Հենրիկ Մալյանի դուստրը`«Մալյանի» անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Նարինե Մալյանն է իմ զրուցակիցը:
— Ո՞ր հատկանիշն էր Հենրիկ Մալյանին բնորոշում որպես հայ մտավորական:
— Այն, որ նա անտարբեր մարդ չէր: Անտարբեր չէր ոչ միայն իր հայրենիքի, այլև իրեն շրջապատող յուրաքանչյուր մարդու հանդեպ: Եզակի վերաբերմունք ուներ իր թատրոնի դերասանների հանդեպ, ստեղծում էր բացառիկ սիրո միջավայր, որտեղ և ստեղծագործում էր:Նույնը և կինոյում, ու երևի այդ էր պատճառը, որ համարյա միշտ նույն կազմի հետ էր աշխատում: Մալյանը շատ էր գնահատում մարդուն, աշխատում էր նրա մեջ տեսնել ամենալավը: Վատ էր զգում իր ազգի պարտություններից, անգամ մեր ֆուտբոլի պարտությունը նրա համար մտահոգության պատճառ էր, իսկ Յուրի Վարդանյանի ամեն հաղթանակը ցնծություն էր: Նա իր ազգի դարդ ու ցավով ապրող մարդ էր:
— Ինչպե՞ս հիմնադրվեց թատրոնը:
— Մալյանը թատրոնն ավելի շատ էր սիրում, քան կինոն: Միշտ ասում էր.«Կինոյում երկաթեղենը շատ է»: Իսկ թատրոն բացելու գաղափարը ծնվեց մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական կուրսում, որտեղ նա դասավանդում էր: Եվ հենց իր ուսանողներն էլ հիմքը դրեցին թատրոնի: Թատրոնը բացվեց 1980 թվականին: Տրամադրվեց կինոյի տան փոքր դահլիճը, որտեղ և մինչ օրս փորձում ենք պահպանել Մալյանական թատրոնը:
— Հենրիկ Մալյանն ինքնատիպ դպրոց և ավանդույթներ է թողել: Ո՞ր երևույթն է, որ հատկապես պահպանվել է թատրոնում:
— Տարօրինակ չթվա, բայց, նախ և առաջ, առանց գոռոցի միմյանց հետ շփվելու թե´ առօրյայում, թե´ բեմում, միմյանց հարգելու ու սիրելու մշակույթը: Գուցե սա ավանդույթ չի համարվում, բայց պահպանվում է ընտանեկան մթնոլորտը և ով մուտք է գործում թատրոն, իրեն ընտանիքի լիարժեք անդամ է զգում: Մալյանը որքան էլ մարդասեր էր, միևնույն ժամանակ խստապահանջ էր գործի նկատմամբ և ճշմարտախոս:
— Եվ իր տեսակի օրինակով բազմաթիվ մտավորականներ է ձևավորել թատրոնում:
— Այո: Եվ այդ է պատճառը, որ մինչ օրս կարողանում ենք պահել թատրոնը` ունենալով բազմաթիվ խնդիրներ: Չունենք շենք, դերասանները չունեն նորմալ գրիմանոցներ, որտեղ նախապատրաստվեն ներկայացման: Իհարկե նախագիծ կա, բայց, ինչպես միշտ, չկա համապատասխան գումար։ Կինոմատոգրաֆիստների միությունը մի որոշ գումար տրամադրում է, բայց դա բավարար չէ: Թատրոնը կարիք ունի հովանավորների, որպեսզի սկսի շինարարությունը, որ բոլորս համախմբվենք մի փոքրիկ, ջերմ գեղեցիկ անկյունում: Այնուհանդերձ, անտեսելով դժվարությունները, ամեն օր զինվորի նման, գալիս ենք թատրոն, համարելով դա մեր պարտքը և ինչ- որ տեղ` մեր խաչը:
— Համարո՞ւմ եք, որ Հենրիկ Մալյանի պես հզոր անհատն իսկապես ըստ արժանվույն գնահատված է մեր երկրում:
— Սովորաբար խուսափում եմ այդ թեմայից: Ինչ էլ որ ասեմ, միևնույն է` լինելու է իմ սուբյեկտիվ կարծիքը: Կարծում եմ, գնահատված չէ: Դրսում գուցե ավելի շատ: Բայց, ցավոք, մենք հիմա կոսմիկական արագությամբ ուզում ենք պոկվել մեր արմատներից, ուզում ենք, որ, օրինակ, Լոռվա մի անկյունում երեխան ծնվի ու մայրիկի փոխարեն ասի` «Mother»: Գնահատված չէ այն մարդկանց կողմից, ովքեր հայի տեսակը չեն զգում: Ցավով եմ նշում, բայց մենք այդքան էլ շատ կինոռեժիսորներ չունենք, ովքեր ծառայել են իրենց ժողովրդին: Ոչ միայն Մալյանը, նաև Դովլաթյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Դմիտրի Քյոսայանն ու էլի շատերը կան, որոնք ըստ արժանվույն գնահատված չեն: Շատ արագ ու թեթև ենք նրանց մոռանում և հենց դրանով էլ պնդացնում ենք այն մարդկանց տեղը, որոնք այսօր աշխատում են այդ ասպարեզում, չգիտակցելով, որ ապագան ստեղծվում է անցյալի ճիշտ գնահատմամբ:
— Ինչպիսի՞ պահանջներ, ի՞նչ ակնկալիք ունի մեր այսօրվա հասարակությունը, հանդիսատեսը:
— Միշտ էլ հանդիսատեսը տարբեր է եղել: Մեր հանդիսատեսը շատ տարբեր տեղերից է սնվում և հեշտ մարսելիք սնունդ է սիրում: Թատրոնը պիտի հանդիսատեսին դարձնի իր համախոհը` ո´չ պիտի իջնի հանդիսատեսի մակարդակին, ո´չ էլ շատ բարձրանա: Թատրոնը պիտի խոսի իրեն հուզող թեմայի մասին իր հատուկ լեզվով և ուղղորդող լինի: Թեև հիմա շատ դժվար է նման թեմաներով պահել թատրոնը, տոմս վաճառել, հանդիսատես ներգրավել, որովհետև տարիներ շարունակ հեշտ մարսելի կերակուր է կերել ժողովուրդը և սովորել է դրան` թեթև քրքիջ, թեթև ծիծաղ: Մարդը թատրոնից պիտի գնա լցված, իր մտածողության մեջ մի բան պիտի փոխվի կամ համապատասխանի իր մտքին: Թատրոնը պիտի իր մտահոգությունը կիսի հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսը, ինչու՞ ոչ, պիտի մոռանա իր հոգսերի մասին:
— Կարո՞ղ եք բնորոշել մեր այսօրվա մտավորականին:
— Չէի ուզենա բնորոշել, որովհետև ես չէ, որ պիտի դատեմ: Այսօր ամեն մեկը չէ, որ կարող է կանգնել իր սկզբունքների համար: Եվ մեղադրելի չէ, որովհետև յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը և ազատ է իր ընտրության մեջ: Մենք ունեցել ենք մեծ գաղափարների տեր մտավորականներ, այսօր այդպիսիք, ցավոք, չեն երևում, լռություն է: Անտարբերություն է, իսկ դա մեծ ցավ է մեզ համար: Դա նման է հիվանդության, որը վտանգավոր և վարակիչ կարող է դառնալ:Անտարբերությունն ախտ է, որը տարածվում է վարակի նման: Ամեն մեկն իր տեղը գտել է և չի ուզում նկատել, թե իր շուրջը ինչ է կատարվում:
— Բարենպա՞ստ է, արդյոք, մեր ժամանակաշրջանը թատրոնի համար:
— Բոլոր ժամանակներում էլ թատրոնի մարդիկ դժվար են ապրել, միշտ էլ եղել են նվիրյալներ, խենթեր, ովքեր առանց թատրոնի կյանք չեն ունեցել: Թատրոնը չի կորչի, քանի դեռ կան դերասաններ, ովքեր մինչև վերջ չեն բացվել,չեն արտահայտվել, քանի դեռ կան խենթ երիտասարդներ:
— Կարո՞ղ ենք հույս կապել մեր խենթ ջահելների հետ և հուսալ, որ վաղը վառ մտավորականներ կունենանք:
— Դա հրաշք կլինի, բայց տարիներ անց, հավատում եմ, որ լինելու է վերածնունդ: Ամպայման: Այսօր մեր երիտասարդին պակասում է էլեմենտար դաստիարակությունը, պակասում է սերը սեփական քաղաքի հանդեպ: Չեմ կարող անտարբեր նայել, երբ ցանած ծաղիկը, որ գեղեցկացնում է մեր քաղաքը, պոկռտում են, երբ արևածաղկով աղտոտում են քաղաքը: Դա չեմ ընկալում: Դա այն մութ ու ցուրտ տարիների բացթողումն է, երբ ծնողներն ունեին բազմաթիվ խնդիրներ և ժամանակ չեն ունեցել զբաղվելու իրենց երեխաների դաստիարակությամբ: Հենց դրա պտուղներն էլ հիմա քաղում ենք, բայց համոզված եմ, որ ունենալու ենք վաղվա մտավորականություն: Պիտի լինի զարթոնք: Ամպայման կգա ինքնամաքրման պրոցեսը:
— Ամենամեծ վտանգը, որ այսօր տեսնում եք:
— Ատելության, նախանձի, և հատկապես անտարբերության մեջ եմ տեսնում վտանգը:
— Երբևէ մտածե՞լ եք լքել հայրենիքը:
— Երբեմն ինքս էլ մտածում եմ լքել, ինչպես շատերը, բայց դա լինում է պահի տակ, երբ հիասթափվում կամ հուսալքվում եմ: Կույր չենք, բոլորս էլ տեսնում ենք մեր երկրի թերությունները, բայց չեմ կարողանում լքել: Այստեղ իմ հուշերն են, պատուհանից երևացող իմ քաղաքի պատկերն է, առանց որի` իսկապես հնարավոր չէ :
— Հասկացա, որ բնորոշումներ տալ չեք սիրում, այնուհանդերձ, ասում են` ազատ, անկախ, դեմոկրատ երկրի քաղաքացիներ ենք: Զգու՞մ եք Ձեզ այդպիսին:
— Իհարկե` ոչ միշտ, երբեմն ինձ շատ ճնշված եմ զգում:
— Եվ ո՞րն է դրա պատճառը:
— Ինձ շատ է խռովում մարդկային նախանձը: Այն ինձ խանգարում է: Նախանձը դիմացինին միանգամից տապալելու նենգ ցանկություն է` տապալել երիտասարդ ստեղծագործողին կամ մի նոր էքսպերիմենտ: Տապալելը հեշտ է, վարկաբեկելը հեշտ է, մարդուն բարձրացնելն է դժվար, մարդուն հարգելը, սիրելն է դժվար, բայց դա է միակ ճիշտ ուղին:Ես դրոշակակիր, մասսաների տանող մարդ չեմ, բայց չի կարելի տապալել միմյանց :
— Իսկ մարդու իրավունքի հա՞րցը, երբ որպես արվեստագետ եք նայում։
— Ինձ համար անհեթեթ հարց է, երբ ասում են, թե ինչ թատրոն է այսօր պետք: Թատրոնները պիտի տարբեր լինեն, ամեն մեկն իր խոսելու եղանակով, արտահայտվելու, մտածելու եղանակով, բոլորն էլ պիտի սնվեն միմյանցից և սովորեն: Ո՞վ է որոշում, թե մեկը պիտի լինի, իսկ մյուսը` ոչ: Սա ինձ խանգարում է, և սրա մասին չեմ կարող լռել: Բոլորս էլ ունենք ազատ, դեմոկրատ երկրում ստեղծագործելու իրավունքներ։
— Այնուհանդերձ, հավատու՞մ եք մեր ազատ երկրի ապագային:
— Իհարկե հավատում եմ: Բայց շատ բան մեզանից է կախված: Մենք պիտի մաքրենք մեր մտքերը, ամենօրյա շփումների մեջ լինենք ազնիվ, մաքուր և չկորցնենք հավատը Աստծո հանդեպ, որովհետև այս ամբողջ ժամանակ մեզ Աստված է պահում, բայց դա չի կարող անվերջ լինել, մենք էլ պիտի աշխատենք: Ամպայման: Յուրաքանչյուրս պիտի աշխատի իր վրա և ամեն օր:
— Ձեր երազանքների մասին:
— Չեմ սիրում երազել: Դա իլյուզիա է, հեռացում իրական կյանքից: Երազելով խախտվում է կյանքի ռեալ գնահատումը, ճիշտ ապրելու և մտածելու կարողությունը: Դա ծուխ է, որը կարող է կուրացնել, մարդն այդ ծխի արանքով չի կարողանում ճիշտ տեսնել: Գուցե երազող եմ, բայց իլյուզիա եմ համարում երազանքները: Թերևս միակ ռեալ երազանքս թատրոնի շենք ունենալն է, որտեղ կգործի մեր թատրոնի ստուդիան, մեր դերասանները կդասավանդեն, կհաղորդեն իրենց փորձը երիտասարդներին, ովքեր էլ հետո կներգրավվեն թատրոնում, այսպիսով էլ ճիշտ սերնդափոխություն տեղի կունենա: Ոչ ոք անտեսված չի լինի, կաշխատեին, կմտածեին և կպահպանեին այն, ինչ ստեղծել ենք Հենրիկ Մալյանի հետ:
Կարինե Ջանջուղազյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.