Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությանը, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է.
«Մենք պիտի կարողանանք պահպանել, պահել այն ընկալումը, որ յուրաքանչյուր ծրագիր աչալուրջ վերահսկողության տակ է, իսկ առկա թերացումներն անխուսափելիորեն բացահայտվելու են ու հետո ստանալու են իրենց գնահատականները: Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող: Բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, Վերահսկիչ պալատի ձեռքը, բայց դա, իհարկե, չպետք է լինի օրենքով նախատեսված ժամկետների խախտման արդյունքում կամ ոչ օրինական գործողությունների արդյունքում»:
Նախագահը ներկայացրել է նաև մի քանի դիտարկումներ. նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել անկախ որևէ քննարկումներից: Եվ, ըստ նրա, բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում:
«Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել և դա շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին:
Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից:
Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար:
Եթե պաշտոնատար անձը մի տեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա, այդ հարցազրույցի վրա: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուղղակի փողոցով գնալուց, կարող են շրջվել, մեկ էլ սկսեն մեր տնտեսության խնդիրների մասին խոսել կամ ընդհանրապես մեր հասարակության խնդիրների մասին խոսել առանց նախապատրաստվելու, այդ մարդիկ չեն կարող օգուտ տալ մեր պետական շինարարությանը: Եթե ես այսպիսի խորհրդակցություն եմ հրավիրում և հիմնականում ընթերցում եմ, դա նրանից չի, որ ես չեմ կարող ամենը բանավոր ասել: Բոլորս այս հարցերում պետք է շատ զգույշ լինենք: Մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Իսկ Դատախազության մասով, նախագահը Աղվան Հովսեփյանին հիշեցրել է, որ իրենց նպատակն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները՝ անկախ նրանից, ՎՊ-ն հաշվետվություն է ուղարկել, թե ոչ:
«Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել: Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ: Երբ մի հայտարարություն է արվում, միանգամից հայտարարությունը հաշվառվում է, գնահատական է տրվում ու դրա մասին հրապարակավ հայտարարվում է: Ուրեմն ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատերի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետև՝ որոշում: Եվ, ընդհանրապես, իրավապահները շատ քիչ պետք է մտնեն տնտեսության մեջ: Պետք է մտնեն միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծայրահեղ է, երբ ակնհայտ հանցագործություն կա: Պետք է մարդկանց թողնել ազատ աշխատեն: Դրա համար մենք ունենք հարկային մարմիններ, որոնք այդ գործով զբաղվում են:
Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի բացման խոսքից հետո վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.