Երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կատարվեց այն, ինչ կատարվեց, որոշ առումով խոցելի կարգավիճակում հայտնվեցին նաև նրա հարազատները, հովանավորյալները: Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե ստուգումներ են սկսվել նաև Պետական գնումների գործակալությունում, որի ղեկավարը, ինչպես հայտնի է, Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբն է: Իսկ սա այն կառույցն էր, որտեղ հարկատուներիս փողերով պետությունը գնումներ է կատարում, սակայն մեկուսացած գործակալությունում երբեք հաշվետու չեն լինում հանրությանը, ասենք, գոնե ասուլիսի միջոցով: Վերահսկիչ պալատն այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել ավելի քան մեկ տարի առաջ, բնականաբար՝ ահագին բան բացահայտել է, բայց, չգիտես ինչու (ասում են՝ գուցե պատճառն այն է, որ Իշխան Զաքարյանը Բեգլարյանների մյուս եղբոր` Յուրա Բեգլարյանի ընտանիքի քավորն է, որն էլ, ասում են, Հակոբ Բեգլարյանի առաջխաղացման հիմնական երաշխավորն էր), Պետական գնումների գործակալությունն ու դրա պետը Վազգեն Խաչիկյանի վիճակում չեն հայտնվում, ավելին՝ այս կառույցի բացահայտումները գրեթե լռության մատնվեցին. ամեն դեպքում՝ Հակոբ Բեգլարյանի անունը չշոշափվեց: Վերջինս իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1984-85թթ.՝ Երեւանի «Շինանյութ» փորձարարական գործարանում իբրեւ կաղապարող:
Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նույնպես, վերջին մի քանի օրերի ընթացքում, Իշխան Զաքարյանը բազմաթիվ օրինակներ էր բերում, թե ինչպես է հաջողվում ինչ-որ մարմինների՝ մշտապես խաբել պետությանը և հրամցնել իրենց իրական արժեքից շատ ավելի բարձր գներով ապրանքներ: Իսկ պետական բոլոր տեսակի գնումները, ինչպես հայտնի է, կարգավորում է Պետական գնումների գործակալությունը: Այս կառույցն է հայտարարում մրցույթներ, այս կառույցում է որոշվում տենդերի հաղթողը: Այսինքն` պետական միջոցների վատնման մեղադրանքների հոսքը իրականում հարկավոր է ուղղել հենց այս կառույցին: Եվ ուրեմն զարմանալի է, թե ինչպե՞ս է մինչև հիմա Հակոբ Բեգլարյանին հաջողվել ամեն անգամ ջրից չոր դուրս գալ:
Իսկ Բեգլարյանը, ինչպես պարզվում է, ոչ թե ջրից չոր է դուրս գալիս, այլև նույնիսկ ջուրը չի մտնում. պարզապես աշխատանքի չի գնում: Նրա կարիքը չի էլ զգացվում, այստեղ նա անելիք չունի: Սա այն ոլորտն է, որտեղ ամեն բան որոշվում է շատ ավելի վերևում, և ընդամենը «գալոչկայի» համար աշխատանքի ներկայանալը Բեգլարյանի նման բիզնեսների և ունեցվածքի տեր մարդու համար այնքան էլ պատվաբեր չէ: Ճիշտ է, գործակալությունից հայտնեցին, որ նա պարտաճանաչորեն գնում է աշխատանքի և անգամ այսօր է գնացել, սակայն, մեր տեղեկություններով, ամենևին էլ այդպես չէ. պետական գնումների ողջ համակարգը կոորդինացնող կառույցի շեֆը կարող է անգամ շաբաթներով գործի չգնալ, և այս համատեքստում Հակոբ Բեգլարյանին քավության նոխազ դարձնելը ոչ միայն մարդկային չէ, այլև վարչակազմում գործող թայֆայական օրենքները թույլ չեն տալիս: Կհաջողվի՞ Բեգլարյանին խուսափել պատասխանատվությունից` պետական միջոցների այդօրինակ վայրի յուրացումների, այսինքն` մի քանի անգամ ավելի բարձր գնումներ թույլ տալու համար, և ու՞մ ուսերին կդնեն այդ բեռը, ցույց կտա ժամանակը: Իսկ այս պահին ավելի քան հետաքրքիր քայլ է մտածվել՝ գործակալությանն ընդհանրապես պատասխանատվությունից զերծ պահելու համար:
Ամեն ինչ, ինչպես սովորաբար լինում է այստեղ, կազմակերպվել է օրինականության սահմաններում, օրենքի տառին հավատարիմ մնալով: Բայց եթե նախկինում գնումների կազմակերպման գործում հիմնական կազմակերպիչն այս գործակալությունն էր կամ գոնե առնչվում էր դրան ինչ-որ ձևով, ապա այս տարի, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, գործակալությանն այլևս դժվար է լինելու որևէ բանում մեղադրել: Եվ ահա թե ինչու:
Երբ փորձեցինք հիշյալ կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկություն ստանալ անձամբ Հակոբ Բեգլարյանից, պարզվեց՝ նա դարձյալ աշխատանքի վայրում չէր: Մամուլի պատասխանատու Վասակ Թարփոշյանը փորձեց ներկայացնել, թե ինչպես է կատարվել այդ ամենը: Եվ այսպես, նախկինում գործակալությունը հայտարարում էր մրցույթը, ընդունում հայտերը, պետական կառույցները հանձնաժողով էին կազմում, որը պետք իրականացներ գնումների գործընթացը: Այս հանձնաժողովում գործակալությունը ներկայացվում էր ընդամենը քարտուղարի հաստիքով, որը որոշման կայացման հետ որևէ առնչություն չէր ունենում: Մրցույթի հաղթողին որոշում էր հանձնաժողովը: Այսինքն, այն ժամանակ ևս գործակալությունը կարողանում էր ասել՝ «не виноватая я»: Բայց հիմա արդեն անգամ մրցույթ հայտարարելու գործն է վերցվելու գործակալությունից, մրցույթներն այլևս՝ սկսած հայտարարելուց, վերջացրած գնումով, իրականացնելու են նախարարություններին կից գործող ԾԻԳ-երը: Այստեղ է հայտարարվելու մրցույթ, այստեղ են որոշվելու մրցույթի հաղթողները, այստեղ է կատարվելու գնումը, այսինքն` պետական փողերի հետ ողջ խաղը իրականացվելու է այս հարթությունում, գործակալությունն այլևս որևէ բանի հետ կապ չի ունենալու և, բնականաբար, գործակալությանն այլևս հնարավոր չի լինի մեղադրել որևէ բանում` ոչ միայն աննորմալ գնումների, այլև գոնե դրանք թույլ չտալու համար:
Բայց հարց է ծագում` եթե գնումները վերցվել են գործակալությունից, եթե այլևս պետական գնումների հետ պետական գնումների գործակալությունը կապ չի ունենալու, այդ դեպքում ի՞նչ կարիք կա պահելու նման գործակալություն, ինչու՞ զուր տեղը պետական միջոցներ վատնել անիմաստ կառույց պահելու համար, եթե գնումների գործը պետական ամեն կառույց հենց ինքը կարող է կազմակերպել՝ գուցե շատ ավելի խելամիտ ձևով տնօրինելով իրեն վստահված միջոցները: Պարզվում է, այս ուղղությամբ էլ են հոգատար միջոցառումներ իրականացվել և գործակալությանը ապահովել ինչ-որ բան անողի կարգավիճակին վայել գործառույթներով:
Գործակալությունը սրանից հետո կազմակերպելու է ուսուցում: Ի՞նչ ուսուցում: Պատասխան` ինչպե՛ս գնել: Գործակալությանն է թողնվել նաև բողոքարկման ֆունկցիան: Հաշվի առնելով, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են այս մրցույթները իրականացվում, կարելի է այսօրվանից էլ ասել, որ այս առումով ևս գործակալությունը անելիք չի ունենա՝ ոչ մեկը չի բողոքարկի: Ուրեմն հասկանալի է, որ այս ֆունկցիայի համար նույնպես մի ամբողջ գործակալություն պահելն անիմաստ է: Գործակալությունը մեկ էլ զբաղվելու է ինչ-որ «շրջանակային համաձայնագրերով». սրանք նախկինում կոչվել են «պարբերական», հիմա այլ անուն են ստացել՝ մի քանի տարվա համաձայնագրեր են: Մի խոսքով, էնքան որ մի բան լինի գործակալությանը զբաղեցնելու համար: Հա, մեկ էլ էլեկտրոնային գնումների համակարգի սերվերն են տեղադրել այս գործակալությունում, այնպես որ՝ այս առումով գործակալությունից մի օգուտ կա. սերվերը գործակալության շենքում է:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շարունակվում է խիստ արդյունավետ պայքարը պետական միջոցների վատնման դեմ: Պետական գնումների գործակալությունում կատարված վերոհիշյալ փոփոխությունները, ի դեպ, իրականացվել են միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան, և փաստորեն, ինչպես տեսնում ենք, մերոնց հաջողվում է թե´ միջազգային ատյաններին գոհացնել, թե յուրայիններին: Հո չէին թողնելու, որ պետական միջոցների միլիոնների հասնող վատնումները բարդվեն Հակոբ Բեգլարյանի կամ թեկուզ նրան փոխարինող մեկ այլ յուրայինի ուսերին:
Լուսինե Կեսոյան
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.