Մենք ապրում ենք մի էնպիսի անկատար, անկապ ու անտերանոց երկրում, ուր ամեն օր մի բան անպայման կներվայնացնի, եթե ուշադրությունդ սեւեռես դրա վրա: Ամեն օր մենք տեսնում ենք մեր առջեւ սփռված անարդարությունների, իրավախախտումների, տարրական՝ մարդու միջազգային էլ չէ` տեղական-գեղական մասշտաբով իրավունքների ոտնահարման փաստեր։ Բայց ե՞րբ է բանը բանից անցնում, ե՞րբ է, որ էլ չես դիմանում ու գոռում ես, ու գոռալով գրում ես, ու ուզում ես, որ շուրջ բոլորդ գոռան քեզ նման, որովհետեւ էլ չես դիմանում էս ավազակապետության, անտերության, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտին, ուր ամենքը ամեն ինչ գիտեն, ու աչք են փակում՝ թե, ամոթ ա, սաղ էլ գիտեն, հենց ե՞ս պիտի խոսամ:
Հա, հենց դու պիտի խոսաս, հենց ամեն մեկս պիտի խոսանք, ասենք, աչքները կոխենք: Ու ինչքան շատ լինեն խոսացողները, հավատացե´ք, էնքան մենք արդյունք կունենանք: Մինչ ֆեյսբուքյան հայության ակտիվացումը ո՞վ կհավատար, որ ինտերնետային քաղաքացիական նախաձեռնություններն ուժ կունենան: Բայց արի ու տես, որ ունեն: Դրա մասին են խոսում բանակի վերջին դեպքերի վրա սեւեռված ֆեյսբուքահայության պայքարի արդյունքները, նաեւ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ նախաձեռնության որոշակի հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ այլեւս մեր խոսալը աննպատակ չի, ու մի բանի տեղ անցնում է:
Ներող կլինեք ծավալուն ներածականի համար, ուղղակի բուն թեմային անցնելուց առաջ, ուզեցի ասել, որ ինչի վրա էլ կենտրոնանանք մեր օրերում, կներվայնացնի: Ուղղակի սկսում ես գրել, երբ լռելն այլեւս անհնար է դառնում: Իսկ դառնում է կոնկրետ իմ դեպքում էն ժամանակ, երբ խղճահարությամբ պայամանավորված ցասումս է արթնանում:
Ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն
VTB բանկի թիվ 10` Զեյթունի մասնաճյուղի (Դրոյի 15) սպասարկման սրահում ուշադրությունս գրավեց ինտելիգենտ տեսքով 80-ին մոտ մի տատիկ, ձեռնափայտով, որին ողջ ուժով հենվել էր, որպեսզի պահպանի հավասարակշռությունը: Սկզբում սպասում էր սպասասրահում, բավականին երկար ժամանակ, երբ հերթը հասավ, մոտեցավ ու կանգնեց միակ սպասարկող պատուհանիկի մոտ, որտեղից պետք է ստանար իրեն հասանելիք թոշակը: Այդ ընթացքում բանկի աշխատակցուհին ինչ-որ առիթով լքեց իր աշխատատեղն ու անհետացավ ներսում:
Տատիկը համբերատար սպասում էր 20 րոպեից ավելի, եւ ոչ միայն տատիկը. բավականին մեծ հերթ էր գոյացել: Մյուս երկու պատուհանիկների մոտ հերթ չկար, որտեղ կոմունալ եւ այլ վճարումներ էին կատարվում, իսկ այստեղ, սովետի բոլոր օրենքներով հերթ էր: Վերդառնալուց հետո աշխատակցուհին սկսեց ինչ-որ թղթերով զբաղվել, հեռախոսով էր խոսում, մի խոսքով անում էր ամեն ինչ, բացի թոշակառուներին սպասարկելուց: Հերթի մեջ որոշակի դժգոհություն կար, բայց մարդիկ ըստ մենթալ վախվորածության ու բյուրոկրատական ապարատից կախվածության լռում էին, ոչինչ չէին ասում: Երբ տատիկը մի ոտքից մյուսին սկսեց հենվել, ու ուզվորի հայացքով նայել սպասարկող կնոջը, ես չդիմացա ու պոռթկացի: Իմ գոռոգոռոցից վախեցած, տատիկը շրջվեց ու ձեռքով բերանը փակելով աղաչական հայացքով խնդրեց լռել:
Սպասարահի ժողովուրդը ապշած ինձ էր նայում, անգամ տղամարդիկ, ասես ես ինչ-որ սրբության էի դիպչում, ոչ թե պահանջում օրինական ու որակյալ սպասարկում: Իմ գոռգոռոցներից սպասարկող անձնակազմն ասես սթափվեց ու սկսեց արագ սպասարկել թոշակառուներին, եւ ի դեպ, դրանից հետո յուրաքանչյուր թոշակառուին սպասարկելու համար պետք եկավ 2-3 րոպե, այն դեպքում, երբ իմ աչքի առաջ տատիկը սպասել էր 45 րոպեից ավել: Ուրեմն, ոչ մի հարգելի պատճառ, ոչ ծրագրի խափանում, ոչ ֆորսմաժորային այլ խոչընդոտ չի եղել, ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն…
Տատիկն իր թոշակը դանդաղ վերցրեց, հատ-հատ խնամքով տեղավորեց դրամապանակում, չեմ հաշվել, բայց գուշակում եմ, որ 30000 հազարի կարգի գումար էր: Դուրս գալուց կամացուկ ձեռքս սեղմեց, այնպես, որ ոչ ոք չնկատի, հանկարծ հաջորդ ամիս քթից բերեն: Ես հարցրեցի, թե ինչո՞ւ է նա գալիս բանկից թոշակ ստանալու, ինչո՞ւ տուն չեն բերում: Նա պատասխանեց, որ թոշակը առանց էդ էլ քիչ է, ու եթե 500 -1000 դրամ էլ տա թոշակ բերող տեսուչին, նկատելի կլինի իր խղճուկ բյուջեի համար, դրա համար թղթեր է հավաքել, դիմում գրել, որ իր թոշակը բանկից ստանա…
Իհարկե, բանկի աշխատակիցների այդպիսի վերաբերմունքը պարսավանքի է արժանի, բայց ես նշել եմ բանկի մասնաճյուղը, ու բանկի ղեկավարությունը թող զբաղվի իր սպասարկման որակի կարգավորմամբ: Ես ուզում եմ խոսալ այն մասին, ինչը համարում եմ այս իրավիճակի բուն պատճառը: Թոշակ բաժանող տեսուչները «վրայից» փող են պահում, իսկ մենք էլ լռում ենք, համարելով, որ դա էդպես էլ պիտի լինի: Ես էլ եմ թոշակ ստանում, ծնողներիս թոշակը որոնք Երեւանում չեն ապրում, ու ինձնից էլ ամեն ամիս տեսուչը նույն կարգով «պահումներ» է անում:
Ասենք, ես աշխատում եմ, ու էդ թոշակով չեմ ապրում, իսկ եթե ապրեի՞: Ճիշտն ասած, էդպես էլ է եղել, բայց էլի չեմ խոսացել: Իսկ հիմա տատիկի տանջանքները տեսնելով , սթափվել եմ ու հրաժարվում եմ լռել: Մենք ինքներս ենք մեղավոր, որ մեզ խաբում են, քցում են, կաշառքներ են վերցնում, մեզնից փողեր են պահում, մենք, մեր լռությամբ նպաստում ենք հասարակության մեջ տեղ գտած բոլոր արատավոր երեւույթների խրոնիկ դառնալուն:
Զանգեցի Սոցապ հիմնադրամի պետին՝ Վազգեն Խաչիկյանին, որ մի երկու հարց ճշտեմ: Նա սկզբից ինձ հրավիրեց գնալ իր մոտ` սոցապ, հետո էլ ասեց, որ լրագրողներին կիրակի տանում են Սանահին-Հաղպատ էքսկուրսիայի, այսպես ասած «բարբեքյու-փարթի» էլ է լինելու, այսինքն՝ խորովածի՝ ուտել-խմելու: Ես բնականաբար հրաժարվեցի, չնայած նա ասեց, որ դա կապ չունի, դա ինչ-որ այլ ծրագրի սահմաններում է արվում:
Դե իհարկե, պարոն Խաչիկյանը լավ կաներ, որ շաբաթը մեկ խորովածի փառատոններ կազմակերպելուց ու ղեկավարությանն ու լրագրողներին պատիվ տալուց բացի, մեկ –մեկ էլ ձեռի հետ զբաղվեր իր գործով։ Կամ էլ էդ ընթացքում, որ երկրի էլիտար տղերքին չգիտես ում հաշվին տանում հասցնում ա լոռվա սարերը, մի երկու գյուղացու տուն մտներ ու հարցներ, թե իրենց տված թոշակ- գրոշներից ինչքան են վրայից վերցնում տեսուչ կոչվածները։ Հետո, նա ընդունեց, որ էդպիսի երեույթ կա, ասեց, որ իրենք պայքարում են «սովետից ժառանգություն մնացած» էդ սովորույթի դեմ, ու ամիսը մի երկու-երեք տեսուչ են հեռացվում նմանատիպ մեղադրանքով: Ասեց՝ «Եթե կոնկրետ բողոք ունեք, հայտնեք, ու մենք կհեռացնենք էդ տեսուչին»: Պայքարում են նաեւ նրանով, որ ուզում են հասցնել մինիմումի մարդկային գործոնը՝ թոշակները փոխանցվում են բանկային հաշվին, որտեղից ցանկացած րոպե թոշակառուն կարող ա գնալ ու ստանալ իր փողը: Բայց հաշվի առնելով, որ թոշակառուներից շատերը միայն էդ թոշակի հույսին էն, դժվար չի պատկերացնել բանկի սպասարահներում գոյացող հերթերը:
Նրա հետ զրույցից նաեւ պարզեցի, որ սոցապի թոշակ բաժանող տեսուչների միջին աշխատավարձը 75 հազար դրամ է, ամեն մեկը նրանցից միջինը սպասարկում է 100 բաժանորդի: Իսկ դա նշանակում է, որ ամենահամեստ հաշվարկներով ամեն տեսուչ գրպանում է «լեվի» մոտ հազար դոլար փող: Տեսուչներն ասում են, որ էդ ամբողջից կոպեկներ են իրենց մնում, որ նրանք պարտավոր են կիսվել վերադասի հետ, որպեսզի մնան իրենց աշխատանքին: Նույնիսկ ընդունվելու համար պետք է կաշառք տան:
Ես չեմ կարող վերահսկել ո´չ վերդասին «մուծվելը», ո´չ էլ կաշառքով աշխատանքի վերցնելը, դա պարոն Խաչիկյանի գործն է, բայց էն, որ ինձնից կոնկրետ փող են պահում թոշակը բերելուց, հաստատ կարող եմ ասել: Էդ իմ համեստ հաշվարկը ես արել եմ մոտ 350-400 դրամ պահելու դեպքում: Եթե հաշվարկեմ իմ ծնողների թոշակից կոնրետ արված ամենամսյա պահումներից ելնելով, ու համարելով դա որպես չափանիշ, ապա կստանամ իմ հաշվարկի կրկնակին:
Հիմա ինձ ասեք, էդ ո՞ր մի բարձր որակավորում չպահանջող աշխատանքի համար են էդքան վաստակում Հայաստանում: Երեւի թե էլի նմանատիպ մի սոցիալական կամ այլ պետական ծառայության ծառայողները միայն: Լահմաջո սարքողը, որ զօրուգիշեր, 24 ժամ փեչի մոտ կանգնած է ալրոտ ու շոգած, վաստակում է օրական 4000 դրամ: Բենզալցակայանում շուրջօրյա աշխատանքը վարձատրվում է նույնքան, նաեւ՝ ամեն լվացողի բավականին ծանր գործը: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը… Իսկ տեսուչը, որ մատը մատին չի խփում, գրպանում է ահռելի փողեր:
Ավելին ասեմ: Եթե մտածենք, որ տեսուչը երկար ճանապարհ է կտրում, երբեմն առանց վերելակի բարձրանում բնակարանները, պիտի որ ինչ-որ կերպ թեյավճար ունենա, իհարկե՝ ըստ ցանկության, ինչպես բոլոր թեյավաճարները: Բայց ո՞նց մեկնաբանել էն, որ նույնիսկ վճարման ստատիկ կենտրոններում էլի էդ «թեյապահումներն» արվում են…
Պարոն Խաչիկյանը թերեւս կարող է ինչ-որ կերպ վերահսկել էս ծառայությունն էնպես, որ «թեյավաճարը» մարդիկ իրենց հասանելիք գումարը ստանալուց հետո սեփական կամքով ինչքան ուզեն, էնքան էլ տան: Գոնե էդքանը անի, էլի բան է:
Ես դեռեւս չեմ հրապարակում ո´չ անուններ, ո´չ տեղամասեր, որտեղ էդ ամենը տեղի է ունենում, ասենք՝ դրա հարկը չկա էլ, երեւի էդպիսի տեսուչ չկա, որ «վրից» չի վերցնում: Ուղղակի ուզում եմ դիմել բոլորին՝ մի լռեք բախվելով անարդարության ու դրամաշորթության: Եթե բոլորը ընդվզեն, երեւի թե մի բան կփոխվի մեր հասարակության գիտակցության մեջ:
Իսկ երբ փոխվի հասարակությունը, նրա արժեքները, բարձրանա մեկ անհատ մարդու գինը, մենք կարող ենք խոսել այն մասին, որ ունենք գիտակից ու հասուն ժողովուրդ, արդյունքում էլ կունենանք փոփոխությունների պատրաստ հասարակություն: Թե չէ, էս դեպքում իհարկե՝ ինչ տիրակալներ էլ գան, ինչ իշխանություն էլ ունենանք, մենք միեւնույն է, կմնանք նույն ոչխարի հոտը, որին ինչ հովիվ էլ տաս, մեկ է, նպատակը լինելու է նոր ու խիտ արոտավայր գտնելն ու փորը լցնելը: Մեկ էլ՝ որ հովիվը փետը քիչ գործի դնի:
Լուսինե Վայաչյան
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.