա, կան, լինում են դեպքեր, բայց եթե ուշադիր լինես, ու ինքդ թույլ չտաս, քեզ հետ էդպիսի բան չի կարա պատահի: Բայց պատահեց, երբ ես 18 տարեկան էի: Մեջբերեմ իմ «Բալագոյե» վեպից էդ հատվածը, որի հիման վրա «Եկել եմ ապրեմ» ֆոտոինստալացիան եմ արել վերջերս:
«Էդ Սուրիկը Լիլիթի հետ էր սովորում, ես էլ գնում էի հաճախակի Լիլիթի մոտ` ուսումնարան, ու գնում էինք միասին համերգների, ման էինք գալիս: Մի օր էլ գնացի, Լիլիթը չկար: Բայց լավ համերգ կար կոնսում: Էդ Սուրիկին տեսա ու իրա հետ գնացի, դե ճանաչում էի հանգստյան տնից: Համերգը պրծավ, սա թե` արի գնանք մի հատ ընկեր ունեմ, նենց էկզոտիկ արվեստանոց ա սարքել իրա համար, հենց կողքն ա: Ասի լավ, գնանք, հըլը մութ չէր, գարուն էր, ժամը իննը կլիներ երևի: Գնացինք մտանք մի հատ շենքի մուտք, սա ասեց արի, ներքև ա պետք իջնել: Իջա: Նկուղ էր մի հատ: Տեսա բան չկա, սովորական նկուղ ա էլի: Ասի բա ո՞ւր ա էկզոտիկան: Ասեց էս ա: Ասի հո դու խելա՞ռ չես, արի դուրս գանք, ստեղ մութ ա: Սա սկսեց ինձ կպնել, փորձում էր համբուրի, ես հրում էի: Վախեցա ուժեղ: Դե տղա էր, ինձանից ուժեղ էր: Ասեցի սրա հետ հըլը խաթրով խոսամ: Ասի հա, գիտեմ ուզածդ ինչ ա, բայց խի՞ ստեղ, կարող ա նորմալ տեղ լինի, ես էլ ուզեմ, բայց էս կեղտոտ տեղը ի՞նչ հաճույք կարա մարդ ստանա սեքսից: Ասեց՝ ես կստանամ, եթե դու քեզ հանգիստ պահես, դու էլ կստանաս: Ասի, բայց ես հիվանդ եմ, դաշտան եմ: Չհավատաց: Հանեցի տակդիրս ու ցույց տվի, բայց դե արդեն վերջի օրերն էին համարյա բան չկար վրեն: Սա ասեց ոչինչ, ինչքան էկզոտիկ, էնքան լավ: Ասեցի չէ, հիմա կգոռամ: Ասեց գոռա: Ես գոռացի: Մեկ էլ հետևից մի հարված հասավ ծոծրակիս, ու ես անջատվեցի: Ուշքի եկա, տեսնեմ, շորերս հանել ա ներքևից, բլուզկես համարյա պատառոտած, իմ սիրելի կարմիր բլուզկեն, յուբկաս էլ պլիսսե սպիտակ յուբկա էր, սաղ արյան ու նկուղի կեղտի մեջ: Ներսս էլ զզվելի ու կպչան թաց: Վահեի հետի կուսաթաղանթի փնտրտուքների հետևանքով իմ ունեցած վագոնի պոլկի անհաջող սեքսից հետո ես սեքս չէի արել հըլը, չնայած ինքը ուզում էր, ես ասում էի չէ, մենք սեքս չենք արել որ շարունակենք, մենք կուսաթաղանթ ենք ստուգել: Դե ի՞նչ ուզեի, ցավոտ ու տհաճ մի երևույթ: Չէ, չէի ուզում: Իսկ էս Սուրիկը ինձ բռնաբարել էր: Գլխիս տվել էր ու ուշագնաց վիճակում բռնաբարել… Ես բան չխոսացի, լալկվել էր մի տեսակ շոկից: Սա ծամոն հանեց, թե ուզո՞ւմ ես, ես էլ սուս փուս վերցրեցի: Հետո պիջակը գցեց ուսերիս ու մենք հասանք Աբովյանի անցումի վճարովի զուգարանը: Ընդեղ մտա, շշմած ու ոչ մի բան չհասկացող վերացած հայացքով փողը տվի, աշխատողին ասի ընկել, եմ, բայց նա երևի հասկացավ ամեն ինչ, որովհետև կռուժկա տվեց, ասեց գնա լվացվի: Լվացվեցի, յուբկաս հանեցի լվացի, բլուզկայիս կտրված կոճակը կարեցի, յուբկաս լավ ա բարակ էր, ֆենի տակ չորացրեցի ու հագա: էս Սուրիկը սպասում էր դուրսը: Չհասկացա, թե ինչի՞: Տարավ, ինձ նստացրեց տրոլեյբուսը ու ես գնացի: Չէի կարա գնամ տուն, գնայի ի՞նչ ասեի: Ասեի մամա, պապա ինձ բռնաբարել են, որովհետև ես էնքան հիմար եմ գտնվել, որ ամառվա ծանոթիս, ընկերուհուս դասընկերոջ հետ, որը դաժե սիրած ունի, և ես իրան ճանաչում եմ, գնացել եմ ինչ որ նկարչի էկզոտիկ արվեստանոց նայելու, որը դուրս ա