Որ Երևանի քաղաքապետարանն ամենակոռումպացված կառույցներից էր և է, դժվար թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի: Այստեղ վարչության պետերի և նույնիսկ շարքային աշխատակիցների մակարդակով հնարավոր էր ցանկացած գործարք իրականացնել, բնականաբար՝ համապատասխան վարձատրության դիմաց: Ասում են, փողի կարիք չունեցող քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է ձեռնպահ մնալ գործարքներից և ուղղակի քաղաքապետ է աշխատում, քանի որ դրայվ է զգում դրանից, այլ ոչ թե՝ որովհետև Երևանի քաղաքապետ լինելը եկամտաբեր գործ է: Բայց որ քաղաքապետարանի աշխատակազմին անգամ Կարեն Կարապետյանի դրայվը չի կարող զերծ պահել գործարքներից, կարելի է շատ հանգիստ ապացուցել` ուշադիր հետևելով այստեղ ընդունվող որոշումներին: Այդպիսի գործարքներից մեկը մեզ հաջողվեց բացահայտել Երևանի ավագանու խորհրդի վերջին նիստից հետո:
Մայիսի 6-ի նիստում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը (ամենայն հավանականությամբ՝ այս գործարքի շահագրգիռ կողմերից մեկը) ավագանու խորհրդին մի որոշում հրամցրեց` ակնկալելով արագ «դակում»: Ավագանու անդամները, սակայն, Ուլիխանյանի սպասելիքները չարդարացրին. «Թիվ 4 բուժսանմաս» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-երը միացնելու որոշումը կասկածներ ծնեց ավագանու մի քանի անդամի մոտ, և հարցը թեժ քննարկման առիթ դարձավ:
Վարչության պետը կրծքով պաշտպանում էր իր առաջարկը, փաստարկներ բերում հօգուտ միացման, տեղյակ լինելով գումարները տնտեսելու և ոչ մի ավելորդ դրամ չծախսելու քաղաքապետի մտադրության մասին՝ պնդում էր թիվ 4 բուժսանմասի պահպանման աննպատակահարմարության մասին: Մի խոսքով, վարչության պետն արեց ամեն ինչ, որպեսզի, գուցեև նախապես կայացած, գործարքը հաջողությամբ ավարտին հասցնի: Անգամ Կարեն Կարապետյանը, անտեղյակ լինելով, թե իրենցից ինչ են ներկայացնում հիշյալ բուժհաստատությունները, զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և առաջարկեց հարցի պարզաբանման համար առանձին քննարկում կազմակերպել:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանին և Երևանի ավագանու խորհրդի անդամներին գործարքին ակամա մասնակցությունից զերծ պահելու ցանկությամբ՝ ներկայացնենք այս ընթացքում մեր բացահայտածը:
Գործարքի հիմքում իսկապես որոշ մարդկանց շահերն են ընկած և, ինչպես միշտ է կատարվում մեզանում, մեկ-երկու հոգու շահի համար տուժողը մի ամբողջ կոլեկտիվ է լինելու:
Եվ այսպես, թիվ 4 բուժսանմասը, այսպես կոչված, Կաուչուկի պոլիկլինիկան է: Սա ժամանակին մեծ բուժհաստատություն էր` շուրջ 200 աշխատողով, «Պոլիվինիլացիտատ» գործարանում ուներ մասնաճյուղ, տարբեր գործարաններում էլ ուներ առողջապահական կայաններ` առկայաններ, որոնք փակվեցին, երբ պոլիկլինիկաներում վճարումը սկսեց իրականացվել սպասարկվող բնակիչների թվով: Ներկայումս այս բուժհաստատությունում աշխատում է շուրջ 40 աշխատող, և հենց նրանց էլ հիշյալ գործարքով պատրաստվում են վերադրույքավորել անգամ սեփական աշխատակիցների համար նորմալ պայմաններ չունեցող թիվ 13 պոլիկլինիկայում:
Բացի որոշ սուբյեկտներին ձեռնտու դրդապատճառներից, այստեղ առավել հետաքրքիր է, թե ինչու՞ հենց անպայման թիվ 13 պոլիկլինիկայի հետ է հարկավոր միավորել այս բուժհաստատությունը, երբ թիվ 18 պոլիկլինիկան ևս կարող է շատ ավելի մեծ շանսեր ունենալ թիվ 4-ի հետ միավորվելու առումով:
Բանն այն է, որ թիվ 4 բուժսանմասը երկար տարիներ ղեկավարում էր Էմիլ Նաջարյանը` հայտնի Էմիլ Վարդգեսովիչը, ում հաջողվեց երկրի համար ամենածանր տարիներին անգամ պոլիկլինիկան կենդանի պահել որպես ակտիվ հիմնարկ:
Նրա շնորհիվ էր, որ այս բուժհաստատությունը դարձավ այն կենտրոնը, որը կազմակերպում է աշխատողների բժշկական հետազոտություններ. տարբեր հիմնարկների աշխատողները տարեկան մեկ անգամ պարտադիր կարգով անցնում են բժշկական զննություն, ինչի իրավասություն ուներ միայն թիվ 4 բուժսանմասը: Հարգարժան Էմիլ Վարդգեսովիչը կարողանում էր իր հեղինակության շնորհիվ նորանոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքել: Այդպես, այս հաստատությունում էին հետազոտվում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ի, «Մաքուր երկաթ»-ի, «Գրանդ-Տոբակո»-ի, «Հայկենցաղքիմիա»-ի, «Սթար»-ի, Շենգավիթի մանկապարտեզների և բազմաթիվ այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները:
Բուժհաստատությունը, բացառապես իր հեղինակության շնորհիվ, առանց պետական աջակցության վերազինվեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով: Ավելին, հենց կնքված պայմանագրերի շնորհիվ, եթե պետությունից հատկացվող գումարը հիշյալ բուժհաստատությանը կազմում է շուրջ 12 մլն դրամ, ապա վճարովի ծառայություններով այս հիմնարկը ունի շուրջ 14 մլն դրամի եկամուտ:
Երբ գործարաններն այլևս չէին աշխատում, այսինքն` թիվ 4 բուժսանմասը, կարելի է ասել, զրկվում է իր հիմնական կոնտիգենտից, դարձյալ երջանկահիշատակ Էմիլ Վարդգեսովիչի ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվում է, որ հաստատության գործունեությունը չդադարի: Պոլիկլինիկային կցվում է 3 տեղամաս. թիվ 18 պոլիկլինիկայից երկու տեղամաս է վերցվում, թիվ 13-ից` մեկ: Այդպես՝ այս բուժհաստատությունն ապահովվում է շուրջ 4000 բնակչով, որոնց առողջության պահպանման խնդիրները հոգալու համար էլ պետությունը գումար է հատկացնում:
Այստեղ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր Երևանի ավագանու խորհրդին ներկայացվել որոշում` լաբորատոր սարքավորումներով, հավելյալ վճարովի ծառայություններ մատուցող, այսինքն` ինքնաբավ մի հիմնարկի լուծարման և մեկ այլ հաստատության միացման մասին, ու՞մ գլխում կարող էր նման անհեթեթ գաղափար ծնվել: Հենց այս հարցի պատասխանն էլ հնարավորություն տվեց շատ ավելի հետաքրքիր իրողություններ բացահայտել.
2009-ին հանկարծամահ է լինում Էմիլ Վարդգեսովիչը: Տարիների ընթացքում գլխավոր բժշկի շնորհիվ ձևավորված առողջ և իրենց գործին անմնացորդ նվիրված կոլեկտիվը ծանր է տանում սիրելի ղեկավարի կորուստը, սակայն հետաքրքիր է, որ նվիրյալ բժիշկներից ոչ ոք չի ցանկանում թողնել ակտիվ բժշկությունը և զբաղվել վարչական աշխատանքով: Որոշ ժամանակ գլխավոր բժշկի պարտականությունները կատարում է փոխտնօրենը, որից հետո գլխավոր բժիշկ է դառնում ուսանողական աթոռից բուժսանմաս եկած սրտաբան Ռուզան Դուրգարյանը: Մեկ տարի աշխատելուց և վճարովի ծառայությունների մատուցման համար պայմանագրեր կնքել սովորելուց հետո, սրտաբանը դառնում է գլխավոր բժիշկ: Հետաքրքիր զուգադիպությամբ, թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը հանկարծամահ է լինում, ինչի պատճառով էլ աթոռը թափուր է մնում: Եվ Դուրգարյանը նշանակվում է թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:
Սակայն ավելի մեծ պոլիկլինիկայի գլխավոր բժշկի աթոռը ձեռք գցելուց հետո էլ Դուրգարյանը որոշում է չհրաժարվել իրեն բժիշկ դարձրած բուժհաստատությունից: Ի դեպ, թիվ 13 պոլիկլինիկան մի քանի տարի առաջ միավորվեց նաև թիվ 7 մանկական պոլիկլինիկային: Դարձյալ մեծ թվով բնակչություն սպասարկող մանկական պոլիկլինիկան լուծարվեց և մի կերպ տեղավորվեց թիվ 13-ում: Եվ հիմա, փաստորեն, արդեն մեկ պոլիկլինիկա իր մեջ ներառած թիվ 13-ը որոշվում է միավորել իր կարգի ևս մեկ բուժհաստատության հետ:
Դատելով շենքային պայմաններից՝ ի սկզբանե կարելի է ասել, որ թիվ 4 բուժսանմասի 30-40 հոգանոց կոլեկտիվը պահպանելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Ենթադրվում է, որ գլխավոր բժիշկը իր նոր աշխատավայրում այնպիսի պայմաններ կստեղծի, որ թիվ 4 բուժսանմասի կոլեկտիվի գերակշիռ մասը հոժարակամ ազատման դիմումներ կգրի: Իսկ այս կոլեկտիվի աշխատակիցների մարդկային որակների մասին կարելի է դատել նրանց հոգածության տակ գտնվող բնակչության արձագանքներից, որոնք, ի դեպ, լսելով, որ թիվ 13 պոլիկլինիկայի հետ միավորման հարց կա, հայտարարել են, թե ոչ մի դեպքում չեն գնա այդ պոլիկլինիկան:
Կոլեկտիվում մարդիկ կան, որոնք իրենց կյանքը այս բուժսանմասից դուրս չեն պատկերացնում, և հիմա նրանցից շատերը, ծանր տարիներին անգամ առանց աշխատավարձի աշխատելուց հետո, մտավախություն ունեն, որ հայտնվելու են գործազուրկի կարգավիճակում, քանի որ բախտի բերմամբ գլխավոր բժիշկ դարձած իրենց երբեմնի գործընկերը որոշել է ավելի մեծ օբյեկտի տեր դառնալ` միավորելով իր նախկին և ներկա «օբյեկտները»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ եթե այս գործարքն իրականանա, մարդիկ չեն էլ կասկածի, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դաբրո» է տվել և բուժսանմասի կոլեկտիվը ճամփեզրին թողնելու հաշվին ապահովել գլխավոր բժիշկ դառած մեկի ամբիցիաների իրականացումը:
Հ.Գ. Էմիլ Վարդգեսովիչի ջանքերով, ժամանակին կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի՝ բուժսանմասի տարածքը պետք է «Նաիրիտ» ՓԲԸ-ից հանձնվեր քաղաքապետարանին: Այլ հարց է, թե ինչու՞ հիշյալ որոշումը մինչև հիմա կյանքի չի կոչվում:
Լուսինե Կեսոյան
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.