Պարտիայի հերթական քայլը Ազատության հրապարակի ազատումն էր
Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակից ոտքի ելած բազմահազար քաղաքացիներին (ընդդիմության առաջնորդը հայտարարեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվը 100 հազար է` ժողովրդի բազմությունը հասել էր մինչև «Նաիրի» կինոթատրոն, մինչդեռ ոստիկանությունը դարձյալ, իր սկզբունքներին հավատարիմ, 9 հազարի կարգի թիվ հրապարակեց) Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կարողացավկառավարել այնպես, ինչպես պետք էր:
Ժողովուրդը բացականչում էր «Հիմա´», «Ա´յժմ», քանի որ մարդիկ արդեն հոգնել էին հանրահավաքներին միայն բարոյախրատական ճառեր լսելուց և որևէ կոնկրետ գործողության ականատես չլինելուց, սակայն առաջին նախագահը անգամ ձայնը բարձրացրեց, թե` թողե´ք ձեր այդ «հիմա»-ներն ու «այժմ»-ները, թե` սա լուրջ գործ է, թե` սա միտինգ չէ, սա քաղաքական լրջագույն աշխատանք է, որը յուրաքանչյուր մասնակցից տքնաջան աշխատանք է պահանջում, թե` մենք քինգբոքսինգի չենք դուրս եկել, այլ շախմատ ենք խաղում: Այս ամենը ասվեց մի բանի համար. մենք գիտենք` երբ է պահը:
«Հիմա» և «այժմ» գոռացողները, բնականաբար, դարձյալ հիասթափվեցին: Հիասթափությունը մեծացավ, երբ առաջնորդը հայտարարեց, թե շտապելու խնդիր չունեն, թող իշխանությունները շտապեն, թե պայքարի հաջողությունը կախված է բացառապես համբերությունից, սառնասրտությունից, ինքնավստահությունից և կարգապահությունից: Բայց շախմատ խաղացող Տեր-Պետրոսյանը միաժամանակ հասկանում էր, որ այդքան էլ հեշտ չէ ընդդիմադիր նման զանգված փողոց դուրս բերել, որ եթե ռեալ մի բան չարվի, ապա հաջորդ հանրահավաքին այս մարդկանց մեծ մասը պարզապես չի գա այլևս: Եվ հանրահավաքի վերջում հայտարարվեց, թե անակնկալ է լինելու. ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկեց գնալ և վերանվաճել Ազատության հրապարակը:
Ժողովրդի գետը լցվեց Մաշտոցի պողոտա. այդ գետը կարող էր շարժվել նաև Բաղրամյան 26, և դժվար է ասել, թե ինչ կարող էր լինել… Սակայն դատելով ոստիկանական զորքերի` Ազատության հրապարակի պաշարումից (Հայաստանում երևի թե ինչքան ոստիկան կար` բերվել էր Ազատության հրապարակ` մի քանի շարքով շրջափակելու համար), դատելով մի քանի րոպեանոց բանակցություններից հետո ընդդիմությանը միանգամից թույլտվություն տալուց (2008թ. մարտի 1-ից այս կողմ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության հանրահավաքների համար), կարելի է ենթադրել, որ սա ևս պայմանավորված քայլ էր շախմատ խաղացողների պարտիայում.
ժողովրդին հարկավոր էր գոնե մի կուտ տալ: Կուտը, բնականաբար, չէին կարող սոցիալական վիճակը բարելավող քայլերը լինել, չէր կարող իրական իշխանությունը լինել (Հայաստանն այդպես էլ չունեցավ ժողովրդի մասին մտածող առաջնորդ` ժողովրդի հոգսերով չեն քնում-արթնանում ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ էլ առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանը): Դա կարող էր լինել ընդամենը հաղթանակի պատրանք, որի լավագույն տարբերակը Ազատության հրապարակը բացելն էր. այստեղ հանրահավաք անելը միանգամայն արդարացի պահանջ է և շատ ավելի տրամաբանական, քան անշնորհք ու գագիկբեգլարյանական ճաշակով գույնզգույն խաղալիքներով հրապարակի տարածքը զբաղեցնելը:
Ընդդիմությունը մտավ Ազատության հրապարակ: Այստեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անում «Ժառանգության» առաջնորդ, բայց ՀԱԿ-ին չմիացած, սակայն մշտապես աջակցած Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ արմատական ընդդիմությունը հրապարակ մտնելու թույլտվություն ստացավ, Հովհաննիսյանը ոտքի կանգնեց իր բարձրացրած դրոշի կողքը: ՀԱԿ ղեկավարությունը մտավ հրապարակ, ուղղվեց դեպի բեմ և այդպես էլ չմոտեցավ և անգամ մի բարև չտվեց «Ժառանգության» ղեկավարին:
Նույն կերպ Մարտի 1-ի հանրահավաքին ծաղիկներով եկած ժառանգականներին` Հովհաննիսյանի գլխավորությամբ, երբ նրանք ցանկացել էին բարձրանալ հարթակ, թույլ չէին տվել` հասկացնելով, թե այնտեղ իրենց ներկայությունը ցանկալի չէ: Այդպես մի պահ Ազատության հրապարակում բավական հետաքրքիր և հայաստանյան ընդդիմությանը բնորոշ իրավիճակ ստեղծվեց. Տեր-Պետրոսյանը հարթակում էր, Րաֆֆի Հովհաննիսյանը նստարանների մոտ` իր դրոշի կողքին: Ժողովրդի մի մասը գոռում էր «Լևո´ն, Լևո´ն», երբ հանկարծ մի մասն էլ սկսեց բացականչել «Րաֆֆի´, Րաֆֆի´» և, որ ամենազավեշտալին էր, սկսեցին գոռալ «Միացու´մ, միացու´մ»` այն դեպքում, երբ անգամ ընդդիմադիրներն իրենց ամբիցիաների պատճառով չեն միանում, ուր մնաց թե… ու՞մ միացում, ինչի՞ն, ինչի՞ համար… գուցե թուրքերի՞ն. հայկական ընդդիմության պարագայում դա հավանաբար ավելի իրատեսական է:
Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում և այլուր, տեղի կունենա նաև Հայաստանում` իշխանությունը ենթարկվելու է ժողովրդին, սակայն… դա լինելու է սահուն, անցնցում կերպով, իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր խաղի կանոնները և մեզ հետ խոսել գործընկերային դիրքերից:
«Գործընկերային դիրքերից» ընդդիմության մասին, ըստ էության, խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում` ասելով, թե ընդունում է քննադատությունները, սակայն լավ կլինի, եթե առաջարկներն ավելի իրատեսական լինեն (ոչ թե, ասենք, առանցքային բոլոր ֆիգուրների պաշտոնանկությունը): Նախագահն ասել էր, թե շատ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին, իհարկե, ընդդիմության գործը իշխանություններին քննադատելն է, հանրահավաքներ անելը, որպեսզի հետո ընտրությունների միջոցով կարողանան գալ իշխանության: Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին շարժվեց «գործընկերոջ» խորհուրդներով. հանրահավաքը` անգամ Ազատության հրապարակի վերանվաճումը անցկացրեց «կոռեկտության սահմաններում» (սա նախագահի առաջ քաշած պայմանն էր հանրահավաքների համար) և առաջադրեց ընդամենը երեք պահանջ. ազատել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքների իրականացում և մարտիմեկյան դեպքերի բացահայտում ու մեղավորների պատժում։
Ազատության հրապարակի «ազատագրումը» տեղի ունեցավ ժամը 19:15-ի սահմաններում: Ընդդիմադիր զանգվածը այստեղ մնաց ևս երկու ժամ, պարեցին, կանգնեցին, նստեցին, ընդդիմության մեկ-երկու ղեկավարի խոսք լսեցին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որպես պապի` բոլորին մաղթում է մշտական ցնծություն և հրահանգեց գնալ տուն: «Սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու»: Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե` ինչ է անում, լավ գիտե, թե որն է իր աշխատանքը, լավ գիտե, թե ինչ պետք է խաղա շախմատի այս պարտիայում. ՀԱԿ-ը հիմա պարզապես պետք է պատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.