Հա, ճիշտ եմ ասում, վերջերս հասկացա: Ես հետևում եմ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջին, եղել եմ նրանց հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցությունում, որտեղ պատգամավորները լսեցին գիտնականների պահանջները, ընդունեցին դրանց արդարացիությունը, ու դրա արդյունքում Անահիտ Բախշյանը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում բարձրաձայնեց գիտնականների պահանջը՝ բարձրացնել ֆինանսավորումը, այլապես «Հայաստանում գիտությունը կարող է ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ: Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարևորագույն խնդիրը` ուղեղների արտահոսքը կանխելու համար»:
Հաջորդ հանդիպմանը ներկա չէի. պատմում է Կարապետ Մկրտչյանը, շատ երիտասարդ՝ 23 տարեկան, գիտությունների թեկնածու, որը մի ոտքով արդեն դրսում է՝ տանում են, լավ պայմաններ են առաջարկում, ինչի՞ չգնա որ, մնա էստեղ՝ ո՞նց գոյատևի: Էլ չեմ ասում գիտնականին արժանապատիվ ապրուստ ապահովելու մասին, որ արվում է յուրաքանչյուր երկրում, որտեղ գնահատում են գիտնականին կամ ինչպես սիրում էր ասել Վիկտոր Համբարձումյանը՝ գիտաշխատողին: Որովհետև գիտնականը տալիս է գիտական արտադրանք՝ աշխատությունների ու հոդվածների տեսքով, իսկ արդեն զանազան ինստիտուտներ իրագործում են կամ չեն իրագործում հայտնագործություններն ու նորամուծությունները: Ավելի շատ՝ չեն օգտագործում, որովհետև, իմ հիշելով, էդպիսի կարգին կառույց չկա մեզ մոտ: Հա՛, ուրեմն՝ Կարապետի պատմածը. «Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Ավագյանի նախաձեռնությամբ, մայիսի 5-ին տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ: Հանդիպման պատճառը ՖԲ-ում տեղի ունեցող բուռն քննարկումներն են գիտության ֆինանսավորման ավելացման վերաբերյալ:
Հնչեցին կարծիքներ, որ Հայաստանում գիտությանը և գիտնականին պետք է պետական և հասարակական ուշադրության արժանացնեն: Կարեն Ավագյանը խոստացավ ԲՈՀ-ի նախագահին ներգրավել այս քննարկումներին, առաջարկներ անել՝ ընդհուպ մինչև գիտական ատենախոսությունների վրա դրվող պայմանները վերանայելու և կանոնակարգերում որոշակի փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
Հնչեցին կոնկրետ առաջարկներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն երկրում գիտությունը զարգացնելու, երտասարդ գիտնականներին խրախուսելու և գիտության մեջ ներգրավելու ուղղությամբ: Խաչիկ Գևորգյանը նշեց, որ բնական գիտությունների ոլորտում համեմատաբար վիճակը լավ է, սակայն հասարակական գիտություններում վիճակն ավելի քան ողբալի է: Միջազգային ճանաչում ունեցող ամսագրերում և պարբերականներում հրապարակումներ չկան:
Քանի որ շատ կարևոր է ունենալ հասարակական գիտությունների, մասնավորապես՝ հայագիտական հրապարակումներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, իսկ որոշ դեպքերում՝ դրանք տուժում են մասնագետների լեզվին չտիրապետելու պատճառով, առաջարկ հնչեց պետական ֆինանսավորում հատկացնել արժեքավոր աշխատությունների թարգմանության համար:
Նշվեց, որ (զարմանալիորեն) այս խնդիրը չկա բնագիտական սեկտորում, որտեղ գիտնականները տիրապետում են անգլերենին ու կարողանում են հրապարակել իրենց աշխատանքները միջազգային հեղինակավոր ամսագրերում:
Կարեն Ավագյանը խոստացավ ցանկացած կերպ աջակցել նախաձեռնությանը, մասնավորապես՝ դրա մասին բարձրաձայնել Ազգային Ժողովում, կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներին ներգրավել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ ԱԺ պատգամավորը նաև ասաց, որ հնարավոր է ինչ-ինչ նախագծերի ֆինանսավորում՝ երիտասարդական հիմնադրամի միջոցներով»:
Մեր ֆիզիկոսները, տեսեք, ինչ գեղեցիկ շարադրանք ունեն, ինչ կոռեկտ են:
Ինձ բավականին դժվար է համոզել, որ Կարեն Ավագյանը, որը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, նոր է լսում, որ երիտասարդ գիտնականի աշխատավարձը 32 հազար դրամ է, կամ՝ եթե չի լսել, ուրեմն՝ իր կառույցում գիտնականներ չկան, իսկ դա շատ բան է ասում կառույցի մասին: Այն երկրում, որտեղ չի գնահատվում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող գերակա ոլորտը՝ գիտությունը, ու ոչ միայն պետության, այլ նաև պետական քաղաքականության հետևանքով կորսված գոնե սովետի գիտնականի հանդեպ հարգանքի չափը, եթե ոչ՝ պաշտամունքի չափը, ի վերջո՝ ունենում են այն, ինչը հիմա մենք ունենք՝ ուղեղների արտահոսք:
Ու մենք, որ ամեն տեղ ասում ենք, որ մեր հարստությունը մեր միտքն է, մեր մտավոր պոտենցիալը, դա էլ չենք ունենա: Նավթ չունենք, գազ չունենք, սահմանափակ ենք՝ Հոլանդիայի պես՝ երբեք չենք օրինականացնի մարիհունանան, որ դառնանք տուրիստական դրախտ, մի պղինձ ու մոլիբդեն ունենք, մի քիչ ոսկի ու ուրան, բայց էդ էլ կվերջանա մի օր, չնայած երկրին բան չի գալիս դրանից՝ մի 10 հոգու գրպանն է մտնում, բայց դե՝ ինչևէ… Ու վերջ, էլ ոչ մի բան չենք ունենա: Իսկ գիտնականները կարան ասեն՝ ոնց անենք, որ ապրենք ու լավ ապրենք:
Ես գիտեմ փոքրուց, որ ամեն քաղաքակրթության հրաշք, ամեն ինչ, ինչը մեզ էսօր տալիս է հարմարավետություն ու հեշտացնում մեր կյանքը, լուսավորում, ամեն-ամեն ինչ՝ լամպից մինչև ինտերնետ՝ գիտության շնորհիվ է: Հիշում եմ, մի ժամանակ, երբ եղավ Չեռնոբիլը, մարդիկ շատ էին խոսում այն մասին, որ գիտությունը վնասում է մարդկությանը: Հիշում եմ, բանավիճում էին, ասում էին՝ ավելի լավ է անլույս ապրենք, քան թե ատոմակայանը պայթի: Անիծում էին ատոմը կիսողին: Անջատեցին ատոմակայանը, անլույս մնացինք մի քանի տարի, ու էլի միացրեցին: Հասկանալի է, սեյսմիկ շրջանում ատոմակայանը վտանգավոր է, պետք է այլընտրանք գտնել:
Իսկ ո՞վ պետք է գտնի: Գիտնականը: Իսկ ի՞նչ գիտնական, եթե բոլորը գնան: Մտածենք սրա մասին, կարևորենք մեզ համար գիտության դերը մարդու ու հասարակության կյանքում, ի վերջո՝ սահմանենք մեզ համար, որ գիտությունը մեզ անհրաժեշտ է օդուջրի պես, օգնենք բարելավել գիտաշխատողների պայմանները, որ վաղը, մյուս օրը գլխներիս չտանք կոպեկներով սեփականաշնորհած օբյեկտատերերին օլիգարխներ տեսնելով: Մենք ենք թույլ տվել…
Այս ֆեյսբուքյան նախաձեռնությունը մինչև այսօր եղածներից տարբերվում է իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցված մոտ 1900 մասնակիցներից համարյա թե բոլորը՝ բացառությամբ մի 200 համակիրների, գիտնականներն են ու այն կառույցները, որոնք կարող են, այսպես ասած, «հարցեր լուծել»՝ շահառուներն ու թիրախային խմբերը:
Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ այստեղ չկա ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:
Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի, օրինակ, Ռուզան Սոխոյանի ասպիրանտներին՝ ընդունվելուն պես, միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել Ռուզան Սոխոյանի առաջարկ, կամ՝ Անահիտ Բախշյանի:
Հետո էլի բաներ եղան, մի քանիսը նորից թվեմ՝ վարչապետը ոնց որ նկատեց ֆեյսբուքյան բումը, իսկ դա, անշուշտ, բում է՝ վերը թվարկված պատճառներով: Վերջապես նկատեց, որ գիտնական լինելու չափանիշներից կարևորագույնը միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում հոդված տպագրելն է, իսկ 28 հազարով ոչ ոք չի նստելու այստեղ հոդված գրի Հայաստանի անունից, ու որոշեց, որ հենց նախատեսված գումարը լինի, Հայաստանում լավագույն 50 երիտասարդ գիտնականներին պետբյուջեից ամսական վճարել հավելյալ 50-100 հազար դրամ՝ որպես աշխատավարձ։ Բայց դա առնվազն ծիծաղելի է, ամեն ոլորտից ստացվում է երկուական մարդ:
ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտարարել է նաև, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է պետական բյուջեից ինովացիոն ծրագրեր ֆինանսավորել՝ մոտ 170 մլն դրամ. կֆինանսավորվեն նորարարական բնույթի այն ծրագրերը, որոնք կունենան նաև համաֆինանսավորում:
«Պետությունը ծրագրերի համար կհատկացնի գումարի 85 տոկոսը, իսկ մնացած 15 տոկոսը գիտնականը պետք է հայթայթի ինքը։ Այսինքն, գիտնականը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի որևէ գործարարի հետ ծրագրի համաֆինանսավորում ստանալու համար, այնուհետև նոր ներկայացնի ծրագիրը»,-ասել է նա ու մոռացել նշել, որ գիտնականները քանի տարի է նույնատիպ առաջարկներով հանդես են գալիս, էն էլ՝ ոչ թե 85/15, այլ 30/70 հարաբերակցությամբ ֆինանսավորման, ու մերժվում են: Բայց դե՝ լավ է ուշ, քան երբեք։ «Եթե այս ծրագիրը աշխատի, ապա պետության կողմից ինովացիոն ծրագրերին տրամադրվող հատկացումները տարեցտարի կավելանան»,- ասել է նա: Ծրագիրն աշխատում է ողջ աշխարհով մեկ, էստեղ էլ կաշխատի հաստատ:
Էսքան բան է արվել էն պահից սկսած, ինչ գիտնականները բարձրաձայնել են իրենց խնդիրները: Շատ մեծ բան չի, բայց ուրախալի է, որ ստացվում է գիտնականների մոտ: Ի վերջո, գերնպատակը պետք է լինի գիտնականի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա չմտածի հայրենիքը լքելու մասին: Վաղուց ժամանակն է, որ օդանավակայանում ոչ թե զորակոչիկներին բռնեն ու բաց չթողնեն, այլ գիտնականներին:
Լուսինե Վայաչյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.