Այս տարեվերջին բնորոշ կարելի է համարել «շունը տիրոջը չի ճանաչում» ասույթը: Այսինքն, մի ժամանակահատված, երբ հոգնած են բոլորը ու ոչ ոք հավես չունի հետևել որևէ գործընթացի, բոլորը զբաղված են տարին փակելով ու ամանորյա գերագույն անիմաստ հարբեցողությանը պատրաստվելով: Այսինքն` ժամանակահատված, երբ շատ հարմար է որևէ բան «եփել» և բոլորին անակնկալի բերել: Զորօրինակ, հենց Ամանորին Ֆիդել Կաստրոն Կուբայում փոքրիկ զինյալ գործողությամբ զավթեց իշխանությունը, անակնկալի բերելով բռնապետ Բատիստային…
Ուստի, ավելորդ չենք համարում դիտարկել, թե ո՞վ ու ինչպե՞ս օգտագործեց այդ «ոսկյա ժամանակահատվածի» սկիզբը: Անշուշտ, պետք է խոստովանենք, որ ամենատխմար ձևով օգտագործողը եղավ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ «կովերի ամուսինների» մասին դատողությունների մակարդակից ու 20 տարվա մեջ արձանագրեց զրոյական աճ:
Ոչ ոք, բնականաբար, ոչինչ չի հիշի նրա կողմից հրապարակած «ահավոր տնտեսական անկման» հեռանկարի թվերից, ոչ հակառակորդները, ոչ էլ ճամբարակիցները: Ոչ ոք հավես չունի: Հիշվեց միայն մեկ բան` նրա խոստովանությունը, որ թունդ հակառակորդ է Հայ առաքելական եկեղեցու.«Հայոց պետականության կորուստները հիմնականում տեղի են ունեցել հենց եկեղեցու պատճառով։ Ինչպե՞ս կարող է դա եկեղեցի լինել, եթե չի պատկանում որևէ քրիստոնեական ճյուղի և 1500 տարի չի փոխվում։ Անպատժելի մի կառույց է դա՝ Քրիստոսի և հավատքի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող։ Մի՞թե դա պարզ չէ։ Եթե եկեղեցին կրթությամբ է զբաղվում, առողջապահությամբ, այդ եկեղեցին պետության կարիք չունի։ Գտնում եմ, որ այն զգալիորեն պետք է բարեփոխվի, և չեմ գտնում, որ տերտերների կամայականությունը՝ ոչինչ չփոխելու, պետք է գերակայի։ Մեկ անգամ տեսե՞լ եք հայ առաքելական եկեղեցու եկամուտների ու ծախսերի բալանսը մամուլում տպված։ Որտեղի՞ց այդ փողերը։ Ո՞վ է սահմանում մոմի գինը»:
Բնականաբար, Բագրատյանը դրանով ավելացրեց ՀԱԿ-ի նկատմամբ հակակրանքը: Իրենց քրիստոնյա համարող հայերը նրան միանգամից կասեն` դու հայ քրիստոնյա չես: Իսկ հեթանոսները կատաղել են նրանից, որ նախկին վարչապետը եկեղեցու այիբ է համարում այն, ինչը ազգահավատները համարում են եկեղեցու գործունեության օգտակարության միակ վկայությունը. Քրիստոնեության որևէ համաշխարհային ճյուղին չպատկանելը ու բացառապես հայերինն ու հայկական լինելը և ավանդապահությունը` 15 դարի ընթացքում չփոխվելը: Ինչ վերաբերում է եկեղեցու ֆինանսական բալանսը մամուլում տպելու առաջարկին, ապա դա ընկալվում է մոտավորապես այնպես, ինչպես կընկալվեր ընտանիքի առագաստը տպելու պահանջ… Պարզ է, որ Բագրատյանի այդ մոտեցումը տեղավորվում է ՀԱԿ-ի` ավանդական բոլոր սրբությունները պսակազերծելու և ցեխի հետ խառնելու ռազմավարության մեջ, սակայն ազգերը, առավելևս` հայերի պես հնագույն ազգը, սովորաբար այդպիսի «նորարարություններին» հույժ բացասաբար են վերաբերում:
Ինչևէ, մի կողմ թողնենք ՀԱԿ-ին, և անցնենք նախաամանորյան շրջանն առավել արդյունավետությամբ օգտագործած գործիչներին: Այդպիսին է, անկասկած, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Ամանորից 10 օր առաջ հանդիպեց Ռուսաստանի փաստացի տիրակալ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման բովանդակության մասին գործնականում ոչինչ հայտնի չէ, նույնիսկ նրա խնամի Վալոդը, մամուլի վկայությամբ, դրանից անտեղյակ է: Եվ ամեն ինչ գնում է ենթադրությունների գիրկը: Ամենաքաջատեղյակ ենթադրողներից մեկը` Գալուստ Սահակյանը, պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ոչ մի էական ազդեցություն չունի: Մյուս կողմից, նա նշում է, որ ՀՀ երկրորդ նախագանը երբեք ՀՀ ազգային-պետական շահի դեմ ոչինչ չի անի: Այսինքն` հնարավորություն ունի, բայց չի անի:
Սակայն Ռոբերտ Քոչարյանն այդքան հասարակ ֆիգուր չէ: Նախ` ինչպե՞ս եղավ, որ արդեն գրեթե 2 տարի գործում են լրատվամիջոցներ, որոնք «քըխ» են ասում և՜ Սերժ Սարգսյանին, և՜ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբեմն նույնիսկ այդ երկուսի համատեղ դավադրության տեսությունն են առաջ քաշում: Այդպիսի ուղեգծի պահպանումը, այդպիսի տեղեկատվական դաշտի բավականին լայն հատվածում, այդքան տևական ժամանակ ահագին փող արժե, իսկ Ռ. Քոչարյանը «ձեռքից պինդ» անձնավորություն է… Հենց այնպես ներդրում չի անի:
Հաջորդը` այդ ինչպե՞ս եղավ, որ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի այն խոսքին, որ ինքը ոչ ոքի վերջնագիր չի ներկայացնում, այլ ԲՀԿ-ին ներկայացրել է պահանջներ` ճիշտ այնպես, ինչպես ներկայացնում է ՀՀԿ-ին, հանկարծ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չի պահանջել: Ո՞ր դեպքի համար է նա «ոտատեղ» անում, հո չի կարող լրջորեն հուսալ, որ ինքնուրույն կարող է ինչ-որ խաղ խաղալ:
Եվ չենք կարող չհիշատակել մեր գործընկեր Լուսինե Կեսոյանի սենսացիոն բացահայտումը օգոստոսի 18-ին Երևանի էլիտար ակումբներից մեկում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի գաղտնի հանդիպման վերաբերյալ: Թեև Բելառուսի նախագահը գագաթնաժողովի օրերին ապրում էր Գագիկ Ծառուկյանի դղյակում, սակայն այդպիսի հանդիպում կազմակերպելը հաստատ նրա խելքի բանը չէ: ՀՀ գործող նախագահի մերձավորագույն շրջապատից որևէ մեկը նույնպես դժվար թե գլուխը դներ այդպիսի «շառ» գործի տակ, որը սպառնում է սկանդալային անկանխատեսելի հետևանքներով: Մնում է Ռոբերտ Քոչարյանը, որի կապերը (որ ձևավորվել են ոչ միայն 10 տարվա նախագահության, այլև դրան նախորդող 15 տարիների ընթացքում) միանգամայն պիտանի են այդպիսի գործողությունը գլուխ բերելու համար:
Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի լուրջ ֆիգուր է, քան շատերը կարծում են: Եվ նրա լռությունն ամենևին չի նշանակում, որ նա չկա: Չէ՞ որ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանին լռության 10 տարուց հետո 2008-ին հաջողվել էր աշխատացնել պետական համակարգում պահպանված իր կադրերին, ապա Ռոբերտ Քոչարյանին առավելևս դա կհաջողվի: Ու ապարատը մաքրելը չի օգնի` նույն Քոչարյանը 10 տարի պետական մեքենան մաքրում էր «լևոնականներից», սակայն այդպես էլ մինչև վերջ չկարողացավ:
Եվ հիմա նա ունի ահագին պոտենցիալ` Պուտինից ստացած որոշակի երաշխիքներ, մարդիկ պետական ապարատում, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու այլ ուժերի` իր հանդեպ ունեցած ստվերային պարտավորությունները, մեծ փողեր, լրատվական դաշտ, այդ թվում` հեռուստաեթեր, 25 տարում կուտակած կապեր ներսում ու դրսում… Եվ գրեթե ակնհայտ է, որ 2011-ին նա շռնդալից վերադառնալու է հրապարակային քաղաքական դաշտ: Շատերի համար` անսպասելի, քաջատեղյակ փոքրամասնության համար` միանգամայն սպասելի: Նամանավանդ, որ վարչապետափոխության նախադրյալներն էլ արդեն երևում են …
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.