Հուլիսի 3-ին Արարատ քաղաքում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված է երկու թեկնածու` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ու նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը:
Երկու թեկնածուները նախորդ ընտրությունների ժամանակ էլ նույնպես հիմնական մրցակիցներն էին, որոնց միջև, դեռ նախորդ անգամ էլ ընտրապայքարը թեժ էր: Արդյունքում` ավելի քան 2000 ձայնով հաղթեց Աբրահամ Բաբայանը, որին թե նախորդ, թե ներկա ընտրություններում սատարում է ՀՀԿ-ն:
«Հայկական վարկածը» եղավ Արարատ քաղաքում` պարզելու, թե ինչպիսին է այս տարվա նախընտրական մթնոլորտը քաղաքում: Նախ զրուցեցինք նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի հետ. «Երբ ես առաջին անգամ ընտրվեցի քաղաքապետ, Արարատ քաղաքի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրեցի նախկին բոլոր քաղաքապետերին, հատուկ արարողակարգով նրանց բոլորին մեծարեցի, պատվարվոր քաղաքացու կոչում շնորհեցի, եվ ասացի, որ ես փորձում եմ իրենց գործը շարունակել ու խնդրեցի ինձ մենակ չթողնել: Ես միշտ, որ բնագավառում էլ, որ աշխատել եմ, հարգանքով եմ մոտեցել ինձ նախորդած կոլեգաներիս: Եվ երբեք չեմ բարձրաձայնել նրանց որեւէ սխալի կամ բացթողման մասին, աչք եմ փակել: Առհասարակ, ցանկացածին պատիվ չի բերում նախկինին փնովելը: Իսկ 2008թ-ի ընտրությունից հետո, իհարկե եթե այդ խայտառակությունը կարելի էր ընտրություն համարել, երբ քաղաքապետ դարձավ այսօրվա մրցակիցս` Աբրահամ Բաբայանը, ես նրան առաջարկեցի համագործակցել, ու խորհուրդ տվեցի շարունակել իմ ժամանակ սկսած ծրագրերը, որոնք իրականանում էին միջազգային կառույցների միջոցներով» -պատմում է թեկնածու Թովմասյանը եւ թվարկում, թե ինչ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել կամ սկսվել` իր յոթուկես տարվա քաղաքապետության օրոք: Իսկ որ այդպիսի ծրարգերն իրականացվել են, չեն հերքում նաեւ նրա մրցակցի`Աբրահամ Բաբայանի կողմնակիցները:
Ըստ Թովմասյանի, Բաբայանը քաղաքապետ դառնալուց հետո ոչ միայն իր հետ չհամագործակցեց եւ չընդունեց իր խորհուրդները, այլեւ կասեցրեց այդ ծրագրերից շատերը, եւ սկսեց տարբեր գործեր սարքել իր դեմ: «Երկուսուկես տարի տեւեց իմ դեմ հարուցված քրեական գործի քննությունը, իբր իմ ղեկավարման ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ: Իհարկե, ոչինչ չկար եւ ոչինչ չբացահայտվեց, գործը կարճվեց: Իսկ երբ արդեն ես բարձրացրի քաղաքում տիրող ապօինությունների հարցերը, Բաբայանը որոշեց ինձ զրկել Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից: Դա այն հարցը չէր, որ ես լռեի, եւ հարցը վիճարկեցի դատական կարգով, իմ հայցը բավարարվեց: Հիմա իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել եւ չգիտեմ ինչ կլինի հետագա ընթացքը» -ասում է Թովմասյանը եւ իր մրցակցի քաղաքապետական գործունեության մասին պատմում.