էկել փուստ ու ինձ բռնաբարե՞լ են: Կասեին բոզ ես, պոռնիկ ես, ապուշ ես, չէին խղճա, չէին հասկանա, չէին ասի գնանք դրան սպանենք, ինձ կարող ա սպանեին ծնողներս: Ուզում էի լացեմ, չէր լացվում: Ինձ բռնաբարել էին, ինձ ճմռթել էին ու քամակ էին սրբել ինձանով, օգտագործել էին պոռնիկի նման, հըլը պոռնիկին իրա կամքով են օգտագործում ու փող են տալիս, իսկ ինձ բռնի էին օգտագործել, ու փող էլ չէին տվել, մի հատիկ ծամոն էին տվել… Ես ինձ կեղտի տոպրակ էի զգում, օգտագործած տակդիր, մեջը պրծած պրեզերվատիվ: Ես կեղտ էի տեղովս ինքս ինձ համար: Իջա Լիլիթի կանգառում, գնացի իրանց տուն, ու պատմեցի: Լիլիթը չհավատաց սկզբից, էնքան դաժան ու անհավանական թվաց դա իրան, բայց դե ես էի ասողը, ո՞նց չհավատար: Ինձ չայ տվեցին, ես լացեցի մի բոլ, հետո լողացա ու գլուխս ձեռներիս մեջ առած շվարած նստեցի: Էն մասին, որ կարելի ա դատի տալ, մտքովս էլ չանցավ, որովհետև Հայաստանում եթե քեզ բռնաբարում են` դու պիտի ամաչես, ոչ թե դա քեզ հետ անողը, դու կդառնաս բոզ սաղի աչքում, ոչ թե բռնաբարողդ հանցագործ: Կասեն, եթե ասեղը չուզի, թելը չի թելվի, դե ես ասեղ էի, ու գլխիս տված ասեղ էի, ու եսիմ ինչքան էին ինձ թելել: Նենց էին թելել չոր–չոր, որ ահավոր ցավեր ունեի, համ ներսս, համ փորիս մեջ: Դե ի՞նչ անեի, նստեցի Լիլիթենց տանը մինչև տասներկուսը, հետո զանգեցի, ասեցի մնում եմ ստեղ տնեցոնց: Հաճախ էի մնում Լիլիթենց տանը, նենց որ կասկածանքի առիթ չեղավ: Մենակ հաջորդ օրը պարզվեց, որ հերս ա տրանսպորտից տեսել ինձ էդ Սուրիկի հետ ամեն ինչից հետո, որ իրա պիջակը ուսերիս, լավ ա հըլը զուգարանից հետո, գնում էի որ նստեմ տրոլեյբուս: Հորս ասեցի, որ դա ես չեմ եղել, որ ես Լիլիթենց տանն եմ եղել ժամը իննից: Դե հիմա, կամաց–կամաց սկսեցի համակերպվել էն մտքի հետ, որ ինձ բռնաբարել են, ու դրա մեջ սարսափելի բան չկա: Բայց սիրտս ճաքում էր: Լիլիթը էդ Սուրիկի սիրածին ասել էր, Սուրիկն էլ ասել էր մթոմ ես սիրահարված եմ իրան, դրա համար տենց բաներ եմ մոգոնում: Ուրիշ, նորմալ քաղաքակիրթ երկիր լիներ, ես չէի վազի հասարակական զուգարան լվացվելու, որ մաքրեմ ուրիշի հանցագործության հետքերը իմ վրայից, այլ կգնայի դատական բժշկի մոտ անալիզ կտայի, ու հետո կնստցնեի Սուրիկին, որ բանտում իրա նմաններին ոնց որ անում են, իրան էլ պիտուխացնեն, որ հասկանա, թե ի՞նչ ա նշանակում ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Դե հիմա ես Հայաստանում էի, ու միակ նպատակս էն էր, որ կարամ նորմալանամ էդ սաղ պատմությունից հետո: Մի երեք ամիս նենց էի ինձ ներշնչել, որ չնայած ամեն ամիս դաշտան էի տեսնում կանոնավոր, մեկ ա մտածում էի, թե էդ կեղտոտ սեքսը ինձ հղիացրել ա հրեշով, ու էն աստիճանի էի ներշնչել, որ փորս սկսել էր մեծանալ: Հետո կամաց–կամաց հանգստացա, ոչ մեկը չունեի, ոչ մեկին չէի սիրում, ատում էի տղամարդկանց հոտին, նույնիսկ նենց էի ինձ մեղավոր ու կեղտոտ զգում, որ ուզում էի դառնամ միանձնուհի, ափսոս չգտա վանքի տեղը: Ասին չկա Հայաստանում: Տասնութ տարեկան էի դառել էդ գարնանը ես:»
Ես ուժ գտա իմ մեջ շարունակել ապրել, ու ապրում եմ, 17 տարի լռելուց հետո ես խոսացի այդ մասին վեպի մեջ, հիմա էլ պատկերավոր արտահայտել եմ ֆոտոինստալացիայի միջոցով: Ես ուզում եմ դրա մասին խոսալու ամոթը վերանա մեր միջից, ոնց որ եթե խոսայինք փողոցում քեզ վրա ցեխաջուր շփած մեքենայի վատ արարքից, այ էդպես էլ խոսանք սրա մասին:
