Եվ այսպես, ՀԱԿ-իշխանություն «տուն-տունիկը» հավեսով շարունակվում է: Իշխանությունը գնում է ՀԱԿ-ին ընդառաջ, ՀԱԿ-ն էլ քմահաճ օրիորդի պես կոտրտվում է, չեմուչում անում, թեև կուսությունը վաղուց է կորցրել, այդ թվում և` «ավազակապետության» հետ ամենևին էլ ոչ պլաթոնիկ հարաբերություններում:
Բնականաբար, թիվ 1 իրադարձությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀԱԿ-ի և կոալիցիայի աշխատանքային խմբերի հանդիպման օրը, տեղը և վայրը նշանակելն էր: Սակայն այս պահի դրությամբ ՀԱԿ-ը դեռ լռում է, դեռ սպասում է ՀՀ նախագահի հրամանագրով կոալիցիայի աշխատանքային խմբի կազմի հաստատմանը: Արդյո՞ք չեմուչումը կշարունակվի, թե՞ ՀԱԿ-ի պատվիրակները կգան հանդիպման վայր, կերևա երկուշաբթի: Բայց հետաքրքրական է ԲՀԿ-ի իրարամերժ կեցվածքը կոալիցիոն «աշխատանքային խմբի» հարցում: Այսպես, եթե Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ՀԱԿ-ի պահանջով կազմի «կաստինգ» չի կազմակերպվելու ու արտահերթ ընտրությունների հարցը քննարկման ենթակա չէ, ապա Վարդան Բոստանջյանը թույլատրելի է համարում նաև արտահերթի քննարկումը և պնդում, որ «Ընդդիմության հետ երկխոսելու իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել, եթե Կոնգրեսն ասի, որ այդ կազմն իրեն դուր չի գալիս»:
Եվ ընդհանրապես կարծես թե հարցական է` ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնակա՞ն հանդես կգա ՀԱԿ-ի հետ հանդիպումներին, թե՞ իրար հակասելու են: Իսկ հակասություն ծագել կարող է, զի ԲՀԿ-ն մի ոտքով Ռոբերտ Քոչարյանի ճամբարում է: Եվ Ահարոն Ադիբեկյանն էլ նշել էր, որ արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն առաջին տեղը կվերցնի խորհրդարանում: Այնպես որ, ԲՀԿ-ից ՀԱԿ-ի հետ «երկխոսելու» ժամանակ սյուրպրիզներ միանգամայն սպասելի են: Ու թերևս Հովիկ Աբրահամյանը (անշուշտ, ՀՀ նախագահի գիտությամբ) կոնկրետ «ժամադրություն» է նշանակել ՀԱԿ-ին հենց այդպիսի անակնկալները գոնե սկզբում բացառելու համար: Ու նաև եթե ՀԱԿ-ը հրաժարվի հանդիպումից, դա կնախապատրաստի հիմք «երկխոսական տուն-տունիկից» հրաժարվելու և կրկին ռեպրեսիաների վերադառնալու համար: Այդ պահը վաղ թե ուշ անխուսափելի է, քանզի ՀԱԿ-ը հայտարարել է, որ սեպտեմբերին սկսելու է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն վաղ թե ուշ «տուն-տունիկները» ավարտվելու են:
Բայց այնուամենայնիվ, նաև հավանականություն կա, որ և կոալիցիայի «զիջողականությունը», և ՀԱԿ-ի նազուտուզը պայմանավորված խաղի բաղկացուցիչներն են, ու ոչ ավելին: Առավելևս, որ օրինակ Բագրատ Ասատրյանի պես գործիչներն անթաքույց հայտարարում են, որ ՀԱԿ-ի սահուն մուտքը իշխանություն ամենացանկալի սցենարն է: Եվ տրամաբանորեն սեպտեմբերին ՀԱԿ-ի կողմից կտրուկ պահանջներից հրաժարումը և արտահերթ ընտրությունների կարգախոսը մոռացության մատնելը հնարավոր է թերևս մի դեպքում` եթե ՀԱԿ-ը դառնա կոալիցիայի չորրորդ անդամը ու գլխանց համաձայնեցվի, թե ՀԱԿ-ը քանի մանդատ է ունենալու խորհրդարանում: Ճիշտ է, բավականին զվարճալի կլինի տեսնել նույն կոալիցիայում միաժամանակ և ախքիկներին, և «ախք» տերմինի հեղինակներին, սակայն, ինչպես կասեր Լևոն Ակոպիչը, խիղճն ու թասիբը քաղաքական կեղծ կատեգորիա են, առավելևս ՕԵԿ-ի պարագայում:
Խոշոր հաշվով, վերը նկարագրված սցենարը ձեռնտու է բոլորին: ՀԱԿ-ը առանց պայքարի ստանում է տեղեր կառավարությունում ու ԱԺ-ում, իշխանությունն էլ շարունակում եվրոպաներում վայելել տարածաշրջանի սուպերժողովրդավարի իմիջը և զերծ մնալ «քըխ» բանաձևերից: Ավելին, Սերժ Սարգսյանին բավականին դյուրին կլինի ՀԱԿ-ի հետ երկխոսության արդյունքների անվան տակ և պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին վերջինիս թիմակից նախարարներով հանդերձ, և այլ կտրուկ կադրային լուծումների գնալ, և ՀՀԿ նախընտրական ցուցակը մաքրել կրիմինալից, և սահմանափակել օլիգարխների ախորժակները: Կարճ ասած` համատարած «պլյուս» է ստացվում: Թե չէ, օրինակ, Էրեբունիում անհարմար բան է ստացվում. միաժամանակ ուզում են առաջադրվել և Թոխմախի Մհերը, և Խուճուճ Էդոյի որդին, ինչը կարող է այդ թաղամասը վերածել կրիմինալ նախընտրական պատերազմների արյունալի թատերաբեմի… Իսկ երկխոսության «սոուսի» տակ հանգիստ կարելի է «բիրիքով» դուրս մղել բոլոր կրիմինալներին… Ի դեպ, պատահական չէ, որ ՀԱԿ-ի քարոզչամեքենան բացարձակապես չի դժգոհում պրոֆեսիոնալ ընտրակեղծարար Գարեգին Ազարյանի «վերընտրությունից». հավանաբար, արդեն գիտեն, որ սույն թվանկարիչը նաև իրենց տոկոսներն է նկարելու: Պատահական չէ նաև, որ ըստ «Չորրորդ իշխանության», Ավանում ու Արաբկիրում տարիների ընտրակեղծարարները լքում են ՀՀԿ շարքերը, և թերևս չպետք է զարմանալ, եթե նրանք հանկարծ դառնան ՀՀՇ-ական ու սկսեն կեղծել հօգուտ ՀԱԿ-ի…
Բայց կա մի հանգամանք, որը կարող է խաթարել ՀԱԿ-կոալիցիա «հովվերգությունը»: Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Այժմ Սերժ Սարգսյանը լավ էլ համագործակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, սակայն չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեն համագործակցել ընդդեմ Սերժ Սարգսյանի: Չէ՞ որ ՀՀ առաջին նախագահը լավ է սերտել այն դասը, որ «կարևորը ճիշտ պահին դավաճանելն է», գումարած դրան` կա ԲՀԿ-ի գործոնը: Ամբողջովին չպետք է բացառել այն տարբերակը, որ քոչարյանական ճամբարն ու ՀԱԿ-ը կփորձեն համատեղ «ֆուկ» անել ՀՀԿ-ին. Հո իզուր չէր Ահավոր Ադիբեկյանը (կամ Կարապետիչի ասած` Սուտիբեկյանը) անցկացնում սոցհարցում, թե ինչ կլինի, եթե լինեն արտահերթ ընտրություններ և ՀՀԿ-ն չմասնակցի դրանց. ուրեմն այդպիսի պատվեր ստացել է…
Ու հենց վերը հիշատակվածն է տալիս բացատրություն, թե ինչու առաջին «ժամադրությունը» նշանակել է հենց Հովիկ Աբրահամյանը. Արգամիչը հենց այն գործիչն է, որը կարողացել է մինչև հիմա Գագիկ Ծառուկյանին պահել կոալիցիայի շրջանակներում: Հիմա էլ նրա այդ հմտությունը հույժ պահանջված է, որպեսզի տարատեսակ «սյուրպրիզներ» չլինեն ԲՀԿ-ի կողմից:
Ինչևէ, սպասենք մինչև երկուշաբթի, և հավանաբար հանդիպման վայրը իրոք փոխել չի կարելի:
Շաբաթվա վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.