Բալասան մեծ պապիս ընտանիքում ծնված երեխաները մահանում էին ծծկեր հասակում: Ադրբեջանական գյուղի մոլլան ասաց, որ քրիստոնյաների Աստվածն է տանում երեխաներին, ու պետք է խաբել նրան` երեխաներին մուսուլմանական անուններ տալով: Պապիս անվանեցին Շամիր, ու նա ապրեց: Հզոր ձայն ուներ նույնիսկ երեխա ժամանակ, երգեր էր հորինում և ինքաշեն քամանչայի վրա ինքն իրեն ձայնակցելով` երգում: Ինը տարեկան էր, երբ պահածոյի տուփից սարքեց առաջինն ու սկսեց ապրել երաժշտությամբ:
Եկավ 37 թիվը, ու Բալասան պապիս էլ հասավ: Խեղճ արհեստավոր մարդու մեղքն այն էր, որ Աղասի Խանջյանի շինծու ինքնասպանությունից հետո գեղամեջում ասել էր, թե ինքը Խանջյանին ճանաչել է, երբ նա մեր գյուղն էր եկել, ու նա իր վրա խելահեղ կամ կյանքից հոգնած մարդու տպավորություն չէր թողել: Ասել էր. «Բերիայի ձեռքի գործն է, Խանջյանն իրեն սպանողը չէր»: Բալասան պապին տարել ու ընդմիշտ կորցրել էին: Երկար տարիներ հետո պապս վախվխելով տեղեկացել էր, որ մատնողը ազգակից-բարեկամ է եղել: Սկսվել էր չքավոր կյանքը: Ողջ ունեցվածքը բռնագրավել էին: «Հայրենիքի դավաճանի» պիտակը, դրանից բխող վախերը, անախորժություններն ու անհանգստությունը պապիս ընտանիքին երկար տարիներ լարվածության մեջ են պահել: Նույնիսկ հիմա է պապս ասում. «Բալա, մի գրի, կարող ա էգուց իշանությունները փոխվեն, ու մեզ վնաս գա էդ գրածից: Հենա` Սերո Խանզադյանն էլ էր ասում` Շամիր, բեր, էդ ղաչաղությանդ պատմությունը գրեմ, լավ գիրք կդառնա: Վախում էի կոմունիստներից, չթողեցի որ գրի»:
Չնայած տասնվեցամյա պապիս բաժին հասած դժվարին կյանքին (հորը տանելուց հետո իր վրա էր վերցրել մորը և մյուս չորս երեխաներին կերակրելու բեռը), պապս մնաց երաժշտության ծառան, որը նրան ու ընտանիքին սկսեց նաեւ կերակրել: Հարսանիքներին քամանչա նվագելով ու երգելով էր հաց վաստակում:
Սկսվեց պատերազմը, պապիս կանչեցին զինկոմիսարիատ: Չէր հասցրել ժամանակին ներկայանալ: Մորաքրոջ թաղմանն էր գնացել և ուշացել… ու վախից, որ «հայրենիքի դավաճանի» որդուն կհամարեն դասալիք, հոր նման կգնդակահարեն, երկար ամիսներ դարձել է ղաչաղ, թաքնվել անտառներում, սնվել ուշ աշնան ու ձմռան անտառի խղճուկ պաշարներով: Մայրը հազվադեպ էր կարողանում թաքուն ուտելիք հասցնել: Վախենում էր պապս ամեն ինչից, քնում կենդանիների որջերում, մարդուն համարում կենդանիներից առավել սարսափելի գիշատիչ: Քամանչան էր նրա «ղաչաղության» միակ ընկերն անտառում. կամաց, թաքուն նվագում էր ու երգում իր երգերը: Քամանչան պահեց նրա բանականությունը` չթողնելով, որ խելագարվի մենությունից ու վախից:
Գարնանը Մաշինկա զիզաս՝ մեծ տատս, տեղեկացավ զինկոմիսարիատից, որ պապիս կներեն, եթե ներկայանա ու գնա կռվելու: Պապս էլ, դողը սրտում, գնացել էր: Ուղարկել էին ուղիղ գործող ռազմաճակատ, առաջին գիծ` Մալայա Զեմլյա: Այնտեղ էլ էր քամանչա սարքել, նվագել ու երգել` զինվորներին հիշեցնելով խաղաղ օրերը: Մի տարի կռվելուց հետո վիրավորվել էր, կոնտուզիա ստացել, կես տարի բուժվել հոսպիտալներում: Այնտեղ էլ է նվագել ու երգել` ուրախացնելով վիրավորներին ու խենթացնելով գթության քույրերին: Քսաներկու տարեկանում արդեն աշուղ Շիրվանի դարձած` վերադարձավ հայրենի Կաղնուտ:
Գեղեցիկ տղամարդ էր պապս, բայց հաշմանդամ էր դարձել. նյարդային ցնցումներ ուներ դեմքի մի մասում, տեղաշարժվում էր մի կերպ` հենափայտերով: Սիրահարվեց Հայկանուշ տատիս, որ գյուղի ամենատեսքով աղջիկներից էր: Նա էլ պատերազմը սկսվելուց հետո` իններորդ դասարանից թողել էր դպրոցն ու դառնալով պահեստապետ` ուսերին վերցրել բանակ պարեն մատակարարելու դժվարին հոգսը: Դժվար գործ էր, քանի որ հացահատիկը սոված գյուղից, առանց բնակիչներին կարգին բաժին հանելու պետք է գրեթե ամբողջությամբ առաքվեր ռազմաճակատ: Երազում էր ուսուցչուհի դառնալ տատս: Սիրում էր կարդալ, սակայն ոչ ուսուցչուհի կարողացավ դառնալ, ոչ էլ ուզածի չափ կարդալ: Տատս պատմում է.
«Քանի պատերազմ էր, ասում էի` կպրծնի, կգնամ ինստիտուտում կսովորեմ, կդառնամ ուսուցչուհի: Հետո պսակվեցի պապիդ հետ: Լավ երգեր էր գրում, ինձ էլ էր երգեր նվիրում: Բա էլ ո՞նց չսիրահարվեի, հո քարից չէի: Սաղ ասում էին` Հայկուշը սարսաղ ա, ինվալիդ ա ուզում, մենակ Մարիամ մերս ասեց. «Գնա, բալա, դրան էլ ա մի մեր բերել, հո տենց չի բերել, իրան էլ պիտի մեկը սիրի չէ՞, մարդ ա»: Մենք էլ պսակվեցինք առանց հարսանիքի, բերեց իրանց տուն, ի՞նչ տուն. մի օթախ էր, մեջը համ անասուններն էին քնում, համ մարդիկ: Ցեխ արեցի, փայտ բերեցի, պատ շարեցի, ծակուծուկերը փակեցի, ու գոմը տնից առանձնացավ: Չնայած փոքրացավ, բայց մաքուր էր արդեն, էլ անասունի հոտ չէր գալիս տնից: Այ, հենց այդտեղ էլ ծնվել ա հերդ: Մտածում էի` հիմա համ երեխեքիս կօրորեմ, համ էլ գրքեր կկարդամ, լավ, հետաքրքիր բաներ կիմանամ աշխարհից: Էլի չստացվեց: Դե պապդ էլ ինվալիդ էր, պիտի ոտքի կանգնեցնեի…
Տարա էս բժշկի մոտ, էն սանատորիան, մասաժներ սովորեցրին, ասացին` որ անես, կլավանա, ես էլ անում էի: Այ տենց, մի իրեք տարի հետո ինվալիդ, 44 կիլոյանոց պապդ դառավ 60 կիլո: էլ կաստիլները պետք չէին, տվեցինք հարևանին: Մենակ էդ աչքով անելն էր մնացել, հա անհամություններ էին ստացվում դրա պատճառով: Մի քանի կնիկ իմացել էին, թե իրանց ա աչքով անում, մարդկանց, ախպերներին բերել էին պապիդ վրա կռիվ: Հետո իմացել էին, որ աչքն ա խաղում, ներողություն էին խնդրել: Էդ վախտ պապդ արդեն ժամագործություն էր անում: Մի անգամ, որ հըլա գյուղում էինք, մի փչացած ժամացույց ընկավ ձեռը, բռնեց-բզբզեց, սարքեց: Որոշեց, որ կարա դրանով էլ փող աշխատի: Մի բուդկա դրեց շուկայի մոտ ու նստեց մեջը: Զոնտիկներ էլ էր սարքում, սումկաներ էլ, դե ամեն ինչ էլ սարքում էր, էդ շնորհքն էլ էր տվել իրան Աստված: Լավ եղավ` հայտնաբերեց, որ քամանչայից բացի ուրիշ բանով էլ կարա փող աշխատի: Թե չէ, էդ իրա ինվալիդ ջանով հարսանիքների չէր կարում գնա հեռու գյուղեր, դե մեր գյուղում էլ քանի՞ հարսանիք կարար լիներ… Ոչ էլ կարար վար ու ցանք աներ: Գյուղի ապրանք չէր պապդ:
Լավ էր` եկանք քաղաք: Յոլա էինք գնում, էլի, էդ ժամագործությամբ, համ էլ հարսանիքներն էլ էին քաղաքում շատ: Հետո էլ արդեն ժողգործիքների խումբ պահեց: Դե երեխեքս էլ մեծացան, տենց էլ չհասցրեցի կարդամ, ասի` թոռներ կունենամ, թոռներիս կօրորեմ ու կկարդամ: էլի չստացվեց: Հիմա եմ կարում մենակ կարդամ, հիմա մի քիչ ազատ ժամանակ ունեմ, դու գրքեր բեր, ես կարդամ: Տենց պապիդ բուժեցի, ոտքի կանգնեց ու թառլան մարդ էր: Ասում էր` Հայկանուշ, քու ամագդ ա, որ ես հիմա սաղ եմ: Ո՞ւր ա հիմա, չկա, բեր, բալա, բեր կարդամ…»:
Ես էլ երբ գնում եմ Կապան, տանում եմ, ու տատս առավոտյան սուրճից հետո պառկում է անկողնում ու կարդում: Զարմանում եմ, թե 86-ամյա այդ կինը այդ ի՞նչ ուժեղ ծարավ ունի, որ հիմա անհարմար, ծերունական տեսողությանը չհամապատասխանող ակնոցով կարդում է ամեն ինչ, գիրք գրքի հետևից, ագահությամբ… Ամեն օր ծիտիկներին հաց է տալիս տատս, հաջողություն ու առողջություն խնդրում աստծուց երեխաների, թոռների ու ծոռների, համ էլ համայն աշխարհի համար, ու դրանով սկսվում է նրա օրը…
Պապս էլ շարունակում էր երգեր գրել, նվագել ու երգել: Ինձ էլ է նա երաժշտություն սիրել տվել, բայց երբ ուզեցի ընդունվել երաժշտական ուսումնարան, ասաց. «Բալա ջան, մեր օրերում երաժշտության մեջ կամ պիտի հանճար լինես, կամ էլ չլինես: Արվեստին համեստ ծառայելը հիմա ապուստի միջոց չի տալիս, գնա մի ուրիշ տեղ, փեշակ սովորի, որ կարանաս ապրես, երաժիշտ դառնաս` չես կարա ապրես: Իմ էս ժամագործությունը չլիներ, ես իմ երեխեքին չէի կարա պահեմ: Հա, լավ ես նվագում, բան չեմ ասում, բայց դե հանճար էլ չես»:
Գեղեցիկ տղամարդ էր պապս, եռանդուն, ակտիվ, առույգ, մինչեւ կյանքի վերջը աշխատում էր երկու տեղ: Յոթ տարի առաջ վիրահատել էին աչքի լույսը կլանող կոնյուկտիվիտը, ու պապս վերականգնել էր ժամագործության համար անհրաժեշտ տեսողությունը: Շուկան սեփականաշնորհած տերը հրաժարվել էր պապիս ժամագործի կրպակին տեղ տալ, ու նա ստիպված է եղել քաղաքապետարանից նոր տեղ խնդրել: 1945 թվականից ժողգործիքների խմբի գեղարվեստական ղեկավարն էր: Այդ ընթացքում շատերին է նվագել ու երգել սովորեցրել, շատերին երաժշտությամբ հետ պահել վատ ուղուց: Քամանչա, թառ, ուդ, մանդոլինա, քանոն, շվի, դուդուկ, կլարնետ, զուռնա, դհոլ… Ահա այն գործիքների ոչ լրիվ ցուցակը, որոնք պապս սովորեցրել է նվագել: Աշակերտներից շատերը դարձել են հայտնի ու հաջողակ երաժիշտներ: Պապիս համար կորած էր այն օրը, երբ չէր նվագում ու երգում: Նա հիշում էր այն ժամանակները, երբ մի քաղաք էր` մի «Շամիրի խումբ», երբ նրա համերգները տոն էին ղափանցիների համար: Շրջում էին Հայաստանով, Վրաստանով: Ադրբեջան էլ էին գնում մինչև ազգերի պառակտումը, նրա խմբում մեր քաղաքում ապրող շատ շնորհալի ադրբեջանցիներ էլ էին երգում ու նվագում, շատերը հիմա Ադրբեջանում հայտնի երգիչներ են: Շատ մրցույթների ու փառատոնների է մասնակցել պապս իր խմբով, մրցույթների դափնեկիր է: Պետությունը պատվո վճար էր նշանակել նրան երկարամյա գործունեության համար: Վաստակավորի կոչում էլ էին ուզում տալ: Բայց ամեն անգամ տեղական իշխանությունները փոխվում-գնում էին, գործն էլ կիսատ էր մնում: Տեղափոխվել էր Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն: Մշակույթի պալատից վաղուց դուրս էր եկել, քանի որ ժողգործիքների խումբը հարգի չէր այլևս. հիմա այնտեղ էստրադային խմբեր են գործում: Էստեղ էլ վատ չէր, մինչև վերջերս, երբ սա էլ սկսեցին սեփականաշնորհել հարկ առ հարկ, սենյակ առ սենյակ, ու պապիս փորձասենյակի վրա վտանգ կախվեց: Հա ասում էր, որ սա էլ ձեռքից կառնեն: Ընտրություններին փորձասենյակը ժամանակավորապես վերցնում էին ձեռքից, ինչ-որ շտաբներ են բացում:
«Դե, բալա ջան, արդեն պառավել եմ, սպասում են երևի, որ պիտի մեռնեմ, դրա համար էլ դուրս չեն անում, ամաչում են: Դե ես էլ չեմ մեռնում, ի՞նչ անեմ: Դե որ չեմ մեռնում, ու երեխեք են, գալիս են, չպարապե՞մ: Շատերը գիշերօթիկից են, շատերի ընտանիքներում վատ վիճակ ա, իսկի կեսից ավելին 200 դրամ վարձն էլ չեն կարում տան, ես եմ տալիս իմ 8000 դրամիցս, որ խումբը գործի, չփակեն: Փակեն, ի՞նչ եմ անելու, էդ երեխեքն ի՞նչ են անելու, ընկնելու են փողոցները, ախր: Բա էս գործիքներն ի՞նչ եմ անելու, որ հավաքվել եմ էսքան տարվա մեջ: Տենց բան ա՞ լինում, որ մի խումբ ա ժողգործիքների, էն էլ փակեն: Բայց հեսա փակելու են, էլ երևի հույս չունեն, որ կմեռնեմ», -ասում էր պապս:
Պապս՝ թառչի ու ժամագործ Շամիրը, ապրեց 88 տարուց մի ամիս պակաս, գնաց`այդպես էլ սպասելով, որ որեւէ իշխանություն կնկատի ու կգնահատի իրեն որպես արտիստ: Էսօր ոչ նրա հոբելյանն է, ոչ մահվան օրը: Էսօր ուղղակի հիշեցի, որ նրա 87-ամյա հոբելյանին նվիրել էի նրան էս փոքրիկ պատմությունը… Աշուն է, ու հիշեցի պապիս, ու տխրեցի, որ նա էլ չկա…
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.