Մենք ապրում ենք մի երկրում, ուր սոցիալական անարդարություններն այնքան շատ են, ու գոյատևելու խնդիրն այնպես է կլանել հայ մարդու ուղեղը, գցել նրան օրահացի անհրաժեշտության, դրա հայթայթման համար գոյացած կենցաղային ճահիճը, որ նա ժամանակ ու ցանկություն չունի տեսնելու ու գիտակցելու, որ ամեն օր ոտնահարվում են իր տարրական իրավունքները, էլ չեմ խոսում արժանապատիվ ապրելու մասին ու ամենակարևորը՝ հոգևորի: Իսկ այն քչաթիվ գերզգայուն մարդիկ, ովքեր այդ աղբի միջից տեսնում են հեռու, գեղեցիկ անհաս հորիզոնը, բախվում են այնպիսի կոնտրաստի, որ խախտվում են նրանց հոգեկան հավասարակշռությունն ու նյարդային համակարգը:
Վերջերս նկատելիորեն շատացել են ինքնասպանության դեպքերը երիտասարդների շրջանում, ու իշխանական ագիտպրոպագանդան շտապեց դրանք վերագրել էմոների սուբկուլտուրայի «ավերիչ» ազդեցությանը: Էմոներ կան բոլոր երկրներում, բայց ոչ մի տեղ ինքնասպանությունները նրանց հետ չեն կապում, իսկ այդ ամենը էմոյական շարժմանը վերագրելը իրավիճակի բնորոշման ակնհայտ խեղաթյուրում է: Սա թողնենք մասնագետներին՝ սոցիոլոգներին, հոգեբաններին ու իրավապահներին, եթե այդպիսիք կան մեր երկրում:
Մայիսի 13-ին՝ մթնշաղին մոտ, Դավթաշենի իրենց տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել Արթուր Հարությունյանը:
Ես զրուցեցի Արթուրի եղբոր՝ Արտակի հետ, որը ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը անբավարար համարելով՝ Ֆեյսբուքում միջոցառման էջ է բացել՝ «Կորել է» ու, համախմբելով ծանոթ ու անծանոթ մարդկանց, փորձում է նրանց միջոցով տարածել ինֆորմացիան ու նաև վարկածներ հավաքել սեփական հետաքննություն անցկացնելու համար: Արթուրն ասում է, որ փնտրել է նաև մասնավոր խուզարկու, բայց չի գտել: 2180 ֆեյսբուքահայ արձագանքել է կոչին, ինֆորմացիան ակտիվորեն տարածվում է ինտերնետում: Բայց, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան նախաձեռնություն, այստեղ էլ մարդկային ռեսուրսները Ֆեսյբուքից դուրս չեն գալիս կամ դուրս է գալիս, լավագույն դեպքում, հինգ տոկոսը: Այս դեպքում դա էլ չկա…
Արտակը տպել է 2000 լուսանկար՝ տարածող չկա, այդ 2180 մարդկանցից բոլորը զբաղված են: Արտակին տալով որոշակի խորհուրդներ ինֆորմացիայի տարածման իմ ունեցած փորձից՝ նկարներով այցելել մարդաշատ միջոցառումներ, շրջել մետրոյում, բաժանել տրանսպորտային, տաքսի ծառայություններին, համալսարաններին, բուժհաստատություններին և այլն, իմացա, որ Արտակը շատ բան է արել արդեն, Դավթաշենի տարածքում ամեն տեղ փակցված են Արթուրի լուսանկարները, բոլորը գիտեն, քաղաքի կենտրոնում նույնպես որոշ տեղեր կան, բայց դա բավարար չէ՝ քաղաքն այդքան էլ մեծ չի, իսկ Արթուրը ֆիզիկապես առողջ տղամարդ է ու կարող է գտնվել քաղաքի ցանկացած վայրում:
Մանավանդ որ՝ տնից հեռանալուց հետո նրան մի քանի անգամ տեսել են. մի անգամ մայիսի 16-ին՝ Դավթաշենի բակերից մեկում: Նա նստել է անծանոթ մեքենա և ասել, որ իրեն տեղափոխի Ծարավ Աղբյուրի փողոց՝ բժշկի մոտ: Մեքենայի վարորդին ասել է, որ գնում է բժշկի մոտ, մի քանի վայրկյան անց, սակայն, դուրս է եկել մեքենայից և հեռացել: Դրանից մի քանի օր անց Արթուրին էլի են տեսել Դավթաշենի մի ուրիշ բակում:
Վերջին անգամ Արթուրին տեսել են նորից Դավթաշենում՝ նորակառույց չբնակեցված տարածքներում, զորամասի մոտակայքում: Այսինքն, Արթուրին ոչ ոք չի առևանգել, նա չի կորել, սեփական կամքով գնացել է տնից ինչ-որ նպատակով կամ ինչ-որ բանից դրդված:
Իմ ու Արտակի զրույցից հետո փորձեցի որոշակի պատկեր ձևակերպել ու ներկայացնել ձեզ: Հոգեբան չեմ, բայց կփորձեմ նաև որոշակի վերլուծություն անել՝ փորձելով պարզել Արթուրի տնից հեռանալու պատճառն ու նպատակները, հասկանալ՝ ի՞նչ է անում Արթուրն իր ընտրած միայնության մեջ…
Արթուրը սովորական ընտանիքի հայ տղա է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած է, ապրում է ծնողների, կնոջ, եղբոր ու եղբոր կնոջ հետ: Ոչ մի լուրջ տարաձայնություն կամ կոնֆլիկտ տանը չի եղել, որը կարող էր դրդել Արթուրին՝ հեռանալ տնից, այն էլ՝ առանց զգուշացնելու, ու թաքնվել: Նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, բացի նրանից, որ մարդամոտ չի, ավելի շուտ՝ մարդախույս է, տնից դուրս էր գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Հետևաբար՝ սոցիումի հետ ունեցել է պրոբլեմներ: Արթուրը 2005 թվականին զորակոչվել է բանակ, սակայն չի հասցրել ծառայել, քանի որ երեք օր անց նրան ուղարկել են հոգեբուժարան:
Բանակը, այնտեղ ծառայելու միտքը, երկու տարվա անորոշ ու աննպատակ կորսված կյանքը, որին դատապարտված է յուրաքանչյուր արական սեռի առողջ զորակոչի տարիքի տղա, Արթուրի հոգում անասելի ու, ինչպես պարզվեց, անհաղթահարելի վախեր էր առաջացրել, որից էլ նրա հոգեկան հավասարակշռությունը խախտվել է: Հիվանդանոցներում Արթուրին դեղորայքային բուժում են նշանակել, որը կարծես թե օգնել է, Արթուրի վիճակը լավացել է, ու նա սկսել է կյանք մտնել: Ու էլի բախվել է նոր վախի՝ ինքը երբեք չի կարող ինքնուրույն լինել, հոգալ իր ու իր ընտանիքի, մտերիմների կարիքները, որովհետև բարձրագույն կրթությամբ երիտասարդը պահանջարկ չունի. եթե հանճար չի իր ոլորտում, չունի ծանոթ-բարեկամ կամ սեփական բիզնես, դատապարտված է ցածր որակավորում պահանջող աշխատանքների կամ պատահական հավելումների:
Բացի դրանից, Արթուրն իրեն անլիարժեք էր զգում, բեռ՝ հարազատների համար, հիվանդ, որի մասին բոլորը պետք է մտածեն, իրեն «բույս» էր զգում: Նա ամեն ինչ իր մեջ էր պահում, չէր սիրում խոսել, զրուցում էր միայն Արտակի հետ, ու Արտակին միշտ թվացել է՝ ամեն ինչի մասին, բայց պարզվեց՝ ոչ… Նա հոգնել էր դեղերից, ասում էր, որ դրանք ավելի են անհանգիստ դարձնում իրեն, չէր ուզում խմել: Գումարվեց ևս մի ֆոբիա՝ դեղերի անարդյունավետության: Որ Արթուրն ունի հոգեբանական պրոբլեմներ՝ ակնհայտ է: Բայց նա խելագար չի, չի վնասում իրեն ու ոչ ադեկվատ պահվածք չունի: Նրա ողջ ոչ ադեկվատությունը նրա վախերն էին: Արթուրն ուզում էր գնալ վախ չափողի մոտ, վախ չափողին այցելությունը, իր ասելով, օգնել էր իրեն, որովհետև էլի էր ուզեցել գնալ, ու չնայած սկզբում Արտակն ասել էր, որ ավելի լավ է խմի դեղերը, բայց տարել էր վախ չափողի մոտ:
Արթուրը գիտակցում է, որ ֆոբիաներ ունի, ու միշտ ուզեցել է բուժվել, ազատվել իր վախերից, որոնք նույնիսկ իր իսկ ընկալմամբ են մտացածին: Նա ունի բազմաթիվ վախեր՝ չարագույժ թվերի վախ, աշխարհի վերջի վախ, դեղերի վախ, ինֆանտիլության վախ, մարդկանցից վախ, նույնիսկ մանկական վախեր, ու այդ վախերով հանդերձ՝ վեր է կացել մի օր ու գնացել տնից: Իմ կարծիքով՝ վախերը հաղթահարելու ու լիարժեք մարդ դարձած ընտանիք վերադառնալու մղումով: Համենայն դեպս, ես կուզենամ, որ այդպես լինի, ու նաև Արտակի հետ միասին նման հետևություն արեցինք: Այնպես որ, կարող եմ խոսել նաև Արտակի անունից:
Մայիսի 13-ի առավոտյան Արթուրն արթնացել է, գնացել է զբոսնելու, չնայած՝ տնից դուրս գալ չէր սիրում: Արտակը պատուհանից հետևել է Արթուրին. նա կանգնել է բակում մի հինգ րոպե, ծխել է, հետո վերադարձել տուն: Կեսօրին նորից է դուրս եկել՝ ասելով, որ գնում է բժշկի մոտ: Արտակն ուզեցել է ուղեկցել նրան, Արթուրն ասել է. «Մի խանգարիր ինձ»: Երկու անգամն էլ Արտակը նրա բջջայինը դրել է ծխախոտի տուփի վրա, որ չմոռանա: Գնացել է, վերադարձել է, սկսել է «Օդնոկլասնիկ»-ում ինչ-որ խաղ խաղալ: Նա այդտեղ առանձնապես չէր շփվում, ավելի շատ խաղում էր:
Երեկոյին մոտ՝ ութի կողմերը, երբ Արտակը քնած է եղել, Արթուրն էլի պատրաստվել է գնալ զբոսնելու: Այս անգամ Արտակը հեռախոսը չի դրել ծխախոտի տուփի վրա: Արթուրը գնացել է, երկու ժամ հետո տնեցիք սկսել են անհանգստանալ, հաջորդ առավոտ դիմել են ոստիկանություն, բայց մինչ այսօր չեն կարողանում գտնել Արթուրին: Գործով զբաղվում է Մաշտոցի ոստիկանութունը, որը տասն օր անց, չգիտես ինչու, որակել է «Սպանության գործ», չնայած ակնհայտ է, որ Արթուրի անհետանալուց հետո բազմիցս ողջ են տեսել նրան: Ասել, որ ոստիկանությունն անտարբեր է ու ոչինչ չի անում, ճիշտ չի լինի, ասում է Արտակը, քանի որ, օրինակ, Արմեն Հարությունյանը շատ սրտացավ է թվում: Երևի մեթոդներն են թույլ, ավելի շատ ժամանակ է ծախսվում փաստաթղթաբանության վրա, իսկ օպերատիվությունը աչքաթող է արվում…
Էլի է պատահել, որ Արթուրը գնացել է տնից ու մի օր կորած է եղել, հետո վերադարձել է, բայց ոչինչ չի պատմել: Նրա «Օդնոկլասնիկ»-ի էջում երևում էր, որ այդ գիշեր օգտվել է կայքից, բայց ինքը ասել է՝ չէ:
Ընտանիքը նորմալ ընտանիք է, կնոջ հետ հարաբերությունները լավ են եղել: Չուներ ոչ մոտ ընկերներ, ոչ թշնամիներ: Վարել է մեկուսի կյանք ընտանիքի մեջ, որտեղ նրան վերաբերվել են ընդգծված հոգատարությամբ, ելնելով նրա հոգեվիճակից՝ ֆոբիաներից բխող հոգեկան անհանգստությունից ու պարանոյայից: Մնացած ամեն ինչում Արթուրը նորմալ ու սովորական տղա է:
Ես ու Արտակը որոշեցինք, որ Արթուրը հոգնել է խնամյալ ու հիվանդ լինելուց, հոգնել է իր վախերից, հոգնել է իր «բույս» վիճակից ու գնացել է տնից՝ գուցե գտնելու վախերի պատճառներն ու ինքնուրույն, առանց դեղերի, որոնցից նույնպես վախենում էր, հաղթահարելու իրեն քայքայող ֆոբիաները:
Արտակը նրան փնտրել է Դավթաշենի բոլոր անկյուններում, կենտրոնում: Մարդիկ են զանգում, որոնք տեսել են նրան կամ իրենց թվացել է, որ տեսել են, նույնիսկ ես եմ, իմ կարծիքով, երեկ տեսել նրան Սայաթ Նովայի վրա, Օպերայի մոտակայքում, բաճկոնը բութ մատով ուսին գցած, մի քիչ տարօրինակ, թափթփված քայլվածքով… Բայց նա չարձաքանքեց, երբ «Արթուր» կանչեցի: Ու ես մտածեցի, որ սխալվել եմ: Արտակին նրա քայլվածքը նկարագրելուց հետո մտածեցի՝ գուցե իրականում ինքն է եղել, ու ես չեմ հետևել կամ չեմ զանգել այդ պահին:
Եթե դուք տեսնեք Արթուրին, մի կանչեք նրան, ավելի լավ է հետևեք՝ այդ ընթացքում զանգելով Արտակին:
Ինչ ունենք:
Արթուրին չեն առևանգել: Արթուրը հեռացել է սեփական կամքով: Չի բացառվում հոգեորսությունը: Հնարավոր է կապ լինի բանակի երեք օրերի հետ, բայց նա, ըստ խառնվածքի, ի վիճակի չի կռիվներ անելու կամ ինչ-որ ձևով վրեժխնդիր լինելու, մանավանդ որ Արտակին ասել է, թե ինքը կոնկրետ ոչ մեկի վրա «օբիդա» չունի, բանակի վախն ընդհանուր էր՝ բանակում ծառայելու միտքը:
Հնարավոր են ինչ-որ ինտերնետային, օդնոկլասնիկային տարբերակներ, դա պարզ կդառնա «Օդնոկլասնիկ»-ի գաղտնաբառը «ջարդելուց» հետո, որը դեռ չի արվել:
Վարկած-եզրակացություն
Արթուրն ինքն իրեն գտնելու, վախերը հաղթահարելու, լիարժեք մարդ դառնալու, ի վերջո՝ գուցեև իր ճշմարտությունը գտնելու նպատակով հեռացել է տնից Բուդդայի նման, և գուցե եղբոր ու մեր ակտիվությունը նրան խանգարում է ու նոր ֆոբիա ստեղծում: Արթուրն, իհարկե, իրավունք ունի ճշմարտություն որոնելու, բայց նրա մայրը մայիսի 13-ից մի կտոր հաց չի կերել և հալումաշ է լինում: Գուցե Արթուրը մորը խղճա ու տուն վերադառնա: Հետո էլի կգնա, եթե ուզենա: Բայց թող չանհետանա:
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.