1999 թվականից ի վեր երկրորդ անգամ է,որ հոկտեմբերի 27-ը չորեքշաբթի օր է: Նախորդ` 2004թ. hոկտեմբերի 27-ին պատգամավորները հարց ու պատասխանի համար խորհրդարան եկած նախարարներին դիմավորեցին այն նույն դահլիճում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգություն — ոճրագործությունը:
2010-ի հոկտեմբերի 27-ը համընկավ 1999թ. նույն օրվան` դարձյալ չորեքշաբթի և դարձյալ հարց ու պատասխանի օր, սակայն վաղը խորհրդարանն առաջին անգամ գործադիրի ներկայացուցիչներին կընդունի միանգամայն այլ տեսքով. Ազգային ժողովի դահլիճն այնպես է վերափոխվել, որ այլևս ոչ մի բան չի կարող պատգամավորներին հիշեցնել 27- ի եղերական օրը:
Բայց անկախ դահլիճի պատերի, դիրքի, ձևի, աթոռների փոփոխությունից, անկախ պատգամավորական ցուցակում այս տարիների ընթացքում արձանագրված շարժերից, 11 տարի առաջվա աշնան երկրորդ ամսվա չորրորդ չորեքշաբթին չի մոռացվում:
Ի՞նչ էր Հոկտեմբերի 27-ը` լոկ ահաբեկչությու՞ն, թե՞ շատ ավելին: Մինչև հիմա էլ այս հարցի վերաբերյալ կարծիքներն ու ընկալումները հակասական են. սա մի թեմա է, որի մասին հիմնականում իմացողները նախընտրում են լռել, չիմացողները տարաբնույթ կարծիքներ հայտնել: Գնահատականները հիմնականում երկու մասի են բաժանվում. մի մասի համար Նաիրի Հունանյանն ու նրա խումբը պարզապես ոճրագործներ էին, որ փորձեցին տեռորի միջոցով ինչ-որ բան փոխել, մյուս մասն այդ մարդկանց ընկալում է մի փոքր այլ. նրանք պարզապես ռոմանտիկներ էին, որոնց համբերության բաժակը լցվեց և նրանք հավատացին, որ կարելի է նաև այդ կերպ ինչ-որ բան փոխել: Երկու դեպքում էլ խոսվում է ուղղորդող ուժերի առկայության մասին, խոսվում է, սակայն մինչ օրս հանցագործության բացահայտումը որևէ մեկին չի բավարարում։ Տեռորը, որպես այդպիսին, արդարացում ունենալ չի կարող, սակայն ցանկացած` անգամ ամենադաժան տեռորիստական ակտի հետևում պատմություններ են, որոնց հավաստիությունը 100 տոկոսանոց չէ։
Հոկտեմբերի 27-ով Վազգեն Սարգսյանը սրբացվեց: Այլևս որևէ մեկը չհամարձակվեց բարձրաձայն ասել այն, ինչ խոսվում էր նրա մասին մինչև սպարապետի սպանությունը: Այլ կարծիք արտահայտողները միանգամից դասվում էին «պերսոնա նոն-գրատա»-ների շարքը, իսկ բարեպաշտ երևալ ձգտողները, որոնցից շատերը նույնիսկ ճշմարտության 1տոկոսը չգիտեին, իրենց պարտքն էին համարում հարձակում սկսել համարձակների վրա:
Հոկտեմբերի 27-ը գնալով ավելի ու ավելի է վերածվում պաշտոնական տաբուի, դրա վերաբերյալ թույլատրելի են համարվում միայն ափսոսանքի, զոհերի վերաբերյալ դրական գնահատականի խոսքերը: Բայց 27-ը հայ հասարակության մեջ այն եզակի դեպքն էր, որ ցույց տվեց, որ այդքան էլ ճիշտ չէ ամեն ինչ չտեսնելու տալը, ճիշտ չէ իրականությանը դեմ գնալը, անպատժելիության հարյուրտոկոսանոց համոզվածությունը:
Մինչև Հոկտեմբերի 27-ը անարդարությանի իր բազում դրսևորումներով, ուղղակի թքում էր պատերազմ ու դառնություններ հաղթահարած ժողովրդի ճակատին: Հոկտեմբերի 27-ից հետո ժողովուրդն է թքում արդարության ճակատին, բայց ով է հաշվի առնողը:
Հոկտեմբերի 27-ի գործը դարձել է անձեռնմխելի. Նաիրի և Կարեն Հունանյաններն իրենց հետ ցմահ ազատազրկման քարշ տվեցին խմբի ողջ անդամներին: Կատարվածի ողբերգությունը թույլ չտվեց արդարադատությանը վեր կանգնել և ավելի սթափ նայել փաստերին: Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկվածների շարքում է նաև այն երթուղայինի վարորդը, որին պարզապես փողոցից բռնել և խնդրել էին հասցնել խորհրդարանի շենք. Կնյազյանը ոչինչ չկարողացավ ապացուցել: Մոռացությունից դուրս գալու մի քանի ճիգ գործադրեց նաև բժիշկ Էդիկ Գրիգորյանը, որ անգամ գործ էր պատրաստում` ներկայացնելու Հաագայի միջազգային դատարան` առ այն, որ հուզական ֆոնի վրա կայացվել է ոչ համարժեք դատավճիռ: ՀՀ Քրեական օրենսգրքի` հանցագործության համակատարողներին հանցագործների հետ նույն հարթության վրա դնելը Էդիկ Գրիգորյանի և նախկին ազատամարտիկ Դերենիկ Բեջանյանի համար ևս կյանք արժեցավ. առանց մի փամփուշտ կրակած լինելու նրանք ևս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Իր իրավունքների ոտնահարման համար դատարան դիմեց Նաիրի Բադալյանը։
Հոկտեմբերի 27-ի գործը պատվիրատուներն այդպես էլ փնտրել -չգտնելով փակեցին: Փակեցին նաև քիչ թե շատ վտանգավոր մարդկանց բերանը կամ հենց իրենց, վերածելով անվտանգ խելագարների։ Իսկ գլխավոր ոճրագործը, որքան էլ զարմանալի է, լռության ուխտ է արել, հորը պահ տալով ծերանոցում,իսկ մորը հոգեբուժարանում։ Նա նույնիսկ նրանց հանդիպելու ցանկություն չի ցուցաբերում։ Սակայն մանրամասներին այժմ այլևս անդրադառնում են միայն հազվագյուտ դեպքերում, այն էլ` տաբուի թելադրած բոլոր կանոններով։
Ո՞րն էր Հոկտեմբերի 27-ի դասը, կամ նման դաս կա՞ր, ընդհնարապես։Տեռորի գնացողները կարծում էին, թե իրենց արածը հենց դաս է` իշխանություններին սթափության դաս տալու փորձ: Ժամանակը և շարունակվող անարդարությունն ու դրանից բխող հետևանքները լռության մատնելը, ցույց է տալիս, որ Հոկտեմբերի 27-ը բոլորովին էլ դաս չէր կամ այն դասը չէր, ինչի ձգտում էին հասնել «ռոմանտիկ-տեռորիստները»: Այսօր Ազգային ժողովի պատգամավորները սովորական օրվա նման գալու են խորհրդարան: Սակայն, ովքեր 1999թ. ևս ընտրյալների շարքում էին, մի այլ զգացողություն ունեն. երեկ Ռուբեն Գևորգյանը մի հատուկ պաթոսով շնորհակալություն հայտնեց ԱԺ ներկա նախագահին, որի նախաձեռնած վերանորոգման շնորհիվ «վերջապես կորցրեցինք 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված զազրելի հանցագործությունն անընդմեջ հիշեցնող և իրագործված այդ դավաճանական ակտի հիշողություններն իր մեջ պահող այս չորս պատերը»:
Դահլիճը փոխվեց, սակայն հիշողությունը փոփոխության ենթակա չէ: Ինչպե՞ս են պատգամավորներն այս օրվա խորհրդարան գալու, ի՞նչ դաս տվեց Հոկտեմբերի 27-ը, ի՞նչ է փոխվել այսօր…
Գալուստ Սահակյան. ՀՀԿ խմբակցության ղեկավար
— Լարվածություն, իհարկե կա, որովհետև նախ ականատեսների մոտ դա մի այլ բնույթ է կրում, կարծեք թե տարիների ժապավենը նորից պտտվում է և դա ոչ թե այսօրվա գնահատման խնդիր է, այլ դա մեծ ներազդեցություն ունեցավ մեր պետական իրողությունների, ազգային ընկալումների վրա և, կարծում եմ, որ ժամանակակիցները, կամ ովքեր եղել են այդ պահին, մշտապես գիտակցում են, որ մենք պիտի ունենանք այն երկիրը, որի մասին մտածում էին մեր գործընկերները և սա է միայն ամոքիչը, առավել ևս, որպես հռետորական մոտեցում ասեմ հետևյալը, որ մենք մեր կարծիքը չենք փոխել, դա ոճրագործություն էր արտաքին ուժերի կողմից և փորձում էին մեր նորաստեղծ պետականությանը հարված հասցնել: Քավ լիցի, մեր քաղաքական ուժերը` մասնավորապես Հանրապետականը կարողացավ իրենց մեջ ուժ գտնել և փորձել ոչ թե իրողությունների ցավով տառապել, այլ այն մտածումները, որոնք ունեինք մենք, որոնցով առաջնորդվում էին մեր գործընկերները, կյանքի կոչել:
— Ասում եք արտաքին ուժերի ձեռքի գործն էր, և, փաստորեն, այդպես էլ այդ արտաքին ուժերը չբացահայտվեցի՞ն:
— Բնականաբար, հնարավոր չի նման բացահայտումներ անել, նման գործընթացներում դա կախված կլինի, ինձ թվում է, նորից հռետորական մտածողություն, մեր երկրի հետագա ուժեղացման և ամրացման պարագայում:
— Իսկ որպես ֆրակցիայի ղեկավարի, պատգամավորներից լսե՞լ եք մտավախություններ կոնկրետ այս օրվա հետ կապված, ինչպե՞ս են գալու խորհրդարան, հատկապես որ, այս տարի համընկել է չորեքշաբթին:
— Բոլորի մոտ էլ մեծ ցնցում է առաջացրել, սթրեսներ են տարել և բավականին երկար տարիներ հետո կամաց-կամաց այդ ցնցումային ուժն իր տեղը զիջեց, ավելի վճռականության և ավելի պարտադրված աշխատանքի:
Սամվել Նիկոյան — ԱԺ փոխնախագահ (Նիկոյանը 1999թ. պատգամավոր չէր, սակայն…)
— Իմ ընկերներն այդ ժամանակ պատգամավորներ էին: Տարաբնույթ ինֆորմացիա էր դահլիճից գալիս, անկեղծ ասած, հեռվից երբ փորձում ենք այդ ամենը վերապրել, հասկանալ, կրկնում եմ, տեռորիզմի դաժանությունը կայանում է նրանում, որ նա միևնույն է` թողնում է կասկածի ժանգը: Եվ ասում են, կգա ժամանակը, երբ կբացահայտվեն պատվիրատուները: Ինչքա՞ն պետք է ժամանակ անցնի, որ կարողանանք դա և ի՞նչը պետք է փոխվի, որ դա բացահայտեն: Անկեղծ ասած, երբ ասում են ինչ- որ կազմակերպիչները չեն բացահայտվել, ուղղորդիչները չեն բացահայտվել, ես փոքր-ինչ, ուղիղ կազմակերպիչների գոյության մասին այդ բանը ավելի շուտ իմ մեջ մարվեց, քանի որ եթե կային այդպիսիները, պատկերացրե´ք, անցել է 11 տարի և այդ մարդիկ ցմահ դատապարտված են և նրանցից հարազատը, թե եղբայրը ինքնասպանություն գործեցին, եթե կա այդ գաղտնիքը, ո՞ր օրվա համար է, ինչի՞ համար է: Եթե սկզբից ասում էին, թե նրանք չեն ասում, քանի որ նրանց տվել են երաշխիք, եթե անցել է 11 տարի և նրանք տեսնում են, որ փտելու են այնտեղ, էդ ո՞ր երաշխիքն ա, որի համաձայն նրանք չեն ասում, գիտեն, որ իրենք դատապարտված են չգոյության, գիտեն, որ որպես անձ չկան, ոչնչացված են որպես էություն և էդ ո՞ր օրվա համար են նրանք գաղտնիքի տիրապետում և չեն ասում:
— Վերանայման խնդիրն էլ կարծես արդեն չի շոշափվում, Հոկտեմբերի 27-ի գործի մեջ, ինչպես գիտեք, բավականին վիճարկելի տեղեր կան, օրինակ` վարորդին դատապարտել են ցմահ բանտարկության, երբ նա գաղափար էլ չի ունեցել, թե ինչի համար են ուղևորները գնում Ազգային ժողով:
— Գիտե՞ք ինչ, ես չեմ կարծում, որ կարող են կապ չունեցողին դատապարտել, չեմ ուզում հավատալ դրան և, պատկերացրեք, որ որևիցե մեկը փորձեր այն ժամանակ մեղմ մոտենալ որևէ մեկին: Պատկերացնու՞մ եք հասարակական կարծիքը ինչ կաներ նրան:
— Արդյո՞ք հենց այդ հասարակական ընդվզման, այդ մթնոլորտի ազդեցությամբ չկայացվեց սխալ դատավճիռ: Մի փոքր էսպես բոլորին համահարթեցման սկզբունքով դատապարտելը արդյո՞ք ճիշտ էր:
— Դժվարանում եմ պատասխանել, որովհետև, գիտե´ք, ողբերգությունը, ոճիրը այնքան մեծ էր, որ հիմա փորձել դրա մեջ որևէ մեկին, որը մասնակցություն է ունեցել և իմացել է ինչի է գնում և փորձես մեղմել նրա դատավճիռը, կարծում եմ, այդ արարքն այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև յուրաքանչյուր մարդ, որ գիտի, որ ինքը փոքր մասն է, բայց ինչպիսի գործի է ինքը մասնակից, երևի ճիշտ չի նման հարցադրում անել:
— Դուք որպես փոխնախագահ, ի՞նչ զգացողություններ ունեք այս օրվա հետ կապված, վաղն էլ նիստ եք վարելու…
— Եվ հետաքրքիրն այն է, որ վաղը ևս կառավարության հետ հարց ու պատասխանի օր է: Եվ այդ ցիկլը համընկել է և պատգամավորների մեջ արդեն այդպիսի խոսակցությունները…
— Կարո՞ղ է վաղը մարդ չգա:
— Չէ´, գիտե՞ք ինչ, ընդհանուր առմամբ, սա պետականություն չունեցող ժողովրդի միջից ծնված մարդկանց հարաբերությունները լուծելու ձև է: Եթե մենք ունենայինք դարավոր պետականության մշակույթ, քաղաքացիների մոտ այդ հարցերը լուծելու այլ մեթոդներ, այլ եղանակներ գենետիկորեն նստած կլինեին: Բայց քանի որ չենք ունեցել, և հիմա այդ պրոցեսի մեջ ենք, դրա համար էլ բոլորի մեջ կա այդ ցանկությունը, թե նա ով է, մի տաս, քսան կամ մի քանի տարի առաջ ես իրանից լավ էի խոսում, հիմա ինքը դառել ա եսիմ ինչ…
— Դե, Հոկտեմբերի 27-ի հանդեպ մոտեցումներն էլ, կարծես թե, երկու մասի են բաժանվում. մի մասն ասում է` ոճրագործներ են, մի մասը` ռոմանտիկներ: Եվ կարծես հիմքեր կային երկուսի համար էլ:
— Այո´, անկեղծ ասած, ես հենց այդ ժամանակ դիմացի մայթին կանգնած էի և շատ մարդիկ հավաքվել էին այնտեղ և ընդհանուր ցավի, տագնապի ու մտատանջության զգացողություն կար, բայց արի ու տես, որ կային նաև մարդիկ, որոնք ասում էին, որ այո´, դրանց տեղն է: Եվ նման մոտեցումները շատ ավելի քիչ է, փոքր է հիմա, բայց ո՞վ է ասում, թե հիմա էլ չկա:
— Ա´յ, հենց նշանակետին խփեցիք, որքանո՞վ է ճիշտ խնդիրներին լուծում չտալը, քնեցնելը, անտեսման մատնելը: Դա հենց քաղաքական ղեկավարության որոշելիքն է, և Դուք էլ դրա ներկայացուցիչն եք, նույն հոկտեմբերի 27-ն էլ դաս է չէ՞ կարծես, որ չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին, ժողովրդին արհամարհել և կարծել, թե ամեն ինչ կարող է շարունակվել իշխողների ուզածի պես:
— Դաս է, այո´, Հայաստանի Հանրապետությունում կամ մեր նման երկրներում կարող են խնդիրներ կուտակվել, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այն, որ կարելի է ավելին անել իշխանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար, ես դրան հավատում եմ, որ ավելին կարող ենք անել և պարտավոր ենք անել, և այն, ինչ անում էին 5 տարի առաջ, հիմա ավելին ենք անում, բայց կան շատ սուբյեկտիվ պատճառներ: Իշխանության մեջ յուրաքանչյուր մարդ պարտավոր է հասկանալ, որ ինքը վարձու աշխատող է, պարտականություններ ունի, իշխանությունը ոչ թե որպես արտոնություն ընկալի, այլ որպես պարտականություն:
— Բա ինչի՞ չեն հասկանում:
— Գիտե՞ք, մի´ ասեք ինչի չեն հասկանում, եկեք ձեզ մարդիկ ցույց տամ, որոնք էդպես ապրել են, էդպես ապրում են, էդպես էլ կապրեն:
Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում էր նաև Վիկտոր Դալլաքյանը:
— Լարվածություն չկա։՞
— Ճիշտն ասած, կա ափսոսանք, կա հիշողություն, քանի որ ես այդ օրը եղել եմ դահլիճում, ընդ որում, ես ասեմ, հարց ու պատասխանը վերջացրել էի, Ֆրունզե Խառատյանը հարցը տվել էր Բարխուդարյանին, այսինքն` իմ հարցի պատասխանից հետո ա եղել դա: Եվ ես շատ լավ հիշում եմ, որ դահլիճ մտան, ես նստած էի Վազգեն Սարգսյանից չորս շարք հետ և նաև հիշում եմ Վազգեն Սարգսյանի բառերը, երբ որ մտավ Հունանյանը, Վազգեն Սարգսյանը փորձեց կանգնել ու սենց ձեռքը դեպի ավտոմատը տարավ, դե, տարածությունը շատ փոքր էր և հարմար չէր և ասեց` «էս ո՞վ ա», ա´յ, իրա վերջին բառերն են դրանք և այն մարդիկ, ովքեր էդ օրը դահլիճում են եղել, չեն կարող, անկախ նրանից, դա նիստերի օր կլինի, թե չի լինի, չեն կարող այդ ամենը չվերապրել, ես էդ ամեն ինչը վերապրել եմ, և պետք է ուղղակի այդ ամեն ինչից դասեր քաղել և նաև ասեմ, որ Վազգեն Սարգսյանի մարմինը տեղափոխողներից մեկը ես եմ եղել: Մենք ջարդեցինք առաջին շարքի նստարանը, նաև հիշում եմ ովքեր` Վարդան Խաչատրյանը` ֆինանսների նախկին նախարարը, Մյասնիկ Մալխասյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը և ես, չորսով տեղափոխեցինք: Վազգեն Սարգսյանի գոգին, դե, թեքված էր, պարկուճներ էին, ես երկու հատ գրպանս դրեցի և հաջորդ օրը, երբ որ Արարատ էինք գնացել, մորն եմ հանձնել, նաև ամբողջ կոստյումը կարծես ջրի մեջ մտցրած-հանած`արնաքամ էր եղել, իմ ձեռքերը ամբողջությամբ արյունոտված էր, օրենքների նախագծի թուղթն էր, էդ թուղթն էլ եմ տիկին Գրետային տվել, իսկ բեմի վրա Կարեն Դեմիրճյանն էր` կոստյումը գլխին գցած, քանի որ նրան կոնտրոլնի խփել էին` փակ էր գլուխը և ակնոցը ընկած էր, ես ակնոցը գրպանս եմ դրել ու մի քանի օր հետո տիկին Ռիմային եմ հանձնել: Ծանր է, դե, օրինակ, ես վաղվա համար գրավոր հարցում եմ արել կառավարությանը, բայց վաղը ես էդ ամեն ինչը վերապրելու եմ, նույնիսկ չնայած իմ 15 տարվա պատգամավորական փորձին, որը փոքր ժամկետ չի, անկեղծ ասեմ, որ հաստատ կհուզվեմ վաղը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.