Բայց որո՞նք են բռնաբարությունների պատճառները:
Էլի գամ իմ սիրած թեմային «Կարմիր խնձորի» ինստիտուտին: Իմ կարծիքով, նախամուսնական սեռական ժուժկալությունը հանդիսանում է հայկական իրականության մեջ կատարվող բռնաբարությունների պատճառներից մեկը: Տղաները սեքս են ուզում ու չունեն, աղջիկներից շատերը չեն զբաղվում մինչ ամուսնանալը սեքսով իրենց սիրածների հետ, սրանք էլ անբավարավածությունից թռնում են սրա-նրա վրա: Նաև դրա անպատժելիությունը, ու հասարակության վերաբերմունքը բռնաբարվածներին, որը լավագույն դեպքում կարող է լինել խղճահարությունը նպաստում է դրան:
Բռնաբարություն եմ համարում նաև մեր ազգի մեջ միջնադարից մնացած զոռով «փախցնելու» սովորույթը, երբ աղջկան փախցնելուց հետո նրա վերադառնալը տուն սրբապղծության նման մի բան է: Ինքս ունեմ ծանոթներ, որոնց փախցրել են, իսկ երբ նրանք ուզել են հետ գան տուն, տնեցիք չեն ընդունել, յանի՝ «Էդ ա քու բախտը, հարմարվի»: Բայց չէ՞ որ դա նույնպես բռնություն է: Քանի -քանի կյանքեր են խորտակվել բռնաբարության հետևանքով, քանի կանացի ճակատագրեր են դարձել ողբերգական, քանիսի՞ն են այդ բռնացողներին նստացրել, քանի՞սն են լուռ ու մունջ ապրում գուցե էդպիսի մի բեռ մեջները պահած… Ո՞վ գիտի:
Պակաս չեն նաեւ ամուսնական բռնաբարությունները, այստեղ շատ դժվար է որսալ պահը, թե ե՞րբ, որ դեպքում է բռնաբարություն տեղի ունենում: Իմ կարծիքով ցանկացած դեպքում, երբ կինն ասում է՝ «ՈՉ»:
Իմ ցանկությունն է իհարկե, որ այդ բռնաբարությունները չլինեն, իսկ լինելուց էլ անպայման պատժվեն մեղավորները, որպեսզի մյուսները հասկանան, թե ինչ է նշանակում «Չեմ ուզում»: Բայց ավելի շատ, ես կուզեմ, որ էն պատմությունները, որոնք ես ներկայացրեցի, էդ թվում նաև սեփական կյանքից, ֆոտոինստալացիան, ինչ-որ կերպ օգնեն կանանց ու աղջիկներին, որոնք ենթարկվել են բռնության, հասկանան, որ իրենք մեղավոր չեն, ու որ բոլոր տղամարդիկ չեն բռնարար, որ կյանքը շարունակվում է, ու նրանք մենակ չեն:
Ես կոնկրետ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ ամոթ չի բռնաբարված լինելը, ամոթ չի դրա մասին խոսալը, թող ամաչեն բռնաբարողներն ու էդ ամենը կոծկողները: Եթե յուրաքանչյուր կին պատրաստ լինի հրապարակել բռնաբարության փաստը, նշելով անուններ ու հասցեներ, պաշտոններ ու կոչումներ կոնկրետ մարդկանց, ապա տղամարդիկ էլ կվախենան գործ ունենալ էդ համարձակ կանանց հետ, նրանք կիմանան, որ չեն կոծկելու, որովհետև մեղքն են կոծկում, իսկ բռնաբարության մասին ահազանգում են, աղաղակում են ու պատիժ պահանջում:
Ոչ ոք մեղավոր չի, ոչ մի կին, ոչ մի պարագայում, երբ նրան բռնաբարում են: Սա պետք է հիշեն կանայք: Մի վախեցեք, հանեք էդ կեղծ ամոթի շպարը, խոսացեք, պատմեք, կիսվեք: Աղջիկներ, մի ամաչեք հայտնել զանազան սեռական ոտնձգությունների մասին ձեր հարազատներին ու համապատասխան հսկող կառույցներին,. Լինի դա աշխատավայրում, թե դպրոցում կամ բուհում: Կան հանցագործություններ, որոնց մասին լռելը հանցագործություն է ոչ պակաս, քան ինքը հանցանքը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.