Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն 10 տարի ապրելով` ես երբևիցե մասնակից չեմ եղել որևէ քաղաքացիական կամ քաղաքական ակցիայի, միտինգների և այլն: Հասարակական-քաղաքացիական ակտիվությունս արթնացավ Արա Նեդոլյանի հետ մի զրույցի ընթացքում (Իշխանությունն ի´մն է և քո´նը ): Ես տեսա, որ կան մարդիկ, ովքեր ինձ նման են մտածում՝ առանց մշակութային հեղափոխության ցանկացած իշխանափոխություն ընդամենը տիրակալի փոփոխություն է, ու ժողովուրդը մնում է դիտող-սպառողի դերում: Պետք է մարդը գիտակցականորեն հասունանա, որ նրա մասնակցությամբ քաղաքականությունը դադարի լինել ռեպրեզենտատիվ՝ ներկայացուցչական:
Ինչևէ, 88-ից հետո իմ առաջին միտինգը սեպտեմբերի 17-ի միտինգն էր, որտեղ «սյուրպրիզ» պիտի լիներ: Ճիշտն ասած, 88-ից հետո էդ միտինգը ինձ «վերջին զանգ» էր հիշեցնում: Մարդիկ իրար հետ զրուցում էին, կարոտած համբուրում, քեֆ-հալ հարցնում: Տպավորություն էր, որ դա ընտանիքի պես մի բան է, ուր մարդիկ հանդիպում են միտինգից միտինգ: Լևոն Տեր-Պետրոսյանին լսում էին բոլորը` ի տարբերություն մնացյալ հռետորների, որոնց խոսքը ժողովուրդն ընկալում էր որպես ֆոն՝ բողոքելով, որ առաջնորդի ելույթն ուշանում է:
Ես չեմ վերապատմի Լևոնի ելույթը. ժամանակավրեպ է ու անիմաստ. բոլորն էլ գիտեն` ինչ է խոսել: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, ՀԱԿ-ի «Փոքր խորհրդի» նիստն էր, որի անդամները մտավորականներ են՝ լրագրողներ, արվեստագետներ, քաղաքագետներ, ընդհանրապես մտածող մարդիկ, ովքեր պատասխանատվություն են զգում երկրում տիրող իրավիճակի համար ու փորձում են ինչ-որ բան անել, որպեսզի ժողովուրդը դառնա գիտակից ու վերջապես լինի իր երկրի իրական տերը:
Նիստը վարում էր Զարա Հովհաննիսյանը: Օրակարգում երկու հարց կար՝ ուրբաթ օրվա միտինգի վերլուծությունն ու մշակութային քաղաքականության ծրագրի քննարկումը. քննարկվեց միայն մեկը՝ միտինգը: Մեզ միացավ նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Լալա Պողոսյանն ասաց. «Ժողովուրդը վերջին երկու-երեք տարին առհասարակ հիասթափված է միտինգներից: Ես միշտ ներքեւում եմ կանգնում, գուցե ավելի վերեւում՝ լիդերներին մոտ, ժողովուրդն այլ է, բայց ներքեւում կանգնում է հասարակ ժողովուրդը, չնայած երեւի թե հասարակ մարդիկ միտինգների չեն գալիս. այնտեղ շատ թե քիչ քաղաքականացված ժողովուրդն է:
Երեւի դա սովետական տոտալիտար ռեժիմի ժառանգությունն է՝ մարդիկ սպասում են, որ իրենց կասեն` ուր գնան, նրանց անպայման պետք է գնալ մեկի հետեւից: Կոնգրեսն էլ իր առջեւ խնդիր է դնում տանել այդ մարդկանց, ինքն է ստեղծում սպասողական մթնոլորտ, հետո էլ բողոքում են (ինչպես Լևոն Զուրաբյանը), որ ժողովուրդն ակտիվ չէ: Իրենք փաստորեն առաջարկում են ժամանց, վախենում են «հոգնեցնել» և այլն:
Իհարկե, պետք է ավելի էսթետիկ դարձնել միջոցառումները, ինչպես առաջարկում է Արան, թե չէ ուղարկում են տնեը և առաջարկում սպասել հաջորդ միջոցառմանը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ ինչ-որ բան է արվում. կգտնվեն իրազեկ մարդիկ, ու առողջ բանավեճ կառաջանա, դա էլ է ժողովրդին համամասնակից դարձնելու ճանապարհ:
Մասնակից դարձնել քաղաքական-ստեղծագործական պրոցեսին, դարձնել համահեղինակը սեփական վաղվա օրվա կերտման: Անհրաժեշտ է ձեւավորել գիտակցում, որ իշխանության եկողները միայն չինովնիկներ են, որ պետք է ծառայեն մեզ, իսկ իրական իշխանությունը պետք է լինի ժողովրդինը: Նրանք բոլորը պետք է հաշվետու լինեն մեր առջև:
Մենք ուղղակի սովոր չենք էս տիպի հարցադրմանը՝ չի կարելի հավատալ ոչ մի իշխանության, նույնիսկ եթե ինքդ իշխանական ես: Բրգաձեւ, ուղղահայաց իշխանական կառուցվածքն անմեղսունակ է: Բայց հարց է` ինչպես կազմակերպել երկրի կառավարումը մարդկանց մեծ քանակության կողմից: Դրա համար էլ քննարկվում են ցանցային կառույցները: Փոխանակ «մամա-պապա» լիդեր ման գալու` ուղղակի պետք է գիտակցել, որ իշխանությունը մերն է հենց հիմա, այսօր արդեն…»:
Ժողովուրդը միտինգից ուներ ավելի մեծ ակնկալիքներ և հուսախաբ եղավ: Մի աղջիկ, որը Տեր-Պետրոսյանի նախկին աշխատակազմից էր, սպասում էր սյուրպիզին, չնայած ես ասում էի, որ չսպասի հրաշքի, կհիասթափվի, չլսեց: Հետո լացում էր հուսահատությունից, որ էլի առաջնորդը ճամփա ցույց չի տալիս, չի ասում` ուր գնա, ինչ անի…
Խոսեց Արա Նեդոլյանը.«Ընդհանուր տրամադրությունը միտինգի սկզբում ու վերջում բոլորովին տարբեր էր: Երբ խոսում էին Լևոնից առաջ, մարդիկ զբաղված էին տարբեր բաներով, իսկ երբ սկսեց խոսել Լևոնը, միանգամից բոլորը լռեցին ու լսում էին: Լևոնը Լևոն, բայց դե մնացյալ հռետորները նույնպես պետք է ունենան մշակված նոր մտքեր, որոնք էլ պիտի ծագեն հանձնախմբերի ու հանձնաժողովների քննարկումներում ու ապա մատուցվեն, որպեսզի մենք ունենանք բանական ելույթ ունեցողներ` միտք ասող, բան ասող: Հույս ունեմ, որ «Փոքր խորհրդի» աշխատանքի հետևանքում նույնպես կառաջանան պրակտիկ մտքեր, ոչ շատ վերլուծական, որոնք հնարավոր կլինի հնչեցնել:
88-ին, 90-ին ՀՀՇ-ն կարողանում էր մթնոլորտ ստեղծել, այսինքն լավ ճաշակ կար այդ դաշտում, այդ նույն դաշտում կատարվում էին նաև գեղագիտական զանազան գործողություններ, ուշադրություն էր դարձվում էսթետիկային, ոճին ու մթնոլորտին… Նստացույցն էլ ուներ էսթետիկա… Հիմա այդ սահմանները չոր ու ցամաք են, զուրկ էսթետիկայից: Մթնոլորտ չկա: Ովքեր 60-ականներին Սունդուկյանի թատրոն էին գնում, էդ տարիներին գալիս էին ՀՀՇ-ի դաշտ: Հիմա ՀԱԿ-ի դաշտն այդպիսին չէ…
Բայց քանի որ հենց ՀԱԿ-ն է այսօր իրական Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե այն կառույցները որ նստած են պետական շենքերում, ապա ՀԱԿ-ը պետք է իր վրա վերցնի նաև պետական մարմինների, մասնավորապես իրական հասարակական Խորհրդարանի կազմակերպումը, ստեղծումը, այսինքն՝ ձգտի ոչ այնքան իշխանափոխության, որքան երկիշխանության հաստատմանը, ինչպես ժամանակին արել էին Կոմիտեն ու ՀՀՇ-ն. Հենց այդ ճանապարհով էլ եկան իշխանափոխության»:
Լևոն Զուրաբյանն ասաց.«Չի ստացվի, որովհետև հիմա շատ ավելի լավ են ահաբեկում մարդկանց, քան թե սովետական ժամանակներում, միկրոմակարդակի վրա են կարողանում` ամեն մեկին առանձին, գործի տեղը, տանը, ամենուր… Ու ինչքան կոնգրեսին մոտ են էդ մարդիկ, էնքան իրականում ապահով են ու պաշտպանված, քանի որ մենք տեղեկանում ու գործը հասցնում ենք մինչև եվրոդատարան: Իսկ որքան մարդ կա, որ անմիջական շփում չունի մեզ հետ։ Շարքային ընդդիմադիր քաղաքացուն կարող են հալածել ու կյանքը դարձնել անտանելի»:
Առաքել Սեմիրջյանը միտինգի վերաբերյալ ասաց.«Էն ժամանակ միտք էին արտահայտում, և դա բավական էր, էն ժամանակ մարդկանց ուղեղները քաղաքականապես դատարկ էին: Հիմա մարդկային պահանջներն այլ են դարձել: Ուրիշ բան են մարդիկ ուզում լսել, նոր միտք են ուզում: Իսկ էսօր նոր միտք ասելու համար կամ պիտի շատ խոր լինել, կամ սուպեր-օրիգինալ, կամ…»:
Զարա Հովհաննիսյանն ասաց. «Պետք է խթանել հանրության մասնակցությունը և չբավարարվել դասախոսություն–հանրահավաքներով։ Դեռ դասախոսությունը լավագույնն է, այն էլ ստացվում է միայն Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ. մյուսները միայն ներկայացնում են փաստերը հպանցիկ կերպով, պաթետիկ տոնով: Այդ տոնը կարող է ներազդել ընտրությունների ժամանակ, երբ ձայն ես ուզում վաստակել, կամ էլ երբ մղում ես հանրությանը գործողության կատարման։ Այս երկու տարբերակներն էլ դեռևս ակտուալ չեն, ուրեմն այլ մեթոդաբանությամբ պետք է հանրային մասնակցությունը մեծացնել. դեպքում կոնգրեսի ազդեցությունը կմեծանա, ու սպասելիքներն էլ միայն միտինգից միտինգ չեն արդարացվի կամ էլ հակառակը, որն առավել հաճախ է պատահում»:
Նազարեթ Կարոյանը, խոսելով խոստացված սյուրպրիզի մասին, ասաց. «Մի ժամանակ սյուրպրիզը 10 «Զապարոժեց»-ներն էին. մարդը գալիս էր ստադիոն ու գիտեր, որ կա 10 մեքենա: Հիմա մարդիկ եկել են ու սպասում են նոր բանի, որ «Զապարոժեց» չէ, ու ոչինչ էլ չկա: Տեր-Պետրոսյանի՝ իր ասածին վերաանդրադառնալու արարքը փչացած ձայնապնակի աշխատանք է հիշեցնում, երբ նվագարկիչի ասեղը սահում է և անընդհատ նույն հատվածի վրա է ընկնում։ ՀԱԿ գործունեությունը միայն քաղաքական խնդիրներով սահմանափակելը, միայն միտինգի ֆորմատը գործածելը հանգեցնում է իր համակիրների շարքերի նոսրացման: Պետք չէ գովել ՀԱԿ-ի գործունեությունը. այդպես ԶԼՄ-ներն են գովում իշխանության գործունեությունը։ Դա վնասում է ընդհանուր գործին»:
Արման Գրիգորյանը մեջբերեց իր` «Լրագրին» տված հարցազրույցից. « Իմ կարծիքով նորություն կար: Համենայն դեպս, ես կարևորում եմ պատմական փորձի`կոնկրետ Մայիսյան ապստամբության վերաիմաստավորումը, իշխանությունների` Արևմուտքում և Ռուսաստանում տարածված ստերեոտիպերի վրա խաղալու հետադեմ ու վնասակար (մեր ներքին կյանքի համար վնասակար) քաղաքականության քննադատությունը և Կոնգրեսի օրակարգը, քայլերի ակտիվացումը, նաև դրանց սինխրոնիզացիան իրավունքների ու ազատություների համար պայքարող միջազգային ակտիվության հետ: Պետք է պարզ հասկանալ, որ այսօր Սահմանադրության և օրենքների պաշտպանը միայն ընդդիմությունն է»:
Ըստ Արման Գրիգորյանի` պետք է ձևավորել քաղաքական մշակույթ ու յուրաքանչյուրին հասանելի լեզվով տեղ հասցնել ասելիքը: Եթե ռոք են սիրում, ռոքի միջոցով, եթե` «ռաբիս», ապա կարելի է երգիչների խումբ գտնել, որը քաղաքական տեքստերով երգեր երգի: Դա շատ լավ կլիներ ու լավ արդյունք կտար:
Լևոն Զուրաբյանն առաջարկեց փոքր խորհրդին ամենաակտուալ հարցերի բաց քննարկումներ անցկացնել, ընդգրկել ՀԱԿ-ի երիտասարդներին:
Ես առաջարկեցի օգտագործել մեր ողջ պոտենցիալը ու համագործակցել ՀԱԿ-ի հետ: Ժողովրդին ասելիքը հասցնելու համար, օրինակ, «100 քայլը» ներկայացնել բեմադրությունների, ինչո՞ւ չէ, նաև սերիալի ֆորմատով, քանի որ մեր ժողովուրդը «նստած» է դրանց վրա: Իմ կարծիքով կուսակցությունների ծրագրերը, նույիսկ եթե դրանք շատ տարբեր են բովանդակությամբ ու ասելիքով, շարադրված են ժողովրդին ոչ այդքան հասկանալի՝ ակադեմիական լեզվով, ինչը տեքստը դարձնում է դժվարըմբռնելի: Ամենակարևոր բանն էն էր, որ մտածում էինք, թե ոնց ենք շարունակելու Փոքր խորհրդի քննարկումները, ի՞նչ ենք անելու, որ օգնենք ժողովրդին ու պետականությանը, որ գործեն օրենքն ու սահմանադրությունը, վերանա «բեսպրեդելը», որ մարդն իրեն պաշտպանված զգա: Կլինի դա իշխանափոխությա՞ն միջոցով, թե՞ ոնց. ինձ համար մեկ է: Իմ և ընկերներիս նպատակը իշխանափոխությունը չէ, այլ աշխատող համակարգի հասնելը:
Մոտակա նիստերին սպասվում է Արա Նեդոլյանի զեկուցումը մշակութային քաղաքականության մասին և Նազարեթ Կարոյանի «Խաղաղության տնտեսություն/Պատերազմի տնտեսություն»-ը:
Լուսինե Վայաչյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.