Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սակավախոս է, մանավանդ` պաշտոնավարումից հետո նա գրեթե միշտ խուսափում է հարցազրույցներից կամ հայտարարություններից:
Չնչին բացառություններ են լինում, երբ Քոչարյանն իր ազդեցությունը կորցնելու վտանգ է զգում: Նման դեպքերում նա միշտ գերադասում է գործ ունենալ լրատվական կոնկրետ գործակալության հետ: Հենց այդ լրատվամիջոցից էլ մենք ծանոթանում ենք երկրորդ նախագահի կարծիքներին` հնարավորություն չունենալով նրան ուղղել մեզ հուզող հարցերը:
Այսօր կրկին Ռոբերտ Քոչարյանը նույն ոճով հարցազրույց է տվել. իհարկե, խոստովանենք` այս անգամ նա իր ընդդիմախոսներին անվայելուչ բառերով չի «պատվել», նրանց չի համեմատել իր որսասիրության թիրախ հանդիսացող կենդանիների հետ: Սա արդեն առաջընթաց է:
Բայց բովանդակային առումով` երկրորդ նախագահի շեշտադրումները չեն փոխվել: Նրա քննադատության թիրախը մնում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, ընդ որում` այս անգամ երկրորդ նախագահը հնչեցրել է անգամ քրեական մեղադրանք: «Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: …Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»,-ասում է Քոչարյանը: Միայն մի բան է անհասկանալի. եթե ՀՀՇ պաշտոնավարման տարիներին եղել են անցանկալի ընդդիմադիրներին վերացնելու դեպքեր, ինչու՞ ժամանակին Քոչարյանը դրանց չի անդրադարձել, երբ հանրապետության ամենազոր ղեկավար էր, ուներ անսահմանափակ ազդեցություն իրավապահ մարմինների վրա: Կա երեք վարկած. կամ նա հումանիստ է եղել, կամ` իր նշած հանցագործությունների մեղսակից, կամ էլ` հիմա զրպարտում է:
Ռոբերտ Քոչարյանը տողատակով «հարվածներ» է հասցնում նաև գործող նախագահին: «Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը»,- ասում է նա` փորձելով շեշտել իր պաշտոնավարման որակական առավելությունն այսօրվա նկատմամբ:
Հարցազրույցի բուն իմաստն այն է, որ Քոչարյանը փորձում է իր վրայից գցել Մարտի 1-ի պատասխանատվությունը` դա դնելով Տեր-Պետրոսյանի վրա: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասում է. «Պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը և պատրաստվում է գրավել նախագահական պալատը»: Առաջին նախագահի նույնիսկ մոլի հակառակորդները կարող են վկայել, որ նա պալատներ գրավելու կոչեր չի արել, հակառակը` սանձել է իր այն թիմակիցներին, ովքեր ավելի վճռական գործողությունների ակնարկներ են արել:
Նույն անհամոզիչ փաստարկներով երկրորդ նախագահը փորձել է պաշտպանվել: «Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որևէ փաստ հայտնի չէ»,- ասել է նա, կամա թե ակամա մոռացության տալով այն փաստը, որ Փաստահավաք խումբ հրավիրված գրեթե բոլոր բարձրաստիճան սպաները պնդել են, որ իրենք ընդամենը հրաման կատարող են: Բարձրաստիճան սպաները հրաման կարող էին ստանալ մեկ կենտրոնից, ու բոլորս գիտենք, թե որն է այդ կենտրոնը:
Այս հարցի պատասխանն էլ Քոչարյանը, կարծես թե, յուրովի ունի. «Ակներև է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում և խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել ևս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձինք հասարակ մարդիկ էին, որոնք որևէ կերպ չէին դրսևորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով:
Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից և ոչ մեկը որևէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որևէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել»,-ասում է նա: Մի խոսքով, նա ակնարկում է, որ ընդդիմությանը ոչնչացնելու ծրագիր չի ունեցել, բայց չի էլ համարձակվում պնդել, որ 10 մարդ զոհվել է ընդդիմության մեղքով, որովհետև «այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները»:
Այդ դեպքում` հասկանալի չէ, թե ինչո՞ւ են կալանավորվել ընդդիմության տասնյակ գործիչներ: Եթե հետևենք Քոչարյանի մտքի տրամաբանությանը, ապա դա եղել է ոչ թե քննությամբ պայմանավորված անհրաժեշտություն, այլ` քաղաքական որոշման հետևանք: Նա խոստովանում է, որ քննությանը կոնկրետ ընդդիմությանը պատժելու հրահանգ է տրվել` ասելով. ««Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:
Հայտնի է, որ Քոչարյանի պաշտոնավարման մի տևական շրջան Հայաստանն, ըստ էության, զրկված էր ընդդիմությունից: Արդ, Քոչարյանի այսօրվա հարցազրույցի վերջին հատվածը վերաբերում է ոչ այնքան այսօրվան կամ ապագային, այլ` նման է սեփական կառավարմանը տրված ինքնախոստովանական ճառի: «…Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգևատրման դիմաց), ապա դա, թերևս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում և կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը, դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել և զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից»,- ասում է նա` առավել, քան որևէ մեկը, ճշգրտորեն բնորոշելով իր կառավարման հետևանքը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.