Հայաստանի կառավարությունը սիրում է, մեղմ ասած, երբեմն ընկնել ծայրահեղությունների գիրկը: Երբ հարցը վերաբերում է աշխատավարձերին, նպաստներին, գործադիրը դառնում է նախանձելի խնայող, բայց երբ բանը հասնում է իր կողմից գերակայություն հռչակած ոլորտներին, այդ ժամանակ էլ կառավարության շռայլությունն է նախանձելի դառնում:
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա էր www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին, որի ստեղծման համար գործադիրը «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ընկերությանը տրամադրել էր 25 մլն ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ:
«Այս հաջող ձեռնարկի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը խթանելն է, ինչը կառավարության գերակայություններից մեկն է: Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ. ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, և դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում: Այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար և հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից»,— այսօր ասել է վարչապետը:
Կառավարության կողմից զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակելն իրենց մաշկի վրա առաջինն զգացին Հայաստանի քաղաքացիները. քանի որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ է, այս գործով զբաղվողներն ամեն ինչ անում են գերշահույթ ստանալու համար: Գերշահույթ ստանալու սկզբունքով աշխատող Հայաստանի զբոսաշրջային կենտրոններն ըստ այդմ զրկվեցին ներգնա տուրիզմից (Հայաստանի քաղաքացիները նախընտրում են շատ ավելի մատչելի գումարներով իրենց հանգիստը վայելել արտերկրում, քան մասնակցել հայրենի զբոսաշրջության զարգացմանը), այնպես որ` հույսը մնաց դրսի զբոսաշրջիկների վրա: Հենց այս զբոսաշրջիկներն էլ պարտավոր են ամեն ինչ անել, որ կառավարության գերակա ճյուղը մնա գերակա դիրքերում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ գերշահույթով աշխատող Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից հիասթափվեցին նաև արտերկրից Հայաստան ժամանածները: Մեկ անգամ ըմբոշխնելով Հայաստանի զբոսաշրջության «վայելքները»` սփյուռքահայերն իրենց ընկերներին և ծանոթներին խորհուրդ են տալիս հեռու մնալ Հայաստանից: Հենց այս ամենը հաշվի առնելով` ավելի քան հետաքրքիր են Տիգրան Սարգսյանի ներկայացրած տվյալները: Առաջին հայացքից այս տվյալները կարող են կասկածի տեղիք տալ, սակայն ավելի ուշադիր վերլուծելով վարչապետի ներկայացրած տվյալները, դրանց հիմնավորվածության վրա կարելի է այլևս չկասկածել:
2009 թ. Ճգնաժամային տարում Հայաստանում զբոսաշրջությունը 4 տոկոսանոց աճ է ունեցել, քանի որ Հայաստանում զբոսաշրջիկ կատեգորիայի մեջ են մտնում բոլորը, ովքեր հատում են Հայաստանի սահմանը: Հայաստանում զբոսաշրջության գերակա ճյուղի արդարացման համար զբոսաշրջիկ են համարվում թե’ Հայաստան այցելած սփյուռքահայը, թե’ տուն եկող խոպանչին: Ճգնաժամային տարում զբոսաշրջությունը 4 տոկոսանոց աճ է ունեցել, քանի որ խոպանչիների վիճակը վիճակ չէր, դրսում ճգնաժամի պատճառով շատերը մնացել էին առանց աշխատանք, հետևաբար անգամ գումար չէին կարողացել հայթայթել` տուն վերադառնալու համար: 2010 թ. վիճակը համեմատաբար բարելավվել էր, ըստ այդմ` նախորդ տարի հարազատներին չայցելած խոպանչիներից շատերը վերադարձել էին: Խոպանչիների հենց այս զանգվածն էլ հնարավորություն տվեց Հայաստանի վարչապետին` այսօր պարծենալ կառավարության հռչակած գերակա ճյուղի արձանագրած աճով:
Գեղարքունիքի մարզում հունվար-փետրվար ամիսները հարսանիքների սեզոն են. խոպանչիները հենց այս ժամանակահատվածում են գալիս և, որպես կանոն, երիտասարդների պսակադրությունները հենց այս շրջանում են կազմակերպվում: Երիտասարդ խոպանչիները գալիս, արագ կարգով ամուսնանում են և նույն ձևով էլ արագ վերադառնում` իրենց հետ տանելով նաև իրենց կանանց: Ճիշտ է, այս շարժից Հայաստանի զբոսաշրջության վիճակագրությունն ահագին առաջընթաց է ունենում, սակայն իրականում դրանից տուժում է Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը: Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը տուժում է նաև սփյուռքահայերի` Հայաստանի զբոսաշրջության ցուցանիշների բարելավմանը նպաստելուց. սփյուռքահայերը ևս ձգտում են աղջիկ տանել Հայաստանից:
Այս ամենի հետևանքով, ճիշտ է, կառավարության գերակա ճյուղը մի քանի տոկոսով աճ է արձանագրում, բայց փոխարենը մեր ապագա մայրերի թիվն է օրեցօր նվազում: Բայց քանի որ Տիգրան Սարգսյանի կառավարության համար գերակա ճյուղը ոչ թե Հայաստանի դեմոգրաֆիական վիճակի բարելավումն է (հասկանալի է, որ սա չի կարող լինել տնտեսության գերակա ճյուղ, բայց, փաստորեն, իրականությունն այն է, որ տնտեսության խայտառակ վիճակն է այն հիմնական պատճառը, որ Հայաստանում արտագաղթի տեմպերն օրեցօր ավելի վտանգավոր չափերի են հասնում, իսկ գերակա ճյուղն այդպես էլ իրականում չի դառնում գերակա), այլ զբոսաշրջությունը, ենթադրելի է, որ այս տեմպերը կշարունակվեն նաև այս տարի:
Կառավարության գերակա ճյուղի առաջընթացի գործում վճռորոշ ավանդ ունենալու առումով Հրանուշ Հակոբյանին կարելի է գոնե կես դրույքով ընդունել նաև որպես զբոսաշրջության նախարար, քանի որ սազն առած տուն կանչելով` «Արի տուն» ծրագրի հեղինակը ավելի շատ գործ արեց և դեռ կարող է անել տուրիզմում թիվ նկարելու հարցում Սարգսյանին պարզերես անելու համար, քան այսօր գերակա ճյուղով զբաղվող գերատեսչությունը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 12:10Արցախում նախատեսում են անցում կատարել կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին
- 15:10Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին․ Սուրեն Պարսյանը՝ անկանխիկ վճարման դեպքում 10% հետվճարի ծրագրի մասին
- 14:10Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1․ Արծվիկ Մինասյան
- 11:10Արցախում ՃՈ–ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները, փոխադրվող բեռի փաստաթղթերը
- 14:10Մեկ անգամ ևս՝ Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը․ Կարեն Ճշմարիտյան
- 14:10Առաջին անգամ համաձայն եմ Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»
- 11:10ԱԳՆ–ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
- 13:10ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան
- 12:105400 հեկտարի կորուստ՝ Սոթք-Խոզնավար հատվածում․ ինչ են ասում արբանյակային լուսանկարները
- 14:10Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար տեղացող անձրեւների պատճառով
21.05.2022 | 15:13
21.05.2022 | 14:10
21.05.2022 | 13:10
21.05.2022 | 12:10
21.05.2022 | 11:10
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.