ՀՀ կառավարությունը 2011թ. հունվարի 13-ի նիստում որոշում կայացրեց առանց վերջնաժամկետի դադարեցնել մանր և միջին բիզնեսի ոլորտում ստուգումները: Ստուգումներ կարելի էր անցկացնել միայն 70 մլն դրամի շրջանառություն ունեցող օբյեկտներում:
Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների երեկվա արշավի արդյունքում վերջնականապես փակվեցին Գումի շուկայի մսի պասաժները: Ըստ օրենքի՝ այս կրպակների ստուգումը թույլատրվում է տարին մեկ: Անգամ վարչապետական կարգադրությունը զանց առնելու դեպքում՝ այս տեսչական ստուգումն ապօրինի էր, քանի որ վերջին ստուգումն այստեղ իրականացվել է անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այն ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները դարձյալ փակել տվեցին բազմաթիվ կրպակներ, դարձյալ տուգանեցին բազմաթիվ տնտեսվարողների: Այն ժամանակ դրվեց հստակ պահանջ. մսի կրպակը փակվեց, բայց թույլատրվեց բացել, եթե կատարվեն պահանջները: Դրանից հետո կրպակատերերը մի մարդու նման տեղադրեցին անհրաժեշտ սառնարանները, վճարեցին տուգանքները, մի խոսքով՝ կարգի բերեցին իրենց տնտեսությունը: Մեր տեղեկություններով, անգամ կրպակատերեր կան, որ մինչ օրս վճարում են այդ 100 հազար դրամ տուգանքը: Եվ հանկարծ՝ երեկ դարձյալ հայտնվում են ինչ-որ տեսուչներ և փակում նույն կրպակները: Այս անգամ՝ առանց բացատրության և առանց նույնիսկ ներկայանալու:
Երեկ, Գումի շուկայի տարածքում կրքերն անասելի թեժացել էին: Կրպակների մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքված: Այստեղ էին նաև Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցները, սակայն տեսուչը չցանկացավ ո´չ ներկայանալ, ո´չ նույնիսկ ասել, թե ինչ է արձանագրել: Ակնհայտ էր, որ խստորեն հրահանգված էր չխոսել լրագրողների հետ:
— Մեր մամուլի բաժնի պետի հետ ճշտեք,- արագ-արագ վրա բերեց նա:
— Մամուլի բաժնի պետը ի՞նչ գիտի, թե Դուք կամ ես էս պահին ինչ տեսանք. ես դա՛ եմ Ձեզ հարցնում:
— Չեմ կարող:
Անհասկանալի մնաց տեսուչի` գաղտնի գործակալին բնորոշ վարքագիծը, ի՞նչն էր նման վախի պատճառը, ինչու՞ են այս նորաստեղծ ծառայության աշխատակիցներն այս աստիճան խուսափում իրենց բացահայտածը ներկայացնելուց: Այն, որ կրպակաշարի մերձակայքում գարշահոտ էր տիրում, նկատեցինք նաև մենք: Կրպակատերերը դա բացատրեցին այսպես. «Շուկայի մայթը լվանում են, կեղտաջրերը գալիս՝ մեր կողմն են հավաքվում, ի՞նչ անենք»: Դա, իհարկե, այնքան էլ այդպես չէ, կարելի է ասել՝ հակառակն է. երբ իրե՛նք են լվանում իրենց տարածքը, կեղտաջրերը հոսում են փողոց:Սակայն խնդիրը դա չէ, կարելի է լուծում գտնել:
Առնվազն հարյուր կրպակի աշխատանք տեսուչները գնահատել են անբավարար և փակել: Ի՞նչ է լինելու այս մարդկանց ճակատագիրը: Նրանց անգամ չեն տեղեկացրել, թե ինչն է անբավարար և ինչ պետք է անել: «Բա սա երկիր ա՞, մեզ գցում են փողոց՝ ոչինչ չասելով»,- ասում էին մարդիկ` մինչ տեսուչը խիստ ու լուրջ դեմք ընդունած ինչ-որ գրառումներ էր անում:
«Իրենք իրավունք չունեն առանց փաստաթղթի մտնելու կրպակ, բայց ոչ էլ փաստաթուղթ են ցույց տալիս: Գալիս՝ միսը վերցնում են, դնում տոպրակի մեջ, վրան գրում անուն-ազգանունը ու տանում: Բա կարող ա՝ տանում-փոխում են, ես ի՞նչ իմանամ: Առանց կնքելու, առանց մեր ներկայության բացում-ստուգում են, ես ինչի՞ պիտի իրանց ասածին վստահեմ»,- ասում էր մսավաճառներից մեկը:
Սննդի անվտանգության նորաստեղծ ծառայության պետը, ասում են, ոչ թե հասարակ տեսուչ է, այլ սուպերտեսուչ: Հանրապետության ամենայուղոտ պաշտոններից մեկը բաժին է հասել ժելեած սանրվածքով, եվրոպոիդ «կաստայի» պատկանող մի առանձնյակի, որը, մտնելով իրեն վստահված «օբյեկտ», հենց առաջին օրից աշխատակիցների հետ սկսեց խոսել ակնհայտ արհամարհանքով, կիսապառկած, լոթիավարի և միանգամից բացահայտեց, որ գաղափար անգամ չունի, թե ուր է եկել:
Մենք հարցում ուղղեցինք կառավարությանը` փորձելով պարզել՝ տեսչական ստուգումներն արգելելու վերաբերյալ վարչապետի հրահանգի գործողության ժամկետը լրացել է, թե՝ ոչ, կամ՝ ստուգումները վերսկսելու նոր հրաման կա՞: Կառավարությունից պաշտոնական պատասխան չստացանք, ըստ այդմ՝ ստիպված ենք ենթադրություններ անել:
Վարկած առաջին. Գրիգոր Գրիգորյան անուն-ազգանունը կրող Հայաստանի թիվ մեկ տեսուչ-պաշտոնյան միանգամից հասկացել է, որ կարելի է կլորիկ գումար աշխատել և, առանց սպասելու լրացուցիչ հրամանի, գործել է: Ասում են՝ տեսչական ստուգումներ են անցկացվում գրեթե բոլոր մանր ու մեծ սննդի օբյեկտներում: Իսկ Գումի շուկայի մսի պասաժները միշտ էլ խոցելի են եղել, և ցանկացած տեսչական ստուգում այստեղ կարող է ինչ-ինչ խախտումներ հայտնաբերել:
Վարկած երկրորդ. Գրիգորյանը կարողանում է հասնել իր պես եվրակատեգորիայի պաշտոնյա Տիգրան Սարգսյանի դաբրոյին և ձեռնամուխ է լինում յուղոտ օպերացիային: Ըստ այս վարկածի, Գրիգորյանը գործում է օրինականության սահմաններում, այլ հարց է, թե ինչ մեթոդներ է կիրառվելու առանց այդ էլ խայտառակ վիճակում գտնվող մանր ու միջին բիզնեսը նոր հարվածի տակ դնելու գործընթացում: Իսկ վարչապետին համոզել` սեփական հրահանգը դադարեցնել և մեկ այլ հրահանգ տալ ու կառավարությանը դնել իր խոսքից հետ կանգնողի դերում, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է: Այն բանից հետո, երբ թիվ 1 տեսուչը, առանց աչքը թարթելու, աշխատանքից ազատում է իր գլխավորած ծառայության կազմի մեջ մտած տեսչությունների շուրջ 70 աշխատողների, պարզ է դառնում, որ ինչքան էլ նրան «պրախոդ» տված լինի վարչապետը, այդքանը միայն նորելուկ պաշտոնյայի հագով չի:
Եվ վերջապես, վարկած երրորդ, ինչը նույնպես բացառել չի կարելի, և որը ավելի խորքային արմատներ ունի: Մի անգամ, «Տաշիր» առևտրի կենտրոնի բարձունքից շրջակայքը ուսումնասիրելու ժամանակ, ասում են, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աչքը «կպել է» այս տարածքին. էլիտար շինարարության ղադրը իմացող նախկին նախագահը միանգամից ֆիքսել է, որ տարածքը բավական հարմար է նման շինարարության համար: Չի բացառվում, որ Գրիգորյանի պլոճիկի նման պնդությունը պայմանավորված է հենց քոչարյանական գործոնով, և որ նա դաբրոն ստացել է ոչ թե տիգրանսարգսյանական, այլ շատ ավելի բարձր մակարդակով:
Իսկ այս վարկածներից այն կողմ դառն իրականությունն է. հերթական անգամ աշխատանք ունեցող հարյուրավոր մարդիկ պարզապես փողոց են նետվում, հարյուրավոր ընտանիքներ զրկվում են ապրուստի իրենց աղբյուրից և, որ ամենավատն է, այդ ամենն արվում է առանց բացատրության և առանց վաղվա օրվա երաշխիքի:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.