Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որոշել էր անել այն, ինչ չկարողացան անել ո´չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո´չ Հայաստանի, ո´չ էլ, առավել ևս, Ադրբեջանի ղեկավարությունը. Սփյուռքի նախարարը որոշել է հասնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը և դա անել ընտրովի բանակով:
Ընտրյալների «բանակը» գրեթե երկու հարյուր հոգանոց է, «զինվորներն» կոչվում են լրագրողներ, իսկ Արցախի ազատագրման օպերացիան `«Լրագրողների համահայկական համաժողով»:
Սա թվով հինգերորդն է, բայց առաջին անգամ է, որ անց է կացվում ԼՂՀ-ում: Նախարարը հենց առաջին օրը «զինվորագրվածներին» բացեց իրենց այցելության գաղտնիքը. «Դուք կգնաք, կծփաք, կգրեք Արցախիմասին և բոլորս շուտով կտեսնենք դրա պտուղները»: Թե ինչպե՞ս են ծփալու լրագրողներն ու ի՞նչ պտուղներ կարելի է սպասել դրանից, միայն երևակայել կարելի է: Իսկ հիմա ավելի մանրամասն «ծփանքի» մասին:
Ծփանքը մի քիչ անկազմակերպ սկսվեց
Սփյուռքի նախարարությունը մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածել լրագրողական համաժողովի մասին, հայտեր էր ընդունում, հայտ ներկայացնողները զեկույցներ էին գրում, հետո նստած հանգիստ սպասում համաժողովի սկսվելուն: Սակայն շատերը համաժողովի մեկնարկից մեկ-երկու օր առաջ, երբ զանգեցին, իմացան, որ իրենք չեն մասնակցելու։
Պարզվում է, մերժումները երկուստեք են եղել. Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի հավաստիացմամբ, նախարարությունը հրավերներ է ուղարկել ՀՀ բոլոր իրենց ընդդիմադիր համարող օրաթերթերին, սակայն նրանցից և ոչ մեկը այդպես էլ չի արձագանքել (համաժողովի նախավերջին օրը միայն «Հրապարակ» օրարթերթի խմբագիրը եկավ):
Հայաստանից «լրագրողների համահայկական համաժողովին» հիթը գլխավորում էին Աստղիկ Գևորգյանը, Հակոբ Ավետիքյանը, Արմեն Ամիրյանը, Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Աբրահամյանը և այլն:
Սփյուռքի նախարարության համար Հայաստանը վերջից առաջին տեղում է
«Բանակը» հայտնի չէր` ում ճաշակով էր կազմվել։ Այն ավելի շուտ սփյուռքահայ լրագրողների համաժողով էր, որտեղ հայաստանցի լրագրողները համեստ փոքրամասնություն էին կազմում: Սփյուռքի լրագրող-խմբագիրները Հայաստանի լրատվական դաշտին բացարձակ անտեղյակ էին: Նրանք տեղյակ չէին նույնիսկ իրարից, բայց սա բնավ էլ զարմանալի չէր, քանի որ Սփյուռքի նախարարությունում ևս առանձնապես տեղյակ չէին Հայաստանի լրագրողներից:
Արժե՞ր նման համաժողով կազմակերպել
Նախարարության պարզաբանմամբ, սփյուռքահայ լրագրողները Հայաստան են եկել իրենց կամ համայնքի ծախսերով։ Պետական բյուջեի միջոցները Սփյուռքի նախարարությունը ծախսել է միայն լրագրողներին Ղարաբաղ հասցնելու, նրանց ման տալու, հյուրանոցում հինգ օր պահելու և դրա հետ կապված հարցերի վրա: Եվ ուրեմն, ի՞նչ տվեց կամ ի՞նչ կտա այս համաժողովը, արդարացվա՞ծ էին պետբյուջեի նման կորուստները:
Եթե համաժողովը դիտարկենք իբրև սփյուռքահայ լրագրողների «թրեյնինգ», ապա երևի թե արժեր կազմակերպել, օրինակ` համաժողովի ժամանակ Կարեն Բեքարյանը հստակ խնդիր դրեց սփյուռքյան լրատվամիջոցների առջև` միավորել ուժերը Ցեղասպանության և ԼՂՀ հարցի բարձրացման, դրա լուսաբանման շուրջ:
Սփյուռքահայերի համար միանշանակ արժեր համաժողով կազմակերպել։ Նրանց համար իրոք տոն էր` իրար տեսան, ճանաչեցին, հայրենիքի հողն ու ջուրը վայելեցին: Բայց արդյո՞ք դրա համար արժեր այդքան ծախս անել, սփյուռքահայ լրատվամիջոցներին. Ընդամենը ի նպաստ հայրենիքի գործելու կոչեր կարելի էր տարածել նաև էլեկտրոնային եղանակով: Օրինակ` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շատ բաց տեքստով ասաց, որ իրենք ի վիճակի չեն լրագրական դաշտ զարգացնել, քանի որ ավելի առաջնային են համարում դրա փոխարեն մի ճանապարհ, մի դպրոց կառուցելը:
Համաժողովի անվան տակ Ղարաբաղում ման գալու ու այնտեղի պաշտոնյաների հետ հանդիպելու պայմաններ էին ապահովված։ Իսկ Համաժողովի ժամանակ գոնե մի անգամ ԶԼՄ-երի խնդիրներին առնչվող որևէ ազատ քննարկում չեղավ, լրագրողների անազատության, ծախվածության, կոնֆորմիստության աններելիության և նմանատիպ` հայաստանյան լրագրական դաշտի խոցերին որևէ մեկի կողմից անդրադարձ չեղավ: Չեղավ, որովհետև անդրադարձող պարզապես չկար, իսկ ով էլ կար` հասկացավ, որ անիմաստ է նման միջավայրում բառ անգամ ասել` ու՞մ ասես…տարաբնույթ ելույթներ եղան, որոնցից շատ քչերի մեջ կարելի էր կոնկրետ շոշափելի առաջարկ, իսկապես ոլորտին առնչվող խնդիրներին վերաբերող բան լսել։
Բացառություն էին, թերևս, Վրաստանի հայ լրագրողներնը, որոնցից մեկի ելույթը ընդհատեցին, մյուսի ժամանակ էլ «վերնախավը» ցուցադրաբար չէր լսում, քամահրական և ձանձրացող հայացքներ էր գցում, քանի որ երիտասարդ ներկայացուցիչն ասում էր, թե «ազատ և անկախ լրագրողը անելու բան չունի, լրագրողը շատ լավ գիտի, որ իրեն չեզոքացնելը խնդիր չի…», իսկ երբ ասացին, թե իրենք Հանրային հեռուստատեսություն չեն կարողանում դիտել, քանի որ արդեն մեկ տարի է Վրաստանի իշխանություններն արգելել են այն, տիկին նախարարը հավաստիացրեց, որ պետական հանդիպումների ժամանակ իրենք մշտապես բարձրացնում են այդ հարցերը, բայց Վրաստանն ունի իր ներքին քաղաքականությունը, որի հետ հարկավոր է հաշվի նստել և թեման փակվեց:
Նախարարության թեզիսները
Լրագրողների համահայկական համաժողովի վերջում առաջ քաշվեց նախարարության թեզիսները. «Մենք պիտի այդ հարսներն ու փեսաները մերը դարձնենք», հայտարարեց տ-ն Հակոբյանը` խոսելով Սփյուռքի ամենացավոտ խնդիրներից մեկի` խառն ամուսնությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին:
«2011թ. լինելու է Սփյուռքի միջազգայնացման տարի», հայտարարեց նախարարը: Սա իսկապես այնպիսի գաղափար էր, որ կարող էր շարժել ցանկացած գերհզոր տերության ցանկացած վերլուծական կենտրոնի ուղեղների նախանձը։ Նախարարը հայտնեց, որ մի շարք երկրներ ունեն Սփյուռք, ունեն նաև Սփյուռքի նախարարություններ: Նախարարը խնդիր է դրել ձևակերպել «սփյուռք» հասկացությունը, դրա խնդիրները, որի հիման վրա Հակոբյանը պատրաստվում է առաջարկ ներկայացնել ՄԱԿ-ին` գումարելու սփյուռքերի համաշխարհային համաժողով, բայց միայն պայմանով, որ Հայաստանն ունենա նախաձեռնողի կարգավիճակ: Կարելի է անսխալ կանխատեսել, թե այդ համաժողովում ղեկավարի ընտրության ժամանակ ում կտրվի նախապատվությունը:
«Մենք պիտի այնպես անենք, որ 2015թ. 1,5 միլիոն հայ դառնա ՀՀ քաղաքացի». այս կոչը նախարարն ուղղեց լրատվամիջոցներին` խնդրելով հնարավորինս շատ լուսաբանել երկքաղաքացիության ինստիտուտը: Հայաստանում ապրողներն այս կոչին արձագանքեցին. «Այնպես արեք, որ էդ 1,5 միլիոնը չգնա երկրից» ռեպլիկով։
«Աշխարհում կա 7 միլիոն հայ. եթե նրանցից յուրաքանչյուրը 7 տարին մեկ անգամ որոշի իր հանգիստն անցկացնել Հայաստանում, մենք տարեկան կունենանք 1 միլիոն զբոսաշրջիկ: Դուք հանգստանում եք` երկիրը զարգանում. դրանից էլ հեշտ բա՞ն». սա էլ նախարարի տուրիզմի զարգացման թեզն է: Եվ քանի որ կառույցը միայն սփյուռքահայերին բերող է, նրան չի էլ հուզում, թե ինչ գներ են Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, ինչպես են սփյուռքահայերը մեկ անգամ հայրենիք այցելելուց հետո հասկանում, որ երկրորդ անգամ նման փորձության չարժե ենթարկվել և նույնը խորհուրդ են տալիս իրենց ծանոթ-բարեկամներին:
Սփյուռքի նախարարությունը երկպառակություն էր ուզո՞ւմ
Համաժողովի վերջին օրը` վերադարձի ճանապարհին Գորիս քաղաքում նախատեսված էր հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպումից 5 րոպե առաջ, առանց այն էլ համաժողովի ընթացքում հետին պլանում հայտնված հայաստանցիները տեղեկացան, որ իրենց ներկայությունը ցանկալի չէ. Սերժ Սարգսյանին հանդիպելու պատիվը վերապահվեց միայն սփյուռքահայերին։ Հայաստանցի լրագրողներին կարգադրեցին 15 րոպե զբոսնել մինչև հանդիպումն ավարտվի:
Հանդիպումը տևեց մեկ ու կես ժամ, որի ընթացքում պատերի տակ արևի ճառագայթներին ևս դիմակայող հայաստանցի լրագրողները հասկացան, որ այս նախարարությունը ստեղծվել է շատ հստակ ծրագրով` կոորդինացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, պահպանել դրանց միջև առկա բաժանարար գիծը, հնարավորինս խորացնել այն և այնպես անել, որ Հայաստանից մնա միայն Սփյուռքի նախարարություն կոչվածը, իսկ ավելի լավ միջոց, քան այնպես անել, որ հայաստանցիները վերջնականապես հիասթափվեն իրենց երկրից, դժվար է պատկերացնել: Գորիսում այս ծրագիրը բավականին արդյունավետ առաջընթաց արձանագրեց: Իսկ Հայաստան-Սփյուռք անջրպետն ավելի քան խորացավ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.