Հայաստանում ընդունված է ձևավորել զանազան միություններ, գրանտներ պոկել միջազգային կառույցներից, թե` տեսեք-տեսեք, կարևոր գործ ենք անում: Սակայն, դրանք հիմնականում ձևավորվում են ուղղակի ձևավորված լինելու համար, սակայն, ըստ էության, որևէ բանի պիտանի չեն: Այդպիսի մի միություն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, այդպիսի մի մարմին է նաև Փաստաբանների պալատը :
Թվում է, գոնե Փաստաբանների պալատը պետք է ծառայեր իր նպատակին` հաշվի առնելով, որ նրա անդամները պայքարում են հանուն ոտնահարված իրավունքների, սակայն տասնյակ, եթե չասենք` հարյուրավոր դեպքերը վկայում են, որ այս պալատը երբեմն անպտղության այնպիսի դրսևորումներ է ունենում, որ հարց է ծագում, թե այդ դեպքում ինչի՞ համար է ընդհանրապես ձևավորվել: Կարելի է շատ օրինակներ բերել, սակայն այս անգամ բավարարվենք մեկով:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մի հայազգի ընտանիք որոշում է երեխա որդեգրել և մտադրվում է իրենց երազած երեխային գտնել մայր հայրենիքում: Հարթուն Նուրավյանն ու Վարիա Բողոսջամեհը (ամուսինը գերմանական «Lufthansa» ավիաընկերության իրանական ներկայացուցչության ղեկավարն էր` Իրանում բավական հայտնի և հարգված անձնավորություն, իսկ ազգությամբ ոչ հայ կինը երեխա ունենալու փափագով ապրող մի ջերմ կին, որ ամուսնական կյանքի ընթացքում, կարելի է ասել, լրիվ հայացել է և կատարելապես տիրապետում է հայերենին), մի շարք երաշխավորագրեր ձեռքներին (իրենց առաջնորդարանի, դեսպանատան կողմից տրված) գալիս են Հայաստան և 2009 թ. մայիսին դիմում գրում արդարադատության նախարարություն` երեխա որդեգրելու խնդրանքով:
Նախարարությունը, սակայն, առաջին դիմումը մերժում է և, ինչպես հետո է պարզվում` անհիմն (սկզբում ընտանիքին ասում են, թե պատճառը ամուսնու տարիքն է` Նուրավյանը 60 տարեկան էր արդեն, սակայն հետո պարզվում է, որ այս դիմումների պատասխանները տրվում են խիստ կամայականորեն. օրենսդրության մեջ որդեգրողների տարիքի հետ կապված սահմանափակումներ չկան, այնպես որ նախարարության ինչ-որ պաշտոնյա իր հայեցողությամբ կարող է նման որոշում կայացնել` մերժել կամ չմերժել. սա, դժվար է ասել, միտումնավոր թույլ տրված օրենքի անկատարությու՞ն է` կոռուպցիոն սողանցքերի համար հատուկ թողնված, թե… սակայն, ինչպես քիչ ավելի ուշ կտեսնենք, բարեհաջող կերպով ծառայում է հենց որպես անհրաժեշտ սողանցք` ճարպիկ գործավորների համար):
Նուրավյանները որոշում են չընկրկել և սկսում են փորփրել, թե ինչու՞ չեն կարող հասնել իրենց երազանքին և հայ երեխա որդեգրել: Այդ ընթացքում էլ հենց ընտանիքը պարզում է, որ մերժվել է անհիմն կերպով, հետո արդեն ծանոթները խորհուրդ են տալիս վարձել փաստաբան, քանի որ հայկական օրենսդրությանն անծանոթ սփյուռքահայերի համար ավելորդ դժվարություններ են ստեղծում այստեղ:
Նուրավյանները դիմում են փաստաբանի օգնությանը, ծանոթանում մի քանիսի հետ, որից հետո ընտրում են Արմեն Ումրշատյան անուն-ազգանունով մի փաստաբանի (ընտրության հարցում վճռորոշ է լինում Ումրշատյանի` արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի ազգականը լինելու պնդումը. փաստաբանն ի սկզբանե հայտարարում է, թե նախարարն իր բարեկամն է` եղբայրը, թե զարմիկը, այնպես որ խնդիր չկա, ինչ ասի` կանի (մեզ հետ զրույցում, սակայն, Ումրշատյան Արմենն արդեն վերապահումով էր տալիս Գևորգ Դանիելյանի անունը, և ասաց ընդամենը, թե հեռավոր բարեկամներ են, և որ դա «այս գործի հետ կապ չունի». Դանիելյանն այլևս նախարար չէ, այլ ընդամենը` ՍԴ նախագահի խորհրդական, այնպես որ, հնարավոր է, այս փաստաբանը հիմա էլ փորձի Հրայր Թովմասյանի հետ ազգակցական կապեր պեղել):
Ինչևէ, 2009 թ. օգոստոսին պայմանագիր է կնքվում, համաձայն որի` որդեգրող ընտանիքը ծառայությունների դիմաց պարտավորվում է վճարել 5 475 000 դրամ` 15 000$, (ի դեպ, Ումրշատյանը սկզբում 25000$ է պահանջել. սրանից կարելի է դատել, որ Հայաստանում փաստաբան լինելը ավելի քան եկամտաբեր գործ է), որից` որպես կանխավճար, վճարվում է 3 665 000, իսկ 1 81 000 դրամը թողնվում` գործը վերջնական ավարտին հասցնելուց հետո վճարելու համար: Պայմանագրի մեջ հատուկ կետ է մտցվում, համաձայն որի` գործը չկատարելու դեպքում գումարը վերադարձվելու է: Փաստաբան վարձելուց հետո Նուրավյանները երկրորդ անգամ են տալիս նույն դիմումը` նույն բովանդակությամբ: Եվ ա´յ քեզ հրաշք, այս անգամ տրվում է դրական պատասխան:
2009 թ. հոկտեմբերի 15-ին ստացվում է դրական պատասխանը, որ «ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի «Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 209-Ն որոշման համաձայն»` Նուրավյաններին թույլատրում են երեխա որդեգրել: Հետաքրքիր է, թե որոշում կայացնողների վրա այդ ի՞նչն է ազդում երկրորդ անգամ` դրական եզրահանգման գալու համար, ի՞նչն էր փոխվել երեք ամիսների ընթացքում, որ սփյուռքահայ ընտանիքը դրական պատասխանի արժանացավ, և ի՞նչն էր խանգարել երեք ամիս առաջ, որ հակառակ բովանդակությամբ պատասխան էր տրվել: Այստեղ կարելի է երկու վարկած առաջադրել. կամ`առաջին դեպքում նրանց ապօրինի մերժել են ինչ-որ շահադիտական նպատակներով, և այժմ փաստաբանը կաշառել է համապատասխան մարմնին` ցանկալի պատասխանը ստանալու համար, կամ` դեր է խաղացել նախարարի անձը` ի դեմս Գևորգ Դանիելյանի: Նշենք որ երկու դեպքում էլ սա փաստ է, որին, կարծում ենք, արժե որ հետամուտ լինեն իրավապահ մարմինները:
Նուրավյաններին տեղեկացնում են, որ որդեգրման թույլտվության ժամկետը գործելու է մեկ տարի, այսինքն` այդ մեկ տարում ընտանիքը պետք է հասցնի երեխա ընտրել և կազմակերպել անհրաժեշտ բոլոր հարցերը: Սակայն թույլտվությունը ստանալուց հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. փաստաբանը միանգամից ձեռքերը լվանում է ու քաշվում մի կողմ: Պայմանագիրը, այսինքն` տրված 15000 $ գումարը իր մեջ ներառելու էր բոլոր ծախսերը` կապված մանկատներ այցելությունների, անհրաժեշտ տարբեր փաստաթղթերի հետ: Նուրավյանները սակայն, մշտապես բախվելով փաստաբանի զբաղված լինելու, հեռախոսազանգերին չպատասխանելու հանգամանքին, որոշում են ինքնուրույն առաջ տանել գործը: Քանի որ ամուսինը չէր կարող երկար ժամանակով գործերը թողնել և գալ Հայաստան, հիմնական բեռը մնում է կնոջ ուսերին: Ի դեպ, այս ընթացքում` 2009 թ.-ի մայիսից մինչ օրս, ընտանիքը, բացի փաստաբանական ծախսերից, բավական գումար է ծախսել նաև Երևանում բնակարան վարձելու (ամսական 500$), մնալու, ինչպես նաև փաստաբանի` չիրականացրած գործառույթներն ինքուրույն կատարելու վրա:
Տիկին Վարիան դիմում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն, այցելում մանկատներ, հիվանդանոցներ և, վերջապես, Նորքի մանկատանը գտնում ապագա դստերը: Կինը պատմում է, որ երբ առաջին անգամ տեսավ Թադե Մանուկյանին, անմիջապես հասկացավ, որ դա իր դստրիկն է: Սակայն, քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն` որդեգրման առաջնայնությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իրանահայ ընտանիքը ստիպված է լինում որոշ ժամանակ սպասել, քանի դեռ չէր պարզվել` ՀՀ քաղաքացիներից` հիվանդանոցից մանկատուն բերված աղջնակին որդեգրել ցանկացող կա՞, թե՞ ոչ:
Երբ լրանում է ժամանակը, տիկին Վարիան դարձյալ դիմում է փաստաբանին` խնդրելով օգնել, քանի որ որդեգրման ժամկետը մոտենում է ավարտին: Փաստաբանը դարձյալ զբաղված է լինում… Ստիպված գործը նորից իր վրա է վերցնում կինը` անձամբ գնում և դիմում է թաղապետարան, դատարան, ԶԱԳՍ, ՕՎԻՐ, մինչև որ ստանում է երեխայի անձնագիրը, վճարում պահանջվող գումարները, որից հետո վերջապես, 2010 թ. սեպտեմբերի 6-ին օրինականորեն գիրկն է առնում երեխային:
Երբ որդեգրման գործընթացը բարեհաջող ավարտվում է, Նուրավյանները սկսում են գիտակցել, որ, ըստ էության, վճարել են մի ծառայության դիմաց, որը կատարել են հենց իրենք: Այդ ժամանակ համաձայն պայմանագրի` գործը չկատարելու դեպքում գումարը վերադարձնելուն վերաբերող պայմանի, Նուրավյաններն Ումրշատյանից պահանջում են վերադարձնել 7000 $-ը, 3000$-ը թողնելով նրան` սկզբնական շրջանում գրած դիմումի դիմաց: Փաստաբանը համաձայնում է առաջարկին և պարտավորագիր գրում` մինչև 2010 թ. հոկտեմբերի 14-ը 7000 $ վերադարձնելու մասին, սակայն մինչև հիմա այդպես էլ ոչինչ չի տվել:
Նուրավյանները դիմում են նաև ոստիկանություն, Իրանի դեսպանատան միջոցով կապվում են Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ` փորձելով այդ կերպ հասնել իրենց խնդրի լուծմանը, սակայն, պարզվում է` Փաստաբանների պալատը նման հարցերում պարզապես անգործունակ մարմին է. Սահակյանն ընդամենը հայտնում է, թե կարող է անվճար փաստաբան տրամադրել (չի բացառվում, որ նույն «ցեխի» մեկ այլ աշխատողի, իսկ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` շունը շան թաթ չի կծի), որ կարող են դիմել դատարան, իսկ քանի որ Ումրշատյանի գրած պարտավորագիրը նոտարական վավերացում չունի, չի կարող հիմք ծառայել: Ինչպես տեսնում ենք, Ռուբեն Սահակյանը բավական անկեղծ է եղել և խոստովանել է, որ իր ղեկավարած կառույցը ոչ մի բանի էլ պետք չէ: Հետաքրքիր է միայն, թե ինչի՞ համար է ձևավորվել այս մարմինը կամ ի՞նչ նպատակով է շարունակում գործել` ապահովելով պարոն Սահակյանին «նախագահի» պաշտոն, եթե անգամ իր փաստաբանների անարդարությունները ի զորու չէ շտկել:
Երբ փորձեցինք եղելությունը պարզել «մեղավորից», Արմեն Ումրշատյանը, լսելով, որ Նուրավյան ընտանիքը մեղադրում է իրեն գումարը վերցնելու և պարտավորությունները չկատարելու համար, պատասխանեց. «Դա այդպես չէ, ես ամբողջությամբ կատարել եմ իմ գործը (չի բացառվում որ դա եղել է հենց վերը նշված տարբերակը` կաշառք տալու միջոցով ստանալ ցանկալի արդյունք, միայն թե սփյուռքահայերը դժվար թե դա հասկանան.-Լ.Կ.), իրենք որդեգրել են երեխային: Իրենք դիմել են ոստիկանություն, 6-րդ վարչություն, նախագահի վերահսկողական ծառայություն, Փաստաբանների պալատ, իրենց ասել են, որ սա քաղաքացիաիրավական վեճ է, եթե գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են, թող դիմեն դատարան, եթե դատարանը կորոշի, որ իրենք ճիշտ են… Ինչ վերաբերում է նրան, որ իրենք գնացել են մանկատներ, մի 1000 դրամ ծախսել և դա ներկայացրել որպես բարեգործություն, դա իրենց խնդիրն է, ես իմը կատարել եմ ամբողջությամբ»:
Տիկին Վարիան մեզ հետ զրույցում ամուսնուց գաղտնի հայտնել էր նաև, որ Արմեն Ումրշատյանը սպառնացել էր` ասելով. «Ընենց մի արեք` ընենց անեմ, որ երեխային ձեռքներիցդ վերցնեն»: Երբ սրա մասին հայտնեցինք փաստաբանին, նա կտրականապես հերքեց. «Որևէ մեկը, այդ թվում` Արմեն Ումրշատյանը, որևիցե մեկին չի սպառնացել, երեխային տվել է Հայաստանի Հանրապետությունը, վերցնել էլ կարող է նույն Հայաստանի Հանրապետությունը: Դա զրպարտություն է»: Այդ դեպքում հետաքրքիր է. ի՞նչ է արել ինքը` Ումրշատյանը:
Իհարկե, Դանիելյան Գևորգը` հատկապես պաշտոնանկությունից հետո, այն առանցքային ֆիգուրը չէ, ով կարող էր նման հարցեր լուծել, «ընենց անել, որ երեխային ձեռքից առնեն» կամ չառնեն, սակայն, ինչպես տեսնում ենք, կան մարդիկ, այն էլ` փաստաբանի կոչումով, ովքեր ընդունակ են, Դանիելյան Գևորգի անունն օգտագործելով, իրենց համար «զակոննի գողին» հավասար համբավ ստեղծել և մարդկանց թալանել: Նուրավյանները դեռևս ձեռնպահ են մնում դատարան դիմելուց: Ձեռնպահ մնալու հարցում դեր են խաղում նաև Հայաստանի դատական համակարգի մասին պտտվող խոսակցությունները: Ասում են` աչքը տեսածից է վախենում:
Լուսինե Կեսոյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.