Սեռական բռնությունների դեպքերը Հայաստանում օրեցօր աճում են, այսօր ասուլիսի ժամանակ «ահազանգեցին» հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Աննա Ոսկանյանը: Ոչինչ, որ հ/կ-ները մեռան ահազանգելով, էս երկուսը, ասես, Մարսից իջել ու հեծանիվ են հայտնագործել: Տրամաբանական ինչ-որ բան կա նրանց ասածների մեջ, զգացվում է իրավիճակի նկատմամբ անթաքույց անհանգստություն, բայց լինելով մասնագետներ՝ անհեթեթ, երկրորդական պատճառներ են բերում, մոռանալով առաջնայինի մասին:
«Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել»,- ասում է Աննա Ոսկանյանը՝ մոռանալով հավելել, որ կանանց ավելի շատ տոկոսն է ենթարկվում բռնության զանազան տեսակների, ու եթե տանը բռնություն կա կնոջ հանդեպ, բնական է, որ պետք է լինի նաև երեխայի հանդեպ: Կամ՝ ի՞նչ ձայնի, խոսքի իրավունք ունի մայրը, որը տարիներ ի վեր իմանալով, որ տագրը կենակցում է իր անչափահաս աղջկա հետ՝ լռում է, իբր՝ «տան կեղտը տանը մնա» կարգախոսով:
Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ տարբեր խնդիրներով են այսօր երեխաները դիմում հոգեբաններին, բայց հետագայում հոգեբանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմքում ընկած է սեռական բռնությունը։ «Բերում են երեխաներին, հետո պարզվում է, որ նրանց բռնաբարել է քեռին։ Ուրեմն, մեր ազգի քաղաքակրթությունը ինչքան իջած պետք է լինի, որ արյունապղծությունը պտտվում է մեր մեջ, մեզ մոտ արդեն սկսվել են քեռիների և հորեղբայրների կողմից երեխաներին բռնաբարելու իրական դեպքեր», — ասաց հոգեբանը: Էդ դեպքերը միշտ էլ եղել են, ու գուցե շնորհիվ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների՝ կանայք սկսել են խոսել. եթե առաջ կլռեին՝ «նամուսի համար», հիմա չեն լռում՝ երեխայի համար, ու էդպես է հայտնի դառնում հիմնականում:
«Խոսքը քաղաքակրթության մասին է, որը բացակայում է մեզանում։ Բռնարարքների հիմնական պատճառը տվյալ ազգի քաղաքակրթության մակարդակով է պայմանավորված։ Ի՞նչ է, դուք կարծում եք՝ մեր դպրոցներն ու բուհերը կրթո՞ւմ են այսօր։ Վերցրեք մանկապարտեզը, թեկուզ ընտանիքը կրթո՞ւմ է այսօր երեխային: Հայաստանում կրթության մակարդակն այնքան ցածր է, որ դպրոցներում խորացված սեռական դաստիարակություն անցնելն ամոթ է համարվում։ Սակայն, հոգեբանի կարծիքով, պետք է ոչ թե խորացված կենսաբանություն ուսումնասիրել, այլ կարևոր է հոգեսեռական դաստիարակություն ուսանելը»,– ասում է Ռուբեն Պողոսյանը։ Միայն «հոգեսեռական» բառն ինչ ասես արժի… психологическое сексуальное թե՞ духовное сексуальное, դե արի՝ հասկացիր:
«Դրա մեջ մեղավոր են առաջին հերթին՝ պետությունը, ապա` հասարակությունը և բոլոր այն անձինք, ովքեր խոչընդոտում են մասնագետների աշխատանքը»,- ասում է Պողոսյանը: Ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մասնագետների ու ինչ գործունեության մասին է խոսքը:
Դպրոցներում ջհանդամը, գոնե բուհերում մի բան սովորեցնեն էս երեխեքին, համ էլ՝ էդ ո՞վ պիտի դպրոցներում նմանատիպ առարկաներ դասավանդի: Բարեկամուհիս, որի աղջիկը մի ժամանակ անցնում էր սեռական դաստիարակություն ու վարքագիծ, ասում էր՝ վարում է կենսաբանության դասատուն, որի ժամանակ սիրո մասին զրույցներ են անում լավագույն դեպքում, ու էլի խոսում «ադաթներից»: Մասնագետներ չունենք, հարգելի Ռուբեն Պողոսյան, հ/կ-ներն ունեն, ուղղակի նրանք պետք չեն մեր հասարակությանն ու պետությանը, ոչ ոք էստեղից նրանց չի ֆինանսավորում, դրսից ֆինանսավորվողներն էլ թելադրում են իրենց պայմանները: Ուրեմն, էդ «գրանտակերները»՝ բռնության դեմ պայքարող, սեռական դաստիարակություն ուսուցանող հ/կ-ները, ձեր սոցիոլոգներից հազար անգամ ավելի շատ բան են արել: Ուրեմն, էնքան են արել, որ հիմա դուք կարողանաք ասուլիսներ հրավիրել ու խոսել:
Աննա Ոսկանյանն օրինակ բերեց «Հ1»-ով ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը, որտեղ վերջերս մի հերոսուհու ծեծը և բռնաբարությունն են ցուցադրել: Նրա խոսքով, դիտելով այդ ամենը, լսարանի մոտ ձևավորվում է վարքային մոդել, որը նա կարող է օգտագործել իր կենցաղում:
«Հայաստանյան միջավայրում բոլորը փորձում են ստանալ այն՝ ինչ հնարավոր է, այն ձևերով՝ ինչով հնարավոր է: Բարձիթողի վիճակ է, ինչ ուզում` ցուցադրում են, ինչ ուզում` տարածում են: Երեխան ամբողջ ժամանակ գտնվում է արհեստական գայթակղության մեջ»,- ասաց նա: Զարմանում եմ, որ հենց էնպես ասելու ու ձևի համար են «կպնում» «Հ1»-ին: Ո՞վ չգիտի՝ «Հ1»-ն ումն է կամ ինչ է, տիկին Ոսկանյան, կարող եք անվանական անձամբ դիմել պարոններին՝ վերևներում:
Հայ ընտանիքներում, ըստ նրանց, աճել են բռնության դեպքերը։ «Եթե երեխան ծնվում է բռնությունից, անպայման շեղվում է այդ երեխան»,– ասում են նրանք: Բռնությունը միշտ էլ եղել է հայ ավանդական ընտանիքի օջախի հավերժ վառ կրակը: Այլապես մեր հլու-հնազանդ հայուհիները, տնից դուրս պրծնելով բաց ընկած մտրուկի պես, չէին ծեփվի էս պատից էն պատը, զբոսանավից՝ պարահանդես:
Հայաստանում բռնարարքն ամենուր է՝ փաստում է Աննա Ոսկանյանը։ «Եթե մենք քայլեր չենք ձեռնարկում, որ բռնացողը հասարակության կողմից բացասական արձագանքի արժանանա… Հայաստանում մարդիկ ստանում են այն, ինչ ցանկանում են։ Հայաստանում այսօր տեսնում ենք հետևյալը՝ մեզ ցույց են տալիս, մեր մեջ սերմանում են դա. «Տես, բալիկ ջան, ուժեղը ճիշտ է»: Եթե երեխան դիտում է ֆիլմ, որտեղ ծեծում և բռնաբարում են, և ոչ ոք չի բացատրում նրան, թե ինչու այդպես եղավ, երեխան սովորում է դա»,– ասում է նա: Պարզունակ է, բայց ճշմարտության տարր կա. ուղղակի ես դա միայն հեռուստատեսությանը չէի ուղղի, կուղղեի ողջ հանցագործ համակարգին, համակարգն է ուժեղի տիրապետություն սահմանել իր անպատժելիությամբ: Նորություն չէ, որ հեղափոխությունը պետք է սկսվի ընտանիքից: Ի՞նչ իրավունք ունի տղամարդը, որը բռնանում է իր կնոջ կամ երեխաների կամքի, խոսքի, վարքի ու գործողությունների վրա, բողոքել նույնից՝ իշխանությունների պարագայում: Չի կարող նման բան լինել, չի ստացվի:
Համաձայն եմ, որ քաղաքակրթության պակասից է նաև, բայց ամենամեծ հրեշը հասարակական անտարբերությունն է բռնության հանդեպ, համատարած ամենաթողության մթնոլորտն է, տղամարդու «ճշտի» անքակտելիությունն է, կնոջ խոհանոցատեղաշորային հավելումի օրինականացումը, որն իր մեջ արդեն իսկ պարունակում է դիսկրիմինացիա ու բռնություն:
«Այգ»-ի ավագ մասնագետ, հ.գ.թ. Պողոսյանն էլ իր հերթին, թե`. «Բռնությունն այն երևույթն է, որտեղ խոսք չկա: Տեսեք, ասում են՝ ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր, հետևաբար, ինչ-որ բան հասկացնելու համար պետք է ոչ թե բռնության դիմել, այլ ճիշտ բառեր ընտրել: Մենք խոսքի տիրույթն ենք մոռացել: Երբ ժողովուրդը մտնում է պատերազմի մեջ, նախ համաձայնում են հավաքվել ու խոսել, և եթե խոսքերով համաձայնության չեն գալիս, նոր են անցնում պատերազմի, իսկ խոսքը, իր հերթին, առաջացել է, որ մարդը տարբերվի կենդանական աշխարհից»:
Իսկ հոգեբանական բռնություն չէ՞ այդ նույն խոսքով բռնանալը: Ըստ քրեական օրենսգրքի՝ բռնությունը ֆիզիկական գործողություն է: Իսկ պատիժ կա՞ հոգեբանական ճնշումների ու բռնարարքների համար, պատիժ կա՞կնոջը տանը փակելու կամ մոր տուն գնալու համար գլխին շան լափ թափելու համար: Հենց էդ դեպքերի համար են ասել երևի. «Ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր»: Քրեորեն պատժվում է միմիան ֆիզիկական բռնությունը, էն էլ՝ ծիծաղելի պատժաժամկետներով: Մի երկիր, որ չունենա մանկապղծության համար ՀԱՏՈՒԿ օրենք, բռնաբարության համար ՀԱՏՈՒԿ օրենք, ընտանեկան բռնության համար ՀԱՏՈՒԿ օրենք, չի ունենա ոչ առողջ մանուկներ, ոչ առողջ կանայք, ոչ էլ առողջ հասարակություն:
Նորմալ մարդը հիմա իր երեխային հեռուստացույցին մոտ չի թողնում, որ զանազան «աննաներ» ու «որոգայթներ» նայի: Էստեղ կարելի է խոսել հասարակության ընդհանուր մակարդակի մասին, թե ոնց անել, որ հասարակության մեջ վատ բաների մոդաներին փոխարինեն լավ բաների մոդաները. բռնությունը՝ օգնությամբ, «քցելու» սովորությունը՝ բարեգործությամբ, ուժեղի հետույքը մտնելը՝ թույլին օգնությամբ:
Մասնագետների խոսքով, բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, սերիալները, լրատվամիջոցների տարածած նյութերը:
Հարց չի՞ առաջանում, թե ինչու ողջ աշխարհում դրանք պատճառ չեն դառնում, մեզ մոտ՝ դառնում են:
Բանախոսները կարծում են, որ Հայաստանում օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն, որոնցով բռնությունների համար սահմանվող պատիժը պետք է խստացվի:
Մեջբերում «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կայքէջից.
«ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխ
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխը ենթակա է փոփոխման`
ՀԿ-ն 2010 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին նախաձեռնել և պատրաստել է օրենքի նախագիծ` ուղղված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) հոդվածների լրացումներին ու փոփոխություններին»:
Լուսինե Վայաչյան
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.