Այսօր ուրբաթ, 13-ն է: Սնոտիապաշտները համայն աշխարհում գերադասում են այդ օրը զգուշանալ տարատեսակ թարս բաներից: Բայց, քանի որ մենք սնոտիապաշը չենք` առիթն օգտագործենք ծուռը նստելու, դուզը խոսելու համար: Իսկ խոսելու բան շատ կա, զի երկիրը խեղդվում է այն հիվանդությունից, որ կոչվում է «անկեղծության պակաս»:Հիշենք թեկուզ Պարույր Սևակի խոսքը.
… Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜…
Այսինքն` մեծն բանաստեղծն արձանագրել էր, որ անկեղծությունը զորավորաց մենաշնորհն է: Հետևաբար` դրա պակասը նշանակում է հասարակության թուլություն, տկարություն: Հենց այդպիսի հասարակությունում են անկեղծների վրա ոհմակով հարձակվում, հոշոտում: Զի անկեղծ մարդուն ընկալում են վտանգավոր, խաղի կանոններ խախտող, իրենց սնանկությունն ու դատարկությունն ի հայտ բերող…
Մեր աջաբսանդալը սկսենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցով, որն աչքիս լույսը չի և որի գաղափարների մեծ մասը, մեղմ ասած, անընդունելի են: Բայց մարդը վեր կցավ ու բացեիբաց ասաց, որ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, զրուցել շուրջ ժամուկես, որ նախարարի ասածներով բավարարված է: Ավելին, խոստովանեց, որ երիտասարդ հանրապետականներ Արմեն Աշոտյանն ու Էդվարդ Շարմազանովը իր ընկերներն են: Ու սկսվեց…
Մամուլում նրան անվանեցին էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ հարց բարձրացրին, թե ինչու Արամ Զավենիչը նրան չի վռնդում կուսակցությունից: Իսկ ինչ կատարվեց նրա բլոգում…
օգտագործված ամենամեղմ բառը դավաճանն էր: Անթիվ-անհամար հայհոյանքներ` անանուն հեղինակների մեկնաբանություններում: Կարճ ասած` ոհմակային գրոհ:
Մինչդեռ նույն Հայ ազգային կոնգրեսի հայտնի դեմքերի մեծ մասը նույնպես ու վաղուց հանդիպում են իշխանավորների հետ, իշխանավոր ընկերներ ունեն և «օրթաղով» բիզնես այդ իշխանավորների հետ: Ցերեկը հանդես են գալիս որպես «մոնղոլաթաթարական ավազակապետական վարչախմբի» դեմ աննկուն ու սկզբունքային «պայքարիստներ», իսկ երեկոյան սրճարաններում ու այլ «օբյեկտներում» հանդիպում այդ նույն «ավազակապետերի» հետ, զվարճանում ու գործեր քննարկում: Արդյունքում Սուրենը դարձավ «դավաճան ու տականք», իսկ իրենք «մաքուրով» դուրս եկան: Որովհետև Սուրենը չխաբեց ինչպես ՀԱԿ-ի հանրահավաքներին գնացող հետզհետե նոսրացող մասսային, այնպես էլ հանրությանն ամբողջովին իր ուզողներով ու չուզողներով։ Իսկ իրենք խաբելով ման են գալիս:
Մեկ ուրիշ օրինակ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանը մամուլում խոստովանել էր, թե ինքը հրամանատար եղած ժամանակ երբեմն «հայրական ապտակ է տվել» զինվորներին: Գործնականում գրեթե բոլոր սպաներն են այդպես վարվում, սակայն անկեղծորեն խոստովանեց միայն այդ մարդը: Եվ անկեղծության համար «պատիժը» չուշացավ. իրավապաշտպան Միկա Դանիելյանը, որը գրեթե ոչ մի խելքը գլխին մարդու իրավունք չի պաշտպանել, աղաղակեց, թե Վալերի Գրիգորյանը պետք է ձերբակալվի եւ նրա դեմ պետք է քրեական գործ հարուցվի՝ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու եւ նրանց խոշտանգելու համար: Բայց ախր արի ու մի ասա, որ նույն տրամաբանությամբ կարելի բանտ տանել երեխա ունեցող ՀՀ քաղաքացիների 80, եթե ոչ 90 տոկոսին. չէ՞ որ իր զավակին չապտակող ծնող շատ քիչ կա:
Իսկ պաշտոնյաներից մեկն էլ հայտարարություն արեց, որ եփած հավի ծիծաղը կշարժի. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հայտարարեց, որ իր գերատեսչությունում իսպառ վերացել է կոռուպցիան: Գրողը տանի, դա ասվում է ամենակոռումպացված ոլորտներից մեկի մասին, ուր կոռուպցիայի շնորհիվ ՀՀ բազում քաղաքացիներ մի օր զարթնում և ստանում են դատարանի ծանուցագիր, դատարանում էլ ապշահար հայտնաբերում, որ ինչ-որ Պողոս կամ Պետրոս ունի իրենց բնակարանի սեփականության վկայական: Այ եթե սույն պաշտոնյան հանկարծ խոստովաներ, որ կոռուպցիա կա, հաստատ նրա վերադաս Երվանդ Զախարյանը կամ, ասենք, վարչապետը հաջորդ իսկ օրը նրա ոտը հետույքից կպոկեր… Կեցցե՛ այդ պաշտոնյան, լավ է յուրացրել այն դասը, որ անկեղծությունը պատժելի է:
Անկեղծության քրոնիկ պակասի ոլորտից է նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք միջոցառմանն առնչվող պատմությունը: Հայերի մասնակցությամբ` թուրքական թատրոն է դա բնորոշել դաշնակցական Կիրո Մանոյանը, Սուրենյանցի ընկեր, հանրապետական Էդվարդ Շարմազանովն էլ դա բնութագրել է որպես թուրքական քարոզչությանը ակամա մասնակցելու տարբերակ: Հազվադեպ է լինում, որ դաշնակն ու հանրապետականը նույն կարծիքն ունենան, սակայն այս անգամ դա փաստ է: Վրադիր էլ Հանրային խորհուրդը նուն տեսակետի է: Բայց արի ու տես, որ Մայր Աթոռը Վահրամ քահանայի շուրթերով «հրահրիչ» է որակում այդ միջոցառումը բայկոտելու կոչերը, թեև թուրքերը օրը հատուկ են ընտրել, որ համընկնի Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի հետ: Ու վստահաբար սեպտեմբերի 19-ին լինելու է ինչպես «անցյալ անգամ»: «Վախենամ` անեն այն, ինչ արել էին 2007-ին, երբ վերանորոգված, այսպես կոչված, Սուրբ Խաչ եկեղեցի-թանգարանի վրա դրել էին թուրքական դրոշ, Աթաթուրքի նկար: Եթե նորից նման խեղկատակություն անեն, ապա խայտառակություն կլինի»,-ասում է Կիրո Մանոյանը, և ճիշտ է ասում: Կիրոյին դրա համար Տեր Վահրամը անվանում է «անպատասխանատու», Շարմազանովի վրա ռիսկը չի ներում…
Բայց ախր փաստ է, որ թուրքական դրոշի ներքո պատարագ մատուցելը հաստատ աստվածահաճո գործ չէ: Ուրեմն ուրիշ, թաքնված պատճառ կա, որը դժվար թե մաքուր լինի: Ուրեմն քահանան էլ անկեղծ չէ: Ակամա մտածում ես. Մի՞թե Էջմիածինն էլ… Աստված հեռու պահի:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.