Դեռևս 2010 թվականի մայիսից, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի 5 համայնքների բնակիչներ և բնապահպաններ ահազանգում էին, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխման ուղղությամբ ապօրինի աշխատանքներ են իրականացվում. գետի հունը թեքում են դեպի Վայոց ձորի մարզ` Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև գետի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով:
Եթե դա իրականացվի, Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու էր ջրից: Արգիճի գետը այս հինգ համայնքների ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Ասել կուզի, կառուցվող ՀԷԿ-ը այս գյուղերի բնակիչներին զրկելու է ապրուստից, ինչն էլ տրամաբանորեն կհանգեցնի արտագաղթի: Համենայն դեպս, այդպես են կարծում մեզ հետ զրուցած նշված գյուղերի բնակիչները:
Մյուս կողմից, այս ամենը լուրջ բնապահպանական աղետ կարելի էր համարել, քանի որ Արգիճին Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետն է և ողջ տարին, առանց ցամաքելու, սնուցում է լիճը:
Դեռևս ամիսներ առաջ, երբ բանը հասավ այնտեղ, որ բնակիչներն ընտրեցին իրենց բողոքն արտահայտելու ծայրահեղ քայլ՝ փակեցին Մարտունի տանող մայրուղին, բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Արգիճի գետի ջրային ռեսուրսների օգտագործման վիճահարույց հարցերի ուսումնասիրման նպատակով, որում ընգրկված էին նախարարության, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարանների ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբն ուսումնասիրություններ կատարեց Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում, որի արդյունքում կասեցվեց ապօրինի շինարարությունը:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության տեսչությունից մեզ հայտնեցին, որ ժամանակավորապես կասեցված Արգիճի գետի տարածքում ՀԷԿ-ը կառուցում է «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն:
Թեպետ կազմակերպության ղեկավարությունը, ըստ բնապահպանության տեսչության, պնդում է, թե նպատակ ունի միայն ՀԷԿ կառուցել, Մարտունու բնակչությունը համոզված է, որ կազմակերպությունը որոշել է փոխել Արգիճի գետի հունը և ջուրը դեպի Վայոց Ձորի մարզ ուղղել:
Հարցն այժմ առկախ է: Մեր տեղեկություններով, հիմա հարաբերական անդորր է: Երբ զրուցեցինք «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Գալստյանի հետ, նա ասաց. «Գայլաձորի ամբարտակը դեռևս չի ապամոնտաժվել: Միայն խողովակներն են տեղափոխել, ապամոնտաժել, բայց փոսերը չեն լցվել հողով, այսինքն՝ նախկին վտանգը դեռ կա: Մարզպետարանն այս հարցում անտարբերություն է դրսևորում, այնինչ հենց նա պետք է հետևողական լիներ: Միայն մեր ահազանգից հետո մեկ ամիս ժամանակ խնդրեցին, և 2010-ի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 19-ը 70 տոկոսով արդեն կառուցված ՀԷԿ-ը, պետք է ապամոնտաժվեր: Սակայն, այս պահի դրությամբ, միայն խողովակներն են տեղափոխել»:
Բնակիչները չեն խաղաղվում: Նրանք համոզված են, որ շարունակելու են կառուցել, իսկ ներկայիս դադարը բնակիչների բարձրացրած աղմուկը հանդարտեցնելու համար է միայն: Նրանք համարյա պարզել են, թե ով է այն «վիշապը», որը մտադիր է փակել 5 գյուղի ջրի ակունքը:
Այս խնդիրը բարձրաձայնել էր նաև «Ժառանգություն» կուսակցությունը, հարցով զբաղվում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: «Որքան որ տեղյակ եմ, միայն խողովակներն են ապամոնտաժվել, բայց փոսերը շարունակում են մնալ: Ուստի այս խնդիրը դեռ իր լուծումը չի գտել, այսինքն՝ ամեն ինչ հետ չի շրջվել: Մենք առաջիկայում նորից ենք բարձրացնելու այս հարցը: Խնդիրը պետք է լուծեր Գեղարքունիքի մարզպետարանը, որի հետևողական աշխատանքի արդյունքում պետք է ապամոնտաժվեր արդեն կառուցված շինությունը: Սակայն այսօր տեսնում ենք, որ մարզպետարանը չի կատարում իր աշխատանքը: Նույնիսկ երկու անգամ գնացել ենք մարզ և փորձել հանդիպել մարզպետի հետ, սակայն չի հաջողվել: Հարցի երկրորդ լուծումը, ինչպես խոստացել է կառավարությունը, կառուցապատողին դատի տալն ու պատասխանատվության ենթարկելն է: Իսկ թե ով է այս ամենի հետևում կանգնած, մենք չկարողացանք պարզել, և կառավարությունն այդպես էլ անպատասխան թողնեց մեր հարցումը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ կառավարությանը նամակ էր ուղարկել, որին ի պատասխան նշվել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված պատվարի շինարարությունը և շուրջ 2 կմ խողովակաշարի մոնտաժման համար իրականացված հողային աշխատանքներն ինքնակամ են: Բացակայում է սահմանված կարգով տրվող շինարարական թույլտվությունը: Եվ ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման և դրա հետևանքների վերացման լիազորությունները տրվեցին Գեղարքունիքի մարզպետարանին:
Իսկ բնապահպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ կառուցվող ՀԷԿ-ը օրինական շինթույլտվություն ունի, պարզապես դրա համար նախատեսված ջրագծի խողովակները վատ վիճակում են եղել, և փոխելու համար նոր խողովակներ են տեղափոխել այնտեղ, բայց՝ մեծ տրամաչափի, իսկ Գայլաձոր վտակի վրա ամբարտակ է կառուցվել` այնտեղից ևս ջուր վերցնելու համար, որը նույնպես ապօրինի քայլ է: Միայն այս հանգամանքն է պատճառ հանդիսացել, որպեսզի շրջակա 5 համայնքի բնակիչները ոտքի կանգնեն: Բնապահպանության նախարարի հրահանգով՝ Գեղարքունիքի մարզպետարանը պետք է հետևեր, որպեսզի ապօրինի կառուցված ամբարտակը, ինչպես նաև մեծ տրամաչափի խողովակները ապամոնտաժվեին և հանվեին այնտեղից: Այս պահի դրությամբ խողովակներն արդեն ապամոնտաժված են, իսկ Արգիճի գետի հունը ոչ մի դեպքում չի փոխվելու:
Այս խնդրին առնչվող շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Վերը նշել էինք, որ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներն իրականացնում էր «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն: Երբ փորձեցինք ճշտել, թե ինչ գործառույթներ է իրականացնում այս ՍՊԸ-ն, պարզվեց՝ այս կազմակերպությունը գրանցված է Եղեգնաձորում, զբաղվում է մեծածախ առևտրով և գրանցված է խոշոր հարկատուների ՀՏ-ում: Տնօրենը հանրապետությունում չէր, ուստի փորձեցինք հարցը ճշտել Արշակունյաց 2 հասցեում գտնվող գրասենյակից. փոխտնօրեն ներկայացած անձն ասաց, որ իրենք զբաղվում են միայն անվադողերի ներկրմամբ, իսկ նախկինում ներկրել են նաև մարտկոցներ, և այլ գործառույթ չեն իրականացնում:
Այս խնդրին տեղյակ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին հետաքրքիր և ուշագրավ բացահայտում եք արել: Մենք այսքան ժամանակ շեշտը դրել ենք հիմնականում ՀԷԿ-ի ապամոնտաժման վրա, բայց կոնկրետ չենք ուսումնասիրել շինարարություն իրականացնող ընկերությունը» :
Մեր հարցին, թե ինչ կարծիքի է գյուղացիների այն պնդումների մասին, որ այս ամենի հետևում կանգնած Է ՀՀ գլխավոր դատախազը, և ՀԷԿ-ը նրան է պատկանելու, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Գիտեք, ես լսել էի և գրեթե արդեն համոզված եմ դրանում: Եթե հաշվի առնենք, որ դատախազության անմիջական պահանջով բողոքող մարդկանց կանչել են ոստիկանատուն և ամեն գնով փորձել են պարզել, թե ով է բունտ կազմակերպողը, ապա պետք է ենթադրել, որ ճիշտ է վերը նշվածը: Ես ինքս կառավարությանն արված իմ հարցումներում մի քանի անգամ նշել եմ, թե իրավապահ մարմիներն ինչու՞ են այդքան շատ ցանկանում բացահայտել կազմակերպչին: Շուտով նորից ենք հարցը բարձրացնելու` արդեն շեշտը դնելով և՛ ՍՊԸ-ի, և՛ գործի հետևում կանգնածին բացահայտելու վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Շուշան Գալստյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.