Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ. «1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի:
Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու եւ կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում եւ գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն եւ ժողովրդավարություն:
Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի: Դրանում ասվում է նաեւ, որ եթե մինչեւ մայիսի 28-ը մենք փորձում էինք ինքնակազմակերպվել կրոնական, մշակութային, կուսակցական, հասարակական եւ զանազան այլ կառույցներում, ապա մայիսի 28-ից հետո սկսեցինք կազմակերպվել պետականորեն, ինչն ազգի կազմակերպման բարձրագույն եւ ամենաարդյունավետ ձեւն է: Մենք շատ բան վերանայեցինք թե՛ մեր ներսում, եւ թե՛ մեր շուրջը:
Մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է եւ բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչեւ այսօր, բայց սա նոր սկիզբ էր եւ քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի եւ հայության վրա: Ավելին` մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսեւորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, եւ մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից: Կռվողներից ո՛չ զինվորները, ո՛չ աշխարհազորը, ո՛չ սպայական կազմը, եւ նույնիսկ ո՛չ հրամանատարությունը չգիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր հետո պաշտոնապես վերականգնվելու է հայոց պետականությունը, բայց կատարվել էր ամենակարեւորը. մենք կռվում էինք որպես Հայաստան եւ վատ չէինք կռվում: Սա արդեն իրականություն էր: Արդեն մենք էինք խաչ քաշում դարավոր ստրկության, թշվառ ու անկազմակեպ մեր անցյալի վրա:
Երկրում ծայրահեղ եւ արտակարգ իրավիճակ էր, բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանությունները չմոռացան ամենակարեւորը` անկախությունն ու ժողովրդավարությունը չեն հակասում իրար: Ավելին` նրանք հզոր պատվար են միմյանց համար: Այո, մարդիկ` անհատները, զոհաբերում էին իրենց շահերը, իրավունքները, ունեցվածքը եւ նույնիսկ կյանքը հանուն հավաքական շահի, բայց արդյո՞ք կարելի է չհիշել այդ մարդու` անհատի շահերի, իրավունքների, նրա անձնական երջանկության մասին:
Ներկայիս Հայաստանը նույնպես ապրել է ծայրահեղ իրավիճակներ եւ կանգնած է եղել այս հակասության առաջ: Այսօր մենք` որպես ազգ եւ պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձեւ` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն:
Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ եւ համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:
Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ եւ պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն եւ իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց եւ ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ` այս հարցը բոլորը պետք է տան իրենց:
Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին եւ ազատություններին: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են:
Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլեւ հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է:
Սիրելի՛հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին եւ առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը մենք եւ աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, եւ դրա արձագանքները սերունդների հոգիներում են:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.