Հայրս ասում է. «Լրագրողները ստիպված են լինել էս աշխարհի ամենակեղտոտված մարդիկ, հասարակության սանիտարները, նրանք ամեն ինչից «նյութ» են ստանում, և «աստղերի» կեղտոտ ներքնաշորերից, և կով կթող ազնիվ գյուղացի կանանցից, մի արա էդ գործը, սոված չես, քանի ես կամ»:
Հա, կա, բայց ես ինքս եմ ուզում քառասունս անց ինձ ապահովել, դրա համար էլ պոլիտեխնիկ ավարտած գրող լինելով, լրագրություն եմ անում, ու չգիտեմ ինչով կվերջանա իմ հերթական շփումը լրագրողական աշխարհի հետ:
Դեռ թարմ են հիշողությանս մեջ օրերը, երբ վաղամեռիկ Գայանե Բաբայանը բողոքում էր իր աշխատատուից, կարող եմ անունն էլ տալ, բայց կարիքը չկա, բոլորն էլ կիմանան ում մասին է խոսքը, որ գրում է թերթի համար, բայց չի վճարվում: Ասում էր. «Լուսո, մի տարի ա մատս «ռեդիալի» վրա ա մնացել, մեռա դրան զանգելով. հա ցրում ա էդ անամոթը, մի տարի ա, ասում ա էգուց, էդ դրա էգուցը ե՞րբ ա, որ չի գալիս»: Մի կերպ, ընկերներին խառնելով էդ պատմությանը, նրան հաջողվեց իր հալալ քրտինքով վաստակած փողերի գոնե մի մասը ստանալ: Հետո գնաց ուրիշ լրատվամիջոցներում աշխատեց, ու ասում էր,որ ամեն ինչ նորմալ էր, չնայած հիմա էլ բողոքում էր, թե` «Լուսո, դառել եմ նյութապաշտ, ուր նայում եմ, նյութ եմ ման գալիս»:
Գայանեի անկրկնելի, անբռնազբոս լոռեցու ոճը եթե չլիներ, ոչ մի նյութ էլ հոդված չէր դառնա, որովհետև էս երկրում կամ ոչինչ տեղի չի ունենում, կամ էլ էնքան իրար նման բաներ են տեղի ունենում, որ եսիմ ինչ հնարքներ պիտի բանացնես, որ նյութդ կարդացվող դառնա: Մենք ոչ Ռուսաստանի նման մեծ ու խելառ ենք, ոչ Եվրոպայի նման քաղաքակիրթ ու ազատամիտ, ոչ էլ Ամերիկայի նման բազմազգի ու խառուխշտի կերպարներով լիքը երկիր, որ նյութը պրոբլեմ չլինի: Ինչ «նյութ» կա, բոլորի մասին բոլորն արդեն գրել են, «էքսկլյուզիվի» մասին երազում են բոլորը: Հենց մենակ իմ հետ, երբ ես «նյութ» էի, Գայանեն բոլոր երեք թերթերի համար էլ, ուր գրել ա հարցազրույց էր արել:
Հիմա ինքը չկա, բայց իմ համար «նյութ» ա: Այսինքն ինքը չէ, էն երեույթը, որն իմ հուշերը դեպի նա բերեց: Իսկ երևույթը կոչվում է «քցոցի»: Ու ինչքան էլ տարօրինակ թվա, լրագրողն էսօր նույնքան «քցվելու» տարբերակներ ունի, ինչքան պոռնիկը, որին տանում են, չգիտի ուր, ու թեև գիտի, ինչի համար են տանում, միևնույնն է, էլի չի կարա իմանա գլխին ինչ կգա, ինչ կպահանջեն իրենից, և ինչքան փող կտան, կամ էլ` չեն տա: Երկու դեպքերում էլ մարդն անպաշտպան է, քանի որ ոչ մի տեղ օրինական աշխատանքային պայմանագիր չկա: Լրագրության մեջ նկատի ունեմ դեպքերը, երբ մարդուն, ասենք, վերցնում են էսպես կոչված «փորձաշրջանով», կամ` «տեսնենք ոնց ես գրում»-ով, կամ «ոնց թերթն առաջ կգնա»-ով, երբ չկա կոնկրետ պյամանավորված հաստիք կամ հոնորար:
Չնայած էդ դեպքերում էլ «քցոցին» հնարավոր է, որովհետև մեր էսօրվա և տպագիր, և ինտերնետային մամուլը հիմնականում բացվում է ինչ-որ մեկի փողերով և ուղղված է ծառայելու կոնկրետ նպատակի, հիմնականում` քաղաքական, այստեղ դա նախապատրաստական աշխատանք է ընտրություններից շատ ամիսներ, նաև տարիներ առաջ, կարդացվող լրագրողների հոդվածների վրա լսարան հավաքելու և հետագայում իներցիայով կայք մտնելու կամ թերթ առնելու սովորության վրա այն պահելուն: Նաև կարող են լինել գրական շրջաններում ինչ-որ մեկին ասպարեզ բերելու ու հետո նրա անվան վրա զանազան նախագծեր աշխատացնելու նպատակներ հետապնդող կայքեր ու ամսագրեր, ինչ-որ ՀԿ-ի, կամ բիզնես-պլանի համար դրսից ֆինանսավորում «կպցնելու», առողջապահական կայքերն ու պարբերականները` դեղորայք կամ բժշկական հաստատություններ գովազդելու, և այլն, և այլն, և այլն…
Եվ էս ամենի մեջ, լրագրողն ամենաանշահավետ դերում է գտնվում, որովհետև երբ նա արդեն պետք չի լինում, նրան ուղղակի դուրս են շպրտում առանց վճարելու, պատճառաբանելով, որ հովանավորն այլևս փող չի տալիս, իրենք մեղավոր չեն, լավագույն դեպքում տալիս են խոսացածի չնչին մասն ու մնաս բարով ասում: Վերջին դեպքն իմ ընկերուհիներից մեկի հետ էր, որ մի ամբողջ տարի աշխատակցել էր թերթին, իսկ վերջում ստացել իր հասանելիքի միայն 1/3-ը, հիմա հենց խոսք եմ բացում ինչ-որ տեղ գրելու մասին, ասում է. «Մինչև պայմանագիր չլինի` չեմ գրի, հոգնել եմ ձրի աշխատելուց»:
Խաբեության մեխանիզմը շատ լավ մշակված է, ու հայտնի է բոլորին: Կարող եք հարցնել, ապա ինչո՞ւ են դեռ որոշ լրագրողներ գնում էդ քայլին, նախապես իմանալով ինչ է սպասվում: Եսի՞մ: Վստահում են, հավատում են, ասում են` «Մեզ հետ տենց չի լինի », մտածում են, որ ինչ ուզում է լինի, աշխատատուն էլ մարդ է, մանավանդ եթե քո աշխարհից է։ Բայց էդ դեպքում էլ կարա լինի. խմբագրին, տնօրենին էլ կարող են «քցել» իրական տերերը, երբ համարեն, որ նպատակին հասել են: Էս պարագայում ապահով տարբերակը երևի թե մնում է միայն «առավոտը` փողը, երեկոյան` աթոռները» սկզբունքով աշխատելը, այսինքն` վճարում են, հետո գրում տալիս ես:
Թե ինչքա՞ն է լրագրողն ինքը իրեն գնահատում գնային սանդղակով, և ինչքանով է դրան համաձայնվում աշխատատուն, դա արդեն «տետ-ա-տետ» է որոշվում: Եթե դրան գումարենք այն, որ շատ դեպքերում այդ նույն հաստիքային լրագրողին կարող են առաջարկել քաղաքական կամ գովազդային հոդվածներ գրել (դե, հաստիք է, մերժես` ամոթ է), և քանի ամիս կունենաս էդ աշխատանքը, ապա լրագրողը նույնիսկ ամենալավ պայմաններով աշխատանքի ընդունվելու դեպքում մեկ է, մնում ա խոցելի, քանի որ չունի նորմալ արհմիություն։ «Ժուռնալիստների միությունը» և իր անվամբ, և աշխատաոճով մնացել է սովետի մակարդակին, չկա մեկը, որ պաշտպանի լրագրողի շահերը, որ գիրը նաև գին ունենա, որովհետև դա ուղեղի գերլարվածություն պահանջող աշխատանք է, լրագրողների ընտանիքներն ապրում են նրանց «նյութերի» հետ, լրագրողը իրադարձությունները հեչ, նա մարդկանց է սկսում «նյութ» ընկալել, ընկերներին, եթե օրաթերթի հաստիքային աշխատող է, և «էջ լցնելու» խնդիր ունի, ի վերջո վեր է ածվում «գռդոնչու», կորցնում է որակը, վեր է ածվում «պապարացի»-ի, վատագույն դեպքում դեգրադացվում է, լավագույն դեպքում` հեռանում լրագրության կեղտոտ աշխարհից:
Ո՞րն է լրագրողի գինը, ինչպե՞ս, ո՞վ է դա որոշում: Ո՞վ է լրագրողի պաշտպանը:
«Հայկական Վարկած»-ը նախաձեռնություն է սկսում` լրագրողական արհմիությունների եւ ասոցիացիաների ստեղծման, գործողների` եթե կան այդպիսիք Հայաստանում համախմբնան եւ ուժեղացման վերաբերյալ: Հրավիրում ենք բոլոր լրագրողներին, ֆոտոլրագրողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր շահագրգռված են լրագրողի իրավունքների իրազեկման եւ պաշտպանության հարցերում, ցուցաբերել աջակցություն: Միասին մենք շատ բան կարող ենք փոխել: Եթե պետք է երկրում ինչ-որ բան փոխել, ապա ինչո՞ւ չսկսել այն ոլորտից, որում ինքներս ենք գործում: Առաջարկեք Ձեր վարկածը
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.