Հայաստանում բոլորին է հայտնի, որ դատական եռաստիճան համակարգը ոչ միայն անկատար է, այլև իր ողջ ռեսուրսով աշխատում է ուղղահայաց սկզբունքով՝ վերևի պատվերներով, և որքան կարևոր է գործը, այնքան «տանիքը» բարձրանում է: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ևս իրավիճակը շարունակում է մնալ անմխիթար: Դրա մասին են վկայում միջազգային կազմակերպությունների հրապարակած մի շարք զեկույցներ:
2002-ից, երբ սկսեցինք համագործակցել Եվրադատարանի հետ, մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ստացան ներպետական դատարաններում ոտնահարված իրենց իրավունքները վերականգնել այս կառույցի միջոցով: Այժմ գործերի հոսքը դեպի Եվրադատարան, կարելի է ասել, զանգվածային բնույթ է կրում: Ինչի՞ հետևանք է այս իրավիճակը, և որո՞նք են մեր գլխավոր բացերը. այս թեմաների շուրջ զրուցեցինք Եվրադատարանում բազմաթիվ գործեր ունեցող «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ:
— Ինչպե՞ս եք գնահատում մեր դատական համակարգը: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց հետևանքով հայտատուների մեծ հոսք գոյացավ դեպի Եվրադատարան.
-Դատական համակարգում անպատժելիությունն է իշխում: Դատավորը չի կրում պատասխանատվություն, ոչ մի պատժամիջոց կամ նկատողություն` կարգապահական կամ էթիկայի հետ կապված, չի արվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ներպետական դատարաններում վճիռներ կայացնելուց հետո Եվրադատարանն արդարացման բավականին շատ որոշումներ է կայացնում, կարելի է ասել, որ վիճակը լուրջ է: Ի վերջո, ներպետական բոլոր ատյաններում ոտնահարվում է մարդու իրավունքը, որից հետո ՀՀ քաղաքացին, հինգ-վեց տարի չարչարվելով, Եվրադատարանի միջոցով է իր իրավունքը վերականգնում: Բայց հաղթանակի դեպքում և իրավունքը վերականգնելուց հետո մեր ներպետական դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում: Հենց այստեղ է, որ ունենք շատ մեծ բաց: Պետությունը պատասխանատվության չի ենթարկում այն դատավորին, որի պատճառով քաղաքացին ընկնում է Եվրադատարանի դռները:
Նկատենք, որ 2002 թվականից Եվրադատարանը աշխատում է նաև մեզ համար, սակայն ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն չի կրել, չնայած՝ դրա համար համապատասխան փաստեր կան: Խոսքը ուժային կառույցի մասին է ընդհանրապես՝ լինի դատավոր, մարզպետ, թե ոստիկան: Եվ պատահական չէ, որ շատ դատավորների եթե ասում ես՝ կդիմես Եվրադատարան, քմծիծաղով է վերաբերվում, թե` գնա, հինգ -վեց տարի տառապիր: Լավագույն դեպքում՝ եթե կարողացար մուտքերդ ճիշտ ձևակերպել, առնվազն այդքան տևում է:
Չնայած իրավաբանորեն լավ պատրաստված դատավորներ ունենք, բայց շատ հաճախ նրանք անտարբերություն են դրսևորում գործի նկատմամբ: Երևի խնդիրն այն է նաև, որ գերհոգնած են կամ կենցաղային հոգսերն այնքան շատ են, որ ազդում է նրանց գործունեության վրա: Անփութորեն են աշխատում, աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն չունեն: Գուցե նաև մտածում են՝ ինչ են ստանում որպես դատավոր, ինչ դոտացիաներ է տալիս պետությունը, որ սրտացավորեն մոտենան հարցին:
Մյուս խնդիրը մասսայական կաշառակերությունն է: Բայց եթե նույնիսկ դա վերացվի, այսինքն՝ դատավորն անհասանելի դառնա, միևնույն է՝ այդ ծավալի ծանրաբեռնվածությամբ, նման պայմաններում նա չի կարող արդարացի որոշումեր կայացնել: Նորմալ պետություններում դատավորին շատ լավ են նայում, ազատում են կենցաղային խնդիրներից, այսինքն՝ նա պետք է գլուխը կախ իր գործով զբաղվի: Գլոբալ է խնդիրը, և ամեն ինչ պետք է սկսել դատական համակարգից:
—Ի՞նչ փոփոխություններ է կրել Եվրոպական այս կառույցը 2002-ից մինչև 2011-ն ընկած ժամանակահատվածում, և այսօր ի՞նչ վիճակում են մուտքերը դեպի Եվրադատարան.
-Մուտքերի առումով վիճակը բավական բարդացել է: Շարքային քաղաքացու համար, առանց հստակ իրավաբանական ծառայության, շատ դժվար է լինում պայքարել, ավելին ասեմ՝ դիմացդ պետությունն է իր ամբողջ մեխանիզմով, և պայքարը անհավասար պայմաններում է ընթանում: Ահա այդպիսի նրբություններ կան:
Այս ընթացքում այդ կառույցը շատ փոփոխություններ կրեց: Եթե համեմատում ենք 2002-ից մինչև հիմա, բավական պահանջներ են փոխվել, խստացվել, քանի որ մուտքերը շատ են: Եւ մի նրբություն էլ կա. եվրոպական պրակտիկայում չկային այնպիսի գործեր, որոնք ի հայտ եկան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Դատարանը նման պրակտիկա չուներ, և իր համար բավական խորթ իրավիճակ էր: Հոսքը շատ-շատ մեծ է: Շատ սահմանափակումներ է մտցվել: Մյուս կողմից՝ մեծ ծավալի աշխատանք է տարվում, պրոֆեսիոնալիզը մեծ է, բայց ժամանակի առումով ողբալի վիճակ է: Հնարավոր է՝ երեք տարի պայքարես, բայց ընթացք չտրվի գործին, կամ՝ անակնկալ որոշումներ լինեն:
Մենք ունենք նաև մի մեծ բաց` թարգմանությունների խնդիրը: Հիմնականում թանկ արժե, և շատերը գրագրությունները հայերենով են ուղարկում, կամ եթե արվում է թարգմանություն, ապա՝ սխալներով՝ խեղաթյուրվում է իմաստը, նաև բովանդակությունը: Դրա համար ցանկալի է՝ դիմումատուները բարձրակարգ մասնագետի տան գործը, որ տերմինները ճիշտ ձևակերպեն, ճիշտ շեշտադրումներ ու հարցադրումներ անեն:
Եվրադատարանի որոշումից հետո Նախարարների կոմիտեն պետությունների հետ կապի մեջ է լինում, հետևում է, որ որոշումը կայացվի, և մարդկանց իրավունքը վերականգնվի: Հիմա թե ինչքանով է մեր պետությունը դա իրականացնում՝ այլ խնդիր է: Մյուս կողմից՝ մենք փոքր երկիր ենք, ավելի «համեստ» դիմումներ ունենք:
Խնդիրն այն է, թե` մեր իրավունքի խախտումները որ հոդվածներն են: Ասենք, հոդվածներ կան, որ պատիվ չեն բերում մեր պետությանը. ազատ խոսքի` 10-րդ հոդվածը, 6-րդը արդար դատաքննությունն է, կամ 3-րդ հոդվածը՝ անմարդկային վերաբերմունք և խոշտանգում: Բայց շատ պետություններ խուսափում են մտնել ազատ խոսքի և արդար դատաքննության հոդվածների տակ, քանի որ դրանք պատիվ չեն բերում պետությանը: Դրա համար ես միշտ հորդորում եմ, որ ամեն ինչ արվի, որպեսզի ներպետական դատարաններում մարդիկ արդյունքի հասնեն, քանի որ Եվրադատարանի որոշումը դեռևս հաղթանակ չէ:
Հիշեցնեմ, որ սահմանափակումներ չկան, և մեր «կեղտոտ լվացքը» կարող է տեսնել ամբողջ Եվրոպան:
—Ինչպե՞ս եք գնահատում վերջին ժամանակներում մամուլի դեմ ուղղված արշավը` դատական հայցերի տեսքով:
— Պատկերացրեք, միայն Հայաստանում կարելի է հանդիպել մամուլի դեմ ջախջախիչ հաղթանակ տանելու փաստերի: Ուղղակի հեշտ չի մամուլին վերցնել ու դատի տալ պատվի, արժանապատվության ոտնահարման համար, հետն էլ՝ միլիոններ պահանջել: Եթե նախադեպերը նայենք, պետք է հասկանանք, որ այս դեպքում մարդու իրավունքը պետք է վերականգնվի, բայց մեզ մոտ դա վերածվել է գումար աշխատելու լավ տարբերակի: Միայն Հայաստանում է, որ դատի են տալիս, մի քանի պահանջներ են ներկայացնում, և այդ բոլոր պահանջները կատարվում են: Վերջին ժամանակներում տեսնում եմ դատական ատյաններում պահանջները հերթով կատարվում են, և դա ուղղակի զարմանալի է: Վերջիվերջո, չպետք է մոռանալ, որ մամուլն էլ է իշխանություն, և իշխանությանը հաղթելը մի քիչ տարօրինակ է, հատկապես որ՝ դատարանն էլ իր կայացրած վճիռը չի հիմնավորում պրոֆեսիոնալ մակարդակով:
-Ըստ Ձեզ, Ի՞նչ կտա համաներումը մեզ, ինչպե՞ս կգնահատեք մեր կառավարության այդ քայլը՝ հասարակակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ ուներ և ուղղվա՞ծ է արդյոք որոշ հարցեր լուծելու:
-Այն առումով, թե՝ լավ է ուշ, քան երբեք, գնահատելի քայլ է: Բայց ես համարում եմ, որ դա շուտ պետք է արվեր՝ 2008-2009 թվականներին: Մենք այն պետությունն ենք, որը շատ բաներ չի կարող թույլ տալ իրեն, այսինքն՝ յուրաքանչյուրը գա իշխանության և իր սկզբունքները թելադրի… Մենք խելամիտ ու հանգիստ քայլեր պետք է կատարենք: Ողջունում եմ, բայց քայլերի հետագա ընթացքը նույնպես խելամտություն է պահանջում: Ուստի համաներումը դեռ ոչինչ չի փոխի, ապագան առջևում է: Ծավալի մասին ասեմ, որ բավականին մեծ համաներում է՝ իր բոլոր ուղղություններով: Շատերը կարծում են, որ դրա հետևանքով երկիրը նորից կլցվի հանցագործներով, բայց ես կարծում եմ՝ եթե նրանց 50 տոկոսն էլ դարձի եկած վերադառնա իր ընտանիք, մեծ ձեռքբերում կլինի: Իհարկե, ոստիկանները պետք է ավելի զգոն լինեն:
Կարծում եմ նաև, որ սա քաղաքական քայլ էր, այսինքն՝ պետությունը լուծեց ընդդիմության պահանջը` քաղբանտարկյալներին ազատ արձակեց: Ես ողջունում եմ, եթե նույնիսկ այդ նպատակով է արվել: Սա հաշտության լավ սկիզբ կարող է լինել: Բայց սրանով պետությունը չի կարող վերականգնել ժողովրդի վստահությունը: Դա կլինի միայն արդար ընտրությունների դեպքում:
— Ի՞նչ ընթացքի մեջ է ձեր բնակարանի կողոպուտի հետ կապված գործը: Պարզվե՞ց, թե ով էր այդ ամենի հետևում կանգնած:
-Ինձ անակնկալի բերեցիք ձեր հարցով: Հույս ունեմ, որ կբացահայտվի, և ինչ-որ ժամանակ հետո այդ հարցին կանդրադառնամ… Բայց ասեմ, որ շատ ցավալի է, իմ մեջ դա նստվածք է թողել ինչ-որ չափով…
Ինչքան ժամանակ է անցնում, ավելի եմ համոզվում, որ որոշ պաշտոնյաներ տեղյակ են, ուղղակի ցանկություն չունեն բացահայտելու: Մասնակցության առումով՝ վստահ չեմ կարող ասել, որ իրենք են եղել, բայց տեղյակ են եղել այդ ամենին, նաև մարդիկ, որոնք «գեներալի ստատուսով» նստած են բանտում:
Ժամանակը կգա, ոչ միայն կանդրադառնամ այս խնդրին, այլև որոշ քայլեր կձեռնարկեմ, որ այդ մարդիկ իրենց համապատասխան պատիժը ստանան: Հիմա չեմ ուզում ավելին ասել, բայց համոզված եմ, որ վարչության պետեր ու գեներալներ կան այս գործում:
Շուշան Գալստյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.