<<Բաբայանը փակեց իմ ժամանակ «Առաքելության Հայաստան» ծրագրի շրջանակներում բացված բարեգործական ճաշարանը, որը ֆինանսավորվում էր Շվեդական կառավարության կողմից եւ պետք է գործեր մինչեւ 2017 թ-ը: 200 տարեց ապահովվում էին բուժսպասարկմամբ, վարսավիրանոցով, պարբերաբար գնում էին շրջագայության: Ո՞ւր է այդ ճաշարանը, պատկերասրահը, սպորտդպրոցներից մեկը, մանկապարտեզը, քաղաքային այգին, սրանք հարցեր են, որոնց չի կարող պատասխանել, քանի որ դրանք վաճառել է, սեփականաշնորհել իր համար, կամ փակել: Այսօր քաղաքում այգի չկա, ամբողջ այգին օտարվել է, գնացեք տեսեք ինչ վիճակ է: Նա տեղյակ էլ չի, թե ինչպես են քաղաքի կարեւոր օբյեկտները դարձել համայնքային սեփականություն: Երբ ցեմենտի գործարանը գնում էր մասնավորեցման, այդ օբյեկտների մեծ մասը մնում էր գործարանի հաշվեկշռում: Բայց, ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի, այն ժամանակվա Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Գագիկ Ծառուկյանի, որը գնորդն էր, հոժարակամ համաձայնվեց դրանք թողնել` ի շահ Արարատի, այդ ամենը դարձան համայնքի սեփականություն: Բայց եկավ Բաբայանն ու ամեն ինչ վաճառեց: Քաղաքի ասֆալտապատման ծրագիրը հաստատվել է իմ ժամանակ, կրկին Քոչարյանի ու Մարգարյանի շնորհիվ: Այնպես որ կարող է գլուխ չգովել, թե քաղաքում ասֆալտապատում է արել: Ինձ համար ընտրվելը գերնպատակ չէ, ուղղակի ես չեմ ուզում, որ այս քաղաքի ժողովուրդը անպաշտպան մնա»:
Հարցին, թե ինչու է ինքը հեռացել ՀՀԿ-ի կազմից, նախկին քաղաքապետն ու ներկայիս թեկնածուն պատասխանեց, որ Աբրահամ Բաբայանը, որը միայն քաղաքապետ դառնալուց հետո է դարձել ՀՀԿ-ական, եւ այնուհետեւ` քաղաքի կառույցի ղեկավար, 2010-ին իրեն հեռացրել ՀՀԿ-ից ու դրան կողմ քվեարկել են մարդիկ, ովքեր նոր էին մտել կուսակցության շարքերը: «Իսկ ես ՀՀԿ-ական եմ 1990թ-ից: Եվ անկախ ամեն ինչից, ես հոգով այդ կուսակցության մարտիկն եմ եւ միշտ պաշտպանելու եմ ՀՀԿ-ի շահերը: Կուսակցական լինելը մանդատով չի որոշվում, այլ հոգով»,- Իր զրույցն ամփոփեց հոգով հանրապետականը ու հավելեց. «ՏԻՄ համակարգին թերապեւտիկ բուժում է անհրաժեշտ: Համակարգը հիվանդ է, արդիականացման, առողջացման կարիք ունի, դժվար է ասել, թե այդ ցավը ինչ հետեւանքներ կարող է ունենալ>>:
Արարատում տիրող պատկերը առավել ամբողջական ներկայացնելու նպատակով, հանդիպեցինք նաև մյուս թեկնածուին` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանին.
«Մրցակցիս ակնարկած մանկապարտեզը, որը օտարվել է իմ օրոք, եղել է ահավոր վատ վիճակում: Մանկապարտեզը չի եղել քաղաքապետարանի գույքային հաշվեկշռում, մենք դա հայտնաբերել ենք եւ օտարելու արդյունքում 11 մլն 800 հազար դրամ է մուքագրվել համայնքի բյուջե: Դա եղել է հասարակական վարչական շենքի վերածված ավերակ: Ինչ վերաբերում է նիստերի դահիճին, ապա դահլիճ կոչվածը, որը որպես դահլիճ ծառայել է միայն խորհրդային տարիներին, անկախությունից հետո դարձել էր կիսաքանդ կառույց եւ ծառայում էր որպես պահեստ, որի լուսանկարները մենք ունենք: Իսկ դեպի դահլիճ տանող միջանցքում դեռեւս 1990ին տեղադրվել էր դեղատուն, որը հետագայում ծառայեց որպես ատամնաբուժարան: Դահլիճի վերանորոգման համար անհրաժեշտ էր նվազագույնը 50 մլն դրամ: Երբ համայնքի բյուջեի մուտքերը ընդամենը 75 մլն դրամ է, ոնց կարելի է դրանից 50 մլն-ը հատկացնել դրան, այն դեպքում, երբ համայնքն ունի եւս 3 նմանատիպ, բայց տարբեր չափերի դահլիճ եւ դրա անհարժեշտությունը չկար: Այժմ մասնավորը ներդրումներ կանի եւ այն կծառայի իր նպատակին`որպես դահլիճ»:
Իսկ տեղեկությունը, թե` քաղաքի պատկերասրահի շենքը սեփակնաշնորհվել է իր վարորդներից մեկի անունով, քաղաքապետը համարեց սուտ եւ իրականությանը չհամապատասխանող .«Շենքը կա, ավերակի վերածված: Ինչ վարորդի մասին է խոսքը»: Կաթսայատան վաճառված խողովակների մեղադրանքի մասով էլ ասաց. «Կաթսայատան խոովակները վաճառվել են 1999 թ-ին` Հակոբ Թովմասյանին նախորդող քաղաքապետի օրոք, իսկ Թովմասյանը շարունակեց եւ ավարտին հասցրեց վաճառքի գործընթացը: Ես այդ խողովակների հետ կապ չեմ ունեցել: Սպորտդպրոց նույնպես չի փակվել, քաղաքում կա 2 գործող սպորտդպրոց: Բարեգործական ճաշարանը ոչ թե դադարել է գործելուց, այլ այցելուների պահանջով հատկացված գումարի չափով տրվում է սննդամթերք, որը տանում են իրենց տուն»: Ոռոգման խողովակների վաճառքի առընչությամբ Բաբայանն ասաց.«Իր ժամանակ ոռոգման խողովակ չի եղել: Ամբողջ քաղաքի ոռոգման համակարգը երբ միացվում եւ գործում էր, ամբողջ քաղաքը ջրի մեջ կորչում էր, ասֆալտը քանդվում էր: Մենք, ընդամենը մի քանի տեղ, որտեղ պետք է սալիկապատվեր, խողովակներն աշխատանքներին խանգարում էին, հանվել նորից տեղադրվել են: Այդ խողովակները կան»:
Մենք զրուցում էինք Քաղաքային զբոսայգում, որի մասին ասում էին թե օտարվել է ու քանդվել: Այգին բարեկարգ էր, սալիկապատված, շատրվանների խողովակները թարմացված, գործում էր սրճարան եւ մանկական խաղահրապարա տեղադրված էին նստարաններ: Գրեթե ավարտին էր հասցվում նաեւ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շրջակայքի բարեկարգումը: Բաբայանն ասաց, որ այգին տրվել է վարձակալությամբ:
Բաբայանը ոչ միայն հակադարձեց մեղադրանքները, այլև ամոթանք տվեց նախկինին. «Թովմասյանը թող ամաչի իր կատարած աշխատանքից, նրա օրոք օտարվեցին կենցաղի տները, այժմ քաղաքը չունի իր սեփական կենցաղի տունը, օտարվել են փողոցներ ու մայթեր, հանրախանութը»: Նա պարզաբանեց նաև, թե ինչու է ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետին ցանկանում զրկել Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից: Եւ, արդյո՞ք դա կապ ունի բնակիչներից աղբահանության չվճարված գումարները դատական կարգով վերադարձնելու` Թովմասյանի դատական հայցի հետ (հիշեցնենք, որ Թովմասյանը նախկինում քաղաքի աղբահանությամբ զբաղվող <<Արարատի ԲԿՏ>> ԲԲԸ-ի տնօրենն էր, որի հետ պայմանագիրը դարարեցվել է Բաբայանի կողմից), Բաբայանն ասաց, որ բնակչության շրջանում կան մեծ դժգոհություններ ու բողոքներ, քանի որ նրանցից տարիներ ի վեր չի պահանջվել աղբահանության գումար, եւ հանկարծ կանգնել են փաստի առջեւ եւ պարտավորված են եղել մեծ գումարներ, երբեմն` ավելի քան100 հազար դրամ, վճարել այդ հիմնարկին: Բնակիչները դա համարում են նախկին քաղաքապետի կողմից` իր չընտրվելու համար հետընտրական հաշվեհարդար: Ըստ Բաբայանի, այժմ էլ բողոքավոր բնակիչներն ասում են, որ Թովմասյանն իրենց ասել է, որ եթե իրեն ձայն տան, ապա այդ պարտքերը կարող են չվճարել: «Միթե դա ընտրակաշառք չէ: Դե, եթե բնակիչները այդպիսի հիսթափություն են ապրում այդ մարդուց, ով իրենց համատարած դատի է տալիս, ապա էլ ինչ պատվավոր քաղաքացու մասին է խոսքը», — ասում է Բաբայանը:
Նաիրա Վանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.