«ՀՀ ԱՆ նարկոլոգիական ծառայությունում գրանցված են 2751 թմրամոլներ: Նրանցից 37-ը կանայք են: Գրանցված թմրամոլները հիմնականում 20-30 տարեկան են: Խաղամոլների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, քանի որ երբևէ մարդիկ այդ խնդրով չեն դիմել ԱՆ, չնայած կախվածություն առաջացնող հիվանդությունների ցանկում խաղամոլությունը նույնպես ներառված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Նախ`խաղամոլության ավերածություններն իրականում թմրամոլության ավերածություններից ավելի շատ են, ու ի տարբերություն թմրանյութ օգտագործողի` խաղամոլին չեն ենթարկում ոչ մի տեսակի քրեական ու վարչական պատասխանատվության, ընդհակառակը` օրեցօր շատանում են խաղատները, կազինո գնալը հարգի է, իսկ խաղամոլները, մանավանդ այնպիսիք, ովքեր մեծահարուստներ չեն, կործանվում են: Իմ աչքի առաջ մի քանի վառ օրինակ կա. մեկը կնոջն էր տանուլ տվել` կինը փախել էր, իսկ հետո իրեն վառել էին… Մյուսը կնոջը խաբեց, տունը ծախեց, թռավ Ռուսաստան` ընտանիքին թողնելով փողոցում… Շատ են դեպքերը… ու հենց խաղատներն են չարի որջերը մեր երկրում. մարդը տանուլ է տալիս, նրան էլի են փող տալիս, որ խաղա, ու հետո էլի, ու էլի, և մարդուն դարձնում են ստրուկ ու կամակատար, ու վերին թողտվությամբ ու թույլտվությամբ ոմանք միլիոններ են աշխատում մարդկանց դժբախտության վրա…
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերճյանն ասաց, որ Հայաստանում հավանական թմրամոլների թիվն, ըստ ուսումնասիրությունների, 30 հազարի է հասնում, որոնցից 5-7 հազարը թմրամիջոցն օգտագործում են ներերակային ճանապարհով: Նրա խոսքով, ԱՆ-ը բուժօգնություն է տրամադրում բոլորին, ովքեր դիմում են իրենց:
ՀՀ գլխավոր նարկոլոգ Սեմերճյանը վստահեցրեց, որ Հայաստանը տիրապետում է աշխարհում առաջատար բուժական մեթոդներին` ավելացնելով, որ մեզ մոտ բուժումը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է պետպատվերի շրջանակում, բուժման միայն ուլտրառապիդ մեթոդն է վճարովի` 700-800 հազար դրամ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում բուժել թմրամիջոցներից կախվածությունը: «Հիշեցնեմ, որ Հայաստանում թմրամոլների բուժումը կամավոր է: Թմրամոլներին կարող են բուժել միայն իրենց կամքով. ոչ ոստիկանությունը, ոչ էլ առողջապահության նախարարությունը նրանց պարտադրելու իրավունք չունի: Հարկադիր բժշկական բնույթի միջոցներ կարող են կիրառվել միայն դատարանի որոշմամբ: Թմրամոլությունը կարելի է բուժել 10-20 օրում` պայմանավորված հիվանդի կախվածության աստիճանից»,- ասաց Սեմերճյանը:
Ֆիզիկական կախվածությունը, այսինքն` «լոմկայի» վիճակը գուցեև հնարավոր է հանել 24 ժամում, վճարելու դեպքում, իսկ անվճար՝ 10-20 օրում, բայց դա դեռ թմրամոլության բուժում չի, ինչպես հավատացնում է նարկոլոգը:
Նա նաև չասաց, որ նարկոդիսպանսերում գոյություն ունի մի մեծ սենյակ, որը պիտի ծառայի ֆիզիկական կախվածության ախտանիշը հանելուց հետո վերականգնողական շրջանը գրագետ կազմակերպելու ու պատշաճ հոգեբանական օգնություն հատկացնելու համար, բայց` չի ծառայում, քանի որ հիվանդը դուրս է գրվում դիսպանսերից չափազանց շուտ, իսկ իրականում թմրամոլության բուժումը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում:
Հոգեբանական օգնության սենյակը բացելուց նախատեսվում էր, որ դուրս գրվելուց հետո հիվանդները կշարունակեն հաճախել, կգործեն արտերկրներում վաղուց առկա Ա-խմբերի նման խմբեր՝ անոնիմ ալկոհոլիկների ու թմրամոլների համար, նաև խաղամոլների, շոփինգամոլության, զանազան կախվածություններից ազատվել ցանկացող մարդկանց միավորող խմբեր: Միասին հաղթահարելն ավելի հեշտ է, այդ մեթոդն իր արդյունավետությունն ապացուցել է շատ վաղուց, բայց Հայաստանի ժողովուրդը մենթալ փակ է, ու մարդը շատ դժվարությամբ է իրեն համարում հիվանդ. ցանկացած կախվածություն հոգեբանական շեղում է:
Կարծում եմ, որ եթե այդ սենյակը, հոգեբանով հանդերձ, տեղափոխվեր քաղաքի կենտրոն, անկախ մենթալիտետից` այցելել ցանկացողներ կգտնվեին, մեն-մենակ նստելու ու տառապելու փոխարեն: Չէ՞ որ կախվածությունը ստեղծում է ուրույն աշխարհ իր շուրջը, իսկ նարկո ու ալոկոհոլային կախվածությունները նաև այլ իրականության մեջ է պահում իր զոհին: Այնպես որ, եթե ուզում եք օգնել ձեր բարեկամին, փորձեք մտնել նրա դրության մեջ, նա ոնց որ ուրիշ աշխարհ ընկած լինի` անգույն, գորշ, քանի որ չկա հիմնանպատակը` կացության դոզան կամ խաղը, կամ բաժակը… Պետք է անել ամեն ինչ, որ մարդը վերադառնա իրականություն ու ընկալի այդ իրականությունը, իրեն պիտանի զգա մարդկանց, որ ուզենա ապրել… Թե չէ` էլի ամեն հարմար առիթի դեպքում կօգտագործի:
Ողջ աշխարհում գործում են բավականին թանկ հաստատություններ, որոնք կոչված են լիակատար վերականգնողական պայմաններ ապահովելու համար: Եթե թմրամոլն այդ կերպ հիվանդանոցից դուրս գա, ու եթե չօգտագործի թմանյութեր, նա կփոխարինի մի այլ բանով, ասենք` ավելի մատչելի ու ազատ վաճառքում գտնվող ալկոհոլով, որը ոչ պակաս կախվածություն է, ես կասեի` նույնիսկ ավելի սարսափելի է, քանի որ մատչելի է:
Արմեն Սողոյանը նշեց, որ 2010-ին նարկոլոգիական դիսպանսեր դիմած թմրամոլների թիվը, 2009-ի համեմատ, 30 տոկոսով ավելացել է: Նա հիշեցրեց, որ 2009-ին գրանցված թմրամոլների թիվը 1717 էր, իսկ 2010-ին հասնում է 2472-ի` 700-ով ավել, ու շատ տարօրինակ մեկնաբանեց այդ աճը.
«Զարգացումն իր հետ բերում է նաև բացասական երևույթներ` թմրամոլություն և խաղամոլություն, ինչպես նաև համակարգչային կախվածություն: Պետք է համարժեք մոտեցում ցուցաբերվի կախվածություն ունեցողների նկատմամբ, ինչը կնպաստի նաև վերջիններիս կամավոր բուժմանը: Հայաստանում հիմնականում օգտագործվում են ափիոնից և դեղորայքից պատրաստված թմրամիջոցներ: Թմրամիջոցը բերվում է Իրանից և պատրաստվում տնայնագործական եղանակով», — ասաց Սողոյանը:
Պարոն Սողոյանը չորոշակիացրեց, թե որ թմրամիջոցների օգտագործումն է կապում «զարգացման» հետ ու ո՞ր զարգացման` նույնպես չնշեց: Կոաքսիլ, Սեդալգին ու բենզի՞ն. կարելի կլիներ այդպես խոսել, եթե ավելացած լիներ կոկաինային ու հերոինային թմրամոլների թիվը, այնինչ ավելացածները «մահապարտներն» են, վաղվա օրը չտեսնող ու այսօրվա հասարակության մեջ իրենց տեղը չգտնող երիտասարդները:
Չէ՞ որ բոլորը չեն տաղանդավոր, ձեռներեց, հաջողակ կամ շոպլիկ, իսկ հենց վերջինն էլ այսօր ամենաշատն է պետք «տեղ գտնելու» համար: Չնայած նրանք էլ հաբռգածությունից ու այլ տեսակի պարապությունից են թմրամոլ դառնում: Թմրամոլությունն այսօր այլևս չի սպառնում միայն կոնկրետ սոցիալական ու իտելեկտուալ խավերի, այլևս կապված չէ գիտակից ընտրություն անելու հետ, այսօր կարող է ընկնել քո ու քո ընտանիքի անդամների գլխին` չգիտես ոնց ու որտեղից: Ու դրա պատճառը հաստատ «զարգացումը» չի, այն էլ՝ թվացյալ, հարգելի Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:
Հա, մեկ էլ իմ հիշատակած Կոաքսիլն ու Սեդալգինը, որոնք ամենաշատն են օգտագործվում, հաստատ Իրանից չեն ներկրվում: Այնտեղից գալիս է միայն ափիոնայինը, որն այսօր արդեն զիջում է դիրքերը կոաքսիլային` նույն դեղորայքային կախվածությանը: Իսկ սա չի նվազի, քանի որ չնայած այդ դեղամիջոցները ներառել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի մեջ, սակայն շատ հեշտ է ձեռք բերել դեղատոմս, քանի որ մեր բժիշկները լավ «վերցնում» են», ու մեղավոր էլ չեն, որ վերցնում են. էն փողը, որ իրենց են տալիս, դրանով հնարավոր չի ապրել արժանապատիվ: Բայց որ Կոաքսիլի դեղատոմս են տալիս` իմանալով, թե ինչ է անելու էդ Կոաքսիլը…
Դրանից փրկություն չկա, էնքան օգտագործում են, որ ողջ անոթները խցանվում են, գանգրենա է սկսվում, ու կուրություն է սպառնում, մի խոսքով՝ մահվան դեղատոմս են տալիս: Այ, դրա մասին պետք է բարձրաձայնել… Դեղատանը 10 րոպե կանգնեցի, երեք հոգի Կոաքսիլ հարցրեց, դեղագործն ասաց` վերջացել է, չկա, ինչ դեղատոմսով է դարձել, գալիս` միանգամից լիքը գնում են, ու վերջանում է: Հա’, մեկ էլ` Կոաքսիլը օրենքով չի մտնում թմրանյութերի ցուցակի մեջ, իսկ ահա համարյա անվնաս մարիհուանան, ընդհանրապես կանեփի խումբը` մտնում է:
Պետրոս Սեմերճյանի խոսքով, թմրամոլների մի ստվար հատված օգտագործում է կանեփի խմբի թմրամիջոցներ: Դրանք լուրջ առողջական խնդիրներ չեն առաջացնում: Դրանով է պայմանավորված, որ նրանց շրջանում դիմելիության մակարդակը քիչ է:
Հիշեցնենք, որ վերջերս էմոներ կոչվող ուղղվածության երիտասարդներին էլ էին համարում թմրամոլներ: Թեպետ սա ուրիշ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ, բայց չենք կարող չհարցնել` թմրամոլության ու էմոների աճի պատճառը փաստորեն զարգացո՞ւմն է:
Լուսինե Վայաչյան
Շուշան Գալստյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.