Թե ինչ է տեղի ունենալու Կազանում` կարծես թե պարզ է. արդեն բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ ոչինչ էլ չի լինելու: Այսինքն` ոչինչ չի ստորագրվելու: Դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Թե ինչ է հայտարարվելու դրանից հետո` դա է հետաքրքիր: Թե ում են մեղավոր նշանակելու «ոչ կառուցողական» դիրքորոշման համար` դա է հետաքրքիր: Միգուցե մեզ, միգուցե թուրքերին:
Ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեն արդեն խոստովանել է, որ երեք երկրները համաձայնություն ունեն միայն մեկ հարցի շուրջ` որ Արցախում պատերազմ չպետք է լինի: Բոլոր մնացյալ հարցերի շուրջ դիքորոշումները տարբերվում են, քանի որ շահերն են տարբերվում: Միայն ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հույս հայտնեց, որ ամեն ինչ կքննարկվի և նախագահները որոշում կընդունեն:
Այո, կքննարկվի: Այն հարցը, որ ընդհանուր դիրքորոշում չկա: Այո, որոշում կընդունվի: Որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր հայտարարի չեն կարող հանգել, բայց այնուամենայնիվ, դեռ չեն սկսում պատերազմել:
Իրականում «միջազգային հանրություն» կոչեցյալը վախենում է ոչ թե Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելուց, այլ որ հայկական կողմը կհասցնի կանխարգելիչ հարված: Ինչպես ասում են` հաչան շունը չի կծում, սակայն մեր «շունը» նույնիսկ չի գռմռում, բայց պատրաստվում է: «Սմերչ» համակարգեր ձեռք բերելը նշանակում է, որ պատերազմի առաջին իսկ օրերին ոչնչացվելու է Ադրբեջանի` արտաքին աշխարհի հետ ամբողջ հաղորդակցությունը, այլ ոչ միայն նավթ ու գազ ուղարկելը: Այսինքն` հարցականի տակ կընկնի ոչ միայն «Բրիթիշ Պետրոլեումի» շահը, այլ ընդհանրապես ադրբեջանական պետականությունը որպես այդպիսին:
Ու թեև ոչ մի հայ պետական գործիչ պաշտոնապես չի խոսում «կանխարգելիչ պատերազմի» մասին, աշխարհը շունչը պահած սպասում է, որ հայկական կողմը պատերազմ չսկսի: Ու նրանց չի մտահոգում այն հարցը, որ մեր պետական գործիչները չեն արտաբերում «պատերազմ» բառը, զի գիտեն, որ օբյեկտիվորեն հայկական կողմը պատրաստ է պատերազմի, և եթե հանդուգն քաղաքական ղեկավարություն ունենար, ապա անպայման առաջինը պատերազմ կսկսեր:
Բայց մերոնք, ցավոք, այդպիսին չեն: Թեև ՀՀ նախագահը գիտի, որ եթե սկսենք պատերազմը, դա միանշանակորեն մեզ օգուտ է, սակայն դեռևս մտքով չի անցնում, որ կարելի է դեմ գնալ գերտերությունների և «Բրիթիշ Պետրոլեումի» միասնական ցանկությանը: Ուստի, մեզ սպառնում է ընդհանուր առմամբ խաղաղությունը և բավականին հանգիստ ընտրարշավը: Եթե իհարկե կովկասցի թուրքերը այնքան ապուշ չլինեն, որ սանձազերծեն պատերազմ… Բայց ուր է հայերիս այդպիսի ֆանտաստիկ բախտ. չէ, նույնիսկ չենք էլ համարձակվում երազել:
Կազանից հետո միջազգայնորեն հնչելու են ընդամենը երկու հարց. Ո՞վ է մեղավոր, որ իր ապակառուցողական քայլերի պատճառով տապալվեց «համարյա թե ընդունված» մադրիդյան սկզբունքներին հավանություն տալը: Հուսանք, որ կկարողանանք դա Բաքվի վրա գցել, չնայած խոշոր հաշվով պիտի որ թքած ունենանք: Երկրորդ հարցն է` արդյո՞ք շարունակում ենք բանակցությունների իմիտացիան: Միգուցե խոսք գնա ձևաչափի փոփոխության մասին, բայց, օրինակ Ֆրանսիային ընդհանուր Եվրամիությունով փոխելն էլ է հարցականի տակ, քանի որ դա կոնսենսուսային որոշում պիտի լինի: Մինչդեռ մերոնք հավանաբար կասեն «ոչ»:
Հա, նախնական փուլում էլ հետաքրքիր բաներ եղան: Օրինակ, մեր վարչապետը անպոչ գդալի պես մեջ ընկավ և հայտարարեց, որ մենք ամեն ինչի համաձայն ենք, մնում է Ադրբեջանը «քաղաքական կամք» դրսևորի: Երևի թե նրան նախագահական նստավայրից մոռացել էին տեղեկացնել, որ չենք անում ոչինչ, ինչին համաձայն չեն Ստեփանակերտում, կամ էլ միտումնավոր իրեն ներկայացնում է առավել զիջող, որպեսզի միջազգային աջակցություն ստանա: Սակայն առավել հավանական է, որ կստանա աքացի նախագահականից ու ստիպված կլինի պատրանքային «Հայկական աշխարհ» կառուցել առանց պետության թիվ 3 դեմքի լիազորությունների: Դե ռեալ թիվ 2 դառնալու հնարավորություն նրան երբեք էլ չի տրվել, թեկուզ և թիվ 2-ի հարցում Հովիկ Աբրահամյանն էլ երբեք 100 տոկոսանոց երշխիք չի ունեցել:
Սակայն հետաքրքիր է, որ Կազանից առաջ շարունակություն ունեցավ «երկխոսություն» կոչվող ծիծաղաշարժ թատրոնը: Ու ՀՀ նախագահն էլ չզլացավ դրան մասնակցել` կիլոմետրանոց ճառով: Սակայն նա էլ դրեց-փչացրեց ՀԱԿ-ին. «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»: Կարճ ասած, ՀՀ նախագահը դեմ չէ այդ դատարկախոս թատրոնը շարունակելուն:
ՀԱԿ- ն էլ շտապեց առիթն օգտագործել ոչինչ չորոշակիացնելու համար. «Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք, որ նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»:
Կարճ ասած, ամեն ինչ մնում է, ինչպես կար: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարցերում: Դա լավ է, դա նշանակում է, որ մեր պետականությունը վերջապես կայունություն է ձեռք բերել: Դե իսկ հիասթափվողների հույզերը իրենց պրոբլեմն են